Նորայր ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՄԵՋ
Մուրադյան փողոցի այգու տաղավարը`
քաղաքային գյուղամեջ,
և ծերակույտը` թաղային սենատ,
հավաքվում է այստեղ ամեն օր`
քվորումն ապահոված,
նախ` խաղալու բլոտ, փոկեր, նարդի`
որպես թե Լաս Վեգասում նստած,
ապա, բոլորովին թարմ գլուխներով,
կամաց-կամաց անցնելու խնդիրներին արդի`
թաղի, երկրի ու աշխարհի առջև ծառացած:

Օ՜, հայոց այրեր կորովամիտ`
ամեն բանից գլուխ հանող
ու երևի հենց դրա համար էլ մի քիչ գլուխ տանող,
օ՜, նաիրյան սենատորներ ազգափրկիչ,
Ասքանազյան ցեղի հույս ու հավատ,
և Մուրադյան փողոցի այգու տաղավարը`
քաղաքային գյուղամեջ,
ծավալում է ամեն օր բուռն մի բանավեճ,
որը պարտադիր վերածվում է խոսքակռվի,
մինչև որ մեկը մյուսի
ձայնային հարվածից լռվի-փռվի,
ու հետո տաղավարով մեկ սփռվի
հայոց հաշտարար ոգին.
«Այ մարդ, խոսք էր` ասինք, քե՞զ ինչ եղավ»:

Եվ որտեղի՞ց այստեղ
այս մարդիկ`
այս Ցիցերոնը պերճախոս
և այս Մովսեսը կակազող,
այս Ահարոնը` խոսք տանող-բերող,
և այս Հովսեփը Գեղեցիկ, թեկուզ անթրաշ,
մեջը փուչ կնիկներին գերող,
և այս Գաբրիելը հրեշտակ`
ջուր անող դարմանի տակ,
և արդարակյաց այս Հոբը`
ստի դեդեկտորով մաքուր անցած,
և աշխարհ տեսած այս Ռոբը,
ցերեկները փողոցներում`
մասնավոր սեփականատեր տաքսիստ,
երեկոները տաղավարում`
տաքացած մարքսիստ,
և այս Ռուբոն առակախոս,
և այս Գուգոն հակառակախոս,
և, իհարկե, իհարկե, այս Սողոմոնը իմաստուն`
Սուրբ գրքերից հարցում անող,
դժվար տեղերում բոլորին
ցեխից հանող,
զուսպ, հավաք,
դրա համար էլ տաղավարային հանրաքվեով`
սենատի ընտրյալ նախագահ,
այսինքն` գեղջավագ:

Սա կյանքն է`
պարզ, բարդ ու բազմադեմ,
մարդիկ` հոգսաշատ, բայց մտքով առույգ,
և Մուրադյան փողոցի այգու տաղավարը`
քաղաքային գյուղամեջ,
ծավալում է ամեն օր քննարկումներն իր լուրջ
թաղի, երկրի, աշխարհի խնդիրների շուրջ,
Բաղրամյան 26-ին հանում ճիշտ կամ սխալ,
կառավարության քայլերը տալիս-առնում,
ապա դառնում`
երկանք աղում ԱԺ-ի գլխին
օրենքների համար թերակատար,
քաղաքի հայրերի հերն անիծում,
բմբլում իշխանությանը թաղի
թերացումների համար աններելի`
համեմված
ընտիր բառապաշարով իրենց,
ապա անցնում Քրքորյանի փողերին քրքրված,
Քեռի Սեմին անգամ չխնայում,
անցկացնում ծակով մաղի,
մինչև որ կանոններով արդեն պառաված խաղի
տեղից վեր կենա Սողոմոնն իմաստուն`
թաղային սենատի նախագահ,
և ծերակույտի այդ օրվա նիստը,
արդեն քնի հակված,
հանդիսավորապես հայտարարի փակված.
«Դե լավ, ուշ է, տղերք,
գնացինք տուն»:
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԱԿ
Մի հաստլիկ`
ավազի հետ խաղացող-
նրան բերել է երևի
արագիլը քարշակով:

Եվ մի կին`
նրա մայրիկը ա լա Հավերժահարս,
նստած նստարանին, որպես թե ավազին,
սպասում է իր նավազին,

իսկ նավա՜զը`
մայրիկի ամուսինը միանձնյա
և հաստլիկի հայրիկը մինուճար,
լող է տալիս հեռու ցամաքներում`
որոնելով տուն պահելու մի ճար,

բայց բախտը չի բերում-
փող չի ընկնում ձեռքը մի կարգին`
տուն ուղարկի
բարևներով կարոտագին,
եղածն էլ, թյո՜ւ-
մի մաքրասեր ՈՒհի,
ինչպես գողական երգի Մուրկան,
գցել է նրան ուռկան`
մաքրազարդում է գրպանները նրա-
դուրս եկավ այդ Ուհին
շատ ծախսատար…

Օ՜, տեղապտույտ տվող
Ֆորտունայի անիվ,
որ դարձնում է տղամարդկանց տնից չվող
զուր տեղը գլուխը պատին տվող,
քար կրող Սիզիփոս` միով բանիվ,

օ՜, Հայոց կռունկ պանդխտական`
այլևս երգի մեջ թևածող,
որովհետև Համացանցն է հիմա
խաբրիկները տարածող,

և մի էսքիլեսյան ողբերգություն`
ընտանեկան դրամայի թեմաներով,
ծավալվում է այստեղ` այս բակում,
ու մի թատրոն է դա,
որի վարագույրները կախված են
դիմացի շենքի պատուհաններին-
հետ են քաշում տիկին Պանդորաները
և… ծիկրակում:

ՄԱՅԹԵԶՐԻ ՆՍՏԱՐԱՆԻՆ ՆՍՏԱԾ ՄԵԿԸ
Նստել մայթի նստարանին`
որպես թե Ալմաստե գահին բազմած,
և հետևել անցորդների Շարժմանը,
որը, փա՜ռք Աստծո, կոչվում է Բրոունյան-
բերման ենթակա ոչ մի օրինախախտ:

Օ՜, Երևանի ամենահին փողոց`
Էրեբունի ամրոցում վերջերս պեղված-
դղրդում էր սալահատակին
Արգիշտի արքայի կառքը`
սև թաղիքով մգեցված պատուհաններով,

և ոչ մայթ, ոչ նստարան,
որովհետև չուներ Էրեբունին քաղաքապետ`
ստեղծելու տարրական հարմարություններ
մարդկանց նստելու համար հենց մայթին,
և դու հիմա չորուկ փայտին,
որպես թե Ալմաստե գահին բազմած`
ստեղծել ես թագավորությունը քո
համարյա մի կանգառ տարածք կազմած-
քոնն են այս մեքենաները,
այս մայիսյան բզեզները գույնզգույն`
վարձակալությամբ քեզնից առնված,
այս սուպերմարկետը մատիդ ուղղությամբ`
ապրանքներով, գնորդներով ու փողերով խառնված,
այս խաղատունը բուքմեյքերական`
«Բախտդ սիրեմ»,
այն գրավատունը` «Գրավիչ»,
այն խորտկարանը` «Համոյի մոտ»-
մի ամբողջ Օֆիր երկիր`
Հին Կտակարանի լեգենդը
երանելի հարստության մասին,
որն ինչքան էլ փնտրեցին` չգտան,
որովհետև հասկացան վերջապես,
որ պարզապես
չկա, չի եղել Օֆիր երկիր-
մտապատրանք է,
երևակայության պտուղ:

Եվ հիմա դու` խեղճ Ղազարոս,
նստել ես մայթի նստարանին,
որպես թե Ալմաստե գահին բազմած,
երևակայելով քեզ արքա, Սուդանի շեյխ,
որը թագավորություն ունի հարուստ`
համարյա մի ամբողջ կանգառի տարածք կազմած-
իշխիր ու վայելիր…
…զգույշ, ոտքերիդ տակ
մրջյուններ են` կոմունիստաբար աշխատող-
չեն նստում նրանք ասֆալտին տաք,
զբաղված են խիստ-
զարգացնում են տեմպերը հարվածային`
ավարտելու օրը ժամկետից շուտ:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀՌԵՏՈՐՆԵՐԸ
… օ՜, կիսանդրիներ խոսկան`
ԱԺ-ի բարձր ամբիոնի պատվանդանին
ավա՜ղ փառացս անցավորիս
փոխնիփոխե դրվող:

ՀՈԲԻ ԳԻՐՔԸ
Աստված փորձում է մարդուն
դժբախտության, տառապանքի մեջ,
երջանկության մեջ,
զրկանքի, վայելքի, փառքի մեջ:

Սպասում եմ` ինձ
հարստության մեջ փորձի:

ԾՆՆԴՅԱՆՍ ՕՐԸ
Երեկ իմ ծննդյան
համաշխարհային օրն էր-
տղաս զանգահարեց Միացյալ Նահանգներից,
աղջիկս` Միացյալ Թագավորությունից,
եղբայրս, քույրս` Միացյալ Էմիրաթներից-
ի՜նչ էլ երկրներով ենք բաժանված` «Միացյա՜լ»:

Այսօր Տավուշից զանգահարեց
մանկության ընկերս. «Կներես,- ասաց,-
ուշացումով եմ շնորհավորում,
մտածեցի` Հայաստանում չես»:

ՀԵՔԻԱԹԻ ՎԵՐՋԸ
Խաչմերուկի իմաստուն ծերունին և
թագավորի տղան
դուրս եկան հեքիաթի միջից
և մտան աշխարհը իրական,
ման եկան դես,
ման եկան դեն,
մթնում էր` վերադառնալու էին արդեն,
որ տատը կարողանա իր հեքիաթը պատմել,
տեսան` հավքը հազարան,
որ յոթ սարից այն կողմ էր լինելու,-
հրեղե՜ն, ոսկեփետո՜ւր, վսե՜մ,
հիմա փետրահան, մեղկ ու նսեմ`
կուտ էր ուտում շուկայի
ծախու հավերին խառնված:

Այստեղ թագավորի տղան մատը կծեց`
տեսնելով հավքը ուր է հասել,
ծերունին ուզում էր հավքին մի բան ասել,
բայց խոսքը կտուրը գցեց
և դարձավ թագավորի տղային, ասաց.
-Վերջ, էլ չկա հավքը հազարան,
հազարան հավքը չկա` հեքիաթը չկա,
աշխարհում հեքիաթը պրծա՜վ,
գնանք, թագավորի տղա, գնանք,
այստեղ, մի կանգառ ներքև,
խաչմերուկ կա, նստենք մի քիչ,
խմելու բան ճանապարհին կվերցնենք:

ՀԵՌԱՎՈՐ ՉՎԵՐԹԻ ՈՒՂԵՎՈՐԸ
Օդանավակայան
ծաղիկներով չեն եկել հրաժեշտ տալու-
սա քո վերջի՜ն
ճանապարհը չէ ուրեմն:

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՌԵՐԸ
Կան բառեր`
բերաններում մեր
տեղապտույտ տալիս,
ինչքան լեզվով հրում`
դուրս չեն գալիս:

Չասվող դառը ճշմարտության
բառերն են դրանք,
կարկամած, վեհերոտ, զգուշավոր-
ստիպված` կուլ ենք տալիս:

ՀԻՆ ԸՆԿԵՐՈՒՀԻՆԵՐ
Քշեք ամպերը-
մոլորվել են նրանք ձեր մազերի մեջ,
ճերմակա՜ծ տիկիններ,

թռցրեք թռչուններին-
փախցրել են կրակ հայացքները ձեր աչքերի`
անթեղելով ակնոցների տակ
տարիների կայծերը մարմրող,

թափ տվեք քամիներին-
տարել են բույրերը ձեր
ծաղկած լորենուն` հարսի սպիտակ քողով,
վարդերին` գեղեցկությունից շառագունած,
փշատենու պտուկներին նորաբողբոջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։