Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՕՐԵՐ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ
Այդ ինչպե՜ս անցար պարիսպը Չինական,
Չոքեցիր դռանը, ներս մտար անգամ
Եվ հոգիները խառնեցիր մոլագար,
Հակահիգիենիկ վարքով խուլիգան:

Հազ ու փռշտոց, դիմակ ու ալկոգել,
Վալպուրգյան գիշերն է ասես բեմ ելել,
Եվ հետո Իրան, Իտալիա, աշխարհ՝
Համաճարակի խոլապար ու մահ:

Դժվար է արագ հավատալ մահազդի,
Նույնիսկ կատակ է թվում հարազատի,
Խուճա՛պ, գիտեինք՝ անցյալում ես խոր,
Հառնել ես մեր դեմ հանդերձով մի նոր:

Եվ ցուցանում ես մարմինդ բացիլ,
Ոնց շառագունած այգ լուսաբացի,
Տե՛ր, մանրէներդ մեր հոգին կերան,
Ո՛չ երևում են, ո՛չ ունեն բերան:

Երկրներն ամեն էս ոչնչի դեմ
Կանգնել են շվար, ելքը չգիտեն,
Երևի հիմա ուժգին փռշտանք,
Վարակն աստղերի կրակներին տանք:

Հե՜յ, հոխորտանքի գիտության տաճա՛ր,
Տեսքդ շքեղ է, միջուկդ՝ անճար,
Լավ է՝ քեզ դիմեմ, մայրի՛կ իմ հեքիմ,
Քո մութ աշխարհքից աղոթի՛ր կրկին:

Մեղմ մրմնջոցով կապկպիր չարին,
Ապա հորանջիր՝ իբրև վերջ բարի,
Թող քեզ միանա Ամերիկան ողջ՝
Իր նախագահի շեշտով բարձրագոչ:

Նաև ամենքը՝ զորությամբ համայն,
Ոգեն նախնական ԲԱՆԸ զանգաձայն:
Գարուն է, ծաղկած նշենիս վստահ
Ասաց՝ պի՛նդ կացեք, ես ձեզ նուշ կտամ:

ՊԱՐՏԵԶ
Իջա պարտեզ՝
Ծառերի հետ խոսելու,
Թռչուններն էլ մեջ ընկան,
Մրջյուններն էլ՝ մի կողմից:
Հասկացա, որ ջրելու
Ժամանակն է ուշացել:

Լուռ էին, լուռ
Ծառ ու թռչուն ու մրջյուն,
Ի՞նչ գիտեին, համավարա՛կ,
Քո մասին:
Ո՞վ էր ասել:

Բոլորն իրար հետ խոսելու
Մի լեզու ունեն,
Դա խոսք չէ,
Լռակյաց, տոչոր
Սեր է:

ՊԻՂԱՏՈՍՆ ՈՒ…
Պիղատոսը գործը արած համարեց
Եվ ձեռքերը լվաց,
Սրբեց խավոտ սրբիչով
Ու նստեց սեղան:

Հանկարծ ճաշի գոլորշու հետ
Ջերմություն զգաց,
Մտածեց՝ կանցնի: Չանցավ:
Տեստավորեցին: Դրական արդյունք՝

Կորոնավիրուս 19:

Գիտնականները գլուխ գլխի տված՝
Փորձեցին գտնել պատճառը՝
Ախր, այդքան դար առաջ,
Ախր, մշտապես լվացվող Պիղատոս,
Եվ հանկարծ՝ Քովիդ 19:

Երկնքում ճայթած կայծակի հետ
Մեկը գոռաց՝ գտա՜, գտա՜,
Օճառով չի լվացվել,
Արագ է լվացվել,
Սրբիչ տվողն էլ
Սոցիալական հեռավորություն չի պահպանել:
Վերջ:

Պիղատոսը մահացավ ու քանի որ
Մահացու վիրուսից էր վախճանվել,
Թաղեցին մի անհայտ տեղ:

ՀՈՒԴԱՆ ՈՒ…
Խորհրդավոր ընթրիքին
Բոլորը եկել էին
Ներսից ու դրսից բաց դեմքերով
Միայն…
Նրա դիմակը ներսից էր՝
Հիսուսին տեսանելի:

Այդպես էր տրված նրան՝
Շոշափել ապագան, անտեսանելին,
Անգամ գամերով խաչված՝
Հարության տեսիլքը աչքերում:

Իսկ այն Հուդան տեստավորվեց
Ու…
Ինքնամեկուսացվեց,
Ինքնասպան եղավ,
Եվ կախվածից շրխկալեն ընկավ դիմակը:
ՊԵՏՐՈՍՆ ՈՒ…
Ըստ որոշ գիտնականների՝
Չղջիկներից է տարածվել
Թագավարակի բացիլը:
Պետրոսն ավելացրեց՝
Նաև՝ աքաղաղից,
Այն մեկից, որ դեռ երեք անգամ չկանչեց:
Եթե նա չլիներ,
Ոչ մի տեստ չէր բացահայտի
Ուրացման վարակը:

Հազարա՛ն բլբուլ, պայքարիր
Այս վտանգավոր թռչունների դեմ,
Մարդիկ զբաղված են քո մասին հեքիաթ գրելով:

ՍԵՂԱՆ
Իմ սեղանին՝ ալկոգել,
Իմ սեղանին՝ ալկոհոլ,
Ժամանակն է պտտվում,
Ոնց ծեր դերվիշ կամ նոր հոլ:

Իմ սեղանին՝ ծաղիկներ,
Իմ սեղանին՝ ճեղքած նուռ,
Համավարա՛կ, քո առջև
Մարդը բաց է հանց մատուռ:

Իմ սեղանին՝ հին գրքեր,
Իմ սեղանին՝ մի նոր գիր,
Վախն աղոթքից կարկամեց,
Ասենք՝ մեզ հետ դու երգի՛ր:

ԿՈՎԻԴ 19
Քայլում են մարդիկ
Լուրջ և դիմակով,
Եվ դեմս կտրեց
Դիմակով մի կով:

Գյուղո՞ւմ եմ հիմա,
Թե՞ քաղաքում,
Գուցե երազ է,
Որ տեսա անքուն:

Կովն ինձ նայեց մեղմ
Ու հետո մզզաց.
– Ամոթ չէ մեկ-մեկ
Նմանվել մարդկանց:

* * *
Փրկիչները շատացել են,
Փրկվողները, ցավոք, ո՛չ,
Փրկվողները գուցե փրկեն
Փրկիչներին ինքնակոչ:

Փրկիչ-փրկվող նույնացել են,
Արդյունքում՝ էլ չկա մարդ,
Համավարակն էլ՝ չար, անզեն,
Կոտորում է անընդհատ:

– Հիմա ես եմ փրկիչը ձեր,-
Հանկարծ գոռաց վարակն այդ,-
Ձեզ ձեզանից ես կազատեմ,
Որ իրար միս չուտեք արդ:

Փրկիչները զայրացան խիստ,
Փրկվողները՝ առավել,
Եվ վարակին քշեցին բիրտ,
Ձեռքներին՝ մի ցախավել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։