ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ. ԻՆ-ՅԱՆ-ը ՅԱՆ-ի ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ, ԿԱՄ ՏՂԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ/ Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Աղասի Այվազյանի արվեստի բազմազանության մեջ նրա անձի բազմաշերտությունն է նաև: Տարբեր տարիների ստեղծագործությունները փուլեր են՝ հոգու, տրամադրությունների, ինքնագիտակցման խուռներամ հորդացումների… Սրանք համակարգելը դժվարին խնդիր է, երբ գրողի հայացքից չի վրիպել կյանքի և ոչ մի մանրուք, երբ կարողացել է տարբեր հնարանքներով դրանցից բոլորովին այլ՝ մինչև այդ չեղած աշխարհներ սինթեզել: Այս նպատակով նույնիսկ իր սեփական բառամթերքն է ստեղծել կամ բառարաններից հանել գործածությունից դուրս եկած, իրեն այդ պահին անհրաժեշտ ատաղձը:
Ա. Այվազյանի լաբորատորիան աշխարհն է, իսկ միկրոսկոպը՝ իր ամենուրեք թափառող ու տրոփող, ճառագայթահարումով տրոհող ու դեպի «խորքի խորությունը» դեգերող հայացքը: Նա համոզված էր, որ իրեն է վերապահված կյանքի՝ իր դիտարկած երևույթներին նոր անուններ տալու, դրանք նոր հերձումների ենթարկելու առաքելությունը:
Դեռևս անհասկանալի, անբացատրելի է մնում, թե ինչպե՞ս է, որ տղամարդկային էության մեջ թափանցելու նրա գիտականության հասնող զորությունը, այր մարդու բազմաթիվ ու բազմատեսակ, լիարյուն կերպարներ արարելու նրա թունդ վրձնահարվածներն ու գուներանգները նույն ուժով չեն տարածվում իգական սեռի վրա: Գուցե սա գրողի մեջ հստակորեն ու շատ որոշակի արտահայտված կանացի և տղամարդկային սկիզբների՝ ինի և յանի միահյուսված առկայությո՞ւնն է: Եվ այս միաձույլ լինե՞լն է արդյոք պատճառը, որ յանի վրա կենտրոնանալով՝ ինքնըստինքյան երևակվում են նաև ինի պարադոքսները:
Ինի առկայությունը կարելի է տեսնել նրա այր կերպարներից գրեթե յուրաքանչյուրում: Մարտիրոսը («Սինյոր Մարտիրոսի արկածները»), Միրզա Ասատուր Խանը («Ավետարան ըստ Հավլաբարի»), Բոգդանը («Աղի Կոմսը»), Գրիգորը («Թիֆլիսի ցուցանակները»), Արմինուսը («Արմինուս») և շատ շատերը Այվազյանի տղամարդ կերպարներից միաձույլ են կամ միաձուլվում են իրենց ճանապարհին հանդիպած կանանց… Ու կարծես կինը, այս ամբողջության ինքնըստինքյան հասկանալի մասը լինելով, կատարում է իր երկու առաքելություններից միայն մեկը՝ կա՛մ մարմին, կիրք հարուցող բաղադրիչ՝ Բերյաշը («Աղի կոմսը»), Սասեն («Արմինուս»), Կորնելիան («Սինյոր Մարտիրոսի արկածները»)… կա՛մ մայր՝ Գարանը («Սովորական մարդու գինը»), Մաշոն («Թիֆլիս»), որ ճակատագրի բերումով առանց կնանալու՝ պետք է անտրտունջ մայրություն աներ իր քույրերի թողած անհասկանալի, անորոշ շառավիղներին, և, իհարկե, Շուշանիկը («Ուղեցույց Թիֆլիս քաղաքի, 1912 թվական»), որի մայրանալուց անմարմին հոգիներ էին ծնվում, երջանկացնում իրենց մորը և բոլոր նրանց, ովքեր «ходи по пальцам» ուղղությամբ գնալով՝ կգտնեին երջանկության բանաձևը, Շուշանը՝ համանուն վիպակի հերոսուհին, որ որոշել էր անպայման գտնել «հայոց երջանկության» բանալին, որ էր ընտանիքը:
Եթե հիշյալ այր հերոսների մեջ տեսանելի է կանացի և տղամարդկային սկիզբների առկայությունը, ապա Աղասու ստեղծած կերպարների մի ամբողջ շարքի մեջ գրեթե բացակայում է կանացի սկիզբը… Անգամ նրանց բջիջը իրենց մեջ հասունացնող մայրերը գրեթե չեն հիշատակվում կամ պատումի լուսանցքներում են:
Աղի Կոմսի՝ նույն Իսայ Ակիմիչի փառատենչ, հուժկու, գործարար մարդու կյանքում կինը՝ որպես մարմին, բացակայում է: Նրա մեջ չկա յանի վեհ, հերոսական, լուսավոր, կնամեծար արտահայտվածությունը: Իսկ կնոջ մարմինը՝ որպես երջանկության աղբյուր, թողնված էր նրա որդու՝ Բոգդանի վայելումին: Ե՛վ հայրը, և՛ որդին, բացի ազգային արմատներից կտրված լինելուց, նաև այս առումով են ողբերգական: Երկուսի դեպքում էլ բացակայում է կշեռքի մյուս նժարը:
Քանի որ ասվածի խտացումը կարելի է գտնել «Երկրի վրայի զբաղմունքը» գրքում, արժե սա ընդունել որպես ասվածի հաստատում, և այն անվանել «տղամարդկային խոսակցություն»: Այստեղ փոխվում է Ա. Այվազյանի ամբողջ գեղագիտությունը… Նրա այս կերպարներն ամենևին չեն մտածում իրենց խոսքի ու գործողությունների անթույլատրելիության, էլ չենք ասում՝ անբարո լինելու մասին: Հաճախ բռի, գռեհկաբան տղամարդիկ են… Ուրիշ ի՞նչ կերպ պետք է մարմնավորվեին Բերիան, Ստալինը և ստալինյան մսաղացի անիվը պտտողները կամ դրա միջով անցնողները: Այստեղ կանայք միայն մարմին են՝ հոգու լույսը կորցրած կամ առհասարակ չունեցող:
«Կյանքի գրկում» պատմվածքի հերոսը՝ Ժորան, ճշգրիտ, ընդհանրական պատկերն է ստալինյան-բերիական համակարգի սնուցած, աճեցրած, պարարտացրած, «տակիչքից» (Ա. Այվազյանի գործերում շատ հանդիպող բառերից մեկն է) մակերես ելածների: Նա, որ այստեղ Լաչինով ազգանունն է կրում, մի անգամ էլ նույն անունով, կյանքի նույն այլասերված սկզբունքներով մի այլ ժամանակահատվածում է մակերեսում երևալու՝ «Ժորա Կարկատանովի մարմինն ու հոգին» վիպակում, այս անգամ՝ Ներսիկովիչ, ազգանունն էլ՝ Կարկատանով:
Ժորա Լաչինովի ինքնաբացահայտումները, որ անում է առաջին դեմքով հանդես եկող հերոսի առաջ՝ Ստալինի մահվանն անմիջապես հաջորդած շրջանում, ահասարսուռ են: Ստացվում է՝ մարդը ապրել, շնչել, աշխատել, սիրել է անտեսանելի լուսարձակների տակ գտնվող մի «տակիչք» աշխարհում, որտեղ ինքը զրկված է եղել սեփական կամքից, առանց իմանալու, որպես խամաճիկ, տարուբերվել է միայն ըստ ուրիշների՝ չարագործների, ամեն տեսակի նսեմ ուժերի քշած ուղղությամբ:
Այս գրքում հանդիպում ենք դարի խտացումը հանդիսացող այլ կերպարների հետահայաց պատմություններին… Այստեղ է, որ Ա. Այվազյանը հոգեվերլուծողի բնածին հետաքրքրասիրությամբ կիրառում է խոստովանանքի հնարքը: Սա մի դաշտ է, որում հերոսին ապաշխարելու մի վերջին հնարավորություն է տրվում: Հոգեվերլուծողը, սակայն, նրա համար փրկություն չտեսնելով, նրան հանձնում է վիրաբույժի նշտարին: Սա էլ իր հերթին վիրահատական սեղանին է թողնում նրան՝ խորշելով իր տեսածից…
Այսպես է նաև Ժորա Կարկատանովը, որ ժամանակագրորեն ավելի ուշ շրջանի արտահայտություն է: Ըստ իս՝ Ա. Այվազյանի մահվանից հետո հրատարակված այս վիպակի, նաև ամբողջ գրքի պարունակությունը դեռ վաղեմության ժամկետ ուներ անցնելու, եթե չասենք, որ հեղինակը բավական աշխատանք ուներ վիպակի գեղագիտությունը հղկելու ուղղությամբ, որ չհասցրեց անել: Այստեղ կան կերպարներ, որոնց նշանավոր նախատիպերը դեռ թարմ են ժամանակակիցների հիշողության մեջ, և անգամ գրեթե չեն ծածկա­գրված նրանց անունները: Մի՞թե սա այն նույն ժամանակաշրջանն է, որի մասին Այվազյանը խոսում է՝ այլևայլ գեղարվեստական հնարանքներով մեղմացնելով իր և իր ժամանակի ցավը: Մի՞թե նա՛ չի գրել «Օբյեկտիվ-18»-ը՝ նույն կինոաշխարհի մասին, որտեղ հորդում է հումորը, հանդուրժողականությունը, որտեղ ցավը ծիծաղ է դառնում, ծիծաղը՝ հեգնանք, բայց ո՛չ դառնություն ու քինախնդրություն:
Չէ՞ որ ընդամենը երկու տարի առաջ էր նա գրել «Եղած չեղածը՝ մի կյանք» ինքնակենսագրական վեպը: Այստեղ էր, որ նրա հակակշիռ, երկվորյակ կերպար դարձած «Գեղարվեստական խառնվածքը» տեղն էր գցում դաժան, զգայուն ու չարչարված կյանքի բոլոր անկյունադարձերը…
«Երկրի վրայի կյանքը» ժողովածուում տեսնում ենք յանին՝ գրեթե առանց ինի: Այստեղ Ստալին-Կոբայի դաժան, սահմռկեցնող, ոխակալ ներկայությունն է՝ իր սկզբնավորումից սկսյալ («Կոբա, Կամո», «Հասարակ մարդը», «Երկրի վրայի զբաղմունքը»): Գուրջիևի հայացքը հայտնաբերում է իր դասախոսությանը ներկա, բայց իրականում բացակա Կոբային… «Սահմանափակ գավառցի… Նրան չէր խանգարի մի քիչ գաղափար ունենալ գոնե մարդկային փոխհարաբերությունների մանրամասների վերաբերյալ, որոնցից հյուսված է կեցությունը, և որոնցով պայմանավորված է ամեն տեսակի գործունեություն…»: Սակայն Ստալինի հետագա գործողությունները, աշխարհին նայելու նրա հրեշավորությունը որևէ կապ չունեին գուրջիևյան այս միամիտ մեկնաբանության հետ… Անսահման նողկանքը Ստալինի, Լենինի, Բերիայի հանդեպ նստած էր Ա. Այվազյանի մեջ: Նա էլ Կամոյի, Բերիայի ու Ստալինի պես Քռի ջուրն էր խմել և նույնպես յուրահատուկ էր՝ որպես անհատականություն, բայց Ստալինը տանջելու էր Աղասու միտքը՝ մինչև ծերություն… Նրա նկարչության մեջ էլ իր տեղը գտավ Ստալինի կերպարը…
Տղամարդկանց մի ճոխ պատկերա­սրահ է «Ուստի՞ գասը»՝ իր հոգեբանական գյուտերով: Ահա սառնասրտորեն ոստիկանի իր մասնագիտական պարտքը կատարող Թոռնիկին բնորոշող մի նախադասություն. «Թեպետ նրա միտքը դուրսն էր՝ Ալեքսանդրի կողմը, բայց նրա մեջ արդեն հասունացել էր հարգանքը իր համեստության նկատմամբ, որը ձեռք էր բերվել ինքնավստահությունից ու գործնական հաջողակությունից…»: Այս հակիրճ տողերում Թոռնիկի հոգեբանական կերտվածքի ամբողջական պատկերն է: Նա հասկացել էր, որ իր կատարած գործերով գլխապտույտ փառքին տրվելը նույնիսկ սեփական աչքում կիջեցնի իր վարկանիշը… Սա նաև մեծագործությունների, փառքի, կյանքի ունայնության աստվածաշնչյան տեսություններից եկող վարքագիծ է: Եվ Թոռնիկի հարգանքն իր իսկ համեստության հանդեպ՝ հարգանքի տուրք է առհասարակ մարդկային այս տեսակին. Թոռնիկը բնազդորեն գիտի, որ ինքնավստահությունն ու հաջողակությունը գալիս են մի այլ տեղից: Նրա հարգանքը այդ անորոշ ուժի հանդեպ էր և որոշիչ էր ըստ ամենայնի: Թե՛ ոճրագործ Ալեքսանդրի, թե՛ Թոռնիկի մեջ գրեթե չի նշմարվում կանացի սկիզբը:
Թեև Տատան է այս վիպակի գլխավոր հերոսուհին, բայց նրա գործողությունների մեջ ավելի շատ է յանը, քան ինը… Իր ճանապարհին պատահականորեն հանդիպող տղամարդկանց հետ նա հարաբերվում է նույն կերպ, ինչպես իրենց մեջ կանացի սկիզբ չունեցող տղամարդիկ կհարաբերվեին իրենց ձեռքի տակ ընկած էգի հետ: Նրա գրեթե բոլոր զուգընկերները ոչնչության արժեք ունեն իր համար: Նրանցից Դնոն, որ մարդասպան էր ի ծնե, միակն է այս պատկերասրահում, որ Տատային ինչ-որ պատկառանք է ներ­շնչում: Նրա կատարածը ընդամենը մի քայլ էր՝ «Բելի Դուխանում» Տատայի հետ նստած «կարճ ու փոքր», «գլուխը սափրած մարդը, բերանը արյունելով, ծամում էր ապակե բաժակը: «Հետո Դնոն շատ հասարակ դուրս եկավ, դրսում սպանեց մարմնեղ մի մարդու, նույնքան հանգիստ վերադարձավ ու մոռացավ կատարվածը»: Այս դեպքը ինքնագիտակցության մղեց Տատային: Ուրեմն՝ սպանելը առանձնապես մեծ նշանակություն չունի իր նման մեկի կյանքում: Առանց կարևորություն տալու՝ նա մասնակցել էր իր որդի Ալեքսանդրի՝ բառի բուն իմաստով «գայլի սիրտ ուտելու» արարողությանը: Նույն սառնասրտությամբ նա նայում էր իր որդու ոճրագործություններին և անտարբերությամբ էր լսում նրա վերջին խոստովանությունը: «Ի վերջո՝ Տատային զարմացնել շատ դժվար էր, ուղղակի որդին էր իրեն հետաքրքրում»: Այս պարագայում ոճիր ոճիրի ետևից գործած ու դրանց մասին մոր հետ իր մտորումներով կյանքում միակ անգամը կիսվելու կարիք ունեցող մարդու մեջ ավելի շատ է կանացի սկիզբը, քան Տատայի:
Ա. Այվազյանի տղամարդկային խոսակցությունը մարդու կյանքի հենց այն պահերի մասին է, երբ սխալ կառուցված հարթակը ծառայում է տակիչքի հավակնություններին: Այստեղ է, որ խոսք է բացվում հանրությանը, հայ հանրությանը վերստին քաղաքակրթելու մասին… Չէ՞ որ հենց այդ բերիական, ստալինյանի հարթակի պայմաններում էր, որ Հայաստան եկավ Ալեքսանդր Թամանյանը. ամեն ինչից բարձր դասեց իր ՀԱՅՐԵՆԻՔԻ շահը… Ապրեց և զոհվեց՝ իր ժողովրդին ավելի մեծ, ավելի բարձր ու վսեմ մի հարթակ նվիրաբերելու առաքելությունը կատարած:
Նա էլ դարձավ Ա. Այվազյանի՝ 2002 թվականին լույս տեսած մեծ ստեղծագործության հերոսը («Պոեմ վասն շենքի և շինության»), որի մեջ տղամարդկային սկիզբը իր բարձունքի վրա է՝ ինի և յանի հանճարեղ միակերպություն:
Զուր չէ, որ այս վեպի գործած տպավորությունների շարքում պայծառ շողացող աստղի նշանակություն ունի այն պատկերը, երբ նոր միայն Երևան ժամանած Թամանյանը ձգում է իր ձիու սանձերը, տեսնում է՝ «Փլվող պատի տակ, որը պահվում էր երկու փտած հենասյուների օգնությամբ, գեղեցկուհի մի էակ կրծքով կերակրում էր երեխային: Թամանյանը անակնկալի եկավ, ժամանակ չունեցավ հասկանալու երևույթը, այնքա՜ն չքնաղ էր, այնքան անսովոր մանկամարդ մոր դրսևորույթը, որ կոշկախթանները անխնա խրելով ձիու որովայնը, անէացավ այդ տեսիլքի առջև: Այս հրեշտակակարգ էակը ևս հին, ազնվական Հայաստանից էր հասել այստեղ: Նման գեղեցկության Թամանյանը մեկ էլ հանդիպել էր Ֆլորենցիայում… Ուզեց հիշել՝ այն իտալուհին կի՞ն էր, թե՞ պատկերասրահում տեսած նկար… Չհիշեց, վասնզի հայուհին ևս հողածին չէր… Աստվա՜ծ իմ… Քեզ հետ մրցել անհնար է: Ի՞նչ պիտի ձեռամբ արարեմ այս տեղանքում, որ համապատասխանի քո երկնած այս հայուհուն…»:
Իսկ վարչապետի հարցին. «Շա՞տ եք հիասթափված, Ալեքսանդր Իվանովիչ»,- պատասխանում է. «…Հիասթափվա՞ծ… Ո՛չ, իհարկե… Վերջապես կա հող… Կա տեղանք, որ կոչվում է Հայաստան… Կա հրաշագեղ կին այդ հողի վրա, և եթե այդ հողը համապատասխանի իմ տեսած գեղեցկուհուն, ապա մեր քաղաքը պիտի լավագույնը լինի աշխարհում…»:
Խոսքն այս խոհապատումի մեջ տղամարդկային սկզբի մասին պետք է լիներ, որը վեհանձն է, հերոսական, կնամեծար, թեկուզև փառատենչ, բայց ավելի շատ խոսվեց կյանքի որոշակի փուլերում տակիչքի մակերևույթ ելնելու մասին: Երբ յանը փորձում է առանց ինի ղեկավարել աշխարհը՝ ինին միայն որպես առարկա դիտարկելով, ամենայն լուսավորը, վեհը խորհրդանշող յանը թևաթափ է լինում առանց կանացի բնազդական մտքի: Իսկ ինն էլ այս ընթացքում՝ առանց յանի, իր սառը, բացասական լիցքերը կուտակելով՝ մահացնում է ամեն ինչ:
Ինի և յանի ավանդական հակադիր ըմբռնման մասին գրեթե բառացի խոսվում է Ա. Այվազյանի «Խոսրովադուխտ» պատմվածքում. «Տրդատը շատ ուժեղ էր,- բացատրում է թագավորի հին զինվոր Գորգը,- բայց նա չգիտեր իր ցանկության և կարողության կազմությունը: Ճերմակը սևով է ճերմակ, սևը ճերմակով է սև»:
Կապելով խնդիրը ոչ միայն բոլոր ժամանակներում դրսևորված, այլ նաև մեր այսօրվա կյանքի բարդության հետ՝ տեսնում ենք, որ Ա. Այվազյանը մեկ անգամ ևս ցուցանում է՝ մարդու մեջ առանց յանի ու ինի համակեցության ավերվում է այն ամեն լավը, որ մարդն ստեղծել է իր գոյության փորձով: Երբ ստեղծված չէ կամ տակնուվրա է եղել հասարակության քաղաքակիրթ վարքի հարթակը, երբ բարոյական արժեքները գրեթե ծննդյան օրից աղավաղված դասերով են սնուցվել երեխային, ամենահարմար պահը որսալով՝ տակիչք-առնետները, խավարասերները դուրս են սողում թաքստոցներից: Երբ անընդհատ քարոզվում է դիմակներ կրել, հանգամանքները չարարկող ուժերը անհապաղ ինքնադիմակազերծվում են: Եվ երբ յանը կամ ինը՝ առանց մեկմեկու, կարծում են, թե ահա հիմա իրենց ժամն է, և փորձում են հաղթարշավել, պարտվում է կյանքի հավասարակշիռ ընթացքը: Իսկ առաջադիմությունը կամ կանգ է առնում, ճահճանում է կամ էլի նահանջի տառապալից ճանապարհ ունի անցնելու՝ բազում կյանքերի ու նվաճումների փոշիացման և ապա՝ մի նոր հառնումի անորոշ, երկա՜ր ճանապարհ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։