Ո՞Ր ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԱԽԸՆՏՐԵԻՐ ԴՈ՛Ւ / Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Ահա ևս մի գիրք, որ գրվել է այսօր, մեր ժամանակի լավագույն արձակագիրներից մեկի՝ Էդվարդ Խաչիկյանի գրչով: Չեմ անդրադառնա սյուժետային մանրամասներին, այլ կխոսեմ գաղափարական և փիլիսոփայական որոշ առանձնահատկությունների մասին: Այլ խոսքով, կփորձեմ բացահայտել այն հենքը, որի վրա հյուսված են գործողություններ, մարդկային ճակատագրեր, անկում-վերելքներ և այլն:
Գրքի հենց առաջին նախադասությունները մեզ հուշում են, որ բոլոր ժամանակների բոլոր աշխարհները գոյատևել են պայմանականության պարագայում: Իսկ մարդը եղել է հանգամանքների, հրամանների, իր աշխարհում զորավոր պաշտոնյաների և նրանց որոշումների գերին: Սա համամարդկային ճշմարտություն է, անփոփոխ՝ նաև մեր օրերում: Պայմանականությունը, որի մասին խոսում եմ, մեկ բառ է. «ԵԹԵ»: «Եթե Հիսուս Քրիստոսի սիրեցյալ աշակերտն իր արծաթասիրությանը տուրք չտար…
Եթե հրեական «դեմոկրատիան» միաձայն չդատապարտեր Աստծո որդուն…
Եթե Պիղատոսը մի քիչ հաստատակամություն ունենար…»:
Այլ խոսքով, մարդու կյանքը և նրա առաքելությունն այս կյանքում կարող են սկզբնավորվել մի շարք պատահականություններից, որոնք, սակայն, կարող են լինել ճակատագրական առաջնորդություններ՝ տրված ի վերուստ: Եվ կամ այսպես կարելի է հասկանալ գրքում ոչ երկրորդական այս նախադասությունները. մարդը գերի է անգամ աստվածային առաքելություն իրականացնելիս, իսկ ընդհանուր առմամբ՝ անհատն ազատ չի կարող լինել: Ազատություն կոչվածը շատ ավելի մեծ հասկացություն է իբրև գաղափար, բայց շատ ավելի խեղճ է իրական կյանքում: Այս միտքը դառնում է առանցքային, քանզի գրքի գլխավոր հերոսը՝ Սոսեն, սա ապացուցում է իր, կարելի է ասել, կիսով չափ չստացված կյանքով: Եվ հերոսն ինքն է վկայում. «Մարդն աշխարհ է գալիս ինչ-որ առաքելությամբ, իսկ ինձ մոտ ամեն ինչ թերատ է»:
Գաղափարը զարգանում է՝ բացահայտելով մարդկային ընտանիքի գրոտեսկային պայմանականությունը: Դեպքերը ծավալվում են գժանոցում:
Սոսե Արամյանը՝ գլխավոր հերոսը, հայտնվում է հոգեբուժարանում: Հեղինակը բացել է դռներ, որոնց ետևում մերկ ճշմարտություններ կան, և մենք անխուսափելիորեն պիտի հաշվի նստենք դրանց հետ, քանզի բախվում ենք դրանց մեր կարճատև երկար կյանքում: Նկատե՛ք. բանալին բառի մեջ է. ՀՈԳԵ՛-ԲՈՒԺԱՐԱՆ, այսինքն՝ այս իրականությունը մի վայր է, որտեղ ինչ-որ մոլագարներ ջանում են մարդու հոգին բուժել: Հասկանալի է, որ «բուժել» բառն այստեղ շատ ավելի լայն իմաստ է բովանդակում: Եվ, հետևելով Սոսեի կյանքին, իսկ ավելի ճիշտ՝ կյանքի այն հատվածին, որ նա գժանոցում է անցկացնում, հանգում ենք տարօրինակ կամ արտասովոր մի հարցադրման. իսկ ո՞ւմ է տրված մարդու ներաշխարհը «դեղահաբերով» և «սրսկումներով» փորփրելու առանձնաշնորհումը: Հասկանալի է, որ յուրաքանչյուր վիպասան ընտրում է ի՛ր հարթակը, որպեսզի տեղադրի գաղափարական և խոհափիլիսոփայական ի՛ր պոռթկումը: Տվյալ դեպքում հեղինակը մատուցում է երկու խիստ իրական, խիստ փոխկապակցված աշխարհ, որոնք երբեք էլ լավը չեն եղել, յուրաքանչյուրը՝ յուրովի: Իսկ առանցքում, իհարկե, մարդն է, նա՛, ով բազմիցս խաբվել է իր, թերևս, սրբազան հավատի մեջ, ուստի և հառաչել է, ինչպես և գրքի հերոսը. «Հավատիս դռներն էլ գոցվել են, ինչպես երկփեղկ պատուհանը՝ ո՛չ մի ճեղք, լույսի ո՛չ մի շողք՝ շուրջս համատարա՜ծ խավար է…»:
Հոգեբուժարանում են Պոետը, Կապրալը, Ուսանողը, Նապոլեոնը, Առաքյալը և այլն: Այսինքն, հոգեբուժարանում են Արվեստի ոգին ու շունչը, հրաման կատարողը, ուժի կայսրությունը, կյանքի դպրոցում ուսուցանվողն ու հավատը: Մենք ահա այստե՛ղ, այսպիսի՛ աշխարհում ենք ապրում, սիրելինե՛ր, և քաղաքացին ենք ա՛յս աշխարհի. «Ծանոթ նստարանին բազմել էին Նապոլեոնն ու բարեկազմ Առաքյալը»: Այսինքն՝ մեկ ընդհանրության մեջ են պատերազմն ու խաղաղությունը, բիրտ ուժն ու գթասրտությունը… Մեկ համատեղության մեջ են Կայսրն ու Հիսուսի վստահված անձը՝ Առաքյալը, որին անարգում է հենց կրոնավոր կեղծը, որովհետև կրոնն ինքը կեղծիք է Աստծո անունով: Ուստի մնում է հետևյալ հարցը. իսկ որտե՞ղ է Աստված, որն այսօր այլևս կյանք կոչվող Գժանոցի Աստվածն է: Ահա այստեղ մեզ օգնում է հեղինակի, ես կասեի՝ խիստ ճշմարտացի մեկնաբանությունը. «Մարդն Աստծո տառասխալներով ստեղծված արարումն է»:
Գիրքն ընթերցելիս ինձ շատ հաճելի եղավ հեղինակի վարպետորեն օգտագործվող հնարքներից մեկը: Որոշ տեղերում երազն ու իրականությունը խառնվում են: Բայց մի՞թե մենք բոլորս չենք ճամփորդում մեր երազների տիրույթներում ու չենք մոտենում մեր անուրջների աշխարհին, որի վիրտուալ քաղաքացիներն ենք անշուշտ: Ասվածը հաստատենք մեջբերմամբ. «Լույսի արագությունը գերազանցող մի սլաք կա՝ մարդկային միտքը, որն անձայն պատռում է ժամանակի քողը, անցնում դարերի միջով և մարդուն նետում այնտեղ, ուր չէր էլ կարող ենթադրել»:
Չնայած ժամանակը անդունդներ ունի, և տարբեր են քաղաքակրթության փուլերն ու աստիճանները, միևնույն է, մարդկային ընտանիքը մեկ ընդհանրության մեջ է կենսագոյում: Այնինչ, նրանց ակամա միասնությունն, իհարկե, պառակտված է մահով, ինչը նրանց քաղաքացիությունն է ընդհատում:
Գրքում առկա է նաև երկնքի ներկայությունը՝ սատանայի և Սերովբեի անմիջական մասնակցությամբ: Հակասական գաղափարների, իրարամերժ մտքերի, խեղված ճակատագրերի այս տիրույթում, իմա՝ երկու աշխարհների սահմանագծին անխուսափելորեն բարձրանում է հետևյալ հարցը. բայց ինչպե՞ս ապրել: Հարցը կենդանի մատուցվում է գլխավոր հերոսի և Պողոս առաքյալի զրույցում, իսկ զրույցը ծավալվում է այն բանից հետո, երբ հաստատվում է այն ճշմարտությունը, որ մեր՝ հողեղեններիս կյանքում միջամտություն ունեն նաև Քրիստոսն ու սատանան: Հարցի պատասխանն էլ մատուցվում է հենց այստեղ. «Եղբա՛յր, Քրիստոսով ապրելն արդեն իսկ երջանկություն է»,- ասում է Առաքյալը: Նա չի կասկածում… Նա գերմարդ է իր հավատի մեջ, բայց կասկած ունի ժամանակակից մարդը, այսօրվա աշխարհի քաղաքացին, հենց նա, ով ապրում է գժանոց կոչվող այս աշխարհում և Քրիստոսով հարուստ կարող է լինել երազների, անուրջների՛ մեջ, բայց սատանայով աղքատ է իրական կյանքում:
Մեզ չի զարմացնում բացարձակի փնտրտուքը, որն առանցքային կարևորություն ունի գրքում: Կարծես մեր սրտի ձայնն էլ մասնակցություն ունի այստեղ: Ահա առաքյալի և գլխավոր հերոսի երկխոսությունը.
– Հիսուսն Աստված է, ի՞նչ նոր բան պիտի գրես…
– Որ նրա միջոցով ենք հասնում բացարձակ սիրո և բացարձակ ճշմարտության գաղափարին…
Որքան էլ ցավալի լինի, այս երկուսը՝ բացարձակ սերն ու բացարձակ ճշմարտությունը, երբեք բացարձակ չեն եղել ու չեն լինելու: Այս պատասխանը տալիս են գրքի հերոսները, որոնցից շատերը գժանոցի քաղաքացիներ են: Հենց դրա համար էլ նրանք կան, որպեսզի մեզ մեր կյանքը հիշեցնեն ու քողազերծեն կյանքի դատարկ խոռոչները:
Գրքի ամենակայուն հարթակը սերն է: Սակայն սերը ևս երկու երես ունի, երկու իրարամերժ տիրույթ:
1-ին. գլխավոր հերոսին տանում են գժանոց, կեղծ հիվանդություն են մոգոնում՝ նրա կյանքն ու հավատը խորտակելու փորձ կատարելով, բայց սա ևս արվում է սիրո՛ անունով: Սա անում են գլխավոր հերոսի կինն ու սիրեկանը: Այսինքն՝ երկու ստահակ մարդ են զոհաբերում հանուն իրենց սիրո: Սա սեր կոչվածի արատավոր կողմն է անշուշտ: Այստեղ են սատանան ու խելագար Կայսրը, որոնք, ինչպես ասացի, գրքի հերոսներ են նույնպես:
2-րդ. սերն է գլխավոր հերոսին կեղծիքից ազատողն ու գժանոցից հանողը: Իհարկե, ինչ-որ տեղ պիտի հանգուցալուծվի երկու աշխարհների քաղաքացու մեծագույն ձգտումը: Բացարձակի՛ն հասնելու ձգտումը: Այդ ձգտումը գրքում մատուցվում է հետևյալ նախադասություններով. «Ի վերջո, գտա Տիրոջ ոտնահետքն ու Բացարձակ Ճշմարտության գաղտնիքը: …Խոհեմադեմ անցնում եմ կիսամութ, ոլոր-մոլոր միջանցքներով, որոնք լաբիրինթոս են հիշեցնում, և զգում եմ, որ ներսումս ոգեկոչվում է Վարդապետի աննկուն կամքը, որը գիտենալով, թե ինչ է իրեն սպասում, որսաց Տիրոջ Ձայնն ու քայլեց Քրիստոսի արնակաթ ճանապարհով, մի ուղի, որ վերջն ի շուտ դեպի Բարձունք է տանում…»:
Այստեղ «Բարձունք» բառը գրված է մեծատառով, և ես դա ընդունում եմ իբրև հիշեցում առ այն, որ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է սրբացնել իր ներսում դառը չարչարանքով կառուցվող հոգևոր բարձունքը: Սակայն՝ ինչպե՞ս: Այս հարցը ինձ հետ է գրքի վերջին էջը ծածկելուց հետո, արդեն երկար օրեր: Ես պատասխան եմ փնտրում: Սա նշանակում է, որ Էդվարդ Խաչիկյանին հաջողվել է իր մտահղացման իրականացումը: Կարդում ես գիրքը, անցնում ես երկու աշխարհների միջով ու շատ բան ունես, որպեսզի խորհրդածես քո սեփական աշխարհի ներսում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։