ԷՆ ԱՆԴՐ / Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Բիձա Անդոն ծանր հիվանդ չէր: Ավելի ճիշտ՝ հիվանդ էր, բայց ոչ այնքան ծանր: Զավակներ ունե՞ր, թե՞ միայնակ բիձա էր՝ պատմությունը մեզ հստակ չի հասել: Թե ուներ, միևնույն է, Լենինգրադյանի «բոշի» շենքի կողքի հիգհարկանիում գտնվող իր բնակարանում չորգլուխ, մենակ էր ապրում: Իսկ թե ուղիղ ժառանգորդներ էլ չուներ, շատ բարեկամներ կգտնվեին «բոշեքից», որ մեկը մյուսին արյունակից էին ու հաճախ իրար էլ առնում էին՝ հաշվի չառնելով յոթը պորտից պակաս հաշվարկով ամուսնական կապ հաստատելու արգելքը, ինչը սահմանված է հայոց առաքելական եկեղեցու կողմից, և ավելի ու ավելի եմ համոզվում, թե որքան գիտականորեն հիմնավոր է այդ արգելանքը՝ թեկուզ մարմնով, առավել ևս՝ մտքով առողջ սերունդներ ունենալու իմաստով: Բայց անցնենք Անդոյին: Անդոն անկողին էր ընկել, որովհետև ժամանակը հասել էր՝ «էն անդր»: Մինչ այդ ոչ ոք չգիտեր՝ ինչ է «էն անդրը»: Այն էլ «բոշեքի» շենքում, որի բնակիչներից շատերը «Հովհաննես»-ը հազիվ թե գրեին բառամիջի «հ»-ով, առավել ևս՝ կրկնակի «ն»-ով: Ցավը չհասկանալով (Անդոն վերջին ժամանակները «շատ էր ընկել»)՝ ճարել, բերել էին տարիքն առած, իրոք փորձառու բժշկի, որ քննի ու իր հեղինակավոր խոսքն ասի: Անցյալ դարի 70-80-ականների՝ առաջվա բժիշկները հիմիկվանների պես չեն, որ մինչ հիվանդին քննելն ու մի հոդաբաշխ ցուցում տալը հազար ու մի անալիզի, հետազոտության են ուղարկում՝ ընդհուպ գենային մոլեկուլյար թանկարժեք ուսումնասիրություն, չնայած կարող է՝ թեթև մրսածություն ունես կամ, թեկուզ, մեջքդ մի քիչ ցավում է: Ինչևէ: Անդոյին այցելած բժիշկը լսում է թոքերը, մատներով շոշափում-զննում, և այդ շոշափելն ավելի ճշգրիտ արդյունք է ունենում, քան ներկա կատե-ռենտգենները: Ասում է՝ «Էն անդր», թողեք հանգիստ, ծերությունն է, ու գնացող է: Անդոյի մոտալուտ մահվան համար ցավող չկար: Գալիս էին, մեկ-մեկ հաց բերում. դուռը դեռ բացող կար: Իսկ երբ բացող չեղավ, մի քանի օրից զոռով բացեցին, տեսան տանտերը՝ անկողնում հոգին տված:
Տեղը զննելու և մահվան հանգամանքները պարզելու համար առանց ուշացման միլիցիա է ժամանում, քիչ անց՝ դատախազությունից մարդ: Պետք է քննվեին մահվան հանգամանքները. այն ժամանակ միայն հիվանդությանը չէին վերագրվում մահերը, ոնց հիմա են սովորություն դարձրել, ինչ լինի՝ կորոնավարակ կամ, ոնց սիրուն հայերենով են թարգմանել, թագաժահր: Պետք էր քննել՝ բռնի՞ է եղել մահը, դրա հանգամանքները, հարցաքննել վկաներին: Ներկա Քննիչը և օրվա հերթապահ Դատախազն առաջին հայացքից կասկածելի ոչինչ չեն նկատում: «Բոշի» շենքից բնակարան լցված հետաքրքրասերներն իրենց բացատրությունն ունեին. բժիշկն ասաց՝ «էն անդր»: Դա պաշտոնական զեկույցի համար անպիտան հանգամանք էր, և հանգուցյալի մարմինն ուղարկում են հերձելու:
Հետաքրքրասերներին դուրս անելուց հետո անցնում են ննջարանի զննությանը: Ճմռթված ներքնակը շոշափելիս Քննիչը նրանում կոշտ անհարթություն է նկատում: Ըհը՜, բիձայի հարստությունն է: Իսկ տունը՝ աղքատ, հետընկա՜ծ…
***
Խորհրդային տարիներին ով հոկտեմբերիկ, պիոներ, կոմերիտական եղել է, գիտե, որ ժամանակ առ ժամանակ համընդհանուր հանձնարարություն էինք ստանում մակուլատուրա և մետաղական ջարդոն հավաքել-հանձնել: Թուղթը վերամշակվում, էլի գիրք էր դառնում, ջարդոնն էլ զուր չէր կուտակվում, կեղտոտում քաղաքը, մի խոսքով՝ օգտակար բան էր արածներս: Լեգե՞նդ էր, թե՞ ճշմարտություն, բայց պատմում էին, թե նման հավաքչության ժամանակ երեխեքի ձեռքն են ընկնում հին, մետաղական մահճակալի մասեր: Այդ մահճակալները սիրուն կառույց ունեին տարբեր գեղարվեստական լուծումներով գլխամասերով՝ պտուտակների ու ձողերի համադրությամբ: Պառկելատեղերն էլ երկաթե լարերով ցանցկեն հյուսվածքներ էին, որ անվերջ կյանք ունեին ու մարմնիդ շարժումներից ճռճռալու սովորություն: Հին տատենական մահճակալները վաղուց մոդա չէին, և տանտիկինները հաճույքով ազատվում էին դրանցից՝ ծանր երկաթները հանձնելով մանր-մժեղ երեխաներին, որոնք մի քանի հոգով, հազիվ, հևալով՝ դրանք հասցնում էին դպրոց՝ իրենց հերոսական արարքի դիմաց և ջարդոնի կշռով գովասանք ստանալու ակնկալիքով: Անգամ մրցում էինք, թե ո՛ր դասարանն ավելի մակուլատուրա և ջարդոն կհանձնի: Ասում են՝ հենց նման մահճակալի կոր խողովակաձև գլխամասը հավաքատեղիի աշխատակցին չափից ավելի ծանր էր թվացել: Շարժել էր՝ շխկշխկոց էր լսվել: Սղոցել էր, ու ի՜նչ… Շարանով Նիկոլի ոսկե դրամներ: Ոսկին մնացել էր գտնողին, իսկ հավաքողներին՝ պիոներական «մի՛շտ պատրաստ»:
***
Անդոյի մահճակալն այդքան սիրուն, զարդարուն գլխամասով չէր: Փոխարենը ներքնակն էր կասկածելի-խոստումնալից ծանր: Քննիչը Դատախազին աչքով արեց, ու ննջարանի դուռը կողպեցին՝ կարգադրելով իրենց չխանգարել: Ներքնակի կարերը հեշտ չէին տեղի տալիս, բայց թել է՝ կկտրվի: Տարիներով չլվացված, գունափոխ, գործածվելուց ու տրորվելուց մանրացած բրդի քուլաների միջից Քննիչի ձեռքը հայթայթեց առաջին մետաղադրամը: Հինգ կոպեկանոց, սովետական. դրանով կարելի էր կես բուլկի գնել, շեշտեմ՝ չամչո՛վ բուլկի: Կես մատնաքաշի համար տասնհինգ կոպեկ պիտի վճարեիր, էսկիմո պաղպաղակը, հայերեն սիրուն բառով՝ սառնանուշը, քսան կոպեկ էր: Քննիչը չընկճվեց, թեև առաջին պեղումը հիասթափեցնող էր: Բայց ներքնակի միջից դուրս էին գալիս սովետական ամենահամեստ կոպեկներ, ռուբլիներ չկային, առավել ևս՝ ցար Նիկոլի գլուխը պատկերող ոսկե դրամներ: Դատախազը նյարդային ծիծաղը հազիվ էր զսպում. իրե՛նց վիճակն էր զավեշտալի: Գտածոն, ընդհանուր արժեքով, երևի մի միջին աշխավարձ կամ թոշակ չկազմեր: Թե ինչո՞ւ էր Անդոն այդ կոպեկները ներքնակի մեջ պահել, անհասկանալի էր: Դրա մասին քչերը իմացան: Դիահերձումը ցույց տվեց՝ մահը բռնի չէր, ոնց բժիշկն էր ասել՝ «էն անդր»՝ ծերունական մարմնի կյանքի կարողությունը սպառվել էր: Թե ո՛ւմ հասան սովետական հինգ, տասը, քսան կոպեկանոցները, պատմությունը լռում է: Հնարելն այստեղ անիմաստ է, դա էլ թողնում եմ ձեր երևակայությանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։