ԷԼԴԱ ԳՐԻՆ / ԱՆՁՐԵՎԻՑ ԾՆՎԱԾԸ (Էդգարի հիշատակին)

Այն ժամանակ դա թերակղզի չէր, ինչպես հիմա, այլ կղզյակ Սևանա լճում: Փոքր մի հողակտոր եկեղեցիկով, ուր սավառնում էր բորբոսի, մրոտ պատերի ու վառվող մոմերի հոտը:
Աղջիկը նույնպես մոմ էր վառում, երբ հայտնվում էր կղզում: Բայց դա հազվադեպ էր լինում: Ամռանը նրան ուղակում էին Ելենովկա՝ մորաքրոջ մոտ, որն աշխատում էր դեղատանը, և աղջիկը ողջ օրը օգնում էր նրան: Եվ չուներ աղջիկն այլ ուրախություն, քան միայնակ լինել լճի մոտ, որը ժամ առ ժամ գունափոխվում էր և հորիզոնում ձուլվում երկնքին: Նա համոզված էր, որ ավելի հրաշալի տեղ, քան այդ բարձրաբերձ լիճը, ողջ աշխահում չկա: Մի անգամ, երբ մորաքույրը դեղատան հոգսերով քաղաք էր մեկնել, աղջիկը, արագ կատարելով հանձնարարությունները, նույնընթաց լաստանավով հասավ կղզի, եկեղեցիկում մոմ վառեց, որ շուտ ավարտվի պատերազմը և, շրջելով կղզիով մեկ, հայտնաբերեց փոքրիկ քարանձավ՝ աթոռանման խորքային ելուստով, որի վրա հարմար էր նստել: Այդ վայրը այնքան ծանոթ թվաց, որ ասես նա արդեն եղել էր այդտեղ կամ տեսել էր երազում: Քարանձավում զով էր: Աղջիկը նըստեց ելուստին՝ մտովին նրան գահ անվանելով: Օ՜: Այստեղից բացվում էր բոլորովին մեկ այլ աշխարհ՝ կայծկլտուն, կուրացուցիչ, վառ երկնագույնի շողշողուն ցոլքերով: Եվ ինքը մի մասնիկն էր այդ աշխարհի, այդ անիրական լռության, որում ձուլվում էին նույնիսկ ճայերի ճիչերը:
Աղջիկը երկար նստեց՝ ինչ-որ կախարդանքով պարուրված: Հետո իջավ լճափ: Հարթ, ձգված, մինչև հատակը թափանցիկ ջրի մեջ անշարժ կախված էր վառ կանաչ խալերով մի գորտ և երանելիորեն ժպտում էր: Բայց երբ զեփյուռը լիճը ծածանեց, աղջկան թվաց, թե գորտը լացում է: Եվ որպեսզի նրան ուրախացնի, ձեռքի ափերը փողաձև շուրթերին դնելով, սկսեց ծիծաղել ու երգել, և արձագանքը երկրորդեց նրան: Անցյալն անէացավ: Առկա էր միայն աշխարհը գերած ջուրը և փայլփլուն բարձունքը: Պառկած շիկացած քարերին, արևի տակ՝ աղջիկը մտովի կերպափոխվում էր ալիքների, գորտի, ճայի, երկնքի…
Հանկարծ մթնեց, ասես լույսն անջատեցին: Երկինքը ծածկվեց ամպերով, անձրև տեղաց: Աղջիկը նետվեց դեպի քարանձավ, հանվեց և ամբողջովին մերկ դուրս վազեց պաղ շիթերի տակ: Անձրևը թափվում էր նրա վեր պարզած դեմքին, խառնակ մազերին, նիհար, սադափի տվող մարմնին: Աղջիկը պարում էր անձրևի տակ՝ վայելելով զարմանալի թեթևություն և մինչ այդ իրեն անծանոթ ազատություն:
Այդ օրվանից նա միայն ու միայն սպասում էր այն հարմար պահին, երբ նորից կհաջողվեր լինել կղզում, նստել իր գահին, սուզվել խաղաղ, կապտավարդագույն աշխարհի մեջ, որտեղ թագավորում են ջուրը, երկինքը, քամին…
Ինչպես և առաջին անգամ, երբ անձրև էր տեղում, աղջիկը, հագուստը պահելով քարանձավում, պարում էր լճափին՝ խենթացած ալիքների հետ:
Մի անգամ նա կղզում հայտնվեց կեսօրին: Արևն այրում էր մարմինը, խփում դեմքին՝ հիշեցնելով, որ օրը եռքի մեջ է: Նա միանգամից քարանձավ չբարձրացավ, այլ, կկոցելով աչքերը, կանգնեց ջրի մոտ՝ դիտելով, թե ինչպես ալիքները հազիվ նշմարելի բարձրանում ու իջնում են նրա ոտքերի մոտ՝ ծածկելով մերձափնյա մանրաքարերը:
Կղզու աղմուկին ունկնդիր՝ նա իր ողջ էությամբ զգում էր, թե ինչպես է առաջ գնում օրը:
– Հե՜յ,- տաք օդը ճեղքեց ինչ-որ մեկի զրնգուն ձայնը:
Աղջիկը շրջվեց և նայեց բլրի կողմը: Այնտեղ կանգնած էր բոկոտն մի տղա՝ շալվարը ծալեծալ բարձրացրած մինչև ծնկները: Նրա ֆիգուրը ներդաշնակ ձուլվում էր լճի բնանկարին:
Աղջիկն արձագանքեց.
– Է՜-հե՜յ…
Տղան ճարպկորեն, կապիկի պես, իջավ ափ: Հիմա նրանք կանգնած էին դեմ առ դեմ:
– Ես գիտեմ, թե դու ով ես,- ասաց տղան:
– Ո՞վ եմ,- հարցրեց աղջիկը:
– Անձրևից ծնվածն ես, ես ամեն ինչ տեսել եմ ու գիտեմ:
Տղայի կանաչավուն աչքերում խայտում էին լճի ցոլքերը:
Ջանալով ճնշել շփոթվածությունը՝ աղջիկն ասաց.
– Իսկ դու… դու լճից ես, աչքերիցդ է երևում:
Տղան ծիծաղեց: Արևահար դեմքի վրա ատամներն առավել սպիտակ թվացին:
– Գորտերն են լճից,- ասաց տղան,- նրանք իմ ընկերներն են, և ես նրանց հետ խոսում եմ գորտերեն:
– Որ այդպես է, հարցրու՝ ծիծաղո՞ւմ են նրանք, թե՞ լաց են լինում, երբ անշարժ կախված են ջրի մեջ:
Տղան ջուրը մտա, կռացավ ու մերթ ինչ-որ անհասկանալի բառեր էր մրմնջում, մերթ էլ ինչ-որ բանի ականջ դնում.
– Նրանք ասում են՝ նայած երբ… տրամադրությունից է կախված,- հայտնեց տղան՝ դուրս գալով ջրից:
– Ինձ մոտ էլ այդպես է,- հոգոց հանեց աղջիկը,- ուրեմն ես կարող էի գորտ լինել:
Տղան քմծիծաղեց.
– Ինչո՞ւ գորտ, ավելի լավ է ճայ լինել: Ես ճայերի հետ էլ իրենց լեզվով եմ խոսում:
Աղջիկը մտածմունքի մեջ ընկավ:
– Ճայերը երբեմն թռչում են քարանձավ,- ասաց,- այնտեղ իմ գահն է…
– Գիտեմ, դու լճի ու երկնքի, արևի ու քամու տիրուհին ես: Անձրևից ծնվածները միշտ էլ տիրուհի են:
– Ուզո՞ւմ ես գնանք այնտեղ,- ասաց աղջիկը: Նա տղային տարավ դեպի քարանձավ:
– Ահա՛,- ասաց նա, հպարտորեն ցույց տալով իր քարե գահը:- Կարող ես նստել:
Տղան զգուշորեն նստեց, պատշաճ կերպով ձեռքերը դնելով ծնկներին:
– Այստեղից ավելի լավ է երևում, թե ինչպես են երկինքն ու լիճը խառնվում իրար,- բացատրեց աղջիկը:
– Դու էլ նստիր,- խնդրեց տղան:
Աղջիկը տեղավորվեց նրա կողքին: Ուս ուսի հանդարտված նրանք նայում էին, թե ինչպես է իրենց առջև փռվում անծայրածիր կապույտը:
Տղան հոգոց հանեց, վեր կացավ:
– Բեր երդում տանք,- անսպասելիորեն ասաց նա:
– Ի՞նչ երդում:
– Ընկերության: Հուր-հավիտյա՜ն…
Տղան դուրս եկավ քարանձավից:
Չորացած, փշոտ թփից սրընթաց վեր նետվեց մի թռչուն:
Տղան մի փուշ պոկեց և ծակեց մատը: Դուրս ցայտած արյան կաթիլը շողշողաց արևի տակ: Տղան մատը հպեց գահի թիկնակին՝ փոքրիկ հետք թողնելով նրա վրա:
– Դագաղ ու երեք խաչ,- հանդիսավոր արտաբերեց տղան:
Տիրեց լարված լռություն:
– Հիմա հերթը քոնն է,- ասաց նա աղջկան:
Գահի թիկնակին, արյան հետքի կողքին դրոշմվեց երկրորդը:
– Երդվի՛ր,- ասաց տղան:
Կրկին լռություն տիրեց:
– Դագաղ և երեք խաչ,- շշնջաց աղջիկը: Նրան թվաց, որ դա ամենապատասխանատու պահն է իր կյանքում:
Քիչ անց նրանք, մինչև ծնկները լիճ մտած, ջուր էին ցայտում միմյանց վրա: Դա, ինչպես բացատրեց տղան, նույնպես մըտնում էր երդման արարողության մեջ:
Աղջամուղջի հազիվ նշմարելի ճնշման տակ օրը նահանջում էր: Ինչ-որ հեռվից լսվում էին մարդկանց ձայներ: Եվ միայն այն ժամանակ, երբ լճափին, ինչպես գետնի տակից, հայտնվեցին մորաքույրը, նավավար Ֆեոֆանը և վարորդ կաղ Ռազմիկը, աղջիկը գիտակցեց տեղի ունեցածը:
– Ա՛յ թե որտեղ ես: Ի՞նչ ես անում այստեղ,- բղավում էր մորաքույրը:
Աղջիկը, ամբողջովին թաց հագուստով, արագ դուրս ելավ ջրից: Նրա ետևից՝ տղան:
Մորաքույրը, սարսափահար ու զայրացած, չափեց նրանց ոտքից գլուխ:
– Հենց հիմա կգնաս Երևան,- նա ամուր սեղմեց աղջկա ձեռքը և քարշ տվեց իր ետևից:
Օրվա հրաժեշտի ճառագայթները հպվում էին գետնին: Լճի վրայով սրընթաց թռչում էին ճայերը: Աղջիկը մի պահ, վերջին անգամ ետ նայեց: Բարձր պահած բռունցքված ձեռքը՝ տղան միայնակ կանգնած էր, արևով ողողված կապույտ լայնարձակության մեջ՝ խորթ ունայն աշխարհին, ուր վերադառնում էր աղջիկը: Աղջկա աչքերին արցունքներ երևացին: Նա իր հետ տանում էր անփարատելի թախիծ:
Նստեցնելով աղջկան բեռնատար մեքենայի թափքում՝ մորաքույրը, մի տեսակ արդարանալով, վարորդ Ռազմիկին ասաց.
– Ճիշտ է, Երևանում անտանելի շոգ է, բայց դու հո գիտես. էստեղ նա հա ուզում է փախչել տնից: Ես ինձ վրա չեմ կարող նման պատասխանատվություն վերցնել: Աղջիկ երեխա է, չէ՞: Թող մայրն էլ հետևի:
Աղջիկը քաղաք էր վերադառնում, որտեղ օդը, նա գիտեր, թանձր է ու հեղձուցիչ: Իսկ նրանց սենյակում, որ կից էր հարևանի հետ, լվացարանի տակ դրված դույլը, ինչպես միշտ, սիրտ խառնող հոտ է արձակում: Նա պատկերացնում էր, թե հիմա ինչ դիրքով է նստած լռակյաց խորթ հայրը, անսպասելի վերադարձի առիթով ինչ վերաբերմունք կցուցաբերեն մշտապես հոգնած մայրը և իշխանական երբեմնի կյանքը կարոտով հիշող տատը, ինչպես կդիմավորեն իրեն կրտսեր եղբայրները, ինչ արտահայտություն կընդունի խուլ-համր հորաքրոջ դեմքը:
Աղջկա հայացքի դեմ հառնում էր կղզին: Ափին միայնակ կանգնած տղայի ֆիգուրը չէր աղոտում լճի բնապատկերը, բարձրացրած ձեռքը նշանակում էր, որ նա միշտ հավատարիմ կմնա իր «դագաղ ու երեք խաչե երդումին: Հուր-հավիտյան…
Երբևէ, մտածում էր աղջիկը, ինքը կվերադառնա իր երկնագույն թագավորություն, կվերադառնա անձրևի, քամու, քարի, ճայի տեսքով կամ որպես ջրի մեջ կախված գորտ, որը, նայած տրամադրությանը, մե՛րթ ծիծաղում է, մե՛րթ լալիս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։