Հինգշաբթի երեկոյան տնային հեռախոսին զանգեց Օլգայի ընկերուհին` Սոլվան, և առաջարկեց այցելել իրեն` Ցել: Կինս խորհրդակցեց ինձ հետ և մենք համաձայնվելով` գնացինք նրա մոտ: Հասնելով Սոլվայի մոտ` ճաշեցինք և պատրաստվեցինք զբոսանքի` Ցելում և նրա հարակից շրջաններում: Սոլվան մեզ պատմեց մի պատմություն. «Սուրբ Ուրբանոսի գյուղում կար համանուն` 1098 թվականին կառուցված, վանական համալիր, որն արդեն շուրջ երեք դար գործում է որպես հոգեբուժարան: Այդ հոգեբուժարանում կա փոքրիկ գրադարան` տասներեք գրքից բաղկացած: Ըստ ընդունված լեգենդի` այդ գրադարանը համարվում է աշխարհի ամենահետաքրքիր գրադարանը: Այդ գրքերի ստեղծագործական գրավչությունն այնքան ահռելի է, որ դեռևս ոչ ոք չի կարողացել մեկ էջից ավելի կարդալ: Մարդիկ կարդալու ընթացքում, չդիմանալով ստեղծագործական էներգիայից բխող հաճույքին` օրգազմի մեջ են ընկնում և թուլանալով` ընկնում են հատակին: Միայն ամենադիմացկուններն են կարողանում հաղթահարել մեկ էջի սահմանը: Համանուն գյուղաբնակների պատմելով, ինչ վանական համալիրը դարձել է հոգեբուժարան, արդեն երեք դար է` գրադարանը չքացել էր: Ոչ ոք չի կարողանում գտնել դրա տեղը, սակայն բոլորը համոզված են, որ այն մինչև հիմա գոյություն ունի: Ուստի` հիմա ձեզ առաջարկում եմ գնալ և գտնել այն: Ես համոզված եմ, որ լավ փնտրելու դեպքում կգտնենք»,- ասաց Սոլվան: Մենք, մեր համաձայնությունը տալով, վերցրինք մեզ հետ անհրաժեշտ ուտելիքի, ըմպելիքի պարագաները և գնացինք զբոսանքի: Սոլվայի թիկնեղ, գեղեցիկ կազմվածքի տակ կարծես մեր ոտքերի տակի հողը ճեղքվում էր, ինչպես մառախուղն է մասերի բաժանում ճանապարհը կորցրած տղամարդը: Զբոսանքի ժամանակ ատամներս սկսեցին ցավել, և ցավն այնքան ուժգնացել էր, ասես աշխարհի բոլոր ատամնացավերն այդ պահին կենտրոնացել էին իմ ծնոտում: Սոլվան այդ ժամանակ ասաց, թե այստեղից քիչ հեռու կա մի մատուռ` Սուրբ Հայլիգ Ապոլինիա անունով: Վերջինս համարվում է ատամնացավեր բժշկող: Ու եթե մարդ, հավատալով նրա ուժին, աղոթքով խնդրում է իր ատամնացավը վերացնել, ապա այլևս կյանքում ատամնացավ չի ունենում: Մենք, հասնելով այդ մատուռ, մտանք ներս: Ես ցավից թուլացած` կիսածնկելով, սկսեցի աղոթախնդրանքս: Եվ երբ վերջացրի, դեռ չէի հասցրել մատուռից դուրս գալ, ցավն սկսեց նահանջել: Հրաշքից ոգևորված` համբուրեցի Սոլվայի այտը և ուրախ տրամադրությամբ շարունակեցի զբոսանքը: Շուտով մեզ տեսանելի դարձավ Սուրբ Ուրբանոսի վանական համալիրը: Ես անհամբերությամբ վազեցի համալիրին ընդառաջ: Օլգան ու Սոլվան ծիծաղելով հետևեցին ինձ: Մենք, մտնելով վանական համալիրից ներս, սկսեցինք շենք առ շենք փնտրել գրադարանը: Համալիրի պատուհանները` որպես զույգ աչքեր, հետևում էին մեր անցուդարձին: Վանական համալիրում, իսկ հիմա արդեն հոգեբուժարանում, կառույցի մթնոլորտին անհարիր լռություն էր:
«Պիտի հնարավորինս շուտ գտնենք գրադարանը: Մենք այստեղի գժերի մեջ շատ կտարբերվենք»,- ծիծաղելով ասաց Սոլվան: Մենք, արձագանքելով նրա կատակին, նույնպես ծիծաղեցինք:
Ապա սկսեցինք ստուգել հոգեբուժարանի ամեն մի անկյունը: Զարմանալիորեն գժերին դեռ չէինք հանդիպում: Մի քանի ժամվա փնտրտուքից հետո հոգեբուժարանի կենտրոնական մասնաշենքում հայտնվեց մի ծերացող տղամարդ: Նա, ձեռքն արտահայտիչ վերև բարձրացնելով, մեզ բարևեց: Մենք թաքուն ծիծաղով պատասխանեցինք նրա բարևին: Տղամարդու մեծ, կլոր գլուխը, ձախ կողմի վրա ծռված բերանը շուրջտարվա կյանք ստացած ծաղկի կախարդանք էր հիշեցնում: Նա, փոքր-ինչ մոտենալով մեզ, գլուխը կռացրեց և աշխույժ շարժելով աչքերը` հարցրեց.
– Չլինի՞ դուք էլ եք գրադարանը փնտրում:
– Այո՛,- պատասխանեցինք:
– Ինչքա՛ն կարելի է կրկնել` գրադարանը գոյություն չունի: Գրադարանի գրքերը հենց մենք ենք:
Մենք, լուրջ չընդունելով նրա խոսքերը, փորձեցինք շրջանցել նրան` շարունակելու փնտրտուքը, սակայն գիժ մարդը, ձեռքերը պարզելով, փակեց մեր ճանապարհը, ասելով.
– Վերջապես գոնե դուք ինձ կլսե՞ք: Ինչո՞ւ ոչ ոք չի ուզում լսել մեզ: Խնդրում եմ, եկեք իմ սենյակ, ես ձեզ կաթ կհյուրասիրեմ: Հանգիստ կնստեք, ու ձեզ կպատմեմ իմ պատմությունը: Խնդրում եմ, մի մերժեք, խոստանում եմ դուռը կողպել, որ ոչ ոք ներս չմտնի:
Մենք, անթաքույց խղճահարություն զգալով նրա նկատմամբ, համաձայնեցինք և գնացինք նրա սենյակ: Տղամարդը յուրաքանչյուրիս մի մեծ բաժակ կաթ լցրեց, դրեց մեր առջև և սկսեց պատմել իր պատմությունը:
«Սրանից երեք դար առաջ այստեղ հոգեբուժարան չկար: Փոխարենը մեծ, գեղեցիկ վանական համալիր էր` իր վանականներով և փոքրիկ գրադարանով: Երբ վանականները հոգնում էին իրենց աշխատանքից, որպես լիցքաթափման միջոց գնում էին գրադարանավար Ամոսի մոտ և խնդրում էին տալ մի որևէ գիրք: Վերջինս իր մարմնաձևերով անճոռնի մարդ էր. միջահասակից ցածր, դուրս պրծած ճակատով: Նրա անճոռնիությունը կարծես նախասահմանել էր իր կյանքի անհաջողությունը` կյանքում ոչնչի չէր հասել և բացի այդ տասներեք գրքերի վերնագրերից, ոչինչ չգիտեր: Իր մեջ ներփակված այդ անճոռնի մարդը ամեն օր տանջվում էր գրադարանից դուրս եկող տեսիլքներից: Նա տեսնում էր հետևյալ պատկերները. թռչուների կրծքերը թափվում էին ձյան մեջ բացված ծաղիկների վրա և նրան հիշողություն էր բերում մրջյունների մասին, որոնց տքնաջան աշխատանքն իրեն երևում էր որպես աղմկող անձրևի կաթիլների հետ խաղացող ուրախ, ուշ աշնանային տերևների խաղ: Այդ աշնան վերջին տերևներն իրեն երևում էին որպես կյանքին հրաժեշտ տվող պառավներ, ովքեր իրենց խելագար խաղով փորձում էին վրեժ լուծել ժամանակից: Պաղ կիսախավարում` ձյան նոսր շերտի տակ, ընդմիշտ քնում էին տերևները, և խամրող լույսերի ներսից Ամոսի համար իր կյանքն ավելի դժգույն էր դառնում: Այդ պաղության մեջ մանկական ծիծաղ էր լսվում, ջղագրգիռ չար ծիծաղ: Ասես մի մանուկ ուրախանում էր այդ անհեթեթ վախճանով: Ամոսը, մտնելով տեսիլքի մեջ, դատարկ տուն էր տեսնում: Համբերությունը հատել էր կյանքի տևողության զեղչերով, և տան մեջից լսվող արագաշարժ մանրազարկ ոտնաձայները հնչում էին որպես գեղարվեստական ռեֆրեն` գոյություն ունեցող բովանդակալից աշխարհների մասին: Այդ ձայներն Ամոսին մի մանկական ջղայնացող, հասարակ ոտնավոր էին թվում, և նրա միտքը ջանում էր հաղթահարել ստեղծված իրականությունը: Նա մի օր գիշերով, հիստերիայի մեջ, իր էշի սայլին դնելով բոլոր գրքերը` տարավ դրանք մոտակա ձորում այրելու: Վառելու ընթացքում տեսավ, թե ինչպես են դուրս գալարվում գրքային պատկերները և մարմնավորվելով` ապրում գոյավորման հավակնությունների հրեշավոր օրենքով: Ամոսը խելապատառ այդ գիշեր փախավ տուն` իր հետ տանելով գրքերից բխող օրինաչափությունները ճզմող տեսանելի հոսքը: Հաջորդ օրը, գնալով վանական համալիր, տեսավ, որ այնտեղ են հայտնվել դեմքի տարօրինակ արտահայտչականությամբ հարյուրավոր տղամարդիկ, կանայք, ծերեր, երեխաներ: Նրանք պատմում էին, որ իրենք գրքերից են դուրս եկել, երբ այրել են իրենց աշխարհները: Ասում էին, որ գրքի հետ այրվել են իրենց աշխարհի կենդանիները, խոսող ծառերը և առահասարակ ամեն ինչ: Գրքի հետ այրվել էր նաև այդ գրքերի վերնագրերի մասին իրենց հիշողությունը: Դա, իհարկե, մեր կողմից հնչում էր որպես աբսուրդ: Վանականները, չկարողանալով մեզ դուրս քշել այնտեղից, որոշեցին` վանական համալիրը տալ պետության տնօրինությանը` որպես հոգեբուժարան: Պետությունը, արագ վերանորոգման, վերաձևման աշխատանքներ կատարելով, այնտեղ բերեց հոգեբույժների և այդ բնագավառի աշխատողների: Ամոսը, շնորհիվ իր ճկունության, կարողացավ մնալ այնտեղ, հիմա արդեն որպես հոգուբուժարանի պահակ: Դա նրա համար նոր փորձություն էր: Քանզի մենք` թվացյալ գժերս, սկսեցինք համոզել նրան, որ մեզ ասի գրքերի վերնագրերը: Բայց նա, օգտվելով մեր անօգնականությունից, անընդհատ կեղծ վերնագրեր էր ասում` կարծես գրքերի նախանյութով տագնապած: Մենք, որ լռվել էինք ձեր աշխարհի իրականության մեջ, ո՛չ ծերանում էինք, ո՛չ փոքրանում: Մեր աշխարհների կործանումից հետո այստեղի ժամանակը չէր ըմբռնում մեր գոյությունը և չէր ներգործում մեզ վրա: Բացի այդ, հոգեբույժների տված ոչ մի տեսակի դեղահաբ ոչ մի ներգործություն չէր ունենում մեզ վրա: Մենք էլ հույսով սպասում էինք, թե մի օր այդ սրիկա Ամոսը կասի գրքերի վերնագրերը, և մենք, գտնելով մեր աշխարհներին համընթաց գործող տարածությունները, վերջապես կգտնենք մեր հայրենիքը, մեր տունը: Բայց նա մինչև մահ խաբեց` գամելով մեզ այս անտանելի շենքերի պատերի միայնությանը: Օտար ուժն անասելի հաճախականությամբ մեր ճակատագրերն անորոշ ժամանակով կապել էր այս վանական համալիրի հետ: Դա մեզ համար բնական մագմա էր, որ ձեր աշխարհի մարդիկ որևէ կերպ չեն կարող համադրվել մեր կենսազանգվածում: Հիմա մենք արդեն երեք դար կարոտում ենք մեր աշխարհի գույներին, բնությանը, կենդանիներին: Մեր աշխարհներում, երկնքի ընդլայնվող պարույրներում երկրի առաջնորդը պարուրաձև առաջ ընթացող ուժի արտահայտություն է: Բայց այդ շարժման առանցքը տեսանելի է միայն ամենաներին: Այնտեղ մահն այսպես է տեղի ունենում. մեր բնավորությունները կարծրանում են անընդհատ ընդերքում առաջացող զանգվածային նյութում, և մեր ճակատագրերը դուրս են գալիս կենսական հոսքից ու մխրճվում մի ուրիշ կյանքի մեջ: Չգիտեմ, դժվար է բացատրելը, շատ բան կա պատմելու, բայց չգիտեմ որտեղից սկսեմ»,- ասաց տղամարդը` տխրությամբ կախելով գլուխը:
Ես, կինս և Սոլվան, անշարժ նստած, չգիտեինք` ինչ խոսենք: Տղամարդը կատարյալ մենակությունից խեղճացած ներկայի մոտիվներ էր բաժանում մեզ: Հետո նա, կարծես մեզ հանձնելով իր սենյակը, սուսուփուս դուրս եկավ լայնարձակ միջանցք: Բոլորը` փոքր թե մեծ, երեխա թե կին, հայացքներն իրար հառած` տխուր քայլում էին: Կարծես դա նրանց դասամիջոցի ժամն էր: Եվ մենք, նայելով նրանց, ասես (չէ` իսկապես), ընթերցում էինք այդ գրքերի էջերը: Մարդկային շվարումով` մեր մեջ միատեղվել էին այդ հայացքների մեջից երևացող էջերի կանչն ու արձագանքը: Մի քանի տող կարդալուց հետո ապշեցինք: Մենք չէինք հավատում մեր կարդացածին: Այդ տողերը երբեք բանավոր խոսք չեն կարող դառնալ և չեն կարող փոխանցվել գրավոր ձևով: Դա մի անպատմելի անհայտ գաղտնիք էր, որ ֆանտաստիկ արագությամբ կարդացողին գցում էր խոր օրգազմի մեջ: Այդ գրքերի տառերն աներևակայելիորեն կապված էին միմյանց հետ: Ու մենք ավելի էինք թմրում գրքերի հոտով պարուրված նրանց հայացքներից: Մեր մեջ ծագող կապերը հապաղում էին նրանց հայացքից առկայծող ողբերգակ դիլեմայով: Ես, օրգազմից կծկված, ընկա գետնին: Սոլվան ու կինս որոշ ժամանակ հետո հետևեցին ինձ: Մեր և այդ մարդկանց միջտարածքային դրաման մականուններ չէր ճանաչում: Սա մի անհայտ տառանյութից սերված ընդգրկուն ուժ էր, որ գտել էր մարդկանց հաճույքի ակունքը և անընդհատ քչփորում էր այն: Մենք հաճույքից տնքում, վնչում էինք` փոխլրացվելով և մատակարարելով միմյանց մեր հաճույքը: Դա մեր հոգու գաղտնազերծված հաճույքի ծեսն էր, որ ջարդելով մեր ներսի բարոյական համառությունը` ավելի էր գազազեցնում երանելի օրգազմը: Մեր աչքերն այդ օրն անտեսանելի հեղուկով երևակեցին գրքի գրաֆիկական աղոտ հյուսվածքի գունատառերը, և դրանք, գրքերի վերնագրեր դարձած, մածուցիկ նյութի պես ծորացին իրենց իսկ ոտքերի տակ: Մինչ այդ, մածուցիկ տառանյութի վրա մարդկային կյանքը կառուցում էր մեր տոտալ ժամանակը: Նրանք, 300 տարվա հանելուկը բացահայտած, ուրախ չքվեցին այդ վերնագրերի մեջ: Մենք, խոր օրգազմից ուշքի գալով, տեսանք, որ մեր շուրջն այլևս ոչ ոք չկա: Վեր կացանք հատակից և փոքր-ինչ մեզ ուշքի բերելով` քայլեցինք դեպի դուրս: Քայլելիս նկատեցինք, որ մեր շարժումները կտրուկ են դարձել, և միմյանց աչքերում ինչ-որ անբացատրելի ճանաչումի ցոլք ենք նկատում: Մեր հայացքները ջերմոցային ծաղկի նման խոնարհվում էին միմյանց հանդիպելիս, և ողջ ճանապարհին տանջում էր մի հարց. «Այդ ինչպե՞ս ոչ ոք այդքան ժամանակ չի նկատել, որ նրանք ծերանալով չեն մահանում: Ու չհասկացանք, այդուամենայնիվ, գժանոցը կորա՞վ, թե՞ ընդմիշտ գոյություն կունենա փոքրիկ գրադարանի պես»: