ԼՈՒՍՆԻ ՄՈՒԹ ԿՈՂՄԸ / Մարիա ԱՎԱԳՅԱՆ

Մենք կանգնած էինք թվացյալ հնագույն կամարի տակ՝ անսպասելիորեն բացվող ընդարձակ հորիզոնով դեպի աստղային երկինք սփռված հազարավոր կրակներով վառվող գիշերային Երևանի եզրաշերտին: Կամարակապ կամրջի խավարը անվերադարձ միացրել էր մեր շուրթերը, իսկ լուսնի մշուշոտ լույսը երևակում էր աչքերիդ փայլը՝ մի ակնթարթ սիրահարված ու երջանիկ թվացող…
Աշնանային գիշերվա մութի մեջ մոռացել էինք, որ գոյություն ունի իրական աշխարհ, մոռացել էինք, որ վերջերս ենք հանդիպել, որ մեր ոտքերի տակ, ներքևում, տարածված է հարազատ քաղաքը, որտեղ մեզ են սպասում հազար ու մի գործ ու պրոբլեմ… Մոռացել էինք, որ էլի մեկը կա այս աշխարհում, մեզանից բացի… Այդ պահին ես մենակ էի, ու դու էիր մենակ… Եվ մեր երկու միայնակ սրտերը բացվեցին դեմ հանդիման՝ որպես հասունացած պտղի երկու կեսեր:
Նայում էի անդարձորեն հարազատացող աչքերիդ, թե ինչպես մտերմացան մեր մարմինները… Որտե՞ղ, այդ միլիոնավոր աստղասփյուռքից որի՛ ներքո այդ գիշեր ծնվեց մեր միայնակ հոգիները լուսավորող աստղը…
Ծնված Լուսնի ներքո` չհասկացա, ավա՜ղ,
Որ ճակատագիր եմ, առաջնաստեղծ Եվան:
Որ օրերում անցած հանկարծ շշնջաս ինձ`
Դու իմ սերն ես հավերժ, խոսքը ճշմարտացի:
Եվ, ինչպես դրախտում, զգացմունք եմ երկնել,
Ա՜խ, ո՞ւր եմ, իմ Ադամ` ինձ նվիրած կրքեր:
Երկար չէր մեր զրույցը: Կարծես բոլոր բառերը, որոնք պիտի արտաբերեինք, արդեն ասված ու զգացած էին: Մեր հանդիպումները դարձան իրական՝ աշնանային քամին ցրեց թախիծն ու առօրյա կյանքի անբավարարվածությունը՝ մեզ համար թողնելով գաղտնի հաղորդակցման «խրախճանքի» փոքրիկ մի անկյուն… Մենք, հանց երկու հոգնած ճամփորդ, հասանք սիրուն և պատահական գիշերակաց գտանք օտար ու անծանոթ տանը… Բայց այդ ապաստարանը հանկարծ լուսավորվեց ներքին լույսով՝ դավադիր ու լիառատ պարգևելով անիրականանալի երազանքների լույսն ու ջերմությունը:
– Ինչի՞ մասին ես մտածում այսօր:
– Քո մասին…
– Իսկ երեկ ո՞ւմ մասին էիր մտածում:
– Կրկին քո մասին…
– Դա կարևոր չէ…
– Մի՞թե դա կարող է անկարևոր լինել:
– Կարող է… Եվ ավելորդ հարցեր մի տուր:
– Ինչո՞ւ:
– Որովհետև երբեք չես գտնի դրանց պատասխանը:
Այդպես ստացվեց, որ մենք հանդիպում էինք միայն օրվա մութ ժամերին, ասես լուսինը ի սկզբանե դարձել էր մեր գաղտնի դաշնակիցը… Եվ առաջին հանդիպումը գիշերային լուսատուի առկայծող սկավառակի ներքո մեզ տարավ անհայտություն, բայց այն չէր վախեցնում. մենք գիտեինք, որ կլինի նոր օր ու նոր երեկո, որը կբերի սպասված հանդիպումը և լուսարձակող աչքերի և ներդաշնակ տրոփող սրտերի ուրախությունը…
– Ուրիշ մեկը եղե՞լ է քո կյանքում:
– Չեմ հիշում…
– Գիտես, կարևոր չէ՝ եղել է ինձնից առաջ ինչ-որ մեկը… կամ կլինի հետո…
– Կարևոր չէ…
– Ի՞նչը կարևոր չէ:
– Ոչինչ կարևոր չէ այս րոպեից բացի…
– Ես դա գիտեմ…
Լուսինը անտարբեր աչք գցեց մեր կյանքին՝ վերջում գորշացոլք լուսավորելով մեր մշտական միայնությունը՝ թաքնված ժամանակավոր հաճույքի գրկում:
Այսօր դու իմ կողքին չես… Իսկ ես լռում եմ՝ սովորականի պես ամուր սեղմելով ատամներս… Որովհետև այն աստղը, որ ծնվեց աշնանային ու մութ մի երեկո, դեռ փայլում է միայնակ երկնակամարում:
Ռուսերենից
թարգմանեց
Կարինե Խոդիկյանը
Բանաստեղծության թարգմանիչ՝
Բաբկեն Սիմոնյան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։