Մեր օրերից մեկը / Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

Ինձ համար նստած ֆեյսբուք եմ թերթում, հիանում եմ Սամվել Սևադայի լուսանկարներով, «Լուսավոր Հայաստանի» չորս գաղտնիների գաղտնազերծման կամքով, նախանձում եմ Արմեն Շեկոյանին՝ առաջին մրցանակ ստանալու համար, ու մեկ էլ՝ դուռս թակում են: Այնքան անսպասելի, որ թվաց, թե հաշվիչ ստուգողն է:
– Ո՞վ է,- ակամա հարցրի ես:
– Լավ ապրելու Հույսն եմ,- պատասխանեց:
– Ա՛յ Հույս, ես քեզ չասի՞, որ էլ չերևաս:
– Դուռը բաց, ներս գամ,- ասում է:
– Չե՛մ բացի: Գալիս ես ու կտրում իրականությունից: Անցած օրը քո խելքին ընկա, էլի վարկ վերցրի: Ո՞նց եմ փակելու…
– Էս ցրտին ո՞ւր գնամ,- լացակումեց,- բոլորդ հերթով ինձ լքում եք… Քանի հազար մարդ երես թեքեց ինձանից, արտագաղթեց… Ե՞ս ուր գնամ…
– Գրողի ծոցը գնա,- բարկացա ես,- որ մնացել ես, ի՞նչ օգուտ ես տալիս, բացի վնասից: Քո տեղը միայն իշխանավորների ճառերում է:
– Շատ չեմ մնա,- խնդրում է,- մի քիչ տաքանամ, մի կտոր բան ուտեմ… ոտքերս հազիվ եմ քարշ տալիս: Մի մահ էլ չկա՝ մեռնեմ, պրծնեմ:
– Դու մեռնող պտուղը չես, արդեն քանի տարի է՝ դա ես ասում, որ խղճահարվենք:
– Ես մեղավո՞ր եմ, որ վերջինն եմ մեռնելու, այդպես է կանխորոշված:
– Տո՛ գնա գործիդ, է՜… Քո ապրելով քանիսի՞ գլուխը կերար, մարդասպա՛ն:
– Շեմիդ կմեռնեմ, սրտիդ դարդ կմնա…
– Թե երեկ մեռնեիր, էսօր երկրորդ օրը կլիներ, գոնե կիմանայինք մեր անելիքը:
– Բա հիմի ի՞նչ անեմ…
– Գնա, Կիևյանից գցվիր:
– Իշխանությունները չեն թողնում:
– Բա՛ց թող էդ իշխանությունների փեշը, միացիր ընդդիմադիրներին:
– Էդ էլ փորձեցի, բան չստացվեց, ժողովրդի առջև չարդարացրին ինձ:
– Նորանշանակ վարչապետի մոտ գնա:
– Գնացել եմ: Հետ ուղարկեց, ասում է՝ 2025 թվին կգաս… Ներս թող…
– Չես համոզի: Վե՛րջ: Конец! End! Քյաստը՛մ:
Ոտքերը քստքստացնելով՝ թողեց, գնաց:
Շարունակեցի ֆեյսբուքս նայել, մեկ էլ էլի՝ դռան թակոց:
– Ո՞վ է:
– Հարևա՛նդ:
Դուռը բացեցի, ներս չմտավ, շեմին կանգնեց:
– Առաջ արի:
– Չէ՛, խնդրանք ունեմ: Աշոտս Ռուսաստանից զանգեց, ասում է՝ մի քիչ էլ համբերի, փող կուղարկեմ, տոմս կառնես ու կգաս: Թե ձեռքիդ կա, մի 1000 դրամ տուր, հաց առնեմ, մինչև որ…
– Քիչ առաջ քո դուռը թակե՞լ են,- ընդհատեցի ես:
– Հա՛, լավ ապրելու Հույսն էր եկել… սոված, մրսած: Թե ձեռքիդ կա, մի 1000 դրամ տուր, հաց առնեմ, մինչև որ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։