Սամվել ԿՈՍՅԱՆ – Այս օրերին թերևս առավել հաճախ հնչող հարցն է, թե, ըստ էության, մեզ ի՞նչ է տալու ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ձեր տարբերակը:
Մանվել ՄԻԿՈՅԱՆ – Վերջին անգամ Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ նախագահներից ճանաչել է Ռոնալդ Ռեյգանը, 40 տարի առաջ: Անցած չորս տասնամյակներին այն ճանաչեցին բազմաթիվ երկրներ, որոնք, կարծում եմ, բացի իրենց երկրի շահերը այս հարցում երկրորդ պլան մղելուց, նաև ոգևորվեցին աշխարհի հզոր գերտերություններից մեկի դիրքորոշումից: Այս առումով կարևոր եմ համարում, որ Ջո Բայդենն իր խոսքի տերը եղավ: Սակայն չպետք է անտեսենք, որ վերջին շրջանում Թուրքիան սերտացրել է համագործակցությունը Ռուսաստանի հետ: Չնայած ԱՄՆ-ի կոշտ դիրքորոշմանը, Թուրքիան Ռուսաստանից գնել է Տ-400 համակարգեր, մտադիր է գնել նաև 4-րդ սերնդի ռուսական ՍՈՒ-35 և 5-րդ սերնդի ՍՈՒ-57 կործանիչներ:
Բացառված չէ, որ հաշվի առնելով այս հանգամանքը և աշխարհագրական նոր վերադիրքավորումները՝ ԱՄՆ-ի նախագահի այս քայլը նաև Թուրքիային «իր տեղը ցույց տալու» նպատակ ուներ:
Այսուհանդերձ, չպետք է թերագնահատենք և՛ հայամետ կոնգրեսականների, և՛ Հայ դատի գրասենյակի դերն այս արդյունքին հասնելու համար: ԱՄՆ վարչակարգի հետագա քայլերը ցույց կտան հայանպաստ գործունեության արդյունավետությունը:
Կարծում եմ՝ առաջիկայում եվրոպական որոշ երկրներ ևս կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, բացի Անգլիայից:
Ս. Կ. – Քաղաքական ընտրությունների տրամաբանության մեջ կարևորվում են գաղափարներն ու ծրագրերը և դրանք իրականացնելու պատասխանատվությունը: Այս առումով մեր քաղաքական ուժերը պատրա՞ստ են նախատեսված արտահերթ ընտրություններին:
Մ. Մ – Խորհրդարանում տեղ գտած քաղաքական երեք ուժերի գաղափարներին, ծրագրերին և դրանք իրականացնելու կարողություններին մեր երկրի բնակչությունը հիմնականում ծանոթ է: Ընտրողի համար չափազանց դժվար է լինելու արտախորհրդարանական քաղաքական ուժերից նախապատվություն տալ որևէ մեկին: Բոլորին է հայտնի, որ դրանց մեծ մասը բուծված են և ֆինանսավորվում են նախկին իշխանությունների առաջին դեմքերի և նրանց մերձավոր շրջապատի կողմից: Ի հայտ կգա՞ արդյոք մաքուր կենսագրության տեր և ժողովրդի վստահությանն արժանի ղեկավար ունեցող քաղաքական մի կառույց, որը լուրջ այլընտրանք կլինի, ցույց կտա ժամանակը: Այսօրվա քաղաքական դաշտում արտախորհրդարանական կուսակցությունների մեծ մասը, կարծում եմ, լիովին պատրաստ չէ ընտրություններին և ցայտնոտի մեջ անհավանական խոստումներ է շռայլելու: Այս ընտրություններն ամենաանկանխատեսելին են լինելու անկախ Հայաստանի պատմության մեջ:
Ինչպես նշել եմ «Գրական թերթում» վերջերս տպագրված հոդվածում, մեր երկրի նոր ղեկավարության առաջին խնդիրը պետք է լինի Հայաստանի և Արցախի համար անվտանգության կայուն երաշխիքների ստեղծումը՝ ներգրավելով նաև հայկական Սփյուռքի ներուժը:
Ս. Կ – Պարտությունն ու համավարակն արդո՞ք մարտահրավերներ են ինքնամաքրվելու, ինքնախմբագրվելու, թե՞…
Մ. Մ. – Ցավոք, անցած վեց ամիսներին մեր քաղաքական ուժերն ու հասարակության մի ստվար մասը լուրջ չվերաբերվեցին այդ մարտահրավերներին: Սթափվելու, առաջ նայելու, հետագա անելիքների հստակ ռազմավարությունն օր առաջ նախանշելու և առաջին քայլերն անելու հրամայականն առայժմ տեղի է տալիս անորոշությանն ու պարտվածի հոգեվիճակի տևականությանը:
Համավարակի վտանգը մեր հասարակության համար շարունակում է մնալ երկրորդ պլանում: Առաջինը երկրի տնտեսության զարգացումն է և անվտանգության երաշխիքների ստեղծումը: Մեր բնակչության մի ստվար զանգված հուսալքված է, հարկավոր է կանխել արտագաղթը՝ մոտ ապագայի համար հուսալի տեսլական ունենալով:
Իսկ ինքնամաքրման, ինքնախմբագրման պրոցեսը երկրի բնակչության՝ որևէ պատասխանատվություն չունեցող հատվածում է ընթանում: Պետք է միշտ հիշենք, որ աշխարհի հզոր պետությունները հաշվի են նստում զարգացած, գոնե զարգացման միտում ունեցող երկրների հետ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է բոլոր ճիգերը գործադրի երկրի զարգացման համար: Երբ ամեն մի հայ մյուսին կվերաբերվի որպես հարազատի, իր պահվածքով ու գործելակերպով կնպաստի մեր ազգի վարկանիշի բարձրացմանը, կունենանք հզոր և անպարտելի պետություն:
Ս. Կ. – Խմբագրելով «Երկունք» գրական թերթը և ղեկավարելով ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը՝ ենթադրելի է, որ անպայմանորեն քաջատեղյակ եք մարզի գրական և մշակութային անդրադարձին: Կմանրամասնե՞ք:
Մ. Մ. – Ինչպես ողջ հանրապետությունում, Լոռու մարզում նույնպես, համավարակի հետ կապված, և՛ մշակութային, և՛ գրական կյանքը կազմակերպվող միջոցառումների առումով սահմանափակ է: Սակայն մշակույթի օջախները՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, տիկնիկային և մյուս թատրոնները նոր ներկայացումներ են բեմադրում, աշխատում են մարզի թանգարանները, գրադարանները, երաժշտական համույթները: Ստեղծագործական կյանքը շարունակվում է: Վերջին ամիսներին հաճախակի են դարձել մշակութային միջոցառումները, գրական ցերեկույթները, հանդիպումները գրողների հետ, որոնք լուսաբանվում են իմ խմբագրած և՛ «Լոռու մարզ» լրատվական թերթում, և՛ «Երկունք» պարբերականում:
ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը սերտորեն համագործակցում է Վանաձորի պետական համալսարանի, Ստեփան Զորյանի տուն-թանգարանի, Լոռու մարզային գրադարանի և Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի հետ՝ մարզի գրական կյանքը կենսունակ պահելու համար:
«Երկունք» թերթը հիմնականում ծառայում է երիտասարդ գրողներին ի հայտ բերելուն և նրանց առաջին լուրջ քայլերը խրախուսելուն: Նրանցից շատերն արդեն տպագրվում են նաև հանրապետական գրական մամուլում, ունեն տպագրված գրքեր, հավակնում են համալրելու ՀԳՄ շարքերը:
Կարևոր են նաև երիտասարդ գրողների հետ հաճախակի հանդիպումները, նրանց նկատմամբ նրբանկատ և կառուցողական վերաբերմունքը, որը նպաստում է նրանց կայուն քայլերին դեպի գրականություն: Այս առումով զգալի դեր ունի նաև «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխությունը, որի արդյունքում հաղթող ճանաչված երկու բանաստեղծուհի արդեն ունեն իրենց առաջին գրքերը, իսկ մեկ տասնյակից ավելի հեղինակներ տպագրվել են հրատարակված երկու ժողովածուներում: Մրցանակաբաշխությունը հաջորդաբար իրականացվում է Շիրակի և Լոռու մարզերում: Եկող տարի այն կրկին կկայանա մեր մարզում: Այս տարի համատեղ գրական միջոցառումներ են կազմակերպվել մեզ հետ համագործակցող վերոնշյալ բոլոր մշակութային օջախներում: Վերջինը Լոռու մարզային գրադարանում կայացած հանդիպումն էր բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ:
Այս տարի ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքում տեղի կունենան գրքերի շնորհանդեսներ, հոբելյանական միջոցառումներ և հանդիպումներ գրողների հետ:
Ս. Կ. – Ստեղծագործական ո՞ր թեմաներն են, որ ծրագրել, բայց դեռ չեք հասցրել իրականացնել: Կա՞ն այդպիսիք:
Մ. Մ. – Համոզված եմ՝ Դուք, որպես բանաստեղծ, ինձ հետ համակարծիք կլինեք, որ պոեզիայում հնարավոր չէ ծրագրել որևէ թեմա և սպասել հարմար ժամանակի՝ գրելու համար: Համոզված եմ, քանզի Դուք նույնպես չեք նստում և «դիտավորյալ» բանաստեղծություն գրում, ինչպես անում են շատերը:
Տասնամյակներ առաջ «Լիտերատուրնայա գազետա» թերթին տված բացառիկ հարցազրույցում Գաբրիել Գարսիա Մարկեսը ներշնչանքը համեմատել էր սիրահարված երիտասարդի հետ: Վերջինս ամեն օր կանգնում է իր սիրած աղջկա պատուհանի առջև: Աղջիկը, որպես մերժման նշան՝ նրա գլխին է լցնում լվացքաջուր և այլն: Երիտասարդն անվրդով գնում է իր տուն, ցնցուղ ընդունում, նոր, մաքուր զգեստներ հագնում ու գալիս, կանգնում է նույն տեղում: Եվ այս ամենը այնքան ժամանակ, մինչև աղջիկը համոզվում է, որ տղան անկեղծ սիրում է իրեն, և ներս է թողնում նրան:
Պոեզիայում մի քիչ այլ է: Ներշնչանքը ներս է խուժում իր ուզած ժամանակ, և դու պարտավոր ես լուռ ենթարկվել:
Կասեմ միայն, որ տպագրության է պատրաստ բանաստեղծություններիս 7-րդ ժողովածուն՝ կազմված վերջին երեք տարիներին գրված գործերից: Մտադիր եմ, Աստծո կամոք, այն հրատարակել մինչև այս տարվա աշուն: Գրքի և՛ կազմը, և՛ բաժինները ձևավորված կլինեն որդուս՝ Արմենի գեղանկարներով: