ԱՆՏԻՊՆԵՐ
ԻՆՁ ԷԼ ԱՇԽԱՐՀԻՑ ՄԻ ԲԱՆ ՀԱՍԱՎ
Ինձ էլ աշխարհից մի բան հասավ.-
Ես սովոր էի հոգին անսալ,
Շրջել հանդերով ու սարեսար,
Ջինջ երազներով հարյուր հազար
Թռչել ու սուրալ, ճախրել անբավ.-
Բայց երբ սկսեց հոգսը բզզալ,
Եվ արեգակը մի պահ հանգավ,
Կանաչ ցողունս դարձավ խազալ,
Եվ իմ թռիչքը անդունդն ընկավ:
Սակայն երբ օդում «գարուն» գրվեց,
Երբ հողը բացվեց ու գրգռվեց,
Երբ հողի վրա ծաղիկ դրվեց,
Ծաղիկը ժպտաց` վիշտս ցրվեց:
Ինձ էլ աշխարհից մի բան հասավ`
Խմել, ծխել ու մի կուշտ հազալ,
Բուրավետ ուրցը մեր սարերից,
Եվ Արամուսից մի փունջ գազար:
Ինձ էլ աշխարհից մի բան հասավ`
Խոսել բարձրաձայն, չփսփսալ,
Լինել անկախ մարդ, այլ ոչ վասալ,
Ապոլոն լինել, ոչ թե Կեսար:
Եվ ինչ տանում եմ ես իմ ներսում,
Ոչ ոք չի կարող ինձնից խլել.-
Հավիտենության մարմար պատին
Ես ադամանդե ձող եմ խրել
Եվ զետեղել եմ ոսկյա գրեր:
ՀԱՅԵՐԸ
Մանուկ բույսեր են՝ դժվար աճած,
Ժայռերի մեջ են, հողմերի դեմ,
Ուզում են մի բուռ հողին կառչած՝
Ապառաժ կյանքը դարձնել եդեմ:
Ի՞նչ է, կարծում եք նրանք գժվել
Եվ ապրում են սին պատրանքներո՞վ.-
Օ՛, ոչ, կարող են ժայռը փշրել
Հազարամյա պինդ արմատներով:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Նա, որ բանտված էր շղթաների մեջ,
Մեր երազների երկնքի մեջ էր.-
Խուլ կանչեր էին լսվում ամենուր
Եվ ազատության տենչեր ու ճիչեր:
Նրանով էին պարուրված միայն
Մեր ապրումները, երազն ու քունը.-
Բայց երկար մնաց
բռնության բանտում
Եվ գազանացավ ազատությունը:
Երբ փշրվեցին վանդակ ու շղթա
Եվ պետք էր ապրել ազատ
մարդու պես,
Ազատությունը դուրս թռավ բանտից
Եվ խժռում է ամեն բան ու մեզ:
Ո՞Վ ԷՐ ԳԱԼՈՒ…
Նստած անհուն խավարի մեջ`
պատած կարմիր լաթերով,
մենք բոլորով թմրում էինք`
թախիծ ու թույն կաթելով:
Անհուսության ճրագի դեմ
բոլորս որբ ու լքված,
վերջին ճիգով պահում էինք
մեր ջիղ ու նյարդը պրկված:
Ո՞վ էր գալու, ո՞վ պիտի գար՝
հանելու մեզ թմբիրից,
պնդելու մեր կամքը տկար,
ազատելու սև բեռից…
…Դուռը բախվեց, մենք ոստնեցինք`
ազատության կանչ էր տաք,
և հորդեցինք խավարից դուրս
անձրևի և ձյունի տակ:
Սակայն, ավա՜ղ, միֆը ցնդեց
կրկին` ինչպես երազում.
դուռը բախողն աղքատ մարդ էր,
իշխանություն էր ուզում:
ՍՈՒՐԲ ԵՐԴՈՒՄՈՎ
Շառագունում է արևելքը՝
Շքեղ հանդեսի ավետումով
Ազդարարում է արևի ելքը.-
Այդպես է ծնվում նաև երգը՝
Գիշերվա ցողը հոգիներից
Հավաքելու իր սուրբ երդումով:
ԻՆՉՈ՞Ւ ՀԻՇԵՑԻ
Շատերի հետ է գուցե եղել՝
Այն օրվանից, ինչ դրախտ երկրում
Մարդը իր կամքով դժոխք պեղել
Եվ նրա մեջ է դեռ դեգերում.-
Տխուր էի և անմխիթար,
Հրաժեշտ տված անմահ երգին,
Ես մսխում էի կյանքս մթար,
Ինձ տվել էի գինարբուքին:
Խուլ էր աշխարհը, համր ու խուլ,
Անարձագանք էր շուրջն ամեն բան.-
Չկային ոչ սեր, ոչ էլ համբույր,
Սերը մեռած էր, հույսը՝ խափան:
Ուզեցի փակել դուռն այդ խավար,
Բայց չգիտեի՝ ի՞նչ միջոցով.-
Ծեփվեցի գետնին բերանքսիվայր
Մրմնջոցով ու մռնչոցով:
Ես ի՞նչ անեի, ո՞ւր փախչեի
Այդ հալածանքի ձեռից անվերջ.-
Ես ուզում էի ինձ խաչեի,
Որ ինքս ինձնից չամաչեի,
Տեղավորվեի ստվերիս մեջ.-
Ծեփվելով հողին բերանքսիվայր
Եվ փոքրանալով ու կծկըվելով՝
Ուզեցի վերջին դուռը բանալ,
Ինքս իմ ստվերի մեջ խցկվելով՝
Փակվել ու հավերժ անհետանալ…
…Ինչու՞ հիշեցի խավարն այդ մեծ՝
Հեռու օրերի խորքում հաստված,
Եվ ո՞վ էր, ո՞վ էր, որ ինձ փրկեց,
Եթե ոչ Տերը, Ինքը՝ Աստված:
ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ
Հոգնել եմ արդեն, էլ չեմ դիմանում,
Որ ասպարեզը թողել ես Նեռին.-
Կարող եմ թվել անուն առ անուն
Քո փառքն ու սերը գովերգողներին.-
Դու նրանց տարար, Արարիչ վերին,
Տարար դու նրանց՝ քո երգիչներին,
Մեկ առ մեկ տարար,
հանձնեցիր հողին.-
Եվ այդուհետև պապանձվեց շունչս,
Քանի որ շուրջս ավեր էր, ամա,
Լոկ ագռավներին թողեցիր շուրջս,
Որ ոչ խիղճ ունեն,
Ոչ երգ
Ու ոչ մահ:
ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
Լուսապսակ էր Լեռան գլխին՝
Իրական, ոչ թե հնարովի.-
Պայծառ ու շքեղ լուսապսակ,
Վրան դաջված էր դեմքը Նոյի:
Նա բացեց շուրթը և ինձ ասաց՝
Իզուր ես այդպես ծանր տնքում,
Դեռ ճանապարհդ չի ավարտված,
Քո հայրենիքն է իմ թիկունքում:
Ուրեմն՝ գնա և կհասնես,
Վերուստ այդպես է նախանշված.-
Եվ բավական է տնքաս, հեծես,
Եվ բավական է մնաս գժված:
ԽԱԲԿԱՆՔ
Բացեցի աչքերս արևի դեմ,
Տեսա աշխարհը արևաթագ,
Բռնեցի մորս ստինքն-արև,
Ծծեցի կաթը արևից թանկ.-
Եվ հավատացի երջանկության
Գոյությանը սուրբ, աստվածատուր.
Դրախտ էր կյանքը, հաճույքը՝ ծով,
Բռնեցի լուսե թաթիկներով
Ակնթարթները մարգարտացոլ
Եվ երազները երջանկաթույր…
Այդքանը միայն… Հետո չարքը
Բարդեց ինձ վրա հոգս ու վտանգ.-
Մնացած կյանքս ու երազանքս
Ես ապրեցի իմ կոպերի տակ:
Հիմա նայենք մեր անցած կյանքին
Արթուն սրտով ու աչքերը փակ.
Ինչ ունեցել ենք թանկ ու անգին՝
Թաղված են մեր փակ կոպերի տակ:
ԳԱՀԻ ՎՐԱ
Խանձարուրից մինչև գահը
Հարթ էր նրա ճանապարհը.-
Դա էր միակ բարդությունը՝
Ճանապարհի հարթությունը:
Սակայն երբ որ նստեց գահին,
Այնքան շատ էր խոչն ու խութը.
Գահը սանդերք թվաց նրան՝
Վրան նախորդ տիրոջ բուրդը:
ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ – 1
Մեր երկիրն իր արևն ունի,
Մեր երկինքն ունի իր լուսինը.-
Մեր երկիրն իր սարերն ունի,
Արև ու լուսին սարերի ուսին են:
Մեր երկիրն իր դաշտերն ունի,
Հովիտներ, այգիներ ու պարտեզները.-
Ամեն բույս ու ծաղիկ իր
պաշտողն ունի,
Դրանք են թիթեռները,
մեղուներն ու բզեզները:
Մեր լեզուն իր բառերն ունի՝
-Սիրում եմ-սիրում ես-սիրում է.-
Եվ ամեն անգամ այդ բառերն ասելիս՝
Ամեն մարդ պայծառ ու սիրուն է:
Մեր մայրերն իրենց
զավակներն ունեն՝
Այդ ես եմ, դա դու ես, դա նա է.-
Եվ ամեն մայր, որ զավակ է ծնել,
Նա կապրի հավիտյան-անմահ է:
Մեր երկիրն իր խաչերն ունի՝
Ոսկի են, արծաթ են, քարից են.-
Մեր երկիրն իր քաջերն ունի՝
Վագրեր են, արծիվ են, առյուծ են:
Մեր երկիրն իր Աստվածն ունի,
Եվ նա ամենքիս տանն է.-
Երկրի մեջ իր հատվածն ունի՝
Դա մեր հայրենիք-Հայաստանն է:
ԵՍ ՁԵՐՆ ԵՄ
Կանաչն ինձ իրենն է դարձընում,
կապույտը` իրենը,
կարմիրը` իրենը,
դեղինը` իրենը,
սիրենը` իրենը.-
Կարկաչող աղբյուրն
ինձ իրենն է դարձընում,
առվակը` իրենը,
լճակը` իրենը,
պղպջակն` իրենը.-
Օվկիանոս ջրերն ինձ
իրենցն են դարձընում,
անտառներն` իրենցը,
լեռներն ու սարերը,
բլուրներ, հովիտներ,
մամռակալ քարերը,
քարակերտ տառերն ու
մետաքսե բառերը.-
Երկինքը, երկինքն ինձ
իրենն է դարձընում,
արեգակն` իրենը,
լուսնթագն` իրենը,
աստղերը` իրենցը…
Վանում են ինձ միայն
խավարը և մութը,
և սևը, և սևի սևակնած պտույտը.-
ովքե՞ր են փսփսում այդ
խավար դժոխքում,
և հանուն ինչի՞ են ողբում ու ողոքում:
Ես ձերն եմ, ես ձերն եմ,
ես ձերն եմ, ես` ձերը.-
հանգցրեք լամպերն այն,
որ մութ են ճառագում…
արձակեք ձեր հոգու
սիրաբեր կայծերը,
Եվ տեսեք` ես ձերն եմ,
ես ձերն եմ,
ես` ձերը:
ԶՈՒԳԵՐԳ
Մանուշակին իջավ մեղուն
ու մեղվիկի ձայնով զեղուն
գովեց համն ու բույրը նրա.-
Ասաց` պարգև աստվածային,
երբ կպա քո բույր ու համին,
մեղր կապեց սրտիս վրա:
Մանուշակը քնքշանվաղ՝
– Անցողիկ է,- ասաց,- ավա՜ղ,
այս լուսազարդ կյանքն օրորուն.-
Բայց նվագը քո ոսկեման
սրտիս խորքում մեղրի նման
հավերժության երգ է ծորում:
…Մեղմ էր, սակայն ով կար անքուն,
լսում էր և արձագանքում
նրանց սիրուն, նրանց ձայնին.-
Արարիչն էլ խոնարհվել ցած
և ունկնդրում էր հիացած
այդ զուգերգը աստվածային:
ՀԱՆԵԼՈՒԿ
«Ինչի՞ են մարդիկ ամուսնանում»`
Հարցն այս հաճախ է հոգի հանում.-
Դրսում աղմուկ է, իրարանցում.
Մարդիկ լցված են մի մեծ ցանցում,
Քաշքշում իրար, բարկանալով,
Սեր են աղերսում ճիչով, լալով:
Ես չականջելով այդ ժխորին,
Ընթերցում էի Խորհուրդ-խորին.-
Քամին եկավ և էջը փակեց.-
Մարդիկ ամուսնացան, և լույս ծագեց,
Ծառերն ամուսնացան` պտուղ տվին,
Մետաղներն ամուսնացան`
դարձան սվին.-
Քարերն ամուսնացան և
դարձան տուն,
Որտեղ նստած եմ ես հիմա արթուն
Եվ քեզ նվիրած իմ երգն եմ կարդում:
ՎԱՅԵԼԵՔ ԱՆՄՆԱՑՈՐԴ
Ձեզ նման, ձեզ հետ մեկտեղ,
ձեր հոգսերն իմ մեջ առած,
հոգնեցի այս ժխորից,
հույզերից այս թառամած:
Եվ փախա միանգամից,
սուսուփուս, անձուն-անձեն,
և անցա այն տեղերով,
որտեղով ամպն էր անցել:
Քամու հետ քարայրներում
սուլեցի, զրնգացի,
ջրվեժի ջուրն էր եռում,
նրա հետ եռք եռացի:
Եվ կրկին այն տեղերով,
որտեղով ամպն էր անցել,
անց կացա ես երգելով,
շաղ տալով ոսկի կայծեր:
Եվ հիմա բուրաստանում
կակաչներ, վարդեր ցանած,
պառկել ու կանչում եմ ձեզ`
հրավառ ձեռքերս հանած:
Վազում եք, գալիս եք դուք,
վառվում է հայացքը ձեր,
անցնում եք այն տեղերով,
որտեղով ամպն էր անցել:
Վայելեք անմնացորդ
պահը ձեր նիրվանայի,
մոռացեք խոսքերը խորթ
և նզովք-բախտը հայի:
ՆՐԱՆՑ ԷԼ ՄԱՀ ՉԿԱ
Այսպես միշտ է եղել,
Չկա ոչինչ չեղած՝
Դարձյալ մի նոր աշնան
Դեղնափրփուր հեղեղ,
Ու դրա հետ մեկտեղ՝
Ոչինչ չկա մեռած,
Ոչինչ չկա մեռած:
Ես հրաժեշտ տվի
Աշնան տերևներից մի քանիսին,
Եվ հատկապես նրանց,
Որոնց ջահելության վկան էի եղել,
Երգեր էի հյուսել
Նրանց կանաչ-կարմիր
գարնան մասին:
Նրանք սվսվացին դեղին
բառ ու բանով՝
Իմ սրտի մեջ վազող
քամուն ընթերակա.-
Ես ապրում եմ, ահա,
չքնաղ այդ վայրկյանով,
Եվ հավատում եմ, որ
Նրանց էլ մահ չկա:
***
Երբ ամեն անգամ,
Ամեն աշնան հետ
Արևախառը քամին ժպտալով՝
Սիրո գույնզգույն
Թռուցիկներ է թափում ծառերից
Հեռո՜ւ-հեռավոր, հեռու դարերից
Մի տաք թախիծ է սրտիս շուլալվում,
Որ վեր է սիրո խոստովանության
Բոլոր բառերից:
ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ
Բազմաձեռ ու ոսկեմատ
ծառերը բուդդայապաշտ,
Բոլորելով գարնան
աղոթքները կանաչ,
Ազատվելով իրենց
աշնան պերճանքներից՝
Մնացին մերկ կանգնած
Ստեղծողի առաջ:
Տկլոր աղոթողներ՝ ձեռքները
վեր պարզած.-
Քանզի ուրիշ մի կյանք
բաբախում էր ներսում՝
Նրանց աղոթքներում սառած
հողն ու Աստված
Աներևույթ կյանքի
զարկերն էին լսում:
Եվ դա ամենուր է
մարմիններում սառած՝
Անշունչ,
ծաղկաթափ ու տերևաթափ.-
Դրանք ծածկում է նա
սավաններով ճերմակ՝
Ներսում նորոգելով կյանքը անափ:
Գովերգում եմ Աստծո և
Բնության փառքը.-
Ու թե ժամանակն իր
վայրկյաններն է թարթում,
Այսպիսին է մարդուս
մտածումն ու վարքը՝
Մահվան գոյությանը
բնավ չեմ հավատում:
Ո՞Վ ԿԻՄԱՆԱ
Չորացա, դարձա աշնան տերև.-
Քամին քշում ինձ փողոցներով,
Խփում է գետնին, հանում վերև.-
Ինձ դուր է գալիս պարս երեր,
Եվ այն հրաշքը, որ չեմ մեռել.-
Ձյունը գալու է, իջնի վրաս
Իր փաթիլներով ճերմակ ու խաս,
Եվ ծածկելու է աշխարհը ողջ,
Եվ ո՞վ կիմանա՝ մեռա՞, թե՞ ոչ…
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ…
Քո այդ նրբագեղ տեսքում կանացի
Աստված այնպես է
հյուսվածքդ հինել,
Որ դու հրեշտակ լինելուց բացի,
Կարող ես նաև չար ոգի լինել:
Կարծում էի, թե ծերացել եմ ես,
Անցել է ժամս, ձայնս է կերկեր,
Բայց ես վերստին թոթով
մանկան պես
Շարունակում եմ դրանք գովերգել:
***
Մահվան հետ հաշտ եմ,
բայց չեմ ուզում:
Սիրո հետ հաշտ եմ և անհուզում:-
Ծերություն չկա, և մահ չկա.-
Կա այս կյանքի հետ ինչ-որ խզում:
ԾՆՈՒՆԴ
Երկինքը ծնվում է մեր տան երդիկից,
Մեր սարից ակունքը
ժայթքում է մեր հողին.-
Ծիածան է ծնվում մեր
ծաղկի թերթերից,
Երբ շողը դիպչում է նրա վրա ցողին:
Տեսիլքի պես փռվում է
առինքնող պերճանքություն,
Երբ գերող մեղեդին
ծնվում է անհունից.-
Ահա և անթերի մի
ջերմ երջանկություն՝
Երբ դու ծնվում ես քո անունից: