Մայրաքաղաքի էլիտար դպրոցներից մեկում բանկետ-փարթի էր՝ տնօրենի էժանագին ցուցամոլության հերթական ծեսը կանանց մեկամսյակի առթիվ: Զուսպ, չափված-ձևված մանկավարժների պատկերաշարում աչքի էր զարնում անպարկեշտ դեկոլտեով անհրապույր, ասես մրոտ կրծքերն ի ցույց դրած, երկար, նեղ ծխամորճը մատների արանքում կոկետորեն ճոճող մի կին: Նրա կողքին ամոթխած-շիկնած կուչ էր եկել աստղագիտության ուսուցիչ Հարություն Օսկանյանը:
– Էն խելըռնոցի ապրանքն ո՞վ է,- կողքինին բոթեց ֆիզիկայի ուսուցչուհին:
– Օսկանյանի կինը:
– Վա՜խ, քոռնամ ես,- անկեղծորեն ցավեց գյումրեցու հումորին ու բարբառին երբեք չդավաճանող ֆիզիկոս տիկինը:
Քիչ անց տիրաբար դահլիճ մտավ տնօրենն ու հանդիսավոր քայլեց դեպի սեղանապետի աթոռը: Չբավարարված արուի աչքն իսկույն նկատեց Օսկանյանի կնոջը:
– Կինս է, պարո՛ն Սարուխանյան,- խեղճ-խեղճ ներկայացրեց աստղագետը:
– Ուրախ եմ, տիկի՛ն,- հեգնախառն սիրալիրությամբ կնոջ ձեռքը սեղմեց տնօրենը:- Հրաշալի ամուսին ունեք, դպրոցի բոլոր կանայք սիրահարված են նրան:
– Գիտեմ,- սարկազմով նետեց կինը:
Սարուխանյանը հասկացավ, որ գտել է հերթական խաղալիքը: Տիկին Օսկանյանն էլ հասկացավ Սարուխանյանի հասկացածը: Հարություն Օսկանյանն այդ գիշեր, ինչպես շատ հաճախ, երկար սպասեց կնոջը, հոգնեց սպասելուց ու քնեց: Իսկ առավոտյան թթված դեմքով կինը (իմպոտենտի հետ գիշերելը ամենահաճելի ժամանցներից չէ) բութ հայացքով կանխեց ամուսնու ենթադրյալ հարցը: Հարությունը կասկած չուներ, որ կինը կհորինի հերթական սուտն ու կմատուցի իբրև անառարկելի ճշմարտություն: Կինն էլ գիտեր, որ բնավ հարկավոր չէ մի խելքը գլխին բան հորինել իր շշմած-անճարակի համար. ինչ կուտ էլ դնի առաջը, սուսուփուս կուլ կտա:
***
1946-ի մեծ հայրենադարձության ալիքը Հունաստանից Բաթում էր տեղափոխում նորապսակներ Հովհաննեսին և Մարիին, որ իրենց առաջնեկին էին սպասում: Ամուսիններով որոշել էին՝ եթե երեխան ծնվի ծովի վրա, նավաստի կդառնա, ինչպես մորական պապը, իսկ եթե ցամաքում՝ աստղագետ՝ Հովհաննեսի հոր նման: Հովհաննեսը լավ էր հիշում Պոլսի իրենց երկհարկանի տան տանիքում պահվող բազմաթիվ ու բազմապիսի դիտակները, որոնցով հայրն ամեն գիշեր ուսումնասիրում էր աստղերն ու տանիքից իջնում մի տեսակ այլայլված, աշխարհից վերացած: Ամռան ամիսներին էլ, դրանցից ամենամեծը թևի տակ, բարձրանում էր լեռները:
…Շոգենավը հասավ վրացական ափ: Բոլորը հապշտապ հավաքեցին իրերը, իջան ցամաք՝ շուտով գնացք նստելու և հայրենիք հասնելու փափագով: Պարզվեց՝ ծովափնյա անցակետում հարկավոր է երկար-բարակ ստուգումների տանջարանով անցնել: Սկսվեցին Մարիի երկունքի ցավերը: Ամուսինը տագնապած վազեց մեծավորի մոտ (նա էր մեծավորը Հովհաննեսի աչքում), անմեղ-անմեղ խնդրեց իրենց ազատել ստուգումներից և մեքենա տրամադրել՝ մոտակա ծննդատուն հասնելու համար: Սև համազգեստով, փայլեցրած երկարաճիտ կոշիկներով, թավ բեղերով վայրենու և պաղպաղակ ուզող մանկան նման միամիտ Հովհաննեսի հայացքները խաչվեցին, և Հովհաննեսի ներսում պայթեց մի խուլ լռություն: Նա սարսռաց. լավ էր հիշում անապատով իրենց քարշ տված չարքերին:
Այդ պահին Հովհաննեսին մոտեցավ հայրենադարձվածներից մեկն ու առաջարկեց իր օգնությունը: Ազնիվն էր, որ մանկաբարձուհի էր եղել Հունաստանի ծննդատներից մեկում:
Երբ լսվեց նորածնի առաջին ճիչը, Մարին կորցրեց գիտակցությունն ու մարեց Ազնիվի ձեռքերի մեջ: Ժամեր անց ուշքի եկավ մի նեղ, անլուսամուտ սենյակում՝ պատին կպած կոշտ մահճակալի վրա: Աչքն ընկավ կողքի կապոցին. ճանապարհից առաջ ինքն էր պատրաստել՝ ծննդատուն տանելու համար: Իր թույլ վիճակին անհարիր եռանդով սկսեց քչփորել կապոցի ծալքերը, բայց ուժերը սպառվեցին: Խնդրեց Ազնիվին կապոցի միջից գտնել հայելին, շրթներկն ու դիմափոշին: Ապշահար մանկաբարձուհին չհասկացավ, թե կյանքի ու մահվան սահմանագծին տարուբերվող կնոջ ինչի՞ն են պետք դրանք:
– Կ՚ուզիմ մանչս գրկիլ: Առաջին անգամը զիս պիտի տեսնա, թող որ աղվոր տեսնա,- հազիվ շշնջաց Մարին:
Կարկամած Ազնիվն օգնեց Մարիին անուշահոտ փոշով շպարել գունատ դեմքն ու ներկել կապտած շուրթերը: Մոր և որդու հանդիպումը միակը եղավ:
Կնոջ դիակը գրկած՝ Հովհաննեսը սնքրտում էր մանկան նման ու անօգնական հայացքով կարեկցանք փնտրում. դժվար ճարվող ապրանք՝ իրեն վիճակված ժամանակներում: Ազնիվը, որ արդեն կայացրել էր անմայր Հարությունին որդեգրելու վճիռը, տեսնելով Հովհաննեսին՝ հասկացավ, որ պիտի որդեգրի երկու որբացածի:
Մանկաբարձուհի Ազնիվն ու դերձակ Հովհաննեսը միացրին իրենց ճակատագրերն ու մեծացրին Հարությունին: Նա աստղագիտություն սովորեց նախ՝ Երևանի, հետո՝ Մոսկվայի համալսարաններում: Հրավիրվեց աշխատելու Բյուրականի աստղադիտարանում: Միայն աստղադիտակների մոտ էր իրեն լիարժեք, անխոցելի զգում: Նրա ժառանգական միամտությունն ու դյուրահավատությունը դարձել էին ծաղրուծանակի առարկա: Հարությունին ցավեցնելն ու ձեռ առնելը, հատկապես՝ տարօրինակ տիկին Օսկանյանի առեղծվածային հայտնությունից հետո, թեթև ժամանց էր մարդկանց համար:
Կնոջ զանազան-զարմանազան հատկանիշների շարքում առանձնանում էր իգական բնազդի անկառավարելիությունը: Երբ գյուղի համարյա բոլոր տղամարդիկ հասցրել էին ի մոտո ճանաչել տիկին Օսկանյանին, իսկ կանայք անկեղծորեն կարեկցել ու մի տեսակ սիրել համեստ, քաղաքավարի աստղագետ հարևանին, Հարությունը հասկացավ, որ իր համար անհնար է այլևս գյուղում մնալը: Աշխատանք գտավ մայրաքաղաքի էլիտար դպրոցներից մեկում, լքեց աստղադիտարանի հարազատ ու թանկ աշխարհը, տեղափոխվեց բնակության դպրոցին կից ուսուցիչների կացարանում:
Այստեղ սկսվեց Օսկանյանի դժոխքի հաջորդ արարը: Կապը կտրած աշակերտները Աստծու պատիժ էին խեղճության չափ բարեկիրթ ուսուցչի գլխին, իսկ իններորդցի Սամոն ուղղակի մղձավանջ էր, աղետ, սամում: Գրեթե ամեն օր՝ դասերից հետո, Օսկանյանը Սամոյի ու նրանից անբաժան երկու ընկերների հետ գլխիկոր մտնում էր տնօրենի աշխատասենյակ ու փրկություն աղերսողի նման պատմում, թե ինչ աննորմալություններ են արել նրանք իր դասի ժամին: Այդ կրկնվող արարողակարգից զզված տնօրենը հավուր պատշաճի քարոզ էր կարդում հեգնական ժպիտները հազիվ թաքցնող տղաների գլխին ու ճամփում նոր արկածների:
Տնօրենից հույսը կտրած՝ Օսկանյանը որոշեց Սամոյին դաստիարակել աստղերով: Հավաքեց նրանց դասարանն ու բերեց Բյուրական՝ ուսումնական դիտակով աստղերին նայելու:
Մինչ կգիշերանար, ու դուրս կգային աստղերը, աշակերտներին տարավ Բյուրականի կիրճ ու սկսեց պատմել հնամյա ջրանցքի մասին, որի մի երակն էր Ամբերդից սկիզբ առնող և այդտեղով հոսող անանուն վարար գետը: Իր պատմածով տարված՝ չնկատեց Սամոյի ու երկու տղաների բացակայությունը: Նրանք աննկատ լքել էին Օսկանյանի բացօթյա լսարանը, մոտեցել գետի վրա կախված ժայռաբեկորներին: Սամոն սկսել էր իրավարի ծամածռվել, ոտքի տակից փախել էր խախուտ քարաբեկորը, նա գահավիժել էր ցած, անհետացել գետի ալիքների մեջ: Սարսափած ընկերների օգնության ճիչերը հասան Օսկանյանի ականջին: Նա ակնթարթորեն հասկացավ կատարվածն ու վազեց դեպի կիրճը: Հայացքով չափեց իր առջև բացված անդունդը, սարսռաց ափամերձ քարերին բախվող խելահեղ ալիքներից, բայց դրանց խորքից հանկարծ ժպտացին հարազատ կապույտ աչքերը: Մարիի լուսանկարները որդին գտել էր հոր մահից հետո, Հունաստանից բերված ճամպրուկի պատռված աստառի տակ: Հասկացել էր՝ հայրը դրանք թաքուն է պահել, որ չվիրավորի իր համար հույս ու հենարան, բայց այդպես էլ սիրելի կին չդարձած Ազնիվին: Կապուտաչյա տեսիլքի հմայքն ու խեղդվող տղային (ում սեփական ձեռքերով խեղդելու ցանկություն էր ունեցել շատ հաճախ) փրկելու մղումն առավել զորեղ գտնվեցին, քան բանականությունը. Հարությունը բոլորից աննկատ նետվեց ջուրը: Րոպեներ անց օգնության հասան մոտակայքում լողացող գյուղացի պատանիները: Նրանցից մեկը բռնեց ուշաթափ Սամոյի մազերից ու հանեց ափ: Նրան պառկեցրին փորի վրա, սկսեցին դուրս մղել թոքերում կուտակված ջուրը: Սամոն հազիվ շարժեց շուրթերն ու շշնջաց.
– Պարոն Օսկանյանին փրկեցի՞ք:
Բոլորը տարակուսանքով նայեցին իրար:
Օրեր անց միայն հայտնաբերվեց ջրահեղձի մարմինը՝ շուլալված ափամերձ քերծերից մեկին:
Տիկին Օսկանյանը խաղաց ամուսնու ողբերգական ճակատագրի բեմադրած վերջին արարը: Փնթի-փոշոտ սենյակի կենտրոնում դրված էր փակ դագաղը: Կինը, անհեթեթ-թատերական զգեստը հագին, ճակատը սև շղարշով կապած, թիկնել էր կարմիր թավիշով ծածկված բազկաթոռին ու մատների արանքում տնկել անբաժան երկար ծխամորճը:
Գյուղացիք փորձում էին գլուխ բերել դժբախտ հարևանի հոգեհացի պատրաստությունը: Մեկի պահած ոչխարով, մյուսի քաշած օղիով, երրորդի դրած թթվով ու թխած լավաշով, չորրորդի աճեցրած կարտոֆիլով ու կանաչիով սեղան էին գցում: Գումարը, որ ուղարկել էին աստղադիտարանից ու դպրոցից, «սգակիր» այրին պահել էր շիրմաքարի համար, որն այդպես էլ ոչ ոք չտեսավ:
***
Օսկանյանի մահվանից յոթ տարի էր անցել: Անծանոթ մեքենան մտավ Բյուրական և ուղղվեց դեպի գյուղի գերեզմանատուն: Ճանապարհի մի հատված պատված էր փշալարերով, որոնց երկայնքով տարածվել էին մորու փարթամ թփերը՝ հյութեղ, հասուն պտուղներով ծանրաբեռ: Մեքենան կանգնեց, միջից իջան երեք երիտասարդ և սկսեցին աջ ու ձախ նայել՝ գտնելու համար մեկ այլ ճանապարհ:
Տղաներից մեկը ձեռքը մեկնեց մորու թփին, մի քանի պտուղ քաղեց:
Քիչ անց մոտակա տնից դուրս պրծավ մի աննորմալ ու ճչաց.
– Ի՞նչ ես խժռում բերքս, ինձ հարցրել ե՞ս, որ իմ աճեցրած մալինան ուտում ես:
– Տիկի՛ն…- Օսկանյան ազգանունը դիմադրեց-կանգնեց տղայի կոկորդին,- մենք պարզապես փորձում ենք շրջանցել փշալարերը, որ կապել եք ու ապօրինի փակել գյուղի ընդհանուր օգտագործման ճանապարհը:
– Ի՞նչ, ապօրինի՞: Դու գիտե՞ս՝ ինչ է նշանակում ապօրինի: Էդ բառը կարո՞ղ ես բացատրել,- ափերից դուրս եկավ երբեք էլ ափերի մեջ չտեղավորված կինը:
– Իհարկե, կարող եմ: Ապ-ը նախածանց է, օրեն-ը՝ արմատ, ի-ն՝ վերջածանց: Բառի իմաստն էլ այսպիսով պարզ է դառնում՝ օրենքին հակառակ, օրենքը շրջանցող,- մռայլ նետեց տղան:- Օրինակ՝ Հարություն Օսկանյանի մահը կյանքի ապօրինի շրջանցումն էր: Իսկ ապրողներից ոմանք ապօրինի շրջանցել են մահը… կամ՝ բարոյական մահը:
– Տղե՜րք,- կանչեց ընկերը,- էս կողմից կարող ենք մտնել, էստեղ ճանապարհը բաց է:
Շաբաթներ անց մի նրբաճաշակ շիրմաքար բարձրացավ Հարություն Օսկանյանի հողաթմբի վրա: Նրա չփրկած-փրկած աշակերտի՝ քանդակագործ դարձած Սամոյի ստեղծագործությունն էր: Ամեն բան արվել էր գաղտնի. երեք անբաժան ընկերները ապօրինի շրջանցել էին չլռության պատնեշը: