Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

«ՄԻՍՏԵՐԻԱ»

Կարողություն տուր դիմանալու

Աստղային տարվա տևողությամբ`

Սպասումից երկար չընկճվելու,

Եվ անհնարինը համառ ցանկալ:

 

Լուսագալներին ամեն անգամ

Օրհներգությամբ քեզ դիմավորել,

Ակնկալությամբ, որ շիջմանդ

Ակնածությամբ նույն կողդ լինեմ:

 

Երկրային անփակ ցանկություններ

Ներհուն իմաստնությամբ ապրել անճիգ,

Գայթակղությանը տրվել սիրո`

Պաշար անելով ներում ու խինդ:

 

Ցողվել ցոլանքիդ ամեն կայծով

Քո անձրևումին արեգնափայլ,

Սրտիցս վտարել խանդ ու կսկիծ,

Չապրել այլևս ոչ մի կասկած:

 

Չվերապրել անցյալ ոչ մի դրվագ,

Որ հուսաթափ ինձ վիհն է ձգել,

Քեզնից արձակված լույսը պայծառ

Մթանը պարզել կերոնի տեղ:

 

Մաշկս ընծայել Քո այրումին,

Հրդեհումիդ մեջ ընկողմանալ,

Ոնց երդմնակալ այն քրմուհին,

Որ նվիրվեց Քեզ զոհողությամբ…

 

Կարողություն տուր դիմանալու

Աստղային տարվա տևողությամբ`

Սպասումից երկար չընկճվելու,

Եվ անհնարինը համառ ցանկալ…

 

***

Պահպանիր սիրուց լիացածներից

Եվ ճոխությունից գոհացածներից,

Անկուշտ աչքերով հետևորդներից,

Սեղանիս հացից խռովվածներից:

 

Պահպանիր անկուշտ ունևորներից,

Չունևորների ատելությունից,

Հանդարտությունից լուռ լքվածների,

Որ պիտի մի օր աղմուկով ժայթքի:

 

Պահպանիր խանդից փայփայվածների,

Ինքնագոհների թունոտ հայացքից,

Սիրազուրկների մութ խարդավանքից,

Ամբոխված մուժի դաժան վրեժից:

 

Եվ հուդայակերպ համբույրից զատիր

Շրթունքիս դաջվող հպումը կարոտ,

Մի՛ թող, որ խաբվեմ ամբոխի ծափին`

Նա՛, որ կխաչի, թե լինի կարող:

 

Ինձ մի՛ քնեցրու կուրությամբ հույսի,

Մի՛ բեկիր հոգիս դառը արթնությամբ,

Ականջս գոցիր  ամբոխի կոչին`

Հաղթության պահի հաշիշով արբած:

 

Փորձությամբ այլոց խորթ հավատքների

Իմ հավատավոր սիրտը մի՛ քննիր,

Անմեղները միշտ անապատում են`

Խոցոտված հոգով և մարմնին` վերքեր…

 

Ի՜ՆՉ ԱՆԵԼՈՒԹՅԱՆ

ԾԱՂԻԿ ԷՐ ԲԱՑՎԵԼ…

Նա, որ հռչակվեց հավատաքննիչ`

Հեգ մարմինները խարույկին տալով,

Պիտի կործանվեր ամբոխի կողմից`

Ոտնակոխ տալու դաժան կտտանքով:

 

Որքա՜ն սերունդներ խաչին չարչարվել,

Դատապարտվել են հեռու աքսորի`

Կեղծ մատնագրությամբ…

Հետո ո՞վ դատեց

Հույժ արդարությամբ այդ մատնիչներին:

 

Մի գիշերվա մեջ անինչք, կիսամերկ,

Փակ վագոններով որքա՜նն են քշվել.

Մտավոր այրեր, մայր, մանուկ ու ծեր

Դեպի Մագադան` մահվան ճամբարներ:

 

Ի՜նչ անելության ծաղիկ էր բացվել

Աքսորականի խեղճ կացարանում,

Որ սովահարը հաց կորզելու տեղ

Ամենագութից սեր էր հայթայթում:

 

Թող իրավունքը մնա Վերինին`

Թողություն տալու, նաև ներումի,

Ես չեմ մոռանա տանջանքը նախնուս,

Անթաղ ոսկրերքը բյուր-հազարների:

 

Նրանց, որ ոսկու մահաբեր հանքում

Հաշմվում էին ու խեղվում մեկ-մեկ,

Սառչում ցրտերին և գանակոծվում,

Եվ ձորն էր նետվում դիերը նրանց:

 

Ո՜վ պիտի սերունդն այդ հիշատակի,

Երբ հիշողությամբ արդ չեն տառապում,

Ո՜վ հանդես կգա հավատաքննիչ,

Եվ մատնագրության ո՞վ է պատրաստվում:

 

ՍՈՒՐԲ ԼՈՐԵՆՑՈ. 258. ՀՌՈՄ

(Բերնինիի «Սուրբ

Լորենցոյի այրումը» քանդակը)

 

…Եվ կրակներին տրված

մարմինը անուշաբուրեց,

Ոնց նարդոսաբույր քրտինքներն էին

գամված Միածնի,

Խարույկը ելավ յոթն նախավկա

սարկավագներից,

Եվ կրակներին տրված մարմինը

անուշաբուրեց:

 

Մահով գոհացող խառնամբոխից վեր

ծխով բուրվառեց`

Իր վերջին խոսքով հառաչեց` Հա՜յր իմ,

Հիսուս կենդանի…

Եվ կրակներին տրված մարմինը

անուշաբուրեց,

Ոնց նարդոսաբույր քրտինքներն էին

գամված Միածնի…

 

ԿԱՊՏԱՄՈԽԻՐ ՔՈ ԲԻԲԵՐԻ ԳՈՒՅՆ ՇԱՓՅՈՒՂԵ

«Նոր շարական» շարքից

 

Կապտամոխիր քո բիբերի

գույն շափյուղե

Լուսարձակե իմ օրերի մայրամուտին,

Ոչ ոք հոգուս արահետին քայլ չի արել

Այդպես զգույշ,

ընթերցումով մունջ ու նրբին:

 

Աջ ու ահյակ հղում էի հրաժեշտներ,

Եվ մոռացման ցավը

կանխավ ճաշակեցի,

Ո՛չ արձագանք եղավ, սակայն,

իմ կանչերին,

Միայն ունկդ լսեց թաքուն դող ու թրթիռ:

 

Արդ քիչ առ քիչ թեքվում եմ

ես դեպ արևմուտ`

Ըմբոշխներով ամեն պահի

հրճվանք ու ցավ,

Իմ մեջ առած քո բիբերի

գույն շափյուղե,

Քո արձակած եղանակներ`

ինձ քնարան…

 

Մաեստրո Սեդրակ Երկանյանին

Իբրև նորահաս աշակերտ,

որ կբարբառի անվստահ

Եվ կկարկամի զարմանքով ու

հիացմամբ ամեն մի շարժիդ,

Ամեն հնչմանդ վերերկրային`

հովվերգությամբ սրնգահաճ,

Վերհառնումի խորհրդով ու

անդորրավետ ամեն նվագիդ,

Ընթացքիդ, որ համեմատ է ջրերի վրա

անմակույկ քայլքի,

Խոհուն լռությանդ և ձայնարկմանդ

հնգերիզված գաղտնագրությանը,

Կվայելեմ բարբառդ` հոգեմուխ և

գերազանց արվեստով,

Երակներիս մեջ կառնեմ բջջանյութը

բառահյուսքիդ

Եվ կառանձնանամ մնջորեն`

Հասու լինելու անխոսությանդ պահերի

իմաստնությանը,

Ինձ պաշար անելով նեկտարը

շուրթիցդ ելածի`

Որպես փեթակներում պաշար արվող

անարատ մեղրանյութ…

 

Իբրև անվարժ ու

անփորձառու կվարանեմ

Կառուցածդ տաճարի

շեմասյուների առջև,

Եվ ոսկրերքս կօծվեն իմովսաններով`

դաշնակներից ելած,

Ալպիական հովտաշուշաններով

բուրվառող մշուշների

խորհրդավորությամբ,

Խռովված ծովերի ալեծփումով և

արքայական մուտքի

հանդիսավորությամբ,

Հերոսականից մինչև անտես

ոգորումներ, որոնց

թարգմանության մեջ

Միակը պիտի ճանաչվես նրանց կողմից,

ում հայրերը

Վաստակդ անտեսել էին և շրջանցել

անհոգությամբ.

 

Արդ գրիչս գույներիդ

զորությունը կչափի,

Կառանձնացնի մաշկը կատարմանդ`

ներսդ նայելու համար,

Կեղևների ներքո կփնտրի հոգուդ

բովանդակությունը,

Հոգեխույզ կդեգերի` հետադարձի

արահետների մոռացմամբ,

Կգնա անիմանալիի ճանաչմանը,

ոնց լույսն են առնում բիբերի մեջ,

Ոնց համտեսում են պատարագի վերջ

ընծա հաց-գինին,

Ոնց ըմբոշխնում են նվագներիդ

ուրցաբույր հունչը…

 

One thought on “Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

  1. Հասմիկ Սարգսյանի պոեզիան պսպուղ է բյուրեղի պես, քարից կաթող ջրի պես զուլալ է. ով բռան մեջ կաթ-կաթ հավաքի ու խմի, հոգին կնորոգի, կբժշկվի սրտով ու մտքով, կփարատվի մարդեղենի ախտերից, մաս- մաքուր կնայի աշխարհին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։