ՊԱՏՐԱՆՔՆԵՐ / ԺԵՐԱՐ ԴԸ ՆԵՐՎԱԼ

ԺԵՐԱՐ-ԴԸ-ՆԵՐՎԱԼՖրանսիացի արձակա­գիր ու բանաստեղծ
ԺԵՐԱՐ ԴԸ ՆԵՐՎԱԼԸ
ծնվել է 1808 թ. մայիսի 22-ին, Փարիզում, ուր և վախճանվել է 1855 թ. հուն­վարի 26-ին: Ներվալը հիմնականում հայտնի է իր բանաստեղծություններով, նովելներով, սոնետներով: Վերջիններս հրատարակվել են 1854 թ.:

ՊԱՏՐԱՆՔՆԵՐ
EL DESDICHADO
Ես խավարն եմ խորացած, Անսփոփն եմ ու Այրին,
Ակվիտանյան փլուզված Աշտարակով մի Իշխան,
Միակ Աստղս մարել է, իսկ աստղազօծ վինը իմ
Կրում է Սև Արևը, որպես թախծի խոր խարան:

Իմ Շիրիմի խավարում Դո՛ւ եղար մխիթարանք,
Պոզիլիպպը, ծովը լուրթ՝ Իտալիայի, ետ տուր ինձ,
Ծաղիկն հաճո իմ սրտին, ուր կա միայն տառապանք,
Տաղավարն, ուր Խաղողն է ձուլվում
Վարդին ալ, անբիծ:

Ես Ամո՞ւր եմ, թե՞ Ֆեբուս, Լուսինյա՞ն եմ,
թե՞ Բայրոն,
Դեռ շիկնած է այտս, ուր համբուրել է Թագուհին,
Եվ լողացող Սիրենի ժայռում է դեռ երազն իմ…

Երկու անգամ հաղթական՝ Աքերոնը հատեցի,
Օրփեոսի քնարով հաջորդաբար երգեցի
Հառաչանքը Սրբուհու, Փերու ճիչը թախծագին:

ՄԻՐԹՈ
Ես հիշում եմ քեզ, Միրթո, աստվածային թովիչ կին,
Եվ՝ Պոզիլիպպը հպարտ, հազար ու մի լույսով լի,
Դեմքդ եմ հիշում՝ ողողված ցոլքերով Արևելքի,
Սև խաղողը՝ խառնված ոսկեերանգ քո հյուսքին:

Ես քո թասով ըմպեցի հարբեցումը այնուհետ,
Ու խայտացող կայծերով՝ քո հայացքով անհատակ,
Երբ որ լսվեց աղոթքս Իշակուսի ոտքի տակ,
Մուսան տարավ ինձ նույնպես՝
իր սաների խմբի հետ:

Գիտեմ ինչու արթնացավ հրաբուխն այնտեղ նորից.
Ոտքդ երեկ դիպել էր նրա անշունչ կողերին,
Եվ հորիզոնը այնժամ ծածկըվեց միանգամից:

Նորմանդացի դուքսը երբ խորտակեց քո դիցերին,
Վիրգիլիոսի դափնեզարդ ոստերի տակ այդ պահից
Ձուլվեց դալուկ Օրտենզիան Մրտենիի կանաչին:

ՀՈՐՈՒՍ
Քնեֆ դիցը դողում էր՝ տիեզերքն էր սասանվում,
Մայր Իզիսը անկողնում քնից թռավ ու նստեց,
Ատելությամբ հայացքը ամուսնու կողմը շրջեց,
Նախկին հուրը բոցկլտաց նրա կանաչ աչքերում:
Տեսեք, ինչպես է մեռնում այս ծերուկը ավերված,
Ցուրտ է փչում բերանով, տարածում աշխարհով մեկ,
Կապեք նրա ծուռ ոտքը և շիլ աչքը հանգցրեք,
Ձմեռների արքան է՝ հրաբխի խոլ աստված:

Արդեն արծիվն անցել է, մի նոր միտք է ինձ պատում.
Սիբելիուսի զգեստը նրա պատվին եմ կրում…
Նա զավակն է սիրասուն Օզիրիսի, Հերմեսի.

Ոսկե խեցին իր հեծավ ու սլացավ դիցուհին,
Անդրադարձնում էր ծովը նրա պատկերը կրկին,
Եվ երկինքն էր ճառագում վզնոցի տակ Իրիսի:

ԱՆԹԵՐՈՍ
Հարցնում ես, թե ինչու խոր մոլուցք կա իմ սրտում,
Իսկ շարժվող ուսերիս անսանձ գլուխ է բազմել,
Ինչպես Անթեն, ես նույնպես,
միևնույն ցեղից եմ սերվել,
Ու խայթերս հաղթական՝ դիցերի կողմն եմ ուղղում:

Նրանցից եմ, ում որ միշտ Վրիժառուն է դրդում,
Ճակատիս է նա դաջել շրթունքներն իր կատաղած,
Դալկության տակ Աբելի, ավա՜ղ,
արյամբ շաղախված,
Ես երբեմն Կայենի արնագույնով եմ պատվում:

Դու, Եհովա, վերջինը՝ պարտըված քո հանճարից,
Որ գոչում էր «բռնությո՜ւն» սև դժոխքի խորքերից.
Իմ նախնին է Բելուսը կամ Դագոնն է հայրը իմ…

Ինձ Կոկիտի ջրերում երեք անգամ լողացրին,
Պաշտպանելով մեն-մենակ մորն իմ՝ Ամալեցիտին,
Ոտքերի տակ շաղ տվի ատամները վիշապի:

ԴԵԼՖԻԿԱ
Դաֆնե, ասա, հինավուրց այս ռոմանսը հիշո՞ւմ ես
Ժանտ թզենու բնի տակ, դափնիների՝ սպիտակ,
Ձիթենու կամ մրտենու, դողդողացող ուռու տակ,
Սիրո երգն այս, որ գալիս, պտտվում է մշտապես…

Վերհիշո՞ւմ ես ՏԱՃԱՐԸ՝ սյունաշարով փառապանծ,
Կիտրոնները դառնահամ՝ ատամիդ հետքը վրան,
Եվ անձավը՝ անզգույշ այցելուին ապաստան,
Որտեղ հնուց մեզ հասած վիշապի սերմն է քնած…

Ետ են գալու Դիցերն այն, որոնց շատ ես կարոտում,
Ժամանակն է բերելու հին օրենքներն անկոտրում.
Հանկարծ հողը երերաց գուշակության խոր շնչից…

Լատինական կերպարով գուշակուհին այդ պահին
Կոնստանտինի աղեղի ներքո քուն մտավ կրկին,
Սյուների տակ ստվերն իսկ չշարժվեց իր տեղից:

ԱՐՏԵՄԻՍ
Տասներեքերորդն եկավ… բայց Առաջինն է կրկին,
Անկրկնելի պահի մեջ՝ նա միակն է մշտապես
Թագուհի՞ ես, ո՜վ անգին. առաջինն ես վերջապես,
Իսկ դու արքա՞, Միա՞կն ես,
սիրեցյա՞լն ես իր վերջին…
Սիրե՛ք նրան, ով սիրեց օրորոցից գերեզման.
Ում սիրեցի, միայն ինձ տվեց սերը իր անեղծ
Կի՞ն է մեռած, Մահ է դա, օ՜, քնքշություն,
ցավ անկեղծ,
Դամասկավարդը ձեռքին՝ գեղեցկությո՜ւն աննման:

Նեապոլի Սրբուհի՝ ձեռքիդ բռնած հուր անմար՝
Լաջվարթաթույր սրտով վարդ,
Սուրբ Գուդուլի ծաղիկ հեզ,
Անապատում Երկնային, ասա, քո Խաչը գտա՞ր:

Մեր Դիցերին կոպտում եք, ճերմակ վարդեր,
թափվեք վար,
Թափվե՛ք, ճերմակ ուրուներ, ձեր երկնքից հրակեզ.
Խոր Անդունդի Սրբուհին ամեն ինչ է ինձ համար:

ՄԵՂԵԴԻ
(Թոմաս Մորի նմանողությամբ)
Երբ հաճույքից աչքդ է ցոլում՝
Լի քնքշությամբ և հույսով լի,
Երբ գոյության հրապույրի
Շողն է պատում դեմքդ սիրուն,
Հառաչում եմ հաճախակի,
Մտածելով՝ վիշտն հրակեզ,
Որ հեռու է, սակայն վաղը կհասնի քեզ
Ու շուրթիցդ ժպիտն անուշ նա կխլի:
Ժամանակն է իր ետևից քաշում, տանում
Պատրանքները մեր փայփայած,
Բարեկամին անգութ, աչքերը պաղ, դժգույն,
Երազանքը հուսախաբված:

Բայց, սեր իմ, հավատա, հմայքներըդ ամեն
Տեսնում է իմ արբած հոգին,
Թևերիս մեջ գգվող եթե մի օր խամրեն,
Կպահես միշտ քնքշությունն իմ,
Հմայքդ անգամ եթե մարի,
Նուրբ ժպիտդ թե կորցընես,
Դեմքիդ ցոլքը թե խավարի,
Այն՝ ինչով որ առինքնում ես
Չքվի, սրտիս մեջ կմնաս,
Որ քոնն է հար, կամքիդ հլու և միշտ անկեղծ:
Սերս հաղթող՝ Ժամանակին, Բախտին անհաս
Կպարուրի քեզ մեղմորեն, կրքով անեղծ:

Ողջ հմայքդ այսօր թե հեռանա քեզնից,
Կսգամ քեզ համար, բայց միշտ հավատարիմ՝
Նոր երջանկություն հոգիս կգտնի կրկին,
Սիրողներդ թե քեզ լքեն միանգամից,
Կանհետանա խանդս, որ տանջանք էր անհուն,
Նոր կիրք կզգամ, որ ինձ նոր կյանքի կկոչի,
«Հիմա իմն է,- կասեմ,- քանզի այս աշխարհում
Միակը կլինեմ, որ նրան կսիրի»:

Բայց ի՞նչ եմ ասում, երբ կյանքիդ ծաղկունքին
Շողերով ես պատված, ավա՜ղ, կարճ է տևում,
Արդ չես կարող զգալ՝ ի՜նչ ջերմ է իմ հոգին,
Որին ժամանակն իսկ բնավ չի փոփոխում,
Այնժամ կհասկանաս տարիների խորքից՝
Կայուն սերն է նման այն արևածաղկին,
Որ քնելուց պատվում է արեգին անբիծ,
Ինչպես ողջունել էր լույս արևածագին:

Ֆրանսերենից թարգմանեց Նվարդ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։