ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է թարգմանիչ, գրականագետ
ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ*
ԱԿՆԵՂԵՆԸ
Մերկացել էր թանկագին սիրուհին իմ գեղատես
և միմիայն զըրընգուն ակնեղենով էր պատված,
որի փայլից ու շուքից դարձել էր նա բարձր ու վես,
ինչպես հեռու անցյալում ստըրկուհիները մավրաց:
Մետաղների, քարերի աշխարհը այդ շողշողուն
երբ պարելիս, ծաղրաբար, աղաղակում է ուժգին,
ըսքանչանում է հոգիս, և կատաղանքն եմ սիրում
այդ իրերի, որոնց մեջ լույսն է ձուլվում հընչյունին:
Այդպես պառկել էր կաթոտ. համաձայն էր սիրվելուն
ու բազմոցի բարձունքից ուրախ ժըպտում էր ինձ նա,
երբ տեսնում էր սերը իմ՝ ծովի պես մեղմ ու անհուն,
որ ելնում էր դեպի նա, ինչպես ժայռին առափնյա:
Նա վարժեցրած վագրի պես՝ աչքը հառած իմ դեմքին,
տեսքով տարտամ, երազկոտ, դիրքն էր փոխում շարունակ,
և մաքրությունը նըրա՝ միացած իր տարփանքին,
կերպափոխմանը նըրա հաղորդում էր նոր հըմայք:
Նըրա ձեռքը և ծունկը, ազդրը և մեջքը բարակ՝
ասես յուղով փայլեցված, կարապի պես ալեկերպ,
անցնում էին իմ առջև, տեսնում էի ես հըստակ
ողկույզներն իր խաղողի՝ կըրծքերը և փորը մերկ.
դըրանք քընքուշ էին չար հրեշտակներից ավելի,
գալիս էին ջընջելու հոգուս անդորրը համակ
և նըրան ցած բերելու բյուրեղակերտ ժայռերից,
որտեղ հանգիստ ու խաղաղ նըստած էր նա միայնակ:
Տենչում էի ես տեսնել նոր պատկերում՝ իրար կից
Անտիոպյան ազդրերը և այդ կուրծքը կուսական.
այնպես էր կոնքն ընդգըծված նըրա շըքեղ իրանից:
Չըքնաղ էր այդ թըխաշեկ գունավորումը այնքան:
Եվ մահվան հետ հաշտըված, շունչը փըչող լամպը հեգ,
ինչպես կայծը միայնակ, լույս էր տալիս սենյակում,
ամեն անգամ, երբ որ այն արձակում էր հըրո հևք,
այդ սաթագույն մաշկի մեջ ալ արյուն էր ներարկում:
ՏԽՈՒՐ ՄԱԴՐԻԳԱԼ
Ինձ ի՛նչ, թե լինես դու ողջամիտ կին.
եղի՛ր չըքնաղ և եղի՛ր թախծալից.
հըմայք է տալիս արցունքը դեմքին,
ինչպես գետակը՝ բընապատկերին.
ջահելանում է ծաղկունքը հողմից:
Սիրում եմ քեզ, երբ բերկրանքն է փախչում
քո այդ հոգնաբեկ ճակատից մըռայլ,
երբ սիրտդ է սուզվում սարսափի լըճում,
երբ անցյալի սև ամպն է շառաչում՝
տարածվելով քո ներկայի վըրա:
Սիրում եմ քեզ, երբ արյունի պես տաք
ջուր են հեղում քո աչքերը խոշոր,
երբ, քեզ օրորող ձեռքիս հակառակ,
խոցում է, այրում քո վիշտը կըրակ՝
ինչպես մեռնողի խըռռոց ահավոր:
Ես շընչում եմ, օ՜, ի՛նչ հաճույք են վես
և ի՛նչ օրհներգ են՝ խոր, խորհըրդալից,
քո կըրծքի բոլոր ճիչերն աղեկեզ.
պայծառանում է քո սիրտը կարծես
աչքերիդ հեղած մարգարիտներից:
Ֆրանսերենից թարգմանությունը` Հենրիկ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ
* Ամբողջապես թարգմանվել և հրատարակության է պատրաստ Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» ժողովածուն:
Միջնադարագիտության նվիրյալը
Մեզանում միջնադարագիտությունը, ցավոք, սկսել է նահանջել, և այդ տագնապը փարատողներից մեկն էլ Հենրիկ Բախչինյան միջնադարագետն է` համեստ, աշխատասեր, տաղանդավոր գիտնականը, որի ապրած կյանքը և գիտական ժառանգությունը հայրենասիրության ուսանելի դաս է:
Նա քաջագիտակ է մեր ժողովրդի պատմության և գրականության: Իր գրքերում, բազմաթիվ հոդվածներում արտահայտվել են այն մեծ սերն ու նվիրումը, որ հանդես է բերել գիտության անխոնջ մշակը, ճշմարիտ մտավորականը և մարդասեր հայը: Բախչինյանը տպագրել է մեկ տասնյակից ավելի ուսումնասիրություններ, երկու տասնյակից ավելի բնագրեր, բազմաթիվ թարգմանություններ ֆրանսերենից և ռուսերենից, նրա խմբագրությամբ տպագրվել են շուրջ երեք տասնյակ գրքեր:
Բախչինյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը Գողթան երգերից ձգվում է մինչև Սայաթ-Նովա, սակայն առանցքային են Հովհաննես Դրասխանակերտցին, Գրիգոր Նարեկացին, Ֆրիկը, Կոստանդին և Հովհաննես Երզնկացիները, Պաղտասար Դպիրը և հատկապես Սայաթ-Նովան: Միջնադարագետ գիտնականը համակողմանի քննության է ենթարկել հայ միջնադարյան ձեռագրերի հիշատակարանները, բնութագրել հիշատակարանի ժանրային առանձնահատկությունները:
Պարույր Սևակից հետո Սայաթ-Նովայի մասին գրելն այնքան էլ հեշտ գործ չէր, սակայն Բախչինյանի «Սայաթ-Նովա» մենագրությունը, իսկապես, նոր խոսք է, մասնավորապես խաղերի արվեստի և տաղաչափության հարցերի բախչինյանական քննությունը այսօր էլ մնում է եզակի սայաթնովագիտության մեջ:
Բախչինյանը խնամքով կազմեց, առաջաբանով, ծանոթագրություններով, բառարանով հանդերձ 1984 թ. հրատարակեց Սայաթ-Նովայի հայերեն խաղերի ժողովածուն, 1987 թ. թուրքերեն և վրացերեն խաղերի տողացի թարգմանությամբ լույս ընծայեց նրա խաղերի լիակատար ժողովածուն, իսկ վերջերս տպագրեց նաև Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգության վերծանությունները` բնագրերի քննությամբ: Սայաթ-Նովան Բախչինյանի գիտական հետաքրքրությունների առանցքն է, նրա մասին գրելիս գիտնականը զգալ է տալիս նաև իր անթաքույց սերը մեծ սիրերգակի հանդեպ:
Ուշ միջնադարի մեկ այլ բանաստեղծի՝ Պաղտասար Դպիրի ժառանգությունը ևս համակողմանիորեն ուսումնասիրվել է Բախչինյանի կողմից: 1999-ին տպագրվեց Դպիրի տաղերի լիակատար ժողովածուն՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Բախչինյան գիտնականը հանդես եկավ նաև շատ հետաքրքրական ևս երկու գրքով, որոնցում առաջնորդվել է գրականության ուսումնասիրության ժամանակային կտրվածքի սկզբունքով. խոսքը «17-18-րդ դարերի հայ գրականությունը» և «15-րդ դարի գրականությունը» գրքերի մասին է, որոնցում խոսվում է նաև նշված դարերում գրականության ժանրային առանձնահատկությունների մասին:
2010 թ. Հ. Բախչինյանը հրատարակեց «Սայաթ-Նովայի կյանքը և գործը» գիրքը, 2012 թ.` «Շարականի գրապատմական ուղին» արժեքավոր ուսումնասիրությունը` հընթացս 2010-2012 թթ. տպագրելով Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Ստ. Սյունեցու, Հովհան Մանդակունու, Ներսես Շնորհալու օրհներգերի բնագրերը:
Չափազանց արժեքավոր են վերջերս տպագրված Նարեկացու Գանձարանի վերծանությունները` բնագրերի քննությամբ: Բախչինյան գիտնականը երբեք չի կաշկանդվում ավանդույթի ուժից. նա գիտական փաստերը հարգող և դրանց հիման վրա անկաշկանդ ու համարձակ եզրահանգումներ կատարող հայագետ է: Բազմաբեղուն գիտնականն այսօր էլ ստեղծագործում է, ունի մի շարք անտիպ ուսումնասիրություններ:
Հենրիկ Բախչինյանը մեր օրերի ամենաարդյունավոր միջնադարագետներից մեկն է՝ շնորհիվ համակ աշխատասիրության, բնատուր տաղանդի, գրականության հանդեպ մեծ սիրո: Լայն է Հենրիկ Բախչինյանի հետաքրքրությունների շրջանակը` հայոց միջնադարից մինչև ֆրանսիական գրականության թարգմանություն ու տեսական հարցերի քննություն:
Բախչինյանի կատարած գործը հիշեցնում է Արշակ Չոպանյանին, որի հանգույն Բախչինյանը մեծ դեր ունի հայ-ֆրանսիական գրական կապերի մերձեցման առումով, հայ միջնադարյան գրականության մեծագույն սիրահարն է, նաև բանաստեղծ է:
Ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորում եմ միջնադարագիտության նվիրյալին, բանաստեղծին ու թարգմանչին, մաղթում արևշատություն և առողջություն` ի փառս հայագիտության:
Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Գրականության զինվորյալը
Շուրջ կես դար առաջ, երբ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում քննարկում էինք ուսանող Հենրիկ Բախչինյանի բանաստեղծությունները, արդեն համոզված էինք, որ թիֆլիսեցի մեր ընկերն այնքան է խելացի, որ մասնագիտական ճիշտ ընտրություն է կատարել` զինվորագրվելով գրականությանը. եթե մեծ բանաստեղծ էլ չդառնա, կդառնա նշանավոր բանասեր-գիտնական:
Համակուրսեցու ընտրությունն էլ էր ճիշտ, որովհետև ընտանիքում գրականության և արվեստի մարդուն ոչ միայն կողակից ու զրուցակից, այլև զորակից ու զինակից էր պետք, և արդարացի էր մյուս մեծ թիֆլիսեցու` Գ. Սունդուկյանի խոսքը` «Էդ բանիրը յիրգնքումն ին շինվում»:
Երկու ընտրություններն էլ շուտով արդարացան, և այսօր` կես դար անց, մենք ունենք բեղմնավոր ճանապարհ անցած, հայագիտությունը մեծարժեք աշխատություններով հարստացրած, միջնադարագիտության զարգացումը նոր մակարդակի բարձրացրած վաստակաշատ բանասեր-գիտնական, թարգմանիչ և ուսուցիչ: Այո՛, նաև թարգմանիչ և ուսուցիչ, որովհետև այդ ներհուն գիտնականն ու արվեստաբանը, Մայր թատրոնի գեղարվեստական բաժնի վարիչը բնագրից է թարգմանել Բուալոյի «Քերթողական արվեստն» ու ֆրանսիական կլասիցիզմին վերաբերող տեսական ու գեղարվեստական պատկառելի գրականություն, Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկները» և ռուս հեղինակների բազմաթիվ գործեր: Այս ամենին պետք է գումարենք և այն, որ տասնամյակնե՜ր շարունակ նա հին ֆրանսիական գրականություն է դասավանդել ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետում, և նրա դպրոցական դասագրքով է հայոց հին և միջնադարյան գրականություն սովորում հայ աշակերտությունը…
Ափսո՜ս, որ սուղ պայմանները հնարավորություն չեն տալիս լիարժեք խոսք ասելու միջնադարյան ձեռագրերի հիշատակարաններին, ընդհանրապես աշխարհիկ և հոգևոր տաղերգությանը, մասնավորապես` շարականներին ու Նարեկացու գանձերին նվիրված նրա ծանրակշիռ ուսումնասիրությունների, 15-րդ և 17-18-րդ դդ. հայ գրականության գիտական պատմությունների, ինչպես նաև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ծավալած վարչական, գիտական ու հրատարակչական բեղուն գործունեության մասին: Սակայն անկարելի է շրջանցել նրա, իրոք, մեծ ներդրումը մի այնպիսի գիտաճյուղում, ինչպիսին սայաթնովագիտությունն է:
Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ այս բնագավառում Պարույր Սևակի անմիջական հաջորդն է նա, ով հանդգնել է նրանից հետո դոկտորական ատենախոսություն գրել միջնադարի վերջի բանաստեղծական հանճարի մասին, իր իսկ հայտնաբերած տասնյակ նոր փաստերով հիմնավորել երգչի ծննդյան` Պ. Սևակի մատնանշած տարեթիվը` 1722-ը` պարզաբանելով նաև նրա կենսագրության շատ առեղծվածներ: Հակառակ սիրողական «սայաթնովագիտության»` նա արդյունավետ ջանքեր է ներդրել երգչի հայերեն, վրացերեն և թուրքերեն խաղերի բովանդակային խորքն ու արվեստի յուրահատկությունները բնութագրելու ուղղությամբ: Բնագրագիտական, մեկնողական ահռելի աշխատանքով են ստեղծվել Սայաթ-Նովայի երկերի ակադեմիական հրատարակությունն ու հենրիկբախչինյանական սայաթնովագիտությունը: Դրանք, հայագիտական նրա մյուս աշխատությունների հետ միասին, սերունդների սեփականությունն են: Իմ և նրանց անունից սրտանց շնորհավորում եմ յոթանասնամյակը բոլորած ընկերոջը, աննահանջ ու վաստակաշատ զինվորյալ գրականագետին և արևշատություն մաղթում ի շահ հայրենի գիտության:
Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ
One thought on “ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ”