***
Ես ճգնարանում չեմ առանձնացել՝
հայացքըս հառած անձավի մգլոտ
մամռած պատերին,
չեմ եղել փակված
զովության գոլում,
որ աղոթքներիս ձայնը բարբառեմ
մենարանիս նեղ
լուսանցքից ընկնող
լույսը ցանցելու՝
և տիեզերքը բացեմ ձեր առաջ…
Ինձ ժամանակի նավերը բերել՝
կայան են տվել օրերում ներկա,
երբ միտքը մարդու
լույսով Արարչի կայծ գտած նորոգ՝
խելահեղորեն ցանցում է բաներ,
որոնք ցնցում են պատկերը հոգու.-
………………………………………………
Ո՜ւր էր, թե հիմա տասներորդ դարի
հայ վարդապետի
տաղը երգեին այրերը ոգու՝
երբ Վարդավառի
վարդը բարբառեր…
– Ես, քաղաքային
առուփախ տեսած,
ես՝ լլկվածըս դեռ,
որ պղծությունը չառավ շուրթերին՝
երբ սոդոմական մեղքերի վրա
խանդավառվողներ տեսավ
իր առաջ
ու տեսավ ցանցեր,-
կարողացավ դեռ ավելի հստակ
տեսնել արդարին նույն
սոդոմի մեջ,-
ես,- աղոթքներըս գրել եմ
բոլոր փորձանքների մեջ,
փորձության պահին… ու
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱ՜Ն,
քանզի վերջինիս բեռը ավելի
մեծ է բոլորից,-
փորձություն, որով
անցնում եմ անվերջ,
նորից ու նորից,
որին դիպչում եմ ու չեմ սասանում…
Ես իմ հոգու՝ մեն
առանձնության մեջ՝
երկնքին նայող բաց մենարանում,
որ մենարան չէ,
որ պատեր չունի ու դուռ է բացված,
որ տանիք ունի,- ահա և Աստվա՛ծ,-
նստում…
ու նորից աղոթք եմ գրում…
Շնորհակալ եմ, Տե՜ր, իմ չխնդրածի
ու քո տվածի շատության համար…
Քեզ՝ Գոհությունը
Գոհ-Ար զավակիդ,
Անչա՜փ, անսահմա՜ն Գոհությունըս մեծ,
Տե՜ր, փրկության դուռ՝
ամեն դրության,
Հա՜յր, Որդի՜ և Մա՛յր,-
Արարիչ իմ Տե՜ր…
Բարձր, հրաշալի, պոեզիա՝ իր ասելիքով, լեզվի գեղեցկությամբ, արտահայտչական ձևերով…..