Իսաբել ՌԵԶՄՈ
Գրականագետ, բանաստեղծ
Պոեզիան պետք է լինի ընկալում, ապրում: Պետք է դուրս գա խենթության և խոհեմության սահմաններից: Ի վերջո, բանաստեղծն ինքն իրեն վերածում է ընդհանրական անձնավորության, մեկի, որը օժտյալ է, ունակ է ընթերցողին կրթելու, հաղորդակից դարձնելու և տեղափոխելու իրականություն և դրանով հանդերձ` երևակայություն: Չկան ո՛չ ժամանակային, ո՛չ տարածական սահմաններ: Այստեղն ու հիման միախառնված են երեկվա հետ: Թերևս շատ ավելի մոտ է երեկը, երբ իրականում չգիտես՝ երեկդ կորո՞ւստ էր, թե՞ ձեռքբերում: Այսպիսով, տարբեր ապրումներ եմ ունեցել հայ պոետ Սլավի-Ավիկ Հարությունյանի բանաստեղծությունների «Dias de paz-Խաղաղ օրեր» գիրքն ընթերցելիս: Անշուշտ, մեր առջև 21-րդ դարի պոեզիայի նշանավոր հեղինակներից մեկն է, որը առաջ է մղում հայ մշակույթն ու գրականությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ռուսաստանում, և որը չափազանց արտահայտչական նորարարության է ունակ: Միախառնեք նրա արտաժամանակայնությունը, անցեք տարբեր տողերի, անցումների և բարձրությունների վրայով: Այս գրքի բազում պահեր վերածեք իսկական վավերական պատումների: Չեմ կարող զուգահեռներ չանցկացնել նրա բանաստեղծությունների կամ դրանցից մի քանիսի և Պաոլ Ցելանի բանաստեղծությունների միջև. անհանգստություն, որ կա նրա որոշ բանաստեղծություններում, ռիթմի անկում, դեպի շշուկը տանող ծայրահեղ շեշտադրում, անձկության, գոյի փրկության, պոետիկականի անկման և ինքն իր մեջ փակվելու զգացողություն.
Մարդը պետք է ապրի ազատ//և ինչպես շրջանակ//չպիտի մեխվի ամեն պատուհանի:
Լեզուն բարկ է, երբեմն` կոշտ, ճշմարտախոս, պոեզիա է, որը բխում է կյանքից և աշխարհի հետ մարդու հարաբերությունից: Որովհետև այդպիսին է այս հեղինակի զգացողությունը: Այդպիսին են աշխարհի հետ երկխոսելու նրա աճող անհրաժեշտությունը, պոեզիան ավելի խորը գիտակցության առաջ բացելու նրա մեծացող պահանջը՝ զուգորդված երբեմն անիրական, մինչև իսկ` երազային, բայց նաև համահունչ այժմյան անձնական ապրումներին: Որովհետև պոետը ոչ միայն նայում է սեփական զգացմունքներին և արտահայտում դրանք, այլ նաև կարիք ունի արտահայտելու այն, ինչ տեսնում է, ինչի հանդեպ վերաբերմունք ունի` կատարյալ համահնչությամբ և գիտակցական միջկապակցելիությամբ, իրեն շրջապատող տարրերով, իր կողքին ապրող մարդկանցով, որոնք պոետի առջև են, տեղի ունեցող արարքներով և փորձառությամբ. նա դրանցից դաս է քաղում, որևէ տեսություն կամ հիմնական սկզբունք առաջադրում.
Ժամանակն իմ լեզուն է// հոգին տեսնում է//անգամ առանց աչքերի//մաշկիս վրա շարունակում են//ավելանալ վերքերը:
Ապրելը վերածվում է մտավարժանքի, փիլիսոփայության, տեսությունները վերածվում են սկզբունքների, բացարձակ սկզբունքների, որոնք մի կարճ ժամանակում լցնում են բանաստեղծությունը.
Բոլորս//իրար կյանքի մաս ենք//Երկրում- թեկուզ մաս-մաս մենակ
……….
հանիր ինձ այս հունից//մի պահ նայիր աչքերիս մեջ//և կզգաս//որ յուրաքանչյուր մարդու աչքերում//կա հոգի//որը կարիք է զգում գտնվելու:
Բանաստեղծությունների ամբողջ գիրքը մի կուռ շղթա է` սիրուց դեպի ատելություն, պատերազմ, առօրեականություն, ժամանակի անցում, ցավ, վախ, մերժումներ, ազատություն և այլն: Ներքին կապով շաղկապված լինելով իրական ապրումներին` բանաստեղծությունները սավառնում են մի ոլորտ` երբեմն անձկալի, հնազանդ, երբեմն արձագանքում են ուժեղ, բայց անկանոն պաթետիկությամբ, մյուսները սվսվում են, ինչպես զեփյուռը, հատկապես այն բանաստեղծությունները, որոնք խոսում են ուշացած և հեռավոր նախկին սերերի, մաքուր և ճշմարիտ սիրո հուշերի մասին, և այն բանաստեղծությունները, որոնք պատմում են Ռուսաստանում կամ Հայաստանում տիրող իրավիճակի, հատկապես` պատերազմի և արհավիրքների մասին: Ամեն բան հնարավոր է դառնում, երբ ստեղծագործում ես: Մեկ գրքի մեջ ժողովել այսքան սահուն խոսք, բառապաշար, խաղալ բայական ժամանակաձևերով, ինչպես որ անում է այս հեղինակը, ներհայեցողության ծանր վարժանք է, քանզի թվում է՝ ընթերցելիս զգում ենք՝ ինչպես է հեղինակը մեզ դարձնում առաջին դեմք` ավելի մոտեցնելով այն ամենին, ինչն ուզում է հաղորդել: Ընթերցելով և զգալով առաջին դեմքից` զգում ենք, որ ապրում ենք բանաստեղծությունը: Բանաստեղծությունն անցնում է թղթի սահմանները և ներկայանում ճանաչողական մակարդակում, իրական մակարդակում, որտեղ կան արդենը, հիման, այս պահը.
Քամին խառնում է իմ արմատները//Ժամանակը իմ լեզուն է:
Պոեզիային նոր որակում տալը խիզախում է, դրա համար պետք է համարձակ լինել: Արդի պոեզիան վերականգնվում է և վճռական ու քաջաբար թակում է դուռը: Բանաստեղծությունների այս գիրքը, որն այժմ ձեզ եմ ներկայացնում, այդ հնարավորությունը դարձնում է իրականություն: Եվրոպան սկսում է ճանաչել Սլավի-Ավիկ Հարությունյանի խոսքի ուժը, իսկ ինձ համար պատիվ է ներկայացնել այս նախաբանը և մատուցել այն իսպանական հանրությանը: