ՊԵՏՔ Է ԱՊՐԵԼ
Պետք է ապրել, թեկուզ եղանք հատակներում մայրամուտի,
Ականակուր ֆոնին գունատ լուսաբացի,
Դեռ հուզվում ենք քամիների բերած հոտից
ու չփոխված, հավատարիմ մեր տեսակին՝
բողբոջում ենք անգամ բարակ քողից լույսի:
Ինչ-որ մի բան մնաց ծանոթ ու հին աշխարհներից պոկված,
Հեռուներից սթափեցնող մի նախասկիզբ՝
դեռ չփոխված դրախտներից:
Պետք է ապրել, թեկուզ խորքում մայրամուտի,
Քանի մի շող է մնացել հեռուներից,
ու չի նեխում պտուղը դեռ իմաստության,
Խորքն առավել պարզորոշ է չգոյության՝
իմաստությունն այդ ծորացող բերաններով
մեր մեջ լցվող նախասկզբից:
Դեռ չենք փոխվում՝ նույն աշխարհն է ինչ որ առաջ,
Դեռ չփոխված կամ թե փոխված՝ պետք է ապրել,
Չխորթացած մենք մեզանից, թեկուզ տեսանք անտանելին՝
հակացուցված զգայարանին.
Անտանելի այս տանելին…
Պետք է ապրել, ինչ էլ տեսանք՝ դեռ չտեսած:
ՀՈԳԵՓՈԽՎԱԾ
Քանի չես խարխափել, մութը սև բիծ է միայն:
Ի՛մ բարեկամ, հոգեփոխված,
Դու նոր մարդ ես անապատում, տակավին:
Ինչ ես փնտրում երազների մեջ անորոշ,
նայի՛ր կարմիր երկինքներին,
որտեղ մեռնում են թռչունները հենց թռչելու պահին
ու հրաժարվում ընկնել անգամ մեռնելիս
հատակներին մեղսավոր,
Անգամ մեռնելիս հոգ տանելով սեփական մարմիններին:
Իրենց կյանքում գոնե սկզբունք է սահմանված,
թվում է՝ նրանց ուրիշն է ստեղծել
Այլ տրամաբանությամբ,
և ուրիշ կյանք է որոշված՝
անծանոթ մեր թույլ նյարդերին:
Դեռ անտարբեր ես նայում
թունավոր անձրևներ կուլ տված
ամպերի մասնատումներին,
Դեռ չես խառնվել ո՛չ թռչունների,
ո՛չ էլ ամպերի ապրումներին:
Դու խաղաղ ես, ի՛մ բարեկամ,
Նոր մարդ ես անապատում,
Ինչ հանդարտ է քո հոգին,
ախ, ինչ հանդարտ է քո հոգին,
Ես չգիտեմ՝ ում ես դու աղոթում,
բայց ինչ խաղաղ ես նայում,
ախ ինչ խաղաղ ես նայում
բոլոր այդ մասնատումներին:
Ուզում եմ քեզ հասկանալ՝
Ում ես դու պատկանում,
Որ աստվածներին
և ինչ ես փորագրում
քո ավազե մարմնին:
Ահա տեսնում եմ գրածդ հստակ՝
«Հոգեպարար մի
լռություն է, Տե՛ր, այն ինչ տեսա:
Ավելի դեռ չեմ կարող հիմա ասել ոչինչ…»:
ՄՇՈՒՇԱԽԱՂ
Արի տոնենք վերադարձը մթնշաղի…
Ձեռքս վաղուց տարել եմ ներսը անսահմանության
ու հանդիպել մի ուրիշ ձեռքի:
Այդ մյուսն էլ իմն է, բայց թող հավատամ խաբկանքներին.
թե մեկն էլ ինչ-որ տիեզերական մի միտք է փնտրում
ու խաբում հոգնած կոպերին, որ չփակվեն ձանձրույթներից:
Հիմա այս խոտը անտառ է թվում կամ թե պաճուճանք,
ու թպրտացող լույսը՝ մի թռչուն…
Եկեք խաբենք հոգնած կոպերին,
Թող որ թվա… և ինչ վնաս սուտ տեսախաղից,
Եկե՛ք, եկե՛ք խաբենք կոպերին, որ միշտ բաց մնան,
Ինչն է իրական կամ թե թվացյալ մշուշախաղ,
Ուրեմն՝ թող որ որ գլխապտույտ առաջացնեն
Ձնապտույտները հավերժական,
Որ կան և չկան: