Իմ գրախոսության վերնագիրը Կարինե Խոդիկյանի «Յոթերորդ օրը» պատմվածքից եմ քաղել: Նրա նոր գիրքը տարբեր տարիների պատմվածքների ժողովածու է: Նրանցից մի երկուսը ինձ ծանոթ են պարբերական մամուլից: Կարինե Խոդիկյանը հայ ժամանակակից արձակի, դրամատուրգիայի և հրապարակախոսության տաղանդավոր ներկայացուցիչներից է: Նրա պատմվածքներից մի մասը, իրոք, «կնոջ գրականություն է», այնպիսին, ինչպիսին ֆրանսիական գրականության համար XX դարի երկրորդ կեսին Ֆրանսուազա Սագանի գրվածքներն էին, իսկ մյուս մասը, թվում է, թե տղամարդու մտքի արգասիք է: Սա նշանակում է պատմվածքների հեղինակը կյանքի խոր ճանաչողություն ունի և իր զգացածը վերածում է բառի ու չմոռացվող մտքի:
Կարինե Խոդիկյանի պատմվածքները տարաբնույթ են` գոյի խնդիրներ, սեր, տղամարդու և կնոջ կնճռոտ, երբեմն անլուծելի հարաբերություններ, հայրենիքը զգալու ունակություն, քաղաքացիական կեցվածք:
Մտավորականն իր ամենաթանկ մտքերը վերածում է օրագրության, նրան է վստահում իր հիասթափությունները, ինքնախոստովանությունը, խանդը, հաղթանակած օրերի քաղցր վերհուշը, կարոտի ցավը և մարդու ներքին կյանքում փակված այլ զգացմունքներ, դրանք հանձնելով օրագրին միայն, ներքին մի կյանքի, որ անտեսանելի է: Իսկական գրողը այդ ամենը դարձնում է պատմվածք, վեպ, վիպակ, բանաստեղծություն, դրամա: Ահա այսօրինակ, ի լուր ամենեցուն օրագրություն է «Մեծ եռագրություն» ժողովածուն:
Կարինե Խոդիկյանի պատմվածքները ժողովածուի մեջ դասավորված են ժամանակագրական կարգով և ունեն ընդհանուր խորագիր: Գիրքն ավարտվում է գրականագետ Արմեն Ավանեսյանի «Պատմողի և պատմության ժամանակը» ուշագրավ վերջաբանով: Խոդիկյանը տարատեսակ մեթոդներով է շարադրել իր պատմվածքները, նրանցում առկա են միստիկա, սենտիմենտալ վերհուշ, գերիրապաշտություն, նեոռեալիզմ: Պատմվածքներում գերիշխում են մերօրյա քաղաքային կյանքի պատկերները, հատկապես կնոջ պրոբլեմը` կին և տղամարդ բարդ հարաբերությունները:
Պատմվածքներում գրողի միտումը պարզ է` կյանքը հաղթելու է մահվանը, բարին` չարին: Հետաքրքիր ավարտ ունի «Հացի ու մահվան հոտը» պատմվածքը: Սա ավանդական գերեզմանափորների ընտանիքի պատմություն է: Թվում է, թե նրանց տանը միշտ կանգնած է մահվան հոտը: Պետքական, սակայն դժվար մասնագիտություն է գերեզմանափոր լինելը, առավել բարդ է, երբ այդ արհեստը, եթե այն կարելի է արհեստ համարել, հայրը փոխանցում է որդուն: Մահվան հետ շարունակական շփման մեջ գտնվող ընտանիքի ժառանգական մասնագիտության փոխանցումը կանգ է առնում, երբ հերթական գերեզմանափորն ամուսնանում է հացթուխի հետ: Հացը քրիստոնեական կրոնում Հիսուսի խորհրդանիշներից է: Հացթուխ մոր հմուտ կենսասիրությամբ նրա որդին այլևս չի դառնում գերեզմանափոր, նա հեռանում է գյուղից և գնում է սովորելու: Գերեզմանափոր Ավետի կինը` Անետը, հաղթում է, որովհետև Ավետի մահվանից առաջ նրանց տանը միայն հացի բույրն էր զգացվում: Կյանքը հաղթում է մահվանը:
«Վերջին գնչուն» պատմվածքը չիրականացված երազանքի գիտակցման արձանագրումն է:
Կոշիկներ վերանորոգող Արամը դպրոցը թողել էր ութերորդ դասարանն ավարտելուց հետո: Նա բարեխղճորեն կատարում է իր աշխատանքը` հոգալով կնոջ ու երեխաների համեստ, սակայն կայուն ապրուստը: Արամը հոգով ճանապարհորդ էր, և նա մտովի շրջում էր աշխարհի գլոբուսի վրա եղած երկրներում: Այդ մասին են վկայում նրա համեստ նկուղային արհեստանոցի պատերի ֆոտոպաստառները` Սահարայի անապատը, Ամազոն գետը, Փարիզի Աստվածամոր տաճարը, մուստանգ ձիերը…
Պատմվածքն ունի այն ճշմարիտ իրողության արտացոլումը, թե ամեն տղամարդ մտովի սիրահարված է քաղաքի իրեն գոնե արտաքինով ծանոթ գեղեցիկ աղջկան, թեպետ ներքուստ գիտի, որ նա անհասանելի է, ինչպես հեռու են երկինքն ու երկիրը, սակայն երազանքի համար անհնար ոչինչ չկա: Ձանձրացած միապաղաղ կյանքի տաղտուկից և հեռավոր երազանքների ձգողական ուժին ենթարկվելով` կոշկակար Արամը փորձում է ակամա գնչու դառնալ ու երկրներ տեսնել: Սակայն նրա արկածը տևում է ընդամենը 3 օր. նա տուն է վերադառնում և շարունակում իր նստակյաց ու միապաղաղ աշխատանքը` վերստին դառնալով նույն ազնիվ աշխատավորն ու օրինավոր հայրն ու ամուսինը:
Կին և տղամարդ հարաբերությունների ծալքերն են բացված «Յոթերորդ օրը» պատմվածքում: Ազատ մտածողության տեր կինը կյանքում միայն մի անգամ հանդիպում է իր կեսին` իր երազած տղամարդուն: Ահա այդ հանդիպման իմաստը ներկայացված է որպես հոգու և մարմնի ներդաշնակության հաղթանակ. «Ու մեկ անգամ նրանով փորձեցի ծածկել մերկությունս այն միակ տղամարդու առաջ, ում համար ստեղծել էր իմ մարմինը… Նրա ձեռքերի, Նրա մարմնի հիշողությունը պահած այդ գործվածքը, լավ իմանալով, որ նրանով ծածկվելու եմ կյանքիս ամենակարևոր օրը, որպեսզի մենակությունս չտոնի իր վերջնական հաղթանակը և չխլի իմ հիշողությունը, որն ուղեկցելու է հայացքս դեպի օգոստոսյան վերջին կապույտ երկինքը: Ու մենակությունս, որ շապիկի նման ինձ կապանել էր տասնյակ տարիներ, այդ վերջին րոպեներին նահանջելու է, որովհետև իմ շալը շան հավատարմությամբ իր հանգույցների, գույնի, ծալքերի մեջ պահած կլինի Նրա ձեռքերի, Նրա մարմնի հիշողությունը` որպես վերջին սփոփանք ինձ մատուցելու համար»: Այս պատմվածքում անուններ չկան. տղամարդը Նա է, իսկ կինը Նե` երկուսն էլ մեծատառով: Անուններ պետք չեն, Նա-ն և Նե-ն հավաքական կերպարներ են:
Տիպական իրադրություն է պատկերված «Տարվա այդ եղանակը» պատմվածքում, որը նկարագրում է պաշտոնյա տղամարդու հին ու նոր սիրուհիների հակամարտությունը, երևույթ, որը եղել ու լինելու է բոլոր ժամանակներում: Որքան էլ հին ու նոր սիրուհիները ատում ու խայթում են իրար, սակայն երկուսն էլ ունեն մի ընդհանուր անհաղթ թշնամի. դա պաշտոնյայի օրինական կինն է, որն այս երկուսի համեմատ հաղթանակած կողմն է:
Խոդիկյանի համար ծանրագույն խնդիր է հայրենիքը լքող հայերի վարքագիծը: Երևույթը պատկերված է «Օպուս N» պատմվածքում: Տխրությամբ շնչող այս պատմվածքն ունի հետևյալ ընծայական նախադասությունը. «Նվիրվում է ամեն անգամ` հերթական արտագաղթին»: Պատմվածքում ներկայացված է հայրենիքից հեռացողի հոգեբանությունը` անցյալից կտրվելու ծանրությունը:
«Մեծ եռագրություն» ժողովածուն բացվում է «Ուշացած խոստովանություն» հիանալի պատմվածքով, որը գրված է 1995-ին: Այն չունի ազգային գրականության պատկանելություն. նրանում պատկերված պատանեկան սիրո պատմությունը նույն ձևով հուզիչ է աշխարհի բոլոր թինէյջերների համար, որոնք առաջին անգամ և լրջորեն սիրահարվել են մաքուր ու պատանեկան սիրո ողջ գեղեցկությամբ: Այդ սերը պլատոնական է, և կոնկրետ լինելով հանդերձ, վերացական: Սերը միայն արտաքինի ներգործող ուժի մեջ է, և թեպետ այն հետագա շարունակություն չի ունենալու, բայց հիշվելու է ընդմիշտ: Հետագայում կին դարձած աղջիկը սիրով է հիշելու իր առաջին սիրո մասին, և այն դառնալու է «Ուշացած խոստովանություն»` գեղեցիկ հենց նրանով, որ մնացել է օդի մեջ և չի իջել կենցաղի ոլորտը:
Կարինե Խոդիկյանի պատմվածքներում հերոսների բառերն ու հայացքները գույն ունեն` նայած գործող անձինք ինչ վարքագիծ են ցուցաբերում, ըստ դրա էլ փոխվում են նրանց բառերի ու հայացքների գույնը:
«Մեծ եռագրություն» ժողովածուն արդի հայ արձակի նշանակալի դրսևորումներից է:
ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ԶԳԱՑԱԾԸ ԲԱՌԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
