ՀՈՒՍԱԼՆ ԷԼ ՊԱՅՔԱՐԻ ՁԵՎ Է / Սամվել ԿՈՍՅԱՆ

Սամվել-ԿոսյանՍեպտեմբերի 11-16-ը, հոկտեմբերի
9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններից դեռ մեկ ամիս առաջ, Հասարակական կարծիքի ուսումնասիրման եվրոպական կենտրոնի՝ Ադրբեջանում անցկացրած նախընտրական հարցման համաձայն, հարցվածների 2/3-րդը չէր դժգոհել երկրում ժողովրդավարության առկա իրավիճակից, իսկ 88.7%-ը համաձայնել էր քվեարկել Ալիևի օգտին: Թե որքանով են այս ցուցանիշները օբյեկտիվ, Ադրբեջանի պայմաններում էական չէ: Այստեղ դեռ ընտրությունները չավարտված՝ արդեն հայտարարվում էր հաղթողի անունը: Հաղթողը հայտնի էր ամիսներ առաջ, նույնիսկ ընդդիմության միասնական թեկնածուի կարծիքով. «Երևի թե Ալիևը կհաղթի ձայների շատ մեծ առավելությամբ: Սակայն 95% ցուցանիշը չափազանց ակնհայտ ու ռիսկային կլինի, ուստի «կընտրվի» 80-90%-ների միջև ընկած որևէ ցուցանիշ: Իսկ 80%-ից պակաս ցուցանիշը տպավորություն կստեղծի, թե իբր Ալիևը 2008թ. հետո վարկանիշի անկում է արձանագրել»: Ալիևյան բռնապետական ռեժիմի պարագայում այլ արդյունքներ ակնկալելը նշանակում է գլուխ չհանել ադրբեջանական ընտրությունների առանձնահատկություններից: Ինչպես նշում է ամերիկյան փորձագետ Ջորջ Թաքերը, «Ադրբեջանը ԱՊՀ երկրների շարքում ամենաավտորիտար պետություններից է, որտեղ կոռուպցիան թափանցել է սոցիալական կյանքի բոլոր շերտերը: Իսկ ինչ վերաբերում է իշխող ռեժիմին, ապա այն տարածաշրջանում ամենակայուններից է՝ Ղազախստանում Նազարբաևի ու Թուրքմենստանում Բերդիմուհամեդովի ռեժիմներից հետո: Երեքն էլ իշխանությունը պահում են նավթային ռեսուրսների շնորհիվ: Նավթային բումի արդյունքում Ադրբեջանը վերջին տասնամյակում կուտակել է հսկայական հարստություն: Նավթի արտահանումից կառավարության տարեկան եկամուտը կազմում է 15-20 մլրդ դոլար, իսկ նավթային պետական հիմնադրամի ակտիվները գնահատվում են 34 մլրդ դոլար»: Թաքերի կարծիքով, գոյացած «նավթադոլարներն» անձնական ու քաղաքական նպատակներով օգտագործում է իշխող ընտանիքը, որն այդ փողերով կարողանում է գնել ցանկացած ընդդիմության: Թերևս սա է պատճառը, որ, չնայած առաջին անգամ ստեղծված «Ժողովրդավար ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր կոալիցիայի և միասնական թեկնածուի, զրոյական էր Բաքվի իշխանության ընտրական սցենարի մեջ փոփոխություններ մտցնելու ընդդիմության ջանքերը: Երկրում բազմաթիվ սահմանափակումները նոր թափ առան հատկապես նախընտրական շրջանում, ինչի արդյունքում ադրբեջանական բանտերը լցվեցին ակտիվիստներով ու ընդդիմադիր լրագրողներով: Եվ թեև Ադրբեջանի ընդդիմադիր դաշինքը դատարան է դիմել՝ վիճարկելու հոկտեմբերի 9-ին նախագահական ընտրությունների արդյունքները և պատրաստվում է բողոքի ակցիաներ կազմակերպել, արդյունքը նույնպես զրոյական է լինելու: Ընտրությունների վերաբերյալ իրենց դժգոհությունն են հայտնել նաև ԱՄՆ պետդեպարտամենտն ու ԵԱՀԿ-ն, իսկ Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կոչ են արել Եվրամիությանը «առավել լուրջ վերաբերվել ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերին և դադարեցնել Ադրբեջանի պաշտոնատար անձանց համար վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունները»: Սակայն Բաքուն վաղուց դադարել է լուրջ ընդունել իր հասցեին հնչած մեղադրանքները, ավելին, ընտրությունների ժամանակ արված խախտումների մասին նախնական զեկույցի պատճառով պատրաստվում է դադարեցնել համագործակցությունը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ: Մինչև կոկորդը կոռուպցիայի մեջ թաղված ազերիները վստահ են, որ բոլոր հարցերը կարող են լուծել «խավիարային դիվանագիտության» և նավթադոլարների շնորհիվ, մանավանդ, բարոյականություն ասվածը «մոլորված թռչուն է» նրանց արտաքին ու ներքին քաղաքականության համատեքստում: Ընտրություններն ավարտված են, հետընթացը բացառվում է: Էական է, թե ընտրություններից հետո ինչ կփոխվի հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումներում և կփոխվի՞ արդյոք: Ենթադրվում է, որ Ալիևի «հաղթանակը» կարող է ինչ-որ չափով մեղմել Բաքվի ռազմատենչ հռետորաբանության տոնայնությունը, կստիպի ապավինել առավել կառուցողական ու քաղաքակիրթ հարաբերությունների տրամաբանությանը: Համենայնդեպս, աշխարհը հուսով է, որ այդպես է լինելու, չնայած տարբերակը քիչ հավանական է, հաշվի առնելով, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն տասը տարում 163 մլն դոլարից հասել է 3.7 մլրդ դոլարի: Այդուհանդերձ, անկանխատեսելի և պայթյունավտանգ իրավիճակում հուսալն էլ պայքարի ձև է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։