ԱԳՆԵՍ

Ագնես***
Կարոտս խաչվեց ինձանից առաջ,
Ո՞ւմ եմ սպասում`
Արդեն չգիտեմ…
Խճճվեցի ես այն ձկան նման,
Ում երկրորդ անգամ
Որսալ են ուզում…
Իսկ խայծը արդեն տարել է վաղուց
Ուրիշ մի էգ ձուկ.
Տեսնես այս խաղը որքա՞ն կտևի…

***
Ես` ես եմ…
Ինձ ծանոթ է վաղորդյան ծեսը,
Կեսօրվա տոթի տագնապը,
Իրիկնամուտի թուխ վարագույրը`
Շուլալված ամպերի կրծքին,
Գիշերվա բժժանքը,
Ուր սերը մերան է.
Ես ցավին մոտ եմ,
Երջանկությանն էլ,
Գիտեմ արժեքը հավատարմության
Եվ դավաճանության մեղքը,
Ծանոթ եմ աղքատ մարդկանց,
Որոնց կյանքը նման է տնքացող ցավի,
Ճարպակալած, ագահ տերերին էլ գիտեմ…
Ես հաճախ եմ դեղահաբեր ընդունում,
Ժպիտիս մեջ՝ արցունքի համ,
Սրտումս՝ տագնապ,
Երազս ձուլված է ինձ,
Ձայնս` բեկված:
Ես շրջանակն եմ իմ նկարի…

***
Ծաղկաթերթը սեղանին էր…
Սրճարանը` ծանո՜թ-ծանո՜թ…
Դու աթոռը մոտեցրիր ինձ
Առաջվա պես
Ու մաքրեցիր փոշին նրա…
Սուտը կարծես չէր վերջանում…
Ու բաժակը
Դարձավ մի ծով կարոտանքի,
Վրան` փրփուր…
Հետո կամա՜ց,
Կաթիլ-կաթիլ պարպվեց այն
Մեր հոգու մեջ…
Հետո օրը
Ապրեց թիթեռ կյանքը իր կարճ,
Եվ նորից մենք
Բաժանվեցինք` չմիացած…
Ու ես տեսա
Քո հեռացող թիկունքը լայն,
Իսկ արցունքս`
Դու չտեսար
Եվ չիմացար,
Թե ինչպես ես
Քեզ տանում եմ իմ աչքերով
Մինչև ծայրը իմ աշխարհի,
Որը հետո իմ մատներով
Պիտի հսկա օվկիանի մեջ
Շուշանների սերմեր ցանի
Ու սպասի, թե երբ պիտի
Նրանք ճերմակ ծաղիկներ տան:

***
Կարոտը գրկեց մերկությունս,
Ճախրանքը լույսի թափանցեց հոգիս,
Իմ խեղճությունը ամաչեց ինձնից,
Անքուն գիշերը հասկացավ ինձ
Ու երգե՜ր, երգե՜ր հանեց իմ վերքից:
Ես կարոտում եմ լեռներս ձյունե,
Մասիսներն անսանձ,
Գարուն ավետող ծիծեռնակներին,
Եվ իմ առաջին երգը որբացած,
Որ թափառում է քամու թևերին:
Աստղերն եմ սիրում, հուռութքի նման
Ինձ մի ասեղ է անվերջ ծակոտում…
…………………………………………………
Ինչո՞ւ, ես ինչո՞ւ տարագիր դարձա…
Լոս Անջելես

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։