ՄԵԼՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մելս ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, արձակագիր
ՄԵԼՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
75-ամյակի առթիվ
«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

 

ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստա՛ն,
Դու արյան պես ես հոսում իմ երակներում,
Եվ իմ սրտի նման կյանք ես տալիս դու ինձ,
Եվ արևի նման լույս ես տալիս ճամփիս,
Որ մութ խորաններում չսայթաքեմ հանկարծ,
Հայաստա՛ն,
Հայաստա՛ն,
Հայաստա՛ն:

Հայաստա՛ն,
Դու ինձ ծնած, սնած ու կյանք տված երկիր,
Քեզնից ո՞նց բաժանվեմ՝ թեկուզ մահվան գնով,
Դու իմ երազներին շքեղություն բերիր
Ու երգերիս տվիր թռիչք ու թև հզոր,
Հայաստա՛ն,
Հայաստա՛ն,
Հայաստա՛ն:

ԽԱՆԴԻ ՀԱՐՈՒՑԻՉԸ
Խանդի հարուցիչը սերն է,
Սիրո հարուցիչը կիրքն է,
Դավ բերողը կինն է,
Սեր բերողը կինն է,
Տուն շինողը կինն է,
Տուն քանդողը կինն է,
Առեղծվածը կինն է,
Հանելուկը կինն է,
Որի լուծումն ասա՛,
Ա՛յ տղամարդ գիտուն,
Թե էլ ի՞նչ է կինը…
– Այդ բոլորով հանդերձ
ՀՐԵՇՏԱԿ Է ԿԻՆԸ…

***
Իմ խնդուն օրեր,
Իմ սիրոտ օրեր,
Վայելքներ տվող
Իմ քաղցր օրեր,
Ո՞ւր եք շտապում:
Ինձ կարոտ տվող,
Կորուստներ բերող,
Սերերս տարած,
Ինձ անսեր թողած,
Իմ անխիղճ օրեր,
Ո՞ւր եք շտապում:
Իմ ցավոտ օրեր,
Ինձ դաղած օրեր,
Իմ դաժան օրեր,
Ինձնից հեռացող
Ու էլ ետ չեկող,
Մահս մոտեցնող
Խելագար օրեր,
Ո՞ւր եք շտապում:
Կանգնեք մի՛ վայրկյան,
Գոնե մի՛ վայրկյան
Կյանքս երկարի,
Մի՛ եղեք դաժան,
Իմ քնքուշ օրեր,
Զո՜ւր եք շտապում,
Ո՞ւր եք շտապում,
Ո՞ւր եք շտապում…

***
Կնոջս՝ Ասյային
Սեգ երազներիդ կարոտների մեջ
Շողեր կան լույսի,
Որ քեզ տանում են եթերը շենշող,
Եվ դու դառնում ես մի սքանչելի,
խենթ մարմնացում…
Շնորհապարտ եմ հավետ Աստծուն,
Որ արարել է քեզ պես հրաշքի
Ու կամքով իր մեծ նվիրել է ինձ…

***
Եթե կարոտս լեզու ունենար,
Սոխակի ձայնով սերս կերգեր,
Ու ցուրտ ձմեռս գարուն կդառնար
Ու երազներս երկինք կտաներ:

Եթե կարոտս լեզու ունենար,
Մայրամուտս գորշ արևով կօծեր,
Ցավատանջ խանդիս
խելք-շնորհ կտար,
Որ հար ու հավետ կասկածը ցրեր:

Եթե կարոտս լեզու ունենար,
Նույնիսկ սատանին բարությամբ կօծեր,
Որ այս աշխարհի կիսատ-պռատը
Ամբողջանար ու հավետ դրախտվեր:

Եթե կարոտս լեզու ունենար,
Անգամ Աստծուն կփոխարիներ,
Աշխարհում մի նոր աշխարհ կարարեր,
Ուր նախանձը բիրտ հավետ կործանվեր-

Երնեկ կարոտս լեզու ունենար…

***
Սեր ու գգվանք է երազել հոգիս կարոտով անափ՝
Ապավինելով հույս ու հավատին ամենակարող,
Սակայն դատա՜րկ են նրանք մշտատև
ու ցնո՜րք, ցնո՜րք, ցնո՜րք են նրանք…
Տե՛ր իմ մեծազոր, օգնիր ազատվեմ
Առեղծվածների այս շղթաներից,
Որոնցով այնպե՜ս կապված են իմ այդ
երազանքները…
Օգնի՜ր, խնդրո՜ւմ եմ,
Օգնիր՝ հավատամ իմ այն հավատին,
Որ ներշնչում է անբեկանելի
Հույս ու կարեկցանք,
Որոնցով լիքն է սիրտս սիրաշատ,
Հոգիս մոլագար,
Կամքս պրպտուն ելևէջներով-
Օգնի՜ր, խնդրո՜ւմ եմ…

ՄԱՐՈՒՄ ԵՆ, ՄԱՐՈՒՄ
Անցնող կյանքիս խոհալեցուն կրակները
մարո՜ւմ են, մարո՜ւմ-
Դառնացել են, օտարացել սեր, կիրք ու համբույր,
Կանայք, ավա՜ղ, էլ չեն կանչում, չեն նայում վրաս,
Սիրտս նրանց էլ չի՜ գերում,
կարծես դարձել են կույր…
Մոլորվել եմ օրերիս մեջ, կյանքս դարձավ բավիղ,
Նրա միջից ինձ դուրս բերող էլ ոչ ոք չունեմ,
Լայն ճամփեքս այս ո՞նց դարձան կածան ու շավիղ,
Ու մշուշոտ վաղվա օրս մի հույս չի՛ տալիս…
Այս ո՞նց եղավ, մեկը չեղավ ցավս մեղմեր մի՛ քիչ
Մի՛ քիչ հույս տար, հուսավորեր,
դառնար ընկեր կյանքիս…

ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ՄԻ ՏԱՐՓՈՒՀՈՒ
Երազում եմ մի տարփուհու,
Որ գար, քունըս փախցներ,
Երազներիս ճամփան փակեր,
Երանություն պարգևեր։

Լիներ անդավ ու սիրով խենթ՝
Նվիրումով փաղաքուշ,
Կյանքս անցներ խինդով մի պերճ
Կրքոտ ծոցում իր անուշ:

Ու չլիներ դավադահիճ՝
Իր բնույթին հար-հարիր,
Ու չխայթեր որպես կարիճ-
Նվիրումըս վայելեր…

Ախ, ո՜ւր է թե՝ գա՜ր, չգնա՜ր,
Մնար որպես տիրուհի,
Իմ ցոփ կյանքին սատար դառնար
Որպես բարի աստվածուհի…
Բայց երազըս երազ է սուտ-
Մտքերիս չե՜մ հավատում,
Ո՞ր տարփուհին իր խենթ սիրով
Դղյակն անգամ չի՛ քանդում…

Ու իր մարմնի զմայլանքը
Ավեր չանի, չխնդա՛,
Չծիծաղի, որ այս կյանքը
Ստերով է շաղախված…

Ախ, ո՜ւր է թե՝ գա՜ր, չգնա՜ր,
Տիրավորվեր գրկիս մեջ
Ու փոշմաներ ապրած կյանքը,
Որ տարփուհի էր դարձել…

ԴՈՒ ԻՄ ՉՔՆԱՂ ԵՐԱԶՆ ԷԻՐ
Դու իմ չքնաղ երազն էիր՝
Ձուլված արթուն կարոտներից իմ հրաբորբ,
Սիրակրակ, սիրակարոտ ու խենթացնող
դու ե՜րգ էիր,
Սակայն ինչո՞ւ, ինչո՞ւ դարձար անգութ, ցնորք:

Ա՜խ, ո՞ւր կորար ու գոցեցիր,
անգամ ճամփան այրուն մտքիս,
Որոնումըս դարձավ խաբկանք,
Ա՜խ, երանի միշտ մնայիր այն երազը իմ հրաբորբ,
Որ չանեի ես քո հանդեպ ոչ մի բողոք…

Հաշտվեի, որ դու չկաս ու չես եղել իրականում,
Ու երազս ցնորաշատ թող որ թվար ծիծաղելի,
Ու ծիծաղն այդ ինձ ուղեկցեր ամբողջ կյանքում,
Բայց մնայիր էլի՛ նույնը՝ երազը իմ սքանչելի…

***
Արի՜, ես քեզ նվեր դառնամ այսօր,
Դու ինձ դարձրիր նվեր քնքո՜ւշ ու նուրբ,
Ես քեզ ծոցս պահեմ ու գուրգուրեմ անուշ,
Ինչպես թանկ նվերն են պահում ծոցում…

Անծանոթ ես դու ինձ, թե ծանոթ ես վաղուց,
կարևոր չէ բնավ,
Միայն արի՜ այսօր,
Եթե մինչև անգամ հրապույրդ ինձ չգերի,
Վանող լինի ինչ-որ բան,
Էլի արի՜, արի՜
Դու ինձ նվեր,
Ես քե՛զ նվեր դառնանք այսօր…

Կարոտներս խելագարվել՝ կին են տենչում այսօր,
Արի, դարձիր իմ թագուհին,
Ես քո արքան դառնամ,
Դու էլ ինձ պես մոլագարվիր սիրով…

Իսկ թե ուզենաս գալ ուրի՜շ գրկից,
Անգամ կախարդանքի հրապույրով շքեղ,
Թող կարոտներս խելագարված մնան,
Չեմ ուզենա, որ գաս ցավո՜տ, ահեղնագո՛չ,
Չեմ ուզենա, որ գաս մահասարսուռ խանդով…
Գալըդ ցավ կդառնա նրա ներսում,
Կսկիծն ու ոխն անբուժ կկործանի և քեզ,
Ու ես տառապանքի բավիղների միջից
Չեմ կարենա դուրս գալ հպարտորեն,
Որ տիրել եմ ես քեզ…
Ես կդառնամ անուժ
Ու թե հաղթել եմ էլ,
Հաղթանակը այդ փուչ կդառնա ինձ կսկիծ
Ու պարտություն անբուժ…

ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ
Դու որ գալիս ես սիրուհու նման՝ շքե՜ղ, հրածի՜ն,
Եվ համբույրի պես՝ տաք ու հրեղեն,
Հայացքդ պայծառ կրակի հանդես-
Իմ երակներում ու իմ սրտի մեջ
Խենթ պար է գալիս արյունս արդեն,
Ու ինձ կապում ես կյանք ու աշխարհին…
Դու, որ զորեղ ես գեղեցկության պես
Եվ հավերժական,
Ա՜խ, շա՜տ եմ ուզում մի՛ մազդ լինել,
Մի՛ մազդ միայն,
Որ տարին գոնե մի անգամ, մի օր
Իմ մեջ էլ քեզ պես հավերժը խոսի:
Դու, որ գաղափար չունես ծերության
Ու ցավի մասին,
Կարոտի մասին,
Կորստի մասին
Ու սիրո մասին՝
Ինձ էլ նորոգիր այդպիսի ուժով,
Որ չտառապեմ ես գիշեր ու տիվ
Ցավի, կարոտի,
Կորստի,
Սիրո
Դաժան ու քաղցր առեղծվածներով:
Իմ գիշերները լցրու քեզանով,
Որ մենության մեջ մենակ չմնամ,
Չտարվեմ սուտ ու ցնորք երազի
Ոչինչ չտվող երազանքներով…
Աղաչում եմ քեզ՝ ինձ այնպես կապիր
Քո ակնթարթին, որ ոչ մի ցերեկ,
Ոչ մի երեկո
Ու ոչ մի գիշեր
Քեզնից ինձ պոկել չկարողանա,
Ինձ քեզնից պոկել չկարողանա,
Ու մինչև անգամ մահն ինքը երբ գա,
Ինձ առնել-տանել… չկարողանա…

ԿՅԱՆՔԻ ԾՈՎՈՒՄ
Կյանքի ծովում մի կաթիլ եմ ցամաքող-
Ծարավ եղա, մի կում ջուր չտվեցին,
Ափսոսացի, շվարեցի կյանքիս համար
շուտ անցնող,
Որ ցավերով ու դավերով ինձ լցրին:

Կորցրեցի երազ ու տենչ, ու սերեր,
Իսկ գըտածս, ավա՜ղ, այն չէր աշխարհում,
Կյանքի բեմում չխաղացի սուտ դերեր,
Միակ դերս բարությունն էր աշխարհում:

Հիմա, երբ որ էլ գտնելու բան չունեմ,
Կորցնում եմ գտածներս էլ ժամ ու օր,
Ունեցածս լոկ անունս է, որ ունե՛մ,
Որ պիտ ապրի ինձնից հետո աշխարհում…

ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆՍ
Համբերությունս ծնվում է ահեղ
Անհամբերության հրդեհի ծխից,
Երբ քուլա-քուլա աչքերիս մեջ են
լցվում դառնագին…
Համբերությունս լցված բաժակ է,
Մի կոպիտ շունչ է հարկավոր միայն,
Որ պայթի մեկեն ու
ցավով լցնի կոպիտ շնչողին…
Համբերությունս քուն մտած դև է,
Միշտ նրա մոտով անցնելիս պիտի
Շատ զգույշ լինել, որ բիրտ
շարժումից չզարթնի հանկարծ…
Համբերությունս անհամբեր խև է,
Որ չի հասկանում ո՛չ կապ, ո՛չ կամուրջ,
Միայն թե ելնի ալիքի նման
Ու խեղդի իր մեջ անփորձ ընկածին…

Համբերությունս քո կողքին միայն ու քո
ձեռքերում
Տիրոջը սիրող ու ստրուկի պես է,
Համբերությունս խոնարհ ու հեզ է,
Համբերությունս լուծ քաշող եզ է,
Համբերությունս մի՛ չարաշահեք…

***
Հոգու բարիքի դեմ
Հողի բարիքն ի՞նչ է,
Կնոջ քաղցրության դեմ
Մեղրի համն էլ քիչ է…

Խանդի սարսուռի դեմ
Մահվան բոթը ի՞նչ է,
Թոռան անուշության դեմ-
Ամեն բանն էլ քիչ է…

Սուրբ օջախի դեմ
Վանքերն անգամ փուչ են…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։