Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Տունս մնաց հեռուներում» շարքից

ԹԹԵՆԻՆ՝ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
Լուսադեմին
Հրթիռների որոտից
Երկիրն իմ երերաց,
Եվ ծխի մեջ նշմարվեցին
Հարևան օջախներից հեռացող
Վերջին բնակիչների ստվերները…
(Թուրքն արդեն գյուղի մատույցներում էր,
Ու յաթաղանից փրկվելը
Կյանքի ու մահվան խնդիր էր…
Ժամանակը սահում էր աննկատ,
Տեղահանվածների ճամփան՝ երկարում…
Մոլոր մանկան նման
Ես էլ հրաժեշտ տվի
Հայրական տանն իմ
Ու կարոտով փարվեցի
Բակի դարավոր թթենուն
(Մեղքերս չգիտեի ինչպես քավել)
Համբույրներ դրոշմեցի
Կնճռոտ դեմքին նրա
Ու հայացքով ետ շրջվեցի՝
Փորձելով թաքցնել թաց աչքերս…
(Նրան կյանքում երբեք
Այդքան տխուր չէի տեսել)
Սրտնեղեց, որ լքում եմ իրեն,
Զարմացավ, որ մենակ եմ իրեն թողնում:
Երդվեցի, որ հետ եմ դառնալու շուտով,
Ղուշի թևով էլ լինի՝
Դարձյալ գիրկն եմ գալու…
Հավատա՞ց նա արդյոք իմ խոսքերին,
Թե՞ խղճաց,
Որ փախչում եմ դժոխքից:
(Ամոթ է թագավոր թթենուց
Գթացող պատասխան ակնկալել),
Բայց, վստահ եմ,
Որ նա ինձ հասկացավ,
Երբ տանս դուռը չկողպեցի…

Հ.Գ. Թթենին դարձնելով «քավության նոխազ»՝
Այսպես հեռացա ես իմ տնից…

ԿԱՐՈՏ
Նախորդ օրերի պես
Անցած գիշեր էլ քուն չեկավ աչքիս,
Մտապատկերներիս մեջ
Արցախում թողած սրբություններս են,
Ծննդավայրս, որբացած այգիս,
Օջախս, տունս…
(Հավքից որ խնդրեմ՝
Խաբար չի՞ բերի,
Թե 130-ամյա տարեց թթենիս
Կանգո՞ւն է արդյոք,
Ու նենգ թշնամին այն չի՞ գլխատել)…
Մի պահ թվաց, թե
Խոր նինջ է իջել հոգնած կոպերիս,
Եվ հուսախաբված ձեռքից ընկնում եմ…
Մղձավանջից սթափվում
Ու լուսադեմի ճամփան եմ բռնում:
(Այս ժամին
Չէ՞ որ իմ այգում եմ լինում,
Այստեղ ի՞նչ եմ անում),-
Մոլոր ելնում տեղից, հանդիմանում եմ ինձ:
Իսկ պատուհանիս տակ,
Իբրև ձմեռնամուտի խրոխտ նախերգանք,
Քամին է ոռնում՝գլուխը կորցրած:
Սաստկացող ցրտից
Բակում կուչ են եկել
Շները վախվորած,
Ու ծառերին՝ վերջին տերևներն են դողում:
Լսո՞ւմ ես, քամի,
Անզոր եմ սանձահարել քեզ,
Մանավանդ
Միշտ էլ նույն խենթն ես մնում…
Հասուն մրգերս մնացին հեռվում,
Իսկ նվագիդ տակ
Տերևներն են հիմա խելացնոր պարում:
Ի՜նչ կլինի,
Եթե աշնան գույներից
Մի փունջ բաժին հանես,
Որ ըմբոշխնեմ
Այգուս որբացած ներկապնակը…
19.11.2023թ

ԱՇԽԱՐՀԸ ԿՈՒՅՐ Է…
Ցավից
Ցնցվել է երկիրն իմ ըմբոստ,
Խառնվել են իրար կրակ ու կայծակ,
Մոլորվել են երկնում
Աղավնիները ճերմակ,
Կտուցներին
Մահաբեր ռումբեր են կախվել…
Դաժան կռիվ է Արցախի հողում,
Հրդեհ է ամենուր,
Հրթիռների ոռնոց,
Ամենուր մահվան տեսիլներ են շրջում…
Թշնամին անհագ արյուն է տենչում,
Սևազգեստ մայրը
Մինուճար որդու կորուստն է ողբում,
Զարկված ծերուկն է
Մահճում խուլ տնքում,
Իսկ բարուրի մեջ
Նորածին մանչն է մորն իր աղերսում…
Արցախիս ճիչը
Լուսնին է հասել,
Սակայն անօգուտ:
Աշխարհը կույր է,
Աշխարհը խուլ է,
Ոչինչ չի լսում…

X X X
Գաղթից առաջ,
Երբ ընդմիջվել էին հրթիռահաչոցները,
Ու վերջին պատարագն էր մատուցվում
Սուրբ Աստվածածին եկեղեցում,
Շատերի պես
Աղոթք շշնջացի ու մոմ վառեցի
Պատերազմում ընկած տղաների
Եվ ննջեցյալների համար:
Ապա տագնապի զանգը հնչեցվեց
Մարող տաճարում,
Ու հայացքը՝ խորանին հառած,
Հոգևոր հոր շուրթերին
«Հայր-Մերը» դողաց:
(Նա այդպես էլ չհասցրեց
Թաց աչքերը թաքցնել վախվորած
Երեխաներից)
Վայրկյաններ անց
Հերթական ռումբը պայթեց
Եկեղեցու բակում,
Ու մանուկների աղերսագին ճիչը
Հասավ երկինք…
-Այս անգամ էլ
Զորեղ խաչը
Մեզ փրկեց դժողքային մահից,_
Ենթադրեցին կանայք
Եվ օրհնեցին այն:
Բախտորոշ այդ պահին,
Երբ Արցախն էր հայտնվել զոհասեղանին,
Նրանք երևակայել անգամ չէին կարող,
Թե գաղթի ճանապարհին
Դեռ որքան դաժան փորձություններ են
Սպանդից փրկվածներին սպասում…

ԵՐԿՐԻ «ՏԵՐԸ»
Յաթաղանը ձեռքին
Թուրքը
Հարբած հայտնվել է
Մելիք Եգանի ապարանքում
Ու զառանցում է.
-Ալլահը վկա,
Սա իմ պապերի հողն է,
Իմ նախնիների հայրենիքը,
Որ հայերը
Դարեր առաջ
Ուժով խլել են մեզնից
Ու մեր երկրին տեր դարձել…
Կմորթեմ, կսպանեմ անխնա,
Եթե գյավուրը փորձի մոտենալ…
Էս լեռներն իմն են,
Ղարաբաղն իմն է,
Այս երկրի վրա
Ես պիտի ապրեմ
Եվ իմ թոռները…
Արյունոտ շուրթերը լիզելով՝
Կաղկանձում է կծան հաչանը
Ու յաթաղանի ծերով
Սրբաքարերից
Ջնջում է հայերեն արձանագրությունները՝
Լավ իմանալով,
Որ նախնիներն իր
Մեկ դար առաջ են լույս աշխարհ եկել…

ԻՆՉԻՑ Է ՍԱՐՍԱՓՈՒՄ ԹՇՆԱՄԻՆ
Ամեն օր մոմ եմ վառում և աղոթում
Դարավոր վանքերիդ
Ու եկեղեցիներիդ համար,
Որ սատանան չպղծի,
Ու չփորձի
Հուդայի թելադրանքով
Անվանափոխել
Եվ օտարներին վերագրել
Ինչ ստեղծել, արարել են
Մեր նախնիները,
Քրիստոսի զավակները…
Տոկա, դիմացիր, երկիր իմ հայոց,
Թշնամին
Սարսափում է այն մտքից,
Որ Աստծո տունը կանգուն մնալով՝
Աշխարհի որ ծայրում լինի՝
Արցախցին տուն է վերադառնալու…

***
Լույսը դեռ չծագած
Փորձում եմ
Շոշափել օրվա հոգսաշատ հայացքը:
Արցախիս ցավը
Սրտիս մեջ ծրարած՝
Բացում եմ հոգուս պատուհանները,
Որ շնչահեղձ չլինեմ
Ու հասցնեմ լիաթոք շնչել
Հայոց աշխարհի օդը կենարար:
Համոզված լինել,
Թե սատանան այն չի աղտոտել,
Եվ մանուկները
Հանգիստ կարող են քնել
Ու երազներում թավշյա
Ճերմակ աղավնիներ գրկել…

ՀՈՏԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՏԵՐ…
Անհայտության ճամփան թե ուր կտանի,
Չգիտեմ ոչ ես,
Ոչ էլ բախտակիցներն իմ:
Մինչև հրաշքով կվերադառնանք,
Ստիպված ենք
Կառչել աշնան փեշերից,
Արցախիս
Գունեղ հանդերին կարոտ,
Դատապարտված ենք աստղերին խաբվել…
Գիշերներն անգամ
Արև ենք տենչում,
Որ ձմեռն հանկարծ շատ չերկարի…
Գարնան
Առաջին ծաղիկը բացվեց, թե չէ,
Վստահ եմ,
Տերը կարթնանա քնից,
Շուրջը
Ամայի դաշտեր կտեսնի
Եվ կհասկանա՝ մեղքեր է գործել…
Քաոսի մեջ
Հեշտ չէ սևը սպիտակից ջոկել,
Ինչո՞ւ կյանքն այսքան
Դաժան է ու բիրտ,
Չիմանա՞նք
Հուդան ինչո՞ւ մատնեց մեզ,
Երբ ազնիվ էինք մեր պայքարի մեջ…
Չկա զորեղ մի ուժ, որ առաջնորդի,
Հոտը մնացել է անտեր ու մոլոր:

Հ.Գ
Կռունկների կանչը
Ականջիս հասավ, թե չէ,
Երամի հետ, հաստատ,
Տուն գնացողն ենք…

ՃԱԿԱՏԱԳԻՐ
100-ամյա պապս
Ավանդեց փառավոր հոգին
Ու հայտնվեց դրախտում՝
Հավերժ ձուլվելով նախնիների հողին,
(Դա նրանց երազանքն էր)
80-ամյա հայրս
Կնքեց իր մահկանացուն,
Ու հողին պահ տալով
Ապրած տարիներն իր՝
Գնաց իմաստուն հոր ճանապարհով…
Նրանք (հայր ու որդի) ննջում են կողք կողքի:
Ավագ եղբայրներս
Դեռ կարգին տարիք չառած՝
Հայրենիքի կարոտը սրտերում,
Հետևեցին
Իրենց պապի և սիրելի հոր օրինակին
Ու Արցախից շա՜տ հեռու
Հանգչեցին օտար ափերում…
Այսպես է, ահա, ճակատագիրը հայի,
Մի օր, ասես, մերն է ամբողջ աշխարհը,
Մի օր էլ՝ տուն չունենք…
………………………………………..
Երազիս մեջ
Պապս այցի էր եկել
Եվ հորդորում էր.
-Ա՜ խոխեք,
Ինչո՞ւ եք մեզ մենակ թողել,
Բա դուք խիղճ չունե՞ք…
Անզորությունից կարկամել,
Պատասխան չէի գտնում:
Իսկ պապս սպասում է…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։