ԵՐԲ ՄՈՒՍԱՆԵՐԸ ՉԵՆ ԼՌՈՒՄ / Գագիկ Դավթյան

Գագիկ ԴավթյանՏպավորություններ գրողների բելգրադյան համաժողովից՝ ակամա շեղումներով

Սեպտեմբերի 19-25-ը Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի բարձր հովանու ներքո Բելգրադում կայացավ գրողների միջազգային հերթական համաժողովը, աշխարհի շուրջ 30 երկրների ավելի քան 40 գրողների մասնակցությամբ: Հայաստանը ներկայացնում էին բանաստեղծ Գագիկ Դավթյանը և Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը:

Մինչ մենք վերջապես պոեզիայի մեր առաջին (հուսանք՝ ոչ վերջին) փառատոներն անցկացրինք Արցախում և Հայաստանում, բելգրադյան հեղինակավոր այս համաժողովը, 1964-ից ի վեր, կայացավ 50-րդ անգամ անընդմեջ, ասես յուրովի խմբագրելով թևավոր այն խոսքը, թե «երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են»: Նաև վկայելով, թե արհավիրքներից տակավին չսթափված պետությունը որքան բարձր է արժևորում գրողի գործը և գրականության դերն առհասարակ (ասեմ միայն, որ այս երկրում տարեց գրողի համար սահմանված է 500 եվրո Ազգային թոշակ):
Անցած կես դարում սերբական երկինքը պատառոտեցին ոչ միայն գետնաքարշ թնդանոթները: Եվ սակայն համաժողովի ժամանակացույցը զորու չեղան խախտել ո՛չ Ֆեդերատիվ Հարավսլավիայի կազմալուծման արյունոտ տարիները, երբ ծաղկուն պետության ավերակների վրա անկախություն հռչակեցին Բոսնիա-Հերցեգովինան, Մակեդոնիան, Սլովենիան, Խորվաթիան, ապա Սերբիայից պոկեցին նաև արյունակից Չեռնոգորիան, ոչ էլ անգամ սահմռկելի 1999-ը, երբ «անխտրական արդարության» դրոշի ներքո, աշխարհի հզորների «բարի կամքի թելադրանքով», ՆԱՏՕ-ի օդուժը 80 օր շարունակ մեթոդաբար ռմբահարում էր Սերբիայի խաղաղ բնակավայրերը՝ մայրաքաղաքով հանդերձ: Երկիրն ավերվում էր իր բնօրրանում մարդավայել ապրելու իրավունքի համար մահմեդական սանձարձակությունների դեմ ըմբոստացած ժողովրդին «զսպելու» պատրվակով, այն պիտակավորելով որպես սերբերի կողմից իրականացվող «էթնիկական զտումների գործընթաց»:
Աներևակայելի սառնասրտությամբ իրականացված պատժիչ գործողությունները ծրագրված էին ամենայն մանրամասնությամբ՝ թե՛ ժամանակային, թե՛ թիրախների ընտրության առումով: Ապշեցուցիչ են սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչի դիտարկումները. «Գերարդիական կործանիչները Բելգրադի երկնքում հայտնվեցին մարտի 24-ին, երբ մեր եկեղեցին նշում էր Քրիստոսի Խաչելության օրը և հեռացան հունիսի 10-ին (եկեղեցու օրացույցով մայիսի 29-ին)՝ թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը գրավելու, Բյուզանդիայի կործանման և Կոստանդին 9-րդ սերբ կայսեր նահատակության տարեդարձի օրը: Ճշգրիտ նշանառությամբ զատկական ռմբանետումների առաջին թիրախները դարձան Պաշտպանության, Ներքին և Արտաքին գործոց նախարարությունների շենքերը, հեռուստակենտրոնն ու Ավալայի բարձունքի հեռուստաաշտարակը… Հետագա օրերին երկրի վրա նետվել է 10 հազար ռումբ»:
Դժոխային այն օրերը պատկերագրելու համար հարկ չկա դիմելու որևէ մեկի օգնությանը: Ռադիոակտիվ փոշին ներծծած ավերակները Բելգրադի սրտում առավել քան պերճախոս են: Դրանցից և ոչ մեկը առայսօր չի վերականգնված: Եվ ոչ էլ մաքրված է: Կառուցվել են նորերը, իսկ փլատակները «կանգուն» են՝ որպես անդրօվկիանյան «մարդասիրական» բարբարոսության «հուշարձաններ»՝ ի տես Բելգրադի յուրաքանչյուր այցելուի: Ի դեպ, այս ավերակների հարևանությամբ է գտնվում ԱՄՆ դեսպանատան կատարելապես անվնաս մնացած նախկին շենքը: Դեսպանությունը տեղափոխվել է նոր նստավայր, իսկ խլաբար փակ դռներով ու ցանցապատ պատուհաններով շքեղ կառույցի ճակատին շողշողացող պաստառը ճչում է. «SALE»: Տարիներն անցնում են, իսկ գնորդ այդպես էլ չկա ու չկա:
Մեծ երևակայություն պետք չէ նաև պատկերացնելու համար, թե 780 հազար սերբերի բռնի տեղահանություններից մազապուրծ խլյակները ինչպիսի անմարդկային պայմաններում են գոյատևում այսօր Կոսովոյի սերբական անկլավներում: Բելգրադում շրջելիս ուշադրությունս գրավեց քաղաքով մեկ սփռված մի շրջաբերական, որով Ուսանողների ընկերակցությունը, սուրբ Իրինեյ պատրիարքի օրհնությամբ, երկօրյա հերթական ուխտագնացության էր հրավիրում դեպի Կոսմետի (Կոսովո-Մետոխիա) սրբավայրեր ու անկլավներ, քաղաքացիներին հորդորելով վերցնել ով ինչ կարող է՝ ալյուր, շաքար, աղ, յուղ, մրգեր, բանջարեղեն, պահածոներ, տաք հագուստ, լվացքի փոշիներ, օճառ, փող… ծանուցելով նաև, որ անվճար ավտոբուսային շարասյուների անվտանգությունը կապահովեն ոստիկանական ուժերը, նաև զգուշացնելով զերծ մնալ ալբանացիների հավանական սադրանքներից:
«Ահա այսպես,- ասում է Լյուբիցան,- հայրենի տանը կուզեկուզ, հայրենակիցներին մարդասիրական օգնություն է հասցվում, հաճախ՝ այլադավանների կրակահերթերի տարափի տակ; Եվ այսպես, սկսած 1999-ից, երբ Կոսմետն անցավ ՄԱԿ-ի հովանու ներքո, ապա ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի դաշինքը կամայականորեն հռչակեցին նաև Կոսովոյի անկախությունը՝ երբ «էթնիկական զտումների» մեջ մեղադրվող սերբերիս ի վնաս, արդեն իսկ արմատապես փոխվել էր ժողովրդագրական պատկերը մի երկրամասի, որ օրրանն է մեր պետականության, որտեղ օծվել են մեր բոլոր պատրիարքները: ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության տարիներին այստեղ հրդեհվել ու ոչնչացվել են միջնադարյան 34 հուշարձաններ, պղծվել 150 վանքեր, եկեղեցիներ, մենաստաններ, այդ թվում՝ Աստվածամոր Լևիշկա տաճարը, Դեչանի և Գրաչանիցա վանական համալիրներն ու Պեչի պատրիարքարանը, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում»:
Հինգ դար շարունակ սուլթանական Թուրքիայի վայրագություններից արյունաքամ այս ժողովրդին դարձյալ պատուհասած ճակատագրական տարիներին համաժողովը հյուրընկալել է ավելի քան 2000 գրողների, այդ թվում խոսքի այնպիսի տիրակալների, ինչպիսիք են Էդուարդաս Մեժելայտիսը, Վասիլի Ակսյոնովը, Գյունտեր Գրասը, Էդուարդո Սանգվինետտին, Անդրե Ֆրենոն, Թադեուշ Ռուժևիչը, Ջոն Ապդայկը, Խորխե Լյոսան, Ալեն Գինզբերգը, Իոսիֆ Բրոդսկին… Բոլորին չես թվարկի: Բավական է նշել, որ այս համաժողովին մասնակցել են պատվիրակներ մոլորակի գրեթե բոլոր պետություններից:
Ներկայանալի գրականություն չունեցող չնչին բացառությունների շարքում իր «պատվավոր» տեղն է զբաղեցնում Ադրբեջանը: Եվ ահա, 50 տարիների ընթացքում առաջին անգամը լինելով, այս համաժողովին ինքն իրեն պատվիրակել էր Ադրբեջանի ԳՄ նախագահ, հայերիս քաջածանոթ, Սումգայիթի եղեռնագործության օրերին մեզ մազոխիստ անվանած Անարը, ում առաջին գործը եղավ այստեղ մեկ-երկու տարի առաջ կանգնեցված Հեյդար Ալիևի արձանին ծաղկեպսակ դնելը, արձանի որդու՝ Իլհամի «ընտրությանն ընդառաջ»: Բայց ոչ միայն սա: Նա դեռ պիտի ելույթներում «արցունք թափեր» առ այն, թե «հայերը օկուպացրել են իր երկրի 20 տոկոսը», ապա պիտի ասեր, որ սերբերն ու ազերիները ոչ ավել, ոչ պակաս «բախտակից ու հոգեհարազատ ժողովուրդներ են», որ Ադրբեջանը «ազատ կամարտահայտության և ժողովրդավարության երկիր է», մոռանալով, որ ինքը գրողների շրջապատում է և նրանց մեջ՝ Ադրբեջանում «persona non grata» հայտարարված բուլղար բանաստեղծ Ռոման Կիսյովը և Լյուբիցա Միլետիչը՝ Արցախի Պոեզիայի փառատոնին մասնակցելու համար: Եվ դարձյալ ոչ միայն սա: Անարը մոռացավ ասել նաև, որ նավթադոլարներով սալիկապատված Բելգրադի Դաշմայդան զբոսայգին, որտեղ խրոխտ կեցվածքով քմծիծաղում է «Ադրբեջանի ազգային լիդերը», թուրքական տիրապետության տարիներին մորթված սերբերի գերեզմանատունն է՝ Դուշան արքայի մասունքները, Ալեքսանդր Օբրենովիչ թագավորի և Դրագա թագուհու աճյուններն ամփոփող սուրբ Մարկոսի տաճարով, ռուսական սուրբ Երրորդություն եկեղեցի-վանատնով, 1999-ին նահատակված 16 հեռուստալրագրողների համեստ հուշաքարով և զոհված հազարավոր մանուկների մարմարակերտ հուշախաչքարով՝ որ ունի ցնցող մակագրություն՝ «Իսկ մենք մանուկներ էինք»: Ահա այսպիսի կարճամիտ ու կարծրամիտ Անար, ում առաջին անգամ տեսել եմ 27 տարի առաջ, ԽՍՀՄ գրողների վերջինը դարձած համագումարի օրերին, մեր ավագների ետևից քարշ գալիս, երբ մենք «եղբայր ժողովուրդների միասնական ընտանիքի զավակներ» էինք հորջորջվում…
Խորհրդային տարիներին այս համաժողովներին մասնակցել են նաև մերոնք (Վարդգես Պետրոսյան, Արամ Գրիգորյան, Դորա Եսայան), նաև հայազգի և հայկական արմատներով օտարագիրներ (Սերգեյ Մնացականյան, Լեոնիդ Տերակոպյան, Օլեգ Շեստինսկի, Պյոտր Վեգին), դիվանագետ-սերբագետ, այսօրվա մեր փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով անկախ Հայաստանի առաջին ներկայացուցիչը եղավ Բաբկեն Սիմոնյանի հետ միասին: Վերջինս հետագա 20 տարիներին կայացած հանդիպումների (նաև թարգմանիչների համաժողովների) միակ բազմակի մասնակիցն է, Սերբիայի գրական շրջաններում հայտնի անուն, ում լեզվիմացությունը և կապեր հաստատելու ունակությունները ընդգծելով հանդերձ, չեմ կարող չասել, որ նույնիսկ ամենաամուր կամուրջները (իսկ գրական կամուրջները առավել ևս) արագորեն ծածկվում են մոլախոտով, սպառնալով դրանց փլուզմանը, եթե սակավ է երթևեկը: Խոսքն այն մասին է, որ սերբ ընթերցողը բոլորովին կամ գրեթե բոլորովին պատկերացում չունի մեր օրերի հայ գրականության իրական մակարդակի մասին: Ասածս Բ. Սիմոնյանին թերևս ավելի քիչ է վերաբերում, քան մեր գրողների միությանը, մանավանդ որ սերբական կողմը պատրաստակամ է կյանքի կոչելու մեր կողմից արվելիք յուրաքանչյուր կառուցողական առաջարկ: Համենայնդեպս, ես այդ համոզմանը եկա Լյուբիցայի նախաձեռնությամբ և ներկայությամբ ԳՄ նախագահ, բանաստեղծ Ռադոմիր Անդրիչի հետ ունեցած զրույցի ընթացքում՝ սուրճի և մի-մի բաժակ ռակիայի մտերմիկ սեղանի շուրջ:
Առավել քան խոսուն են համաժողովի տարբեր տարիների օրակարգերը՝ մեկը մյուսից արդիական ու թեմատիկ առումով հրատապ՝ նաև մեր օրերում և մեզ համար: Հիշատակեմ մի քանիսը միայն. «Ստեղծագործության ոգին դիմակայության ոգին է», «Այն, ինչին հավատում ենք», «Գրականության հաղթանակը մարդկայնության հաղթանակն է», «Ավանգարդի ճակատագիրը. Փորձարարություն և ձեռքբերումներ», «Գրողը նորօրյա բարբարոսության փորձության առաջ», «Գրականության զորությունն ու անզորությունը», «Գրականությունն ու վտարանդիությունը», «Գրականությունն ու տեղահանությունը», «Գրականությունն ու բռնությունը», «Պոեզիան ճիչից մինչև աղոթք»… Ընդամենը օրակարգային բանաձևումներ, բայց որքան շատ բան են ասում դրանք թե՛ համաժողովների փոթորկուն մթնոլորտի, թե՛ ընդհանրապես Սերբիայի գրողների միության անդադրում, հետևողական ու նպատակամետ աշխատանքի մասին: Հիացմունքի արժանի աշխատանքի:
Այս տարի համաժողովն անցավ «Պոեզիան և պատմությունը» կարգախոսով: Այս խորագրով հրատարակվել էր անթոլոգիա՝ մասնակիցների մեկական բանաստեղծությամբ (մայրենիով և սերբերենով), համառոտ կենսագրականներով ու լուսանկարներով: Ավանդական «Добродошлица»-յի (Բարի գալստյան) սրտառուչ արարողության հաջորդ օրը բացման հանդեսը կայացավ Նոր Բելգրադում՝ բազմագործառույթ շքեղ մի համալիրում, որ կրում է Սերբիայի ամենանշանավոր լուսավորիչներից մեկի, սերբական եկեղեցու հիմնադիր և առաջին արքեպիսկոպոս Սավայի (1175-1235) անունը: Ի դեպ, կենդանության օրոք արված նրա միակ որմնանկարն այսօր էլ կա Միլեշևա վանքում, իսկ ահա, այստեղ ամփոփված նրա մասունքները, վախճանից 314 տարի անց, թուրքերը տեղափոխել են Բելգրադ և հրկիզել Վրաչար թաղամասում: Հրկիզման վայրում, սկսած 1935-ից, կառուցվում է և այսօր ներքին հարդարման ու պատկերազարդման փուլում է սերբերի մեծագույն այս սրբի մարմարիոնե տաճարը՝ Կոստանդնուպոլսի սուրբ Իմաստության տաճարի պատկերով ու նմանողությամբ: Հատկանշական է, որ 1999-ի սև գարնանը, սուրբ Պողոս պատրիարքի հորդորով տաճարի շուրջն ապաստանած հարյուր հազարավորներից և ոչ մեկի մազը չծռվեց… Տաճարից ճառագող լույսի դեմ անզոր էր երկնքից թափվող կրակը…
Համաժողովի ծրագիրը հագեցած էր այնքան, որ մի քանի կես պիտի դառնայիր բոլոր միջոցառումների եթե ոչ մասնակիցը, ապա գոնե ունկնդիրը լինելու համար; Բանավիճային ամբիոններ, հանդիպումներ մշակութային և ուսումնական հաստատություններում, գրական ընթերցումների ցերեկույթ-երեկույթներ, թեմատիկ քննարկումներ, տարալեզու անթոլոգիաների և թարգմանական ժողովածուների շնորհանդեսներ… Եվ այս ամենը երկու օրում; Հաջորդ երկու օրերը նախատեսված էին երկրում շրջագայելու համար: Իսկ Բելգրադի Ազգային թատրոնում համաժողովի ավարտի հանդեսը կայացավ երկրում գործող գրեթե բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ՝ անձամբ դեսպանների մակարդակով, որոնց շնորհակալագրեր հանձնվեցին՝ գրողների ներկայությունն ապահովելու համար: Շնորհակալագրերի արժանացան նաև գրողները: Մեզ անհայտ պատճառով արարողությանը ներկա չէր Հայաստանի պատվո հյուպատոսը: Իսկ ահա Անարը բոլոր օրերին շրջում էր նկարահանման սարքերով զինված Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների ուղեկցությամբ, որոնցից թիզուկես մեկը, միջոցառումների ժամանակ անընդհատ հնչեցնում էր հանգուցյալ Ռասուլ Ռզայի մուղամը՝ այն ներկայացնելով որպես «պրելյուդիա», և, իհարկե, արժանանալով Անար Ռասուլ օղլու բուռն ծափահարություններին: Ի միջի այլ բաների ասեմ նաև, որ ինքը՝ Անարը, «Պոեզիան և պատմությունը երկլեզու անթոլոգիայում ներկայացված է «Рассказ гардеробщицы» վերնագրով մեկ էջանոց անհեթեթ մի տեքստով և այն էլ՝ միայն ռուսերեն: Ահա այսպիսի զավեշտալի Անար…
Յուրաքանչյուր գրող ուներ միջոցառումների իր ժամանակացույցը: Ես հանդես եկա ԳՄ դահլիճում կայացած պոեզիայի ցերեկույթին, «Պոեզիան հանուն խաղաղության» խորագրով հանդիպմանը՝ Բոժիդար Աջիայի անվան ժողովրդական համալսարանում, հոգևոր պոեզիայի հանդիսությանը՝ Ռակովիցա վանական համալիրում, որտեղ ամփոփված է երջանկահիշատակ սուրբ Պողոս պատրիարքի աճյունը: Բոլոր այս միջոցառումներին իմ կողքին էր Լյուբիցա Միլետիչը, ով բանաստեղծություններս ներկայացնում էր իր թարգմանությամբ: Ի դեպ, համալսարանի հանդիպումը, որին Ամերիկայի, Չինաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի, Թուրքիայի պատվիրակների հետ մասնակցում էր նաև Անարը, անցավ նախագահության սեղանը զարդարող եռագույն ծաղիկներից հյուսված Հայաստանի դրոշի ներքո: Հատուկ Անարի համար պատրաստված «հաճելի» անակնկալի հեղինակը Լյուբիցա Միլետիչն էր: Հասկացա՞վ, արդյոք, Բաբկենի, իմ և Լյուբիցայի ելույթներից պայթելու աստիճան ուռած ծերուկը ծաղկեփնջի խորհուրդը, դժվար է ասել: Համենայնդեպս, նա միակն էր մասնակիցներից, ով հրաժարվեց խոսքից: Ահա այսպիսի համբուրելի քույր ունենք հայերս Բելգրադում, ով պատրաստվում է հրատարակել բացառապես Հայաստանով ու հայկականությամբ համակված իր բանաստեղծությունների նոր գիրքը, իսկ սքանչելի ուղեգրությունը՝ «Հայացք Արարատին» և «Արարատ և Ղարաբաղ» ենթախորագրերով, արդեն իսկ սերբ ընթերցողի սեղանին է:
Երկրում շրջագայության ծրագրով թերևս ամենաերկար և ամենահետաքրքիր երթուղին բաժին էր հասել չեռնոգորցի բանաստեղծ Միլուտին Միչովիչին և ինձ: Իմ այդ օրվա թարգմանչի և անզուգական ուղեկցի հետ ավելի քան 250 կմ ճանապարհ պիտի կտրեինք՝ ելույթ ունենալու համար Ալեքսանդրովաց փոքրիկ քաղաքում, որ երկրի հարավի գինեգործական խոշոր շրջաններից մեկի կենտրոնն է: Հասանք կեսօրն անց: Դադարեցված էր մեքենաների երթևեկը: Ինձ համար արտասովոր անվանումներով՝ Գինու և Գինեգործների փողոցներով դեպի Գինու հրապարակ էր ընթանում մարդկանց անվերջանալի թվացող հոսանքը; Գինու տոն էր: Ավանդական տոն՝ ծով բազմությամբ, հսկայական բեմահարթակից հնչող երաժշտությամբ, երգ ու պարի համույթների կատարումներով, բանաստեղծությամբ, ազգային խաղերի և զվարճալի սկետչների բեմադրություններով, փողոցների երկայնքով ձգվող ժողստեղծագործության այլազան նմուշների ցուցահանդեսներով, ամեն քայլափոխի համտեսի հրավիրող գինու կրպակներով, քաղաքով մեկ տարածված խորովածի բուրմունքով… Հրապարակի կենտրոնում Ողկույզի արծաթազօծ արձանն էր, որից շատրվանող կարմիր անապակ գինին հանդարտվում էր տասնյակ տոննաների տարողությամբ արծնապատ ավազանում, որը կավե կուլաներով դատարկելու էին կոչված ազգային տարազով զմայլելի մատռվակուհիները՝ միջօրեից մինչև ուշ երեկո: Կատարյալ վաքխանալիա, սակայն ո՛չ մի երերացող: Քաղաքն ասես մի ընտանիք լիներ:
Սերբիայի ԳՄ հրավերից զատ ես ունեի նաև Լյուբիցա Միլետիչի մասնավոր հրավերը և հնարավորություն ունեցա համաժողովի շրջանակներից դուրս երկրում լինել ևս մեկ ոչ պակաս բովանդակալից շաբաթ, Բ. Սիմոնյանի սինխրոն թարգմանությամբ գնահատանքի խոսք ասել բանաստեղծուհու Արցախում և Հայաստանում հրատարակված գրքերի շնորհանդեսին, վայելել հյուրընկալ տանտիրուհու և իր մերձավոր շրջապատի գուրգուրալից վերաբերմունքը: Եվ իհարկե, իր իսկ «զբոսավարությամբ» հիանալ վիրավոր Բելգրադի դարեր կամրջող ճարտարապետական կոթողներով, իմ մոմերի համեստ շողերը հավելել Աստծո տաճարներում ծավալվող լույսին, աղոթել ճակատագրով և հոգեկերտվածքով մեզ այնքան նման այս ժողովրդի խաղաղության և նվիրական երազանքների իրականացման համար:

Սուրբ Մարկոսի տաճարը Դաշմայդան զբոսայգում

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։