ՊՈԵԶԻԱՆ ՆԵՐԲՈՂԻ ԵՎ ՍԱՂՄՈՍԻ ՁԵՎՈՒՅԹՈՒՄ / Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

Հուսիկ-ԱրաՆախ ճշգրտեմ հասկացությունը, ասելու համար, որ նկատի ունեմ ոչ թե ժամանակակից ներբողը, որ նույնանում է մակերեսային ողջերգի, այլ Պինդարոսի և Հորացիոսի դասական ներբողը, որտեղ դիցաբանական ատաղձը վսեմական հղում է շնորհում բանաստեղծությանը: Այստեղ է Հուսիկ Արայի բանաստեղծության տաղաչափությունը:
Նախապես ասեմ, որ Հուսիկ Արայի բանաստեղծությունը անձնականացված մենախոսություն է, խոսք՝ ուղղված Աստծուն, աշխարհին, մարդկանց, ներզգայական արտածումները օբյեկտ-առարկայի հանդեպ: Սա ինքնաբերաբար պայմանավորում է բնագրային վերլուծության առանձնահատկությունը:
«Տան դուռը» ժողովածուն բացվում է «Անմոռուկ» բանաստեղծությամբ, որը աղոթքի մաքրությամբ զավակներին է հղում Նոյ նահապետի լեգենդը, թե սա մեր երկիրն է, այստեղ է ձևավորվել մեր հոգևոր ու ֆիզիկական գոյականը, մեր պատմությունն ու լեզուն, մեր ճակատագիրը, մեր հավերժության անցյալն ու ապագան:
Մենք նույն տեղում ենք խարույկ վառել հիմա՝ //մի պատմություն այս կողմ, //մի ամբողջ ժամանակ հետո:
Ժամանակի ընկալումը ցուցանիշ է ազնվամտության, բանաստեղծը իր խոսքը չի խճողում սուտլիկ որսորդության և անդեմ լոգիզմի պճնախոսությամբ: «Ազատության հրապարակ» և «Նոր Հայաստան» շարքերում և՛ գաղափարն է ներածական, և՛ հայրենիքն է իրական: Երկու պարագայում էլ հասկացությունները նույնանում են պոետական խորհրդանիշի:
Դու բառ չես այլևս, ազատություն, որ հայտնվում էիր մեր երազներում, գունավորում մեր հոգու մագաղաթները: Քո անունը սարսուռով էի արտաբերում, ինչպես անունն Աստծու և «բանաստեղծի ճակատագրով ինձ էր տրված օրհներգ ներբողել քեզ», քանզի երազանք ես եղել ձեռագիր մատյաններում, իսկ այժմ իրական ես որպես հայրենիք՝ «ազատ ու ինքնիշխան»: Բայց ի՞նչ արժեր մեր մաքառումը, երբ երազն անջատվեց իրականությունից և հնչեցիր միայն որպես բառ, երբ անկախության մեր դրոշը «ծածկոց դարձավ խփված տղաներին», մինչդեռ քո անունով մենք ձգտում էինք գտնել մեր Իթաքեն: Այսպես, անկատար մնացին մեր երազները, փլուզվեց հեքիաթի իրականությունը, անարձագանք թողնելով ողբագին հարցը, «թե հեքիաթն ինչու պիտի այսպես վերջանա»:
Ես պատմում եմ բանաստեղծությունը, ցույց տալու համար, թե ինչքան անեղծ են Հուսիկ Արայի կարոտները և ինչքան զգայուն է վերապրում երազի և իրականության խզումը մեր վաղնջական հուշերում:
Ազատության ուրվապատկերում գծագրվում է Նոր Հայաստանի կերպարը, որի իրականը տեսնելու համար «ազատություն եմ վանկարկել // քո պայքարի հրապարակում»: Սակայն մեր երազի Հայաստանը «ապագայի հիշողություն մնաց», քանզի մեր հույսը մշտապես անցնում էր ժամանակի գծից, մենք միշտ մնում ենք անցյալ, իսկ մեր ներկան՝ ապառնի, բայց ես կրկնում եմ նախնիների գոյական խոսքը, թե «քո վաղվա օրն է պայծառ, որ գալու է դեռ»: Բանաստեղծի ես-ը ներձուլվում է հայրենիքին և ցայտում է սիրո անանձնական զգացումը, որ նման է աղոթքի:
Ներբողային ձևույթի տաղաչափությամբ է կառուցված «Առանց հետգրության» շարքը, ուր գոգենյան խափշիկուհու կերպարով երանգավորում է իրականության և երազի տեսիլքը: Ամեն բան հարաբերական է տիեզերքում, միայն սերն է բացարձակ, քանզի սկիզբն է արարչության: Հուսիկ Արայի սերը գրավիչ է բանաստեղծական ներշնչանքով և նվիրական, ինչպես ավետարանական երանիները: Փույթ չէ Աֆրոդիտե ես, Տիրամայր, թե սովորական կին, «քեզ սիրում եմ բացարձակ ու ցպահանջ // անպարունակ ինչպես երկինքն է», ինչպես տեր Աստվածը սիրեց երկիրը, և դրախտի ամենակրքոտ կավից արարեց մեզ»: «Իմ ապրելու բանաձևը դու ես տվել // Երջանիկ եմ, երբ սեր կա մեջս // ու բանաստեղծություն»:
Ներանձնական սիրո ներբողներ են «Բախիր, կբացվեմ», «Միշտ հիվանդ լինեմ քեզնով», «Կարոտ», «Վերջակետ», «Ես աշխարհը չէի փոխի» ռոմանսները, որոնք զգացմունքի գեղեցիկ արժեքներ են՝ կարոտի, սպասման, անուրջի և վայելքի անմնացորդ նվիրումներ. «Սերը քո հայացքն ունի հիմա», «Իմ դեղը դու ես, որովհետև ես հիվանդ եմ քեզնով», ի հեճուկս ավետարանական պատգամի, ես դժոխք կգնամ, եթե անգամ պոռնիկ լինես, և ես շնանամ քո արբշիռ գրկում, քանզի.
Քո սերն եմ սիրում միայն //ու ներբողում եմ՝ //ինչպես դժոխքը տեսած մեղավոր, //ուր ամեն գեղեցիկ քո անունն ունի…
Այսպես, սիրո բանաստեղծության «Վերջակետից» հետո սկիզբ է առնում անիմանալի աշխարհի փիլիսոփայական խոհը «Սրտի ագռավը» շարքում: Անքննելի են անցավոր աշխարհի քմայքները, անկատար երազների և ապարդյուն սպասումների հասկանալին կամ անհասկանալին: «Սրտի ագռավը» շարքի տպավորիչ քերթվածներից է «Աղբահավաքը», մի ավարտուն նորավեպ կերպարի արտահայտիչ մենախոսությամբ: Անստույգ են երևույթի և, էության սահմանագծերը, ճշմարտությունը տեսանելի է ներքևից, և աղբահավաքը, որի համար «գաղտնիքներ չկան» և ճանաչելի են իրերի բնույթն ու «վարքը ժամանակի», թափոններից զատում է գարշահոտը, որ բանաստեղծության պես մաքուր լինեն բացվող առավոտները:
Երբ փարատվում է իրականության միրաժը, անցյալի հուշերից հառնում են երանության պահերը, և կարոտի «ձախորդ վրիպակները» արձագանքում են անվերադարձ կորստի ափսոսանքը:
Հուսիկ Արան պոետական նուրբ զգացողությամբ կորսված իղձերի հոգեկան տվայտանքները փոխաձևում է բանաստեղծությամբ: Մանկության իր խաղալիքը դռան ճեղքից թափանցած լույսն էր, որ «կոտրեց» անզգուշաբար, ու թեև գուշակի խորհրդով «ամեն մարդ իր լույսն ունի այս աշխարհում», բայց հիշողության մեջ իր լույսը մշտապես մնաց «կոտրված խաղալիք»:
Բախտս բացող տրցակից //սրտի ագռավն եմ քաշում //որ իմ բաժին թուղթն է, //և դնում եմ ճակատագիր սակարկող //գուշախաղի սեղանին:
Եվ թուղթը հուշեց միայն կորսված սեր, դատարկներում մոլորված երջանկության և մութ խաղատներում վատնված անհետ սկիզբ ու վերջ: Նույնպիսի թախծոտ վերհուշ է «Այգեպանը» բանաստեղծական գեղեցիկ էտյուդը, ու թեև չկա այգեպանը, բայց նրա հայացքը երկնքից հսկում էր մեր ժամանակը այգու խաշամի և չոր խոտերի վրա. հեթանոսական տաճարի և ժայռաքար եկեղեցու սրբավայրերի դիմաց: Իսկ այժմ, ավաղ, «մեր հեռացած ոտնահետքերը այրված խաշամի մոխիրն էր ծածկել»: Երկնային կանչ է ունայնության թախիծը:
Ակամա հիշում ես «Միայնակ շան լուսնահաչը» էլեգիան և «Ալֆա-Օմեգա» էսսեն, ուր Հուսիկ Արան ուղղակի քանդակում է մանկության, զրկանքների ու լինելության գեղարվեստական մի հոյակապ առասպել: Այս զուգահեռի վրա հասկանալի են դառնում սաղմոսաերգության հատվածները «Բառը առանց ստվերի» շարքում: Ներշնչման աղբյուրը Դավթի սաղմոսներն են Աստվածաշնչում: Սկիզբ ընդունելով հինգերորդ սաղմոսը, որ մեղքի ու թողության աղերսն է առ Աստված, որին սիրել ու երկրպագել է, բայց անկարող է եղել զսպել մարմնի ցանկությունները. «Քեզ վկայելով չարին են վստահել // խոսքը և լռությունը // մեղքս ծանր է քո ներումից երկու անգամ // որ միտք է կշռում և չափում է հոգի // ես դժոխք ընտրեցի ու ավելորդ եմ քո դրախտի համար // և շնչում եմ դառնությունը, որ զգում ես իմ կորստով»:
Այնքան անեղծ ու մաքուր է խոստովանությունը, որ աղոթքի պես նվիրական է հնչում զղջման ու ինքնամաքրման աղերսը: Դավթի վեցերորդ սաղմոսն ասում է. «Ողորմիր ինձ Տեր, որովհետև տկար եմ ես, բժշկիր ինձ, Տեր, որովհետև իմ ոսկերքը սարսափում են… Դարձիր, Տեր, փրկիր իմ անձը, ապրեցրու ինձ քո ողորմության համար ¥Աստվածաշունչ, Շտատգարդ, 1989, էջ 613¤:
Հուսիկ Արան իր սաղմոսաերգության պոետիկան հմտորեն տողադարձում է աստվածաշնչյան սաղմոսի ռիթմի և ոգու հնչերանգով: Ամենուրեք նա է Աստծո որդին, որ լռությամբ ունկնդիր երկրային ձայներին, սահմանում է մարդկային վարքի կանոնները: Անչափելի է երկրի ու երկնքի հեռավորությունը և հանդիպումը անհավանական, չիմացա, թե «ժամանակի որ կանոնը խախտեցի», բայց «դուռդ մի՛ փակիր վրաս», քանզի մոռացված եմ բոլորից և «դժվարանում եմ ապրել մարդկանց աշխարհում».
Երբեմն թևերիդ վրա ինձ տար: //որքան էլ մեղքս ծանր լինի իմ մարմնից. //Քո մենակն եմ, Տեր, //ազնիվ չէ, որ գթությունդ շրջանցի ինձ: //Եզր հրված օտար եմ այս ցածում, //ստիպված ես անձս պահպանել քո երկնքից:
Փրկության աղերսն ուղղելով Տիրոջը, Հուսիկ Արան, սակայն, չի փոշիացնում իր անհատականությունը: Տիեզերքը համակարգված է բանականության օրենքներով, թեև բացարձակը տիրոջ կամքն է և «Աստված կատարյալ գիտակցումն է չարի», բայց անմեկին է նաև բանաստեղծի խորհուրդը. «Եթե սա է քո գծած երկիրը, ուրեմն դու էլ մեզնից մեկն ես, Տեր»:
«Տան դուռը» գրքում առանձին բաժին են կազմում պոեմները՝ «Քոռ բու», «Անաբասիս» և «Առավոտ»: «Քոռ բուն» պոեմի գաղափարը դիտելի է սաղմոսների շարունակության վրա, ուր Աստված դրոշմել էր Մարդ և Մեղք բառերը և ճակատագրի վրա կախել քոռ բուի կռինչը. «Գիշերն ի լույս բվվում էր բուն այգու խոնավ կատարին, այն աշխարհի ձայնը ինչ էր ասում այս աշխարհում, լեզուն չհասկացա»: Պոեմի ոգին մռայլ է, հոռետեսական: Մեղավոր սիրո հայացքում Աստվածն է ու սատանան և հանապազօր հալածում է իր ներսի դևը. քանզի Աստված թերի է ստեղծել իրեն, առանց ներումի մատնել «ցմահ բանտարկության»:
«Անաբասիս» պոեմը հույն գրող-պատմագիր Քսենոֆոնի համանուն ստեղծագործության տպավորական նմանակումն է: Այն բաղկացած է երեք մասից՝ «Տարածք, ուր ապրում եմ», «Ինչո՞ւ ինձ թողեցիր, երկիր» և «Ո՞ւր կորավ մեր ժամանակը»: Առաջին մասը բանաստեղծական ներբող է երկիր դրախտավայրի մասին, ուր հայրենի տունն է, սրբավայր ու գոյության ապաստան: Երկրորդ մասում զվարթ ձայները տեղի են տալիս արյամբ ու պայքարով նվաճված և սակայն մոռացված նահատակների արձագանքին. «Ինչո՞ւ ինձ թողեցիր, երկիր»: Երրորդ մասում մոռացումի տվայտանքն է մոռացված սիրո այգի, մոռացված հեքիաթի ձին, մոռացված երազ: Ճակատագրով մեզ տրված էր լույսի որդիներ լինելու, բայց Աստված մոռացել է մեզ և մեր երազի հրեշտակը պարտվեց հեքիաթի դևին: Թեև փակ է մեր հայացքի հորիզոնը, բայց եղել է մեր երազի օրը իրական ու շոշափելի, ուստի.
Հավաքենք լույսի ճոթերը //Ինչ մնացել է հավատից ու կարոտից դեռ //Ամփոփելով մեր երազն ու իրականը // Եվ պատումը հեքիաթի՝ Նոր բովանդակություն: //քայլենք լուսաբացի միջով՝ //դարը մեկ անգամ գիսաստղի մոտենալը տեսնելու:
Գեղարվեստական խոսքի մի ավարտուն միավոր է «Առավոտ» լիրո-էպիկական պոեմը: Այստեղ և՛ պատմություն կա, և՛ կենսագրություն, և՛ վերհուշ, որոնք կազմավորում են մի բովանդակալից սյուժե, ժամանակի խոհամիտ անցումներով: Բնաբան ընտրելով ազգի լինելության չարենցյան պատգամը «Պատմության քառուղիներից», հեղինակը պոեմն սկսում է պատմության պարադոքսի հակադրական հատվածով. «Արարատի լանջին, ուր ցեղասպանություն է իրագործվել, Եվրոպոլն է կառուցվում»: Կլինի մի նոր Հռոմ կամ Բաբելոն և կլինի պատմության էջերում արձանագրված հուշագիրը՝ «Հնամյա մի ցեղ բնաջնջվեց իր հազարամյա բնօրրանում», վերածնված ժամանակի բանաստեղծին կհուշի Արարատ լեռան հավերժությունը: Ապա դրվագ առ դրվագ հաջորդում են ազգի պատմության անկումներն ու վերելքները և տարեգիր բանաստեղծը, որի հայացքում բեկվել են պատմության քառուղիների երթը, իր ձեռքում ունենալով պապի ժառանգած Վանի տան բանալին, վիպերգն ավարտում է տիեզերական ժամանակի նորոգության հավատով.
Արագիլների ճախրանքը երկնքի հողն է ծածկել, //Գարնան Աստվածն է վերադառնում, ու սեր է, //Անդորրն է ճեղքվել անեզրության ու եզերքի, //Եվ լեռներից վեր բացվում է նոր օրվա առավոտը:
«Տան դուռը» գիրքը Հուսիկ Արան վերջաբանում է «100 տարի անց» էսսե-ակնարկով, որը կարելի է համարել «Առավոտ» պոեմի լրացումը, ցեղասպանության վերաբերյալ արվեստի ու գրականության անդրադարձների ուրույն մեկնաբանությամբ: Իր ամբողջության մեջ «Տան դուռը» նշանակալից երևույթ է ոչ միայն հեղինակի ստեղծագործական առաջընթացում, այլև արդի հայոց գրականության զարգացման հեռանկարում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։