ԸՆԹԱՑՔ / ՆԱՆԵ

***
Ժամանակը ապրելու չէր,
Արդարության ժամանակ չէր ժամանակը.
Նենգ էին աչքերը նրա ու դեղին,
Ժամանակը սիրո չէր,
Ու ամուրները չվել էին՝
Հալածյալ՝ փոքրամասնություններից շեղված,
Թոհուբոհից աշխարհային նոր բարքերի…
Արարման չէր բնավ ժամանակը-
Պայթում էին հունդերը լուսե
Ականների տակ դավի ու… պատերազմի…
Բայց եկել էինք ու… ապրեցինք
Եվ բռունցքներ էինք ճոճում՝
Արդարությանը զորավիգ
Ամեն հարմար պահի՝
Ջրցան մեքենաների պաղ շիթերի տակ
Ու մազապուրծ՝ մահակներից ոստիկանների…
Բայց եկել էինք ու… ստեղծեցինք,
Արարեցինք թռիչքը մեր երազի…
Եվ միայն մենք հիացանք ժամին ադամամութ,
Երբ մենակ էինք ու հեռու
Աչքերից ապակյա…
Բայց եկել էինք… ու առանց ամուրների
Մենք ու մեզ սեր հորինեցինք,
Ոչինչ, որ մի քիչ այն չեղավ…
Ժամանակը ժամանակ չէր բոլորովին…
Բայց մերն էր ու… միակը նաև…
09. 11. 18, Ծաղկաձոր

***
Ներկան անցյալ է, անցյալը՝ ներկա.
Ժամանակները՝ կրկին դուրս հունից,
Այսօրը ողջ դար առաջ ապրածի
Արյունագույնն ու մահահոտն ունի.
Նորից հայ շուրթին «Ողբ» է, «Անտունի»,
Նույն ոսոխի դեմ նույն կռիվը հին՝
Հավատի հանուն, կյանք ու տևումի…
Անցյալը հանց բեռ դեն շպրտեցինք՝
Դասն էլ չվերցրած արնոտ ապրումի.
Ու ոնց քայլ գցում՝ կանգնում ենք դարձյալ
Դեմ առ դեմ արդեն ապրած անկումի…
Ներկան անցյալ է, անցյալը՝ ներկա,
Ու ժամանակը՝ շղթա պարույրի…
25. 06. 21, Ծաղկաձոր

ՈՒ ԼԵՌՆԵՐԻ ՎՐԱ
Ու լեռների վրա
Աշունը կանգ առավ,
Աշունը շունչ պահեց
Ու համրացավ.
Ու կտավը նրա՝
Դեռ նոր նրբերանգված,
Ծվեն-ծվեն, պատռած,
Քշվեց քամու բերան…
Ու լեռների վրա
Սև բողբոջներ ելան
Ու բացվեցին հատ-հատ
Թերթերով սև,
Ու լեռների վրա
Մահահոտը նրանց
Աջ ու ահյակ անզուսպ
Իր թևերը փռեց…
Ու լեռների ծոցից,
Զավակների նրա՝
Կրակ ժայթքեց ի վեր,
Եռաց որպես քուրա,
Որ կեզ բոցերի մեջ
Հաղթանակը կռվի,
Ու… մանուկը ծնվի
Խաղաղության…
06. 10. 20

***
Հոգի՛ս, մենք ո՞ւր թևենք-
Դեպ հե՞տ, ուր դեռ չկան
Տաք շիրիմներ այսքան,
Այսքան հարցեր-հարցեր
Անթարթ, անպատասխան…
Թե՞ դեպ առաջ-առաջ,
Ուր հագեցումը կա
Մեր վրեժի, դատի,
Ուր հատուցումը կա
Դավաճանի, դավի…
Հոգի՛ս, մենք ո՞ւր թևենք.
Հեռու-հեռու միայն
Այս խելահեղ պահից…
26. 06. 21, Ծաղկաձոր

ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ԳԻՆԻՆ ՀԱՍԵԼ Է, ՏՂԵ՛ՐՔ
Հաղթության գինին հասնում է, տղե՛րք,
Եվ անհամբեր է անձուկ շշերում.
Ու մառաններն են՝ արդեն ողջ լեցուն,
Հարսանիքների թեժ օրեր տենչում…
Հաղթության գինին գժվել է, քաջե՛ր.
Արևահամը, արևաբույրը
Ձեր դարձին պահած՝ ողջ ճիչ է դարձել,
Աղոթք է դարձել,
Հրահանգ-աղերս ու կոչ ապրելո՛ւ…
Հաղթության գինին հարբել է, այրե՛ր,
Որ ձեզ էլ անի տոն օրվա ծեսին
Գինով ու անույժ…
Հաղթության գինին՝ աչքը ձեր ճամփին,
Խենթ է կարոտից՝
Մեր նազուկ, նրբիկ օրիորդաց հևքոտ
Սրտերի հանգույն,
Որ գաք՝ ալիքվի, հորդա նռնագույն,
Գավերում եռ գա, զարկվի պատերին,
Ցոլցլա բոսոր՝ արբեցած պահից,
Որ կենացների զնգոց խառնվի
Հայոց ուս ուսի առյուծապարին…
Հաղթության գինին անքուն է, տղե՛րք,
Ձեր մայրերի պես ու ամեն հայի.
Հաղթության գինին ողջ հուր է, տղե՛րք,
Հանց փարոս հառված մեջ այս խավարի…
Հաղթության գինին՝ պղպջուն ու թունդ.
Մառ ու արնագույն-
Մեր երկինք թևած քաջերի ցավից՝
Համակ մորմոք է, ծովացած արցունք…
Հաղթության գինին բռունցքված հայ է,
Մայր է՝ սիրտը թույլ, կորովը՝ արթուն.
Շարական-երգ է, ի վեր խնկարկում,
Որ դուք՝ հաղթական,
Խաչ-պատերազմին այլևս ընդմիշտ
Ձեր հուշերին ձույլ՝ շուտ դառնաք ի բույն…
Հաղթության գինին հասել է, տղե՜րք,
Ձե՛զ է սպասում…
21. 10. 20

***
Աստղերի հատ-հատ առկայծումների
Շքերթ է ու դող.
Քանի՞սը ընկան ասուպներ որպես
Ու… կյանքեր մարող…
Երկնքում ասես աստղակաթ լաց է,
Ու անձրևում է գիշերը անամպ
Կյանք-ասուպներով…
28.06. 21, Ծաղկաձոր

***
Գարունը ձեզ էր որոնում, տղե՛րք,
Մայթից մայթ լարված թափառումներով,
Տնից տուն հևքոտ երթերով անվերջ…
Բայց գտավ միայն սգվոր մայրերի,
Հարս ու օրիորդաց
Աչքերում խոնավ ու… սրտերի մեջ…
Գարունը ձեզ էր որոնում, տղե՛րք…
25. 06. 21, Ծաղկաձոր

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճերմակ աղավնիներ թևեցին
Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկչի
Գմբեթը դեպի
Ու դեպի… երկինք…
Ու փխրուն էր հարսը
Ճերմակազգեստ ու ճերմակաքող,
Եվ ամուր էր զինվորը նրա կողքին՝
Լեռների պես Հայոց…
Ու ճերմակը
Վիրակապ որպես իջավ
Եկեղեցու գմբեթին վիրավոր,
Շեներին քանդված,
Ջարդված ոստին
Ծիրանենու…
Խաղաղ նինջ ձեզ,
Մեր ընկած քաջեր,
Դուք շարունակվելու եք
Ձեր բերած խաղաղության
Տաքուկ ծոցում՝
Խորհրդով այս ծեսի…
26. 10. 20

***
Մանչը կծնվի՝ ժառանգը Հայ Տան.
Ղազանչեցոցի այն հարսնիք-ծեսի
Թագվոր-թագուհու նռնահուր սիրուց.
Մանչը կծնվի՝ ականջների մեջ
վայոց արկերի,
Քայլերն առաջին՝
Հողին բզկտված ու արյունագույն.
Եվ աչուկներում հարց է լինելու,
Եվ աչուկներում՝ հրահանգ հատու…
Մանչո՛ւկ, հարցերիդ պատասխանները
Հատեհատ մի օր
Անպայման կտանք.
Նազուկ հարսիկին ու զինվոր այրին
Պսակող աջի պարտքի հատուցմամբ՝
Ղազանչեցոցի վանքում
Խորհրդով քո մկրտության,
Արցախի տիրոջ ամուր հետքերիդ
Հուլունքաշարով՝
Կրկին անառիկ, կրկին ընդարձակ
Սահմանից սահման…
Մանչը կծնվի, ու… կգա օրը,
Երբ հարցերի տեղ
Նրա աչքերում… ժպիտ կցոլա…
28. 06. 21, Ծաղկաձոր

***
Օրը կարմիր է հագել,
Ականները սև բողբոջների հանգույն
Պայթում են ու բացվում
Կարմիր «ծաղկաթերթերով»…
Կակաչները կապկում են նրանց՝
Օրորելով իրենց արնագույն գլխիկները
Սևամույն սրտերով-
Բարալիկ առանցք-ցողուններով
Նշելով ճշգրիտ տեղը դիպվածի…
Ես ջնջում եմ կարմիր օրերը
Ինձ բաժին ժամանակի դեմքից…
Բոլորն են երևի մոռացության քամիներին
Առաջինը կարմիր օրերը հանձնում…
Ջնջում ենք մեկ օր հաջորդները,
Հետո հանձնվում մոխրագույնին, գորշին,
Դատարկագույնին թեկուզ…
Որքա՞ն է մնում կյանքի բերածից ու տարածից՝
Միայն մտքում է ամեն մեկի.
Շիրիմների վրա վերջնահաշվարկը չի երևում…
Այն միայն կյանքով թակարդվածը գիտի
Ու մեկ էլ՝ կակաչները դաշտի…
11. 21. 18

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։