Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԱՆՁՐԵՎԱՅԻՆ
Գիշեր է ու
Անձրև…
Դու չես քնի…
Գիշերը սիրում է
Ժամերով նստել
Միայնակների կողքին
Ու երկար լռել․
Անձրևը
Թրջում է սերը,
Ու
Խոնավ բուրմունքը
Քեզ է հիշեցնում…
Հիմա
Երկար նայում ես ինձ
Գիշերիդ միջով
Ու լռում հետս․
Հիմա ավելի քան՝ իմն ես,
Ավելի քան՝ մոտ ես…
Ավելի քան… արբած ես
Հետս-
Բանաստեղծությամբ…
Ու ես
Ավելի քան սիրում եմ
Քեզ-
Այս վայրկյանին
Անձրևաբույր մարմինդ
Կգոլորշիացնի ինձ․
Ու ես
Կցնդեմ…
Եվ հաջորդ անգամ
Որպես անձրև
Կթափվեմ նորից…

ՍԵՎ ՔԱՌԱԿՈՒՍԻ
Ինչպե՞ս չկանգնի սիրտդ,
Երբ փափուկ թաթերով
խցկվում են կյանքիդ մեջ
ու քչփորում վերքերդ…
Չորս գիծ են քաշում
Ու ասում են՝ ճկվիր․
Ստացիր ձևը
Սև քառակուսու…
Մինչդեռ դու տիեզերքի պես-
Դուրս ես
Բոլոր արված-
Չարված գծերից…
– Ախր, երկինքը
Չեք տեղավորի
Ոչ մի չափի
Քառակուսու մեջ…

Հաշտվե՜ք ինձ հետ…

***
Ես քեզ հավատում եմ,
Տեր.
Դու
Իմ ձեռքն ավելի պինդ ես բռնում,
Քան ես՝ քոնը…

***
…Երբ
Բարությունդ
Չորացած տերևի պես
Ճխլում են,
Երբ
Ցավերի ծանր տոպրակը
Նորից կախում են սրտիդ
Ու քիչ է մնում՝
Ծնկես ծանրությունից…
Երբ
Լարախաղացի նման
Քայլում են
Սրտիդ ամենանուրբ
Լարերի վրայով…
Դու ասում ես.
– Այտդ դեմ տուր…
– Ինչպե՞ս…
Դեռ այրվում են
Առաջին ապտակի
Մատնահետքերը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։