ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ
քայլում եմ
քայլում եմ
քայլում եմ
որ գտնեմ պահը
ուր
երկինքն ու երկիրը
պիտի միանան
ճամփան չի հոգնում երկար քայլելուց
ԱՍՏՂԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
ինչի մասին ահա խոսում են
ես արդեն գիտեմ
երբ այսքան բարձր են խոսում
գիտեմ նաև ինչի մասին են լռում
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
վերևում մեզ կփրկի Աստված
ներքևում մեզ ինչո՞ւ են սգում
վերևից ոչ ոք ետ չեկավ
ԺԱՄԱՆԱԿԸ
այստեղ չեմ հասցնում
ապրել
անտանելի երկար է ժամանակը
ԼՔՎԱԾ
մենք
միայնակ
ապրում ենք
միլիարդ
մեզ նման
մարդկանց
մեջ
խարխափելով
ինչպես Երկիր
մոլորակը
այս
անսահման
տիեզերքում
որ
պտտվում է
դեռ
Աստծուց
անվերջ
լքված
ՄԱՅՐԱՄՈՒՏ
մայրամուտը
մեկնում էր՝ հորիզոնն ի վեր թողնելով
արևից այրված խաշամներ
աշնան այդ օրը վերևում
երկար-երկար
երկնքի սավանն էր
փողփողում
գունեղ
ՔԱՂԱՔ
երբեմն
համարյա անծանոթ
կանանց գրկում
հասկանում ես
որ կյանքը
հաղթանակների համար է
և կրծքիդ տակ նորից
ալեբախում է քաղաքը
ԱՊԱԳԱ
մեզ բոլորը ապագա մաղթեցին
մտածելով որ այն անվերջ է
մի ներկա սեր լիներ
ՈՐՍ
այստեղ
կրակում են
բարձր ճախրող
թռչունների վրա
մնացածների համար
թակարդներ են
լարել
թփուտներում
ՍԻԲԻՐՈՒՄ
սառնամանիքներին
ոտքերիդ տակ
դավադիր
ճռճռում է
ձյունը
ոտքերդ
որ չսահեն
ուսերդ պիտի
ուղիղ պահես
ՁԻԵՐԸ
հորիզոնի վրա հեռացող կարմիր
նժույգները
ասես արյան կաթիլներ լինեն
ձիերը իմ վիրավոր ընկերներն են
ՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
սիրելու համար
պիտի պատճառ ունենաս
ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ
երազանքներս մաղվեին
և մնային միայն աշնան երկնքի
մուգ-ջարդվող լուսաբացները
ՄԻ ՄՈՄ
անիմաստ է անգամ
աշնան անտառի կարմիր բոցը
երբեմն
երբ
մի մոմ (չ)ես ուզում վառել
ՈՒՐԻՇՆԵՐԻ
ուրիշների երջանկությունը
ուրիշ չափման միավոր ունի
ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ
ամպրոպից հետո կսկսվի անձրևը
ամեն ինչ կմաքրվի ինձնից
ինչ քեզ հետ կապված չէր
ՍԵՐ
այսօր չգնայիր
կամ գնայիր այնպես
որ հետո ետ դառնայիր
(թող դա լինի կարմիր-
մի աշնան օր-
կամ պարզապես
մի օր)