***
Այս դավադիր ու սպանիչ լռությունը,
որ խլացնում է մեքենաների շարժիչների ձայնը,
հատուկենտ անցորդների փոխանակվող բառաձայները,
ներարկում է անանուն ու անբացատրելի մի տագնապ,
որը գուժում է կարծես
վաղվա ամայության մասին՝
անտերունչ հղացումների ճահճահոտ կիսախավարում…
Ինչո՞ւ է այսքան բարակել մեր մաշկը,
որից անկաշկանդ ներս են թափանցում
աննկատ թռչող սողունները
և թույն ներարկում մեր երակներում:
Որպես հակաթույն՝ անընդմեջ անքուն
պայքարում է լոկ մեր հոգնած գենը,
չի թունավորվում, բայց մահանում է
բջիջ առ բջիջ…
Մենք ապրում ենք լոկ
մղձավանջներից մազապուրծ փրկված
մեր երազների ձայնարկումների
ակնթարթներում,
որոնք օգնում են ամեն Աստծու օր
մարդկանց ընծայել չվնասված ու
դեռևս կենսունակ մնացած մեր գեների
արձագանքների լույսերը բազմաճյուղ:
Ես հստակ գիտեմ իմ վերջին երազը,
բայց դեռ անհայտ է, թե ե՞րբ եմ տեսնելու:
Ես պառկած կլինեմ այն ավազներին,
որոնցով քայլել են իմ նախա-նախապապերը,
նորածին արևը կջերմացնի
իր անխրատական շողերով,
իմ բարակ մաշկից դուրս կսողոսկեն
թռչող սողունները և կփոշիանան ակնթարթորեն,
կցնծա իմ գենը,
կցնծան բոլորիս հաղթանակած գեները,
իսկ մեր մաշկը կամրանա
և կդառնա անդրդվելի ու անթափանցելի,
սակայն գերզգայուն՝ ինչպես եղել է…
Ե՞րբ ենք սպանելու այս սպանիչ լռությունը,
ե՞րբ եմ տեսնելու, Տե՛ր,
իմ վերջին երազը:
***
Ես շուտ եմ արթնանում,
հավաքում առաջին ստվերները լուսաբացի,
պահում հոգուս ամենաապահով անկյունում,
որ օրվա ընթացքում հանեմ դրանք մեկ առ մեկ,
որպեսզի պատսպարվեն ամռան տապից
բոլոր մերձավորներս մինչև ուշ երեկո:
Իսկ մայրամուտից առաջ
հավաքում եմ արևի շողերը վերջին,
պահում հոգուս նույն անկյունում,
որպեսզի գիշերը հանեմ մեկ առ մեկ
և բաշխեմ երազում ինձ այցելող
բոլոր սիրելիներիս:
Ինձ երախտապարտ ժպիտով են նայում
ցերեկն ու գիշերը,
ցերեկային ու գիշերային այցելուներս:
Գոհունակ ժպիտով է նայում նաև
հայրս՝ երկնքից,
ով միշտ հորդորում էր՝
չկորցնել չափի զգացողությունը,
արդարամիտ լինել,
լույս գտնել նաև խավարում,
բայց երբեք չէր արգելում
խաղալ կրակի հետ,
որովհետև արդեն գիտեր՝
դա ինձ թույլատրել է Տերը,
որպեսզի ես այրվեմ բոլորի փոխարեն,
քանի որ նրանց ցավն ավելի սաստիկ եմ զգալու,
քան սեփականը:
Ես շուտ եմ արթնանում,
որպեսզի բոլոր մերձավորներս
հանգիստ քնեն՝
մինչև զարթուցիչը ձայնի:
***
Ես փակում եմ աչքերս,
որպեսզի քեզ ավելի լավ տեսնեմ,
քան բաց աչքերով տեսած երազներում:
Լռությունը փափուկ ու առաձգական է,
որ ձգվում է մի ամբողջ կյանք,
սակայն չի կտրվում ու չի բարակում,
քանզի նույնն են քո աչքերը, ժպիտը,
որով լցված է իմ անխաթար միայնությունը:
Գիշերները պաղ են Պարոնյան փողոցում,
իսկ մայրաքաղաքային աղմուկը
լռեցնում է թռչունների վախվորած երգը,
կլանում ծառերի սոսափը՝
սաստկացնելով դատարկությունը փողոցի,
որը լի է բազմաթիվ անցորդներով…
Առանց քեզ անհնար է քայլել,
և ես քայլում եմ քեզ հետ՝
համոզված, որ դու էլ ինձ հետ ես քայլում,
քանզի դու նույնպես փակել ես աչքերդ,
որպեսզի ինձ ավելի լավ տեսնես,
քան բաց աչքերով տեսած երազներում:
Մենք քայլում ենք փողոցով,
հասնում ձեր տանը,
համբուրվելուց հետո դու հասնում ես շքամուտքին,
ձեռքով անում միլիոներորդ անգամ
ու անհետանում…
Լռությունը փափուկ է ու առաձգական,
սակայն չի կտրվելու երբեք,
մինչև ես ընդմիշտ փակեմ աչքերս,
որպեսզի միայն քեզ, միայն քեզ տեսնեմ:
ԲԱԺԱՆՈՐԴՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է
Ոտնաձայներդ մարում են,
երբ հասնում ես խաչմերուկ,
ետ շրջվում՝ վերջին անգամ ինձ տեսնելու,
ապա կիսախավարում
անհետանում է քո սիլուետը:
Երևի պատրանք էր սպասվելիք թեթևությունը,
և հոգիս ծանրանում է այնքան,
որ ձեռքս ակամա տանում եմ
դեպի հեռախոսը,
իսկ բջջայինդ պատասխանում-չի պատասխանում.
«Բաժանորդն անհասանելի է…»:
Ես հիշում եմ «հասանելի» բոլոր օրերը,
որոնք բացվում են մեկ առ մեկ,
ներառում ժամերն ու վայրկյանները,
որոնք լցրել են իմ չապրած օրերի
ողջ դատարկությունը…
…………………………………………
Ես չզգացի՝ ինչպես թռան ժամերը,
ինչպես ողջ գիշերն անցկացրի
զբոսայգու նստարանին՝
դիտելով երանելի տեսաժապավենը:
Քաղաքն արթնանում է,
հայտնվում են փողոց ավլողները,
հայտնվում է առաջին մուրացիկը,
ով այդպես էլ գլուխ չհանեց,
թե ինչո՞ւ են իրեն մանրադրամ տալիս
միայն իմ նմանները:
Իսկ ես չհասկացա,
որ չպետք է հասնել այն եզրագծին,
երբ սեր մուրալը դառնում է սովորություն,
որ չպետք է զրկել մարդուն
կարոտելու բացառիկ հնարավորությունից,
հետո ետդարձի ճանապարհ փնտրել…
Բաժանորդն անհասանելի է: