ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ / Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հարկադիր պարապուրդից օգտվելով՝ ասի գնամ սահմանամերձ N գյուղ՝ ընկերոջս տեսնելու: Գիտեի, որ գյուղի դպրոցում լեզու ու գրականություն է դասավանդում ու շրջանում հայտնի է իր կիրառած արդիական ու ինքնատիպ մեթոդներով: Երբ վերջապես հասա, արդեն իրիկուն էր: Նստած էր նոթբուքի առաջ ու հոգնած աչքերն էր տրորում:

– Բարով տեսանք, էդ ի՞նչ բանի ես:

– Հազար բարի: Հեռավար դաս եմ անցկացնում, նստիր՝ հիմա կվերջացնեմ:

– Բա ինչո՞ւ ես էդքան հոգնած ու տանջված:

– Շատ կարևոր առաջադրանք էի տվել, սպասում եմ մի խելքը գլխին պատասխանի, բայց ընդամենը մի քանի ապուշ բան են ուղարկել: Հազար անգամ էլ բացատրեցի, որ էս դասից է կախված սերունդների բախտը:

– Ինչի՞ մասին է դասդ:

– Ասացվածքների:

– Լավ թեմա է, բայց ի՞նչ կապ ունեն սերունդները:

– Դե, առավոտից բացատրել եմ, որ մեր ժողովուրդը տարբեր կենդանիների ու թռչունների մասին հազար ու մի ասացվածք է ստեղծել, որ մենք սովորենք ու իմանանք ամեն կենդանու բնույթը: Բայց արի ու տես, որ չղջիկի մասին ոչ մի ասացվածք չունենք: Դա մեր միամիտ պապերի թերացումն է: Էսօր չղջիկը ամենամեծ զուլումն է, ու դրա մասին ասացվածք ստեղծելու պատասխանատվությունը ընկել է մեր ուսերին: Եթե էսօր չստեղծենք, վաղը արդեն ուշ կլինի, ու սերունդները մեզ չեն ների:

– Արդեն կա՞ն պատասխաններ:

– Ասացի, չէ՞, մի քանի ապուշ բան:

– Օրինա՛կ:

– Խնդրեմ, տես՝ ինչ է գրել էս մեկը. «Չղջիկը ծառից հեռու չի ընկնի»:

– Էդ ոնց որ մի տեղ լսել եմ: Հլը մյուսը կարդա:

– «Չղջիկը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ մեղրի մասին»:

– Էդ էլ էն չի:

– Բա էս մեկը լսի. «Չղջիկի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ շուտ արեք, ոչխարը սարն անց կացավ»:

– Դա էլ հարմար չի՞:

– Չէ՛: Էս էրեխու հերը գյուղի չոբանն ա, դրա ուշք ու միտքը ոչխարն ա ու սարերը:

– Էլ տարբերակ չկա՞:

– Մնաց մի հատ:

– Դե կարդա:

– «Խելոք չղջիկը տասնչորս ծիծ ա ուտում»:

– Բայց ինչի՞ տասնչորս:

– Դե, չոբանի թվաբանություն ա: Հիշել ա, որ խելոք գառը յոթ մոր ծիծ ա ուտում, բազմապատկել ա երկուսով ու…

– Էլ չկա՞:

– Չէ՛, սպասում եմ, որ մի հատ էլ ասեն:

– Բայց էդ վերջինը ոնց որ հարմար ա, չէ՞:

– Սրա ի՞նչն ա հարմար: Չղջիկը էսօր աշխարհ ա ուտում, ի՞նչ տասնչորս ծիծ: Եթե տասնչորս ըլներ, դրանց տերերին կմեկուսացնեին ու կպրծնեին: Սպասի դուռը բացեմ, ոնց որ ծեծում են:

Այդ պահին մի կարմրաթուշ տղա ներս ընկավ:

– Ընկե՛ր Գառնիկ, հերս ասեց՝ էլ չղջիկով բան չեմ կարում հնարեմ: Բայց մի հատ լավ շուտասելուկ հնարեց:

– Շուտասելո՞ւկ:

– Հա՛:

– Դա էլ կարևոր բան ա, բա ինչի՞ պլանշետով չուղարկեցիր:

– Հերս հոգնած էր, պլանշետը ձեռիցս առավ, որ նարդի խաղա:

– Էդ շուտասելուկը հիշո՞ւմ ես:

– Հա՛:

– Հլը ասա:

– Աղջիկը լղճեց չղջիկ,

Մի խղճուկ չղջիկ լղճեց,

Գեղջուկը լղճեց աղջիկ,

Որ խղճուկ չղջիկ լղճեց:

– Ոնց որ լավն էր, ապրի հորդ արևը: Հլը մի հատ էլ դանդաղ ասա:

– Դանդաղ չեմ կարողանում:

– Խի՞ չես կարողանում:

– Որովհետև շուտասելուկ ա:

– Լավ, գնա՛, բայց հորդ ասա, որ էս հեռավար դաս ա, թող անպայման պլանշետով ուղարկի:

Երբ երեխային ճանապարհեց, դարձավ ինձ.

– Լավ շուտասելուկ էր, չէ՞:

– Տպավորիչ էր, բայց սերունդները դրանով կզգա՞ն չղջիկի զուլումը:

– Ինձ թվում ա՝ արդեն զգում են:

– Քանի՞ աշակերտ ունես:

– Գյուղում երկու աշակերտ կա, բայց մեկը հոր հետ գնացել ա շրջկենտրոն, էս մեկի հետ եմ պարապում:

– Հեռո՞ւ է ապրում:

– Մի տուն էն կողմ:

– Բա էլ ինչի՞ ես չարչարում, կանչի տուն, մարդավարի պարապի, էլի:

– Չի կարելի, բա չղջիկի զուլո՞ւմը: Մարզպետարանից հրաման կա՝ մենակ հեռավար ուսուցում:

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։