Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

ԿԻՆԸ
Գարուն, անունդ կին է,
Քնքշանք ու սեր ես բերում ադամորդուն,
Գարուն, անունդ սեր է,
Ջերմություն ես սփռում աշխարհում,
Գարուն, անունդ մայր է,
Պտղավորվում է մայր բնությունը,
Գարուն, անունդ կյանք է,
Խայտում է սիրտը մոլորակիս,
Գարուն, բույն դիր իմ հոգում,
խնդրում եմ…
Տուր ինձ անունդ:

ՄԱՅՐԸ
Կնոջը ասացին մայր,
Եվ նա ուսեց
աշխարհի բոլոր հոգսերը,
Եվ կինը մոռացավ,
որ ինքը
կին է

ՀՈԳՍԸ
Մայրը շալակեց
բոլորի հոգսերը,
Գիշերը դաձրեց ցերեկ,
աշխատեց ցերեկից ցերեկ,
ու շատ ցերեկներ հետո
ցերեկների արանքում
սկսեց որոնել
կնոջը,
որին կորցրել էր
հոգսերի,
հոգատարության,
նվիրումի,
տան մաքուր անկյունների,
արդուկած հագուստի,
տաք ապուրների,
աշխատավարձի համար
խմբագրվող տեքստերի
և ուրիշ շատուշատ
հոգսերի արանքում…

ՕՐԸ
Օրը ծրարվեց
հերթական սպասումով,
որ ուր որ է
երկիրը կորցրածին
կասեն՝
երկիրը ազատագրված է,
վերադարձեք տուն…

ՄՇՈՒՇՎԱԾ ԱՉՔԵՐՍ
Մշուշված աչքերս գարուն են փնտրում,
Բայց ձմեռը հաջորդում է ձմռանը,
Ծաղիկը այդպես էլ կմնա չբացված,
Բառը այդպես էլ կմնա չասված,
Երբեք չեմ տեսել ծաղիկը բացվի անարև,
Իսկ բառը՝ առավել ևս,
Իսկ հոգին՝ առավել ևս,
Բոլոր ծաղիկներն էլ արև են տենչում,
Ծաղկաթերթերս թափվում են ափիս մեջ,
Իսկ Երկնքից դարձյալ ձյուն է մաղվում…
Պատերազմ, ինչո՞ւ ես սիրահարվել մեզ…
– Մշուշված աչքերս խաղաղություն են փնտրում,
բայց պատերազմը հաջորդում է պատերազմին…

ՈՐՈՆՈՒՄ
Գարունը մտավ
ԵՐԿԻՐԸ,
ոչ ոքի չհանդիպեց,
որ ծաղիկներ ու արև շռայլի,
դատարկ փողոցներով քայլեց,
մտավ տնետուն,
տեսավ ամենուր
անշունչ դատարկություն.
գարունը տխրեց,
զարդարեց ԵՐԿԻՐԸ ծաղիկներով,
հազարերանգ բույրերով,
թռչուններին հրահանգեց ճռվողել
ու… սկսեց որոնել
ԵՐԿՐԻ տերերին…
իսկ մենավոր հեռվում
ԵՐԿԻՐԸ կորցրածը
այդպես էլ չգտավ իր գարունը,
արևն ու ծաղկաբույրը,
որովհետև իր գարունը մնաց ԵՐԿՐՈՒՄ,
որին հազա՜ր-հազար անգամ
սեր ու չհեռանալու խոստում էր տվել…
Գարունը կպատմի՞ ՔԵԶ, ԵՐԿԻՐ,
որ բռնագաղթի ժամանակ
կամք հարցնող չկար,
Կպատմի՞ ՔԵԶ,
որ ԵՐԿԻՐԸ կորցրածը
շարունակում է
ամեն օրը ապրել տառապանքով,
կարոտով ու անգարուն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։