Մարինե ԹԱԹՈՅԱՆ

Սլանում էր հողմը՝ կապույտ առավոտի,
և լռում էր հոգին՝ սրտաբեկված թռչնի։
Մի սեթևեթ մրրիկ, մի մրահոն քամի, խառնակել են

աջը՝ տարանցողիկ ժամի։

Ապառաժին վայրի՝ ոսկեկրակ բաշով, ցատկն է սուզվում թռչնի,
օ՜, ինչ հրաշք երկինք։
Ամպոտվել են վայրի ափերն ալեծածան,
ծիրանին է հորդում,
և կծնվի ճաճանչ՝ ծիածանի ժամին։

Օ՜, իմ կարմիր քամի,
մայրամուտի հրդեհ,
առասպելի հնոց՝ ոգեկարմիր շնչով,
խաղաղության ճերմակ թևածումի ստվեր,
արարումի պտույտ…

Կարմիրն, աչքերն՝ անահ,
նստած ժայռի ծերպին, թևատարած մեգում՝
սոսափում է գահին։

Վերցնեմ գույնն արևի, քեզ հրդեհեմ, երկի՛նք,
որ թևերին թռչնի,
դու անձրևներ գունես։

***

Փակ դռների ետևում
ինչ-որ մեկը կողպում է
երկնքի կապույտին ասված
մեղմածոր բառի
հետքերն սպիտակ։
Մեկը դողում է երեկվա մասին,
մեկը բռնել է
թավ ապագայի ուսերից ցնցվող,
մեկը ականջին
պատմվում է լերկ`
ողորկ մեկնությամբ ժայռաբեկորի…

Փակված բառերի վանկերը
նորից տողադարձվում են
շուրթերին տոչոր։

Փակ հոգիների
կրթության էջին բառագոյացման
ջանքեր կան`
լրիվ, մասնատվող, կողանցիկ ու լուռ։

Կրթվող սրտեր են մատները թերթող
էջերը անմար,

Անմարմին…
որքան բառեր կան անմարմին,
չասվող, ապրվող, լռության պապակ շուրթերին` որպես խոր լինելիություն…

Եվ բառեր դարձած
օրեր կան, դեմքեր, դեմքեր, դեմքեր անմարմին…

 

***
Գիտեմ.
որ կամ։
Ոսկե աստղեր հագած սև նժույգի նման
գիշերը կա։
Եվ մոլորակը կա։
Եվ կթվա` մոլորակը պտտվում է
ուղղակի,
և կընկնեմ ուր որ է,
և  կթվա` ամբողջ մոլորակի վրա կա մեկը,
որ իմ ձեռքերով
բռնել է երկնքի փեշը,
ու ճերմակ աստղերին կնայեմ…

***

Մենք մտածում ենք աչքերով.
գունավոր է
ձյունն անգամ
և չասվող…

Մենք զգում ենք աչքերով.
երկինքը բաբախող գարուն է`
չերգվող,
ամեն անգամ
անձրևող…

Մենք լսում ենք աչքերով.
ձայները անչափելի
աղմուկներ են…

Մենք տեսնում ենք աչքերով.
մտքերը աղմուկներ են
գարնան ձյուներում…

Գրեք մեկնաբանություն