ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ / 2009-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ

ԴԻԱՆԱ  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Փողոցը շունչը պահեց. պատի տակ նըստած տղայի մարմինը ծվատված էր այնպես, ինչպես արնախում գիշատչի բերանն ընկած զոհի դին: Բայց տղան, իր մարմինը մոռացած, վերքերով պատված ձեռքերը վեր հառած` ինչ-որ անհասկանալի բան էր մրմնջում: Հետո ամեն բան լսելի եղավ: Նրա բերանից «Հայր մերըե թափվում էր խաչաձև մեկնած ոտքերին: Փողոցը քարացավ: Տղայի մշուշոտ հայացքն իջավ մարդկանց վրա, նա ձեռքերը կտրուկ վար բերեց ու սևացած մատներով երեսն ամոթահար ծածկեց:
Փողոցը գլուխն օրորեց, ծպծպացրեց ու գնաց ճաշելու:
Ես սարսռացի. փոխանակ մենք ամաչենք, ինքն է ամաչում: Սիրտս նվվաց, բայց առօրյա թոհուբոհի մեջ պատեպատվելով` տուն հասա ու վատ երազ տեսածի պես` խոժոռվեցի: Ի վերջո, որոշում կայացրի ու կարծես հանդարտվեցի:
Հաջորդ օրը ճանապարհս թեքեցի, որ մեղքս քավեմ. յոդ ու թանզիֆ էի դրել պայուսակիս մեջ: Մի քիչ քաղցրավենիք, մի շապիկ ու վարտիք ու մի կիսաթև բաճկոն ծալծլել` կոկիկ փաթեթ էի սարքել: Եկա, հասա փողոցին ու… զարմանքից մեխվեցի տեղում: Տղան, զուգված-զարդարված, առոք-փառոք բազմել էր պատի տակ փըռված գորգիկին: Ձեռքին պաղպաղակ կար, անուշ-անուշ լպստում էր:
Աչքերիս չհավատացի: Մի երկու քայլ էլ արեցի ու պարզորոշ տեսա կարմիր պաստառը, որի վրա սև տառերով գրված էր. «Բոլորս դեպի ընտրություններե: Պատի տակ անուշեղենի սեղան էր փռված` թափառաշրջիկ տղայի չտես աչքը կշտացնելու ակնհայտ ճիգով: Նայեմ-տեսնեմ` տղայի վերքոտ դեմքն ու ձեռքերը նույն կեղտակոլոլ սևն են, որ առավել ընդգծվում էին ճերմակ վերնաշապիկի հենքին:
Ա՜յ քեզ կոլաժ:
Ամեն անգամ, երբ միամիտ խղճահարությանս թակարդն ընկած, քայլ եմ անում, որ օգնության ձեռք մեկնեմ, պարզվում է` չարաչար սխալվել եմ: Օրը ցերեկով աչքդ են խոթում վերնաշապիկի ճերմակության տակ վխտացող կեղտը, որ «Ընտրություններիե հարմար առիթն օգտագործելով` կոկում-քողարկում են` ի ցույց փողոցի: Կարևորն այն է, որ «Հայր մերնե անտեղի չէր թափվել տղայի խաչաձև մեկնած ոտքերին: Ես ինձ ժամանակավրեպ զգացի, ինչպես բարոյական հաղթանակը ժամանակակից հայի կյանքում:
Անզոր ընկրկեցի ու գլխիկոր մայթն անցնելով` ձեռքիս բարեգործական փաթեթը նետեցի աղբարկղը:

* * *
Մեր հետամնաց արվարձանից մինչև «Կենտրոնե կես ժամում կհասնես, եթե երթուղային տաքսի նստես: Եթե ոտքով գնաս, ինչպես մի ժամանակ գրող ընկերս էր անում` 100 դրամ գրպանի փող չունենալիս, երկուսուկես ժամում կհասնես, իսկ եթե բան է, քեզ շքեղություն թույլ տաս ու տաքսի նստես, տասը րոպե անց կհայտնվես Հյուսիսային պողոտայում, որտեղ թևածող արևելյան ծույլ մեղեդին թառից պոկվելով` արձագանքվում է սուպերեվրոպական անբնակ շենքերի խորխորատում:
Արվարձանից մինչև «Կենտրոնե երթուղայինով գնալիս երեկ գլխի ընկա, որ վարձու մարդասպան վարորդը, 100-ական դրամ ժողովելով, պատրաստ է մի դյուժին մարդու գլուխ ուտել, քանի որ վարորդական իր աճպարարությունները ցուցադրելու այլ տեղ չունի: Միանգամից մեծ արագություն հավաքելով` ճռռացնում, թոզ ու դուման էր հանում, ոլորաններում մե’կ աջ, մե’կ ձախ անիվների վրա սատանեպար բռնելով` սարսափահար ուղևորներին իրար գիրկ էր նետում ու կանգառներում հոգնաբեկ ժպտալով` հայրաբար հայտարարում. «Ժողովո’ւրդ, ճանապարհ տվեք, թող բարձրանանե: Ու իրար գլխի նստած, իրար հոտվըտելով` մարդիկ ճարահատ բռնվում էին` ով ումից կամ որ մարմնամասից կարող էր:
Էսպես ուրախ-զվարթ գնում էինք մեր հետամնաց արվարձանից դեպի «Կենտրոնե, երբ մեր հարազատ երթուղայինի վարորդն ինքնահիացքով թափ առավ ու բամփյունով մխրճվեց մայթեզրին կայանած մեքենայի մեջ` ջնջխելով խեղճի լուսարձակներն ու փշուր-փշուր անելով ձախակողմյան դռան ապակին:
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, երբ մեր «օյինբազե վարորդն ուրիշ ղեկի մոտ նստեր, ասենք` տիեզերանավի, քաղաքի կամ երկրի…
Բայց սպասե’ք, սա դեռ վերջը չէ: Իր մեղքը կոծկելու փորձված եղանակով` մեր աքլորացած վարորդը, քառահարկ հայհոյելով, իջավ իր գահից, չոքեց ջնջխված մեքենայի վարորդի բկին, թե` մեղավորը դո’ւ ես, ախպեր, ժողովուրդս մի մարդու նման կասի… չէ՞, ո՞նց թե չէ, դե սպասի, տես քո հախից ոնց եմ գալի, հեսա զանգեմ, գան ձեռքերդ ոլորեն` տանեն, դու սպասի՜, սպասի՜… ժողովո՜ւրդ, իջե’ք, չեմ գնում…
Վարորդն ինքնագոհ ու ինքնավստահ ժպտում էր: Նա կանխավայելում էր իր հաղթանակը: Մարդիկ, սուսուփուս, բերանները ջուր առած, իջան երթուղայինից և հերոսական ջանքեր գործադրեցին` քողարկելու իրենց վախը, զայրույթն ու նողկանքը: Ես էլ` էդ մարդկանց մեջ. ու չգիտեի` լա՞մ, թե՞ խնդամ արվարձանից «Կենտրոնե տանող մեր վարորդի աստվածատուր շնորհքի համար, մեր չար բախտի համար, որ ամեն օր 100 դրամով «քիլլերե ենք վարձում ու սպասում մեր փառունակ վախճանին:

* * *
Երբ լույսը բացվեց, Նունուֆարը, իր սայլակը դղրդացնելով, ճամփա ընկավ, որ ամեն օրվա պես քարքարոտ, բայց կարճ ճանապարհով հասնի Մալաթիայի շուկա, «բիրիկնոցիցե էժան մի քանի կիլո սոխ ու կարտոլ առնի, մի երկու կապ ռեհան ու սամիթ, գազար-բազուկ, մի երեք գլուխ կաղամբ առնի ու էլի նույն քարքարոտ ճանապարհը բռնած` ետ գա, իր տան դռանը շարի, կիլոյի մեջ տասը-քսան դրամ թանկ ծախի, որ տունը պահի:
Ճանապարհին արևը ծակծկում էր, թըռչունները հինգերորդ հարկի պատուհաններին քսվելով` օղակ-օղակ պտույտ էին տալիս: Նունուֆարը դարդ արեց, որ քամի չկա, էսօրվա լվացքը չի չորանա ու անձրևի տակ կթրջվի: Աչքերը կկոցելով` նեղացած նայեց ամպերով ծածկվող երկնքին ու սևացած դեմքը էլ ավելի սևացած ձեռքով շփելով` հորանջեց: Հետո հիշեց, որ էն անտեր պարտքերի դավթարում մի քսան մարդ հարյուր հազարից ավելի պարտք ունի ու ոչ մեկից մի գրոշ անգամ պոկել չի լինի: «Դե արի` ապրիե, – Նունուֆարը հառաչեց ու սայլակն ուժով դուրս հրեց քարակույտից: Մտքում մի քանի անգամ հաշվարկ արեց. թե մի պարկ կարտոլը վաթսունով առնի, ութսունով ծախի, ինչքա՞ն օգուտ կանի, որ բան-ման առնի, գնա բանակում տղային տեսնի, հետո մի բան էլ ավելացնի, որ աղջկա օժիտը կապի, իսկ որ հերիքեց, մարդու դեղի փողն էլ կտա ու…
Նունուֆարի ափը քոր եկավ: «Էսօր փող կգաե,- Նունուֆարի ճակատի կնճիռը հարթվեց, դարուփոսերից դուրս ելավ ու հայտնվեց փողոցում: Հանկարծ քամի բարձրացավ: Նունուֆարի երկարած մազերը խռիվ ընկան աչքերը, քամին փեշը փրփրացրեց ու հրեց վեր: Նունուֆարը խառնվեց իրար. մի ձեռքով սայլակը հրեց, մյուսով` փեշը քաշեց, գլուխն անօգնական թափահարեց, որ մազերն աչքերից հանի, բայց քամին վրա էր տալիս ու մազերի դեզը գզգզելով` լցնում աչքերը: Մեքենաների ազդանշանները պայթեցին ականջներում, ու մոտերքից մի կնոջ ծղրտոց լսվեց:
Սայլակը ցաքուցրիվ օդ թռավ, Նունուֆարը տնկված մնաց փողոցի մեջտեղում: Վարորդները գոռում էին, մի երկուսը հայհոյեցին, մի ջահել կին գլուխը մեքենայից հանեց ու լրբացած ճչաց. «Ա՜յ կնիկ, առավոտ լույսը չբացված` կյանքիցդ ձեռ ես քաշե՞լ, դեմդ նայի, հո քոռ չեսե: Վերջապես մի տղա վրա հասավ, Նունուֆարի արմունկը բռնեց ու հրելով դուրս բերեց փողոցի սոդոմ-գոմորից: Մարդիկ հավաքվեցին գըլխին, մեկը մի շիշ ջուր բերեց, ցպնեց Նունուֆարի դեմքին, պարանոցին, մյուսը ձեռքերը տրորեց, մեկն էլ Նունուֆարի ծնոտը բռնեց ու շիշը դեմ տվեց բերանին: Նունուֆարը կամաց-կամաց ուշքի եկավ, ու երբ գիտակցեց կատարվածը` արցունքները հանդարտ գլորվեցին արևից ու քամուց կոշտացած դեմքի վրայով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։