Հայրենիք -1
Տաք մշուշների մեջ, ուր անցյալը կառչել էր երերվող առաստաղի ծխահոտ, ծխածածկ, Սարիղամիշից սայլերով բերված հաստ գերաններից, մի մանուկ` շիկահեր, առաստաղին նայելով մեծանում էր ¥չէ՞ որ առաստաղն ի վեր երկինքն էր¤: Մեծանում, հասակ էր առնում, և երկնքից ¥ի՞նչ էր այդ երկինքը¤ մի ճառագայթ ընկնում, զարդարում էր հին սենյակը: Ու մանուկը` գեղծամ, ծուռ, կռիվ է տալիս ու առնում, ճառագայթը կռիվ է տալիս ու առնում, երկինքն ու գետինը կռիվ են տալիս ու առնում, աշխարհը կռիվ է տալիս ու առնում: Եվ էդ ժամին բացվում է մի առավոտ, ուր հավերժորեն կանգնած է մանուկը, ծննդյան օրից բռունցքը փակ, բռունցքի մեջ՝ մի պուտ արյուն: Մի պուտ ավիշ` եռուն, կարմիր. նռան կամ խաղողի գույնի: Մի պուտ արյուն. ու էդ արյունը` եռացող կտուրի տակ` ժամանակավոր կացարանի մեջ:
Էսքանով սա է մեր հայրենիքը, բայց էնքանով, որ Դավիթ մանուկը ծնվել է Սասնա երկրում, ծնվել է ջրից, ջրից ու ջրից, ու իր ծալած բռունցքում եղել է մի պուտ արյուն. ուրեմն մեր Հայրենիքը արնածին է ու արնահամ: Ուրեմն մենք այս պտտվող երկրագնդի մի կետում ունենք այն, ինչը շատերը չունեն. ՀԱՅՐԵՆԻՔ:
Հայրենիք – 2
էս աշխարհում, հողագնդի երեսին ոչ մի ազգ երկու հայրենիք չունի, երեքն էլ չունի, չորսն էլ, միով բանիվ` մեկից ավել` չունի:
Իսկ մեկը քանիսն ունեն: Եվ առհասարակ. ո՞վ է մտահղացել ՀԱՅՐԵՆԻՔ գաղափարը, ստրուկնե՞րը, փարավոննե՞րը, գլադիատորնե՞րը, կեսարնե՞րը: Գուցե Շամիրա՞մը, որ իր երկրի քաղցր ընծաները նետում էր Բզնունյաց ծովը: Կախարդելո՞ւ, նվաճելո՞ւ, թե՞…
Իսկ ճոճվող, սևացած, Սարիղամիշից բերված գերաններով ծածկված առաստաղը, իրոք, ճոճվում էր, ճոճվում աղաղակներից, աղմուկից, փղերի կտրատված կրունկներից հոսող արյունից և սատկող արալեզների ջղաձիգ կծկումներից ¥ախր, Արան արալեզների կարիքը չուներ¤:
…Ճռռացող տան պատերի մեջ շիկահեր մանուկը զարմանում էր գերանների ճեղքից ներխուժած շողի համար: Արյունը եռում էր բռունցքի մեջ: Ու ծածկը եռում էր շողքի մեջ: Ու ծածկն ի վար եռացող մի Սասնա աշխարհ էր, մոռացված ու նոր, կորսված ու գտած: Սանասարի ու Բաղդասարի բերդով, Ձենով Օհանի կանչով, Քեռի Թորոսի կախարդական «ավելով» ու Թալին կոչվող մի հավերժական լեռնաշխարհով, որ մի պուտ արյան ծովի վրա կոչվում է ՀԱՅՐԵՆԻՔ:
Մարդ Հայրենիք
Շուշին ազատագրվեց: Լաչինի միջանցքն ազատագրվեց: Արյան պուտը մնում էր բռունցքի մեջ, արյան պուտը բռունցքից երակ-երակ հոսել էր: Ճոճվող տան առաստաղն ի վար, գերանները կամրջվել էին Արցախի ու Սասունի միջև: Սասունից Լիբանան գաղթած մի լեռնցու որդի` Հայրենիք անունով, ապրել էր յոթերորդ աշխարհամասում ¥7-րդ, որովհետև մյուս վեցում իր Սասնա հայրենիքը չէր գտել¤: Թալինի լեռնային սասնաբնակ գյուղերից մեկում, ուր ապրում էր իր մարտական ընկերը, նրանք տոնեցին իրենց հաղթանակն ու դաշնակցական երգեր երգեցին:
Դաշնակցական հայրենիք
Դաշնակցական ծերունին, որ զինվորական համազգեստ էր կրում ու շքանշաններ միֆական կառավարության ու միֆական զորահրամանատարների կողմից ստացած, Սարդարապատն էր հիշում: Ու թոռը, որ պատանդ էր եղել, որ աչքն ի բաց տեսել էր դաշույնը ընկերոջ ողնուղեղին, որ… Ինքն է թշնամու պարանոցը դաշույնի մի հարվածով առանձնացրել մարմնից, պապի դեմ դիմաց նստած` քաղաքականություն էր խաղում:
– Պա՜պ, ի՞նչ է դաշնակցությունը,- հարցնում է թոռը:
– Դաշնակցությունը Էրգրի մեր գյուղն է, մեր եկեղեցին, ուր դաշնակցական ղեկավարները հավաքվեցին ու խաչից առաջ զենք մատնացույց արին:
– Պա՜պ, իսկ խաչից առաջ էլ ի՞նչ կա. Էրգրի ձեր գյուղից բացի,- հարցրեց թոռը:
– Մեր հայրենիքը, որի մեկ ու մյուս ճոթը աշխարհի քարտեզների մեջ տեղ չի ճանաչում, սակայն իմ Էրգրի իմ գյուղն է, էս ծխածածկ առաստաղը ու էն հողը, որ Արցախ է կոչվում, որի մեջ քո թափած արյունը կա:
…Ծխածածկ Սարիղամիշից բերած, սայլերով բերած հաստ գերանների բույրին խառնվում է Արցախից բերած բույրը, որ թել-թել կախվել էր հաղթանակած թոռան շիկահեր մազերից:
Ու պապի փակվող աչքերի դեմ բացվում են երկրի, Էրգրի իրենց գյուղի, եկեղեցու, զինվորների քաղցր ու հավերժական պատկերները:
– Պա՜պ, իսկ ի՞նչ է հայրենիքը.
– Հայրենիքը հավերժական կարոտ է, հավերժական մաքառում: Գնում ես ու գտնում, գտնում ես ու նորից գտնելու ցանկությունը քեզ տանջում է, քանզի կորցրածը վիթխարի է, գտածը` քիչ:
Յոթերորդ աշխարհամաս
Ես այս օրերին Էրգրում ծնված ու ապրող Էրգիրը հիշող ծերունի փնտրեցի Թալինի լեռնաշխարհում ու… չգտա: Հոգիներն ավանդածներից շատերի մասին գրվել է: Գաղթի ճամփին ծնվածներից մնում են: Քիչ-միչ հիշում են գաղթի ճանապարհը ¥տեսնես դա՞ռը, թե՞ քաղցր հիշողություն է դա, գաղթի ճանապարհը¤:
Իսկ Թալինի լեռնաշխարհում ծնվում ու մեծանում են մանուկներ, որոնք անգիր գիտեն Սասունը, Մշո առասպելական դաշտը, Առաքելոցը, Մեղրագետը, գեղանե Աստղիկին` մշուշներից դուրս: Ու մանկանց բռունցքների մեջ մի պուտ արյուն: Արյունը հինգ մատների արանքից հոսում է ու, եթե երկրաչափորեն հաշվենք, յոթը երակով: Ու յոթերորդ երակը ծխածածկ առաստաղից ծխի հետ բարձրանում, գնում-խառնվում է Արածանուն: Ծխի հետ տարածվում է մեր հեռավոր ու մոտիկ հայրենիքի բույրր: