Անվճռական քայլերով մոտենում է մահվան պուրակին, ուր անբռնազբոս խաղում են երեխաները: Գնդակը օդ են գցում այնքան բարձր, ասես պատրաստվում են հարվածել ռազմական ինքնաթիռներին: Նստում է թմբին, սալաքարերի ծուռտիկ անկյուններում աճող խոտածածկը սնվում է կորստի ջրերով: Դաշտերում տարածվող բույրն ամենուր գլխապտույտ է առաջացնում. ովքեր դեռ ակնկալիքներ ունեն, ուղղվում են դեպի ամանորյա բարի լուրը՝ որպես հրաշագործ հարություն: Թեև քառասունը նոր էր բոլորել, դեմքին կնճիռների խոր ակոսներ էին առաջանում, երբ ցնցվում էր հրապարակի ժամացույցի արագընթաց թքթքոցից. տարիները որքան արագ են թռչում: Ահա կխփի տասներկուսը, և իղձերը, որոնք ամեն տարի կրկնվում են հանգուցալուծման բացակայությամբ, կմնան նույն ցանկում: Ի˚նչ անել: Գունեղ լույսերը չէին հրապուրում անցորդներին՝ մի պահ կանգ առնել և նայել տոնական եղևնուն: Նրանք շտապում էին թաքնվել տրված ժամանակի ավարտից, մրսում էին, ձյուն էր տեղում: Ինչպես վարվել վերարկուի ուսերին նստող փաթիլների հետ: Մարմինը ծանրացել էր, երկարաճիտ կոշիկները խրվում էին ձյան մեջ` սպիտակ թղթի նման ճմռթելով: Այն, ինչ լսեց տղամարդը, անմեկնելի աղաղակ էր, սարերից եկող տագնապի նշան: Ձին խրխնջում էր: Խրխինջը պոկվել էր հողմից, որ տանիքներ էր տապալում գետնին: Քամուց առանձին, գործելով մենակ ու արհամարված կենդանական աշխարհի կողմից, սմբակները խփում էր մերկասառույցին և ցնցում ցրտից փայտացած մարմինը: Տղամարդը բռնեց փայտե ձիու սանձը, զգաց ներսից եկող մտերմիկ շնչառությունը: Միասին ճամփա ընկան տուն` դեպի մթության թանձրույթը: Փակ դարպասներից ներս, վառ լուսարձակների շուրջը, զիգզագաձև հետագծով թևին էին տալիս անհոգ մոծակները: Ամուսինը ձայնեց կնոջը՝ բացել դարպասը: Կինը կիսատ թողեց գրտնակելը և ալրոտ ձեռքերով սեղանին շուռ տվեց փոքրիկ սնդուկի պարունակությունը: Թափվեցին բարձիկին ամրացված գունավոր գնդասեղներ, կարմիր կոճակներ, որոնք կինն օգտագործում էր շապիկներ կարելիս, բանալին գտավ տատից ժառանգած պղնձե մատանու կողքին: Ալրոտ ձեռքերը գոգնոցին քսեց և բացականչեց. «Ահա»:
Մատուցված անակնկալից երկու որդիները, ճշմարտությունից անտեղյակ, լայն ժպիտ պարգևեցին, ոգևորված հայրը սիրեց ձիուն, շոյեց բաշը: Տարավ տան տաքուկ անկյունը, կապեց նրան վառարանի ոտքից և շարժեց իրեն ծառայող կենդանիների` դանդաղկոտ ճագարների նախանձը:
Ավագ որդին ասաց` զգուշացիր հայրիկ, վառարանի կողքին փայտե ձին կհրդեհվի:
Տարեգլխի գիշերը մոռացության են տրվում անցյալի պսակադրությունը, վառվող ջահերի երթը, ասպատակության ենթարկված սարերը: Դաշտային ծաղիկների` հուշ դարձած բույրը, բաց օդանցքից հասնում է խոհանոց, ուր ջրի ծորակի տակ լցվում էր խաղաղության բաժակը: Տղամարդը մի քանի անգամ բացում է աչքերը և արտառոց ոչինչ չի նկատում, կրկին քնում արևելյան խառնաշփոթի գիշերում: Նա մի քանի անգամ շոշափեց սառը սավանը, մերժեց ընդունել արևածագի պարգևը: Սայթաքեց, խարխափելով վեր բարձրացավ և գրկեց փայտե ձիու պարանոցը: Գիշերահավը երեք անգամ կանչել էր, հնչել էր պատերազմի կոչնակը: Որդիները և կինը չկային: Կուրորեն անեծքներ տեղաց իր ճակատագրի, երկնքի ու երկրի արարածների, հրեշտակների և աստծո սպասավորների գլխին, ընհուպ մինչև երկրորդ Ադամ:
Անվերջանալի շարասյունը, կքված բեռներով և սարսափած մարդկանցով, ուղևորվում էր սահման` կորուսյալ դրախտի ճամփաներով: Աչքի լույսը կորցնելով` նա միայն լսում էր ինչ-որ ձայներ, պատմություններ և դրանց մեջ փնտրում իր կնոջը, որդիներին: Տղամարդու առաջնորդը փայտե ձին էր: Քայլում էր պոչից բռնած` շարժելով տնազուրկ գաղթականների կարեկցանքը:
«Որդուս տասնհինգը դեռ չէր բոլորել,- ասաց ձիուն,- բայց գրպանում պահում էր պապին պատկանող ուսադիրները, ուզում էր զինվորական դառնալ»: Ամեն անգամ տիրոջ պատմածից հետո ձին կարճ խրխնջում էր՝ ի նշան համաձայնության: «Կինս գաթան թխում էր կիրակի օրերին»: «Փոքր որդիս նայում էր սպանդանոցում վերջին շունչը տվող ցլիկին և հարցնում` հայրիկ, ինչո՞ւ են մարդիկ ուտում կենդանիների միսը»: «Այժմ զգում եմ ձյունը հաղթահարող ձնծաղկի բույրը»:
Ձին ամեն ինչ գիտեր տիրոջ մասին. հայրն ուզում էր շոյել որդիների թուխ գանգուր մազերը, սուրճի տոպրակը շփոթել թեյի հատիկներով լի քսակի հետ, որոնք դրվում էին խոհանոցում` կողք կողքի: Ամենավերջում կոշիկների կրունկները հարևան վարպետի մոտ վերականգնելու հապճեպ որոշումը մեղքի զգացում ծնեց ձիու փայտե հոգում:
Սահմանին ձին մի միջադեպի ականատես եղավ: Կամավորները մոտենում էին մեքենաներին և փաթեթավորված սնունդ ու ջուր բաժանում: Տերը, ձիու պոչից բռնված, շոշափեց սնունդը, քաղցած և վիրավոր արտասվեց մսի բույրից: Սահմանին լսվեց իր կնոջ աղաղակը, դեռ չէին հասել հյուղակ, որտեղ բույն էր դրել կինը, չէին հանգել տառապանք պատճառող մտքի վերջաբանին՝ որդիների կորստին, սակայն ուժերը աստիճան առ աստիճան լքում էին: Տերը չգլորվելու համար քաշեց փայտե ձիու սանձը և մնաց տեղում գամված: Մտածում էր՝ կնոջ դիմագծերը կվերականգնվեն, որդիները, գուցե, նրա հետ են և մահճակալի տակ թշնամուց թաքնված՝ սպասում են հայրիկի գալստյանը: Տղամարդը չտեսավ՝ ինչպես կծկվեց կնոջ մարմինը` ինչ-որ անհայտ ծավալի մսագնդի նման, ողնաշարը, որ ձգվում էր ուղղահայաց դեպի վեր, երկատվել էր: Կոտրված ու փշուր-փշուր եղած ոսկորները չէին գտնում նախկին տիրապետությունը մարմնի վրա: Այսուհետ տղամարդն ապրում էր` ունկնդրելով քառաթև հողմաղացի պատմությունը, մտաբերում էր երեխաների խաղալիքները, որոնց անվանակոչել էին անհետ կորած մարտիկների անուններով: Երբեմն շոյում էր ձիու բաշը և զգում նախկինում թաքցրած ներքին դողը: Մտքում հնչեցնում էր նույն հարցը. այն, ինչ ապրեցնում է մարդուն, կառուցում գալիքը, մղում պատերազմների և պատվով կրում պարտության հետևանքները: Տղամարդը անշշուկ մոտեցավ ձիուն, լուռ ու մունջ, ինչպես պատիվ է բերում տառապանքը կրող փորձառու զինվորին, ազատեց նրան կապանքից: «Վերադարձի՛ր քո տիրոջ մոտ»,- ասաց տղամարդը:
Փայտե ձին ծառս եղավ, ասես նրան մտրակի հարված հասցրին: Իրեն զգաց սպանդանոցում զոհաբերվող ցլի փոխարեն: Ահա կանգնած է ամանորյա եղևնու մոտ, շուրջը հողմաղացի պտույտի ուղղությամբ շարժվում են երեխաները և անհետանում կեսգիշերն անց: Անհնազանդության խրխինջ արձակեց, առանց կանխորոշման որևէ հետքի, թե ում դեմ է ընդվզում: Նախկին տերը գտնվում էր հեռավոր գյուղում: Մի քանի խոշոր ընտանի կենդանիներ էր գնել, իրեն հողագործական խաղաղ աշխատանքներում օգնելու համար: Մի՞թե ձին մերժում էր իր փայտե էությունը, և անհնարին էր մերձեցումը իրական ձիերի հետ: Նա ուղղվում էր դեպի երազը և երամակում գտնվելու անզորության զգացումից իրեն համարում էր անկարող և անպտուղ: Ներկային պարտադրված հրամանը տրվել էր կույր տղամարդու կողմից: Նա այլևս չէր տեսնում գալիքի ահարկու փոթորիկները և փրկվածների հողեղեն չարչարանքները: Հետայսու տիրոջ հրամաններն իրականությունից կտրված են, և նետի պես արձակված բառերը կարելի է սակարկել, վերափոխել, փախչել ցուրտ անտառ կամ մարգագետին` միևնույն է: Բացատում արածում էին անմեղ արաբիկները: Ձին նախկինում անծանոթ, նոր հնձած խոտի հոտ առավ: Բույրն ստիպում էր մոռանալ իր ներսում փայտի մեջ խրված մեխերը, որոնք օր օրի անձրևից ժանգոտում էին: Իր առջև կանգնած էգ ձին ավելի անիրական էր, քան ինքը` պատերազմական փայտե ձին: Նա այլևս չէր զգում՝ ինչպես է ծանր մարմինը հոգնել մարտերից և անհետացող մանուկների ծնողներին պատճառած տառապանքներից: Ձին ակնթարթորեն մոռացավ իր մեջ ապրող վրիժառուին: Ուզում էր թավագլոր տալ կավահողի մեջ, ինչպես բոլոր նժույգները, չլինել այն միայնակը, որի տեսքից խրտնում են մտրուկները: Վերջիվերջո կցնցի մարմինը, և գորշ թելերի բաշը քամու ուղղությամբ կթևածի ազատության մեջ: Ստվեր ընկավ դեմքի կոր փոսերում. ձիերի երամակը սրընթաց շրջանցում էր անտառը: Փայտե ձին վերապրեց տիրոջ դեմ ծառս լինելու ապրումը: Անհանգիստ մի քանի պտույտ տվեց ինքն իր շուրջը և վախեցավ կորցնել միացումի հնարավորությունը: Փնչոց արձակեց, հուզմունքից խրխինջը մնաց կոկորդում: