ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ / Անի ՓԱՇԱՅԱՆ

«Նավահանգիստ»-ը բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանի յոթերորդ ժողովածուն է: Ինչպես գրքի հանձնարարականում է գրված, տեղ են գտել նաև անտիպներ` վաղ շրջանից: Ժողովածուն ունի «Անսկիզբ նավարկություն», «Աննավարկություն», «Ծանր թիեր», «Մոլորակները մոլորվածներ չեն», «Մակընթաց լեռան նավակողից» խորագրերը: Ժողովածուի խորագիրը, արդարև, խոսուն է: Որովհետև վկայում է բանաստեղծի, գրողի բյուրեղացման փաստը: Այն, որ նրա տողերը ապրումների կշիռն է պարունակում իր մեջ, որ հանրագումարն է կարծես ամբողջ կյանքի: Այսինքն` դիտումների, սեփական փորձի, մյուսների հետ առնչությունների և արվեստի հանդեպ ունեցած բացառիկ վերաբերմունքի պատկերում: Պատկերում, որ ներշնչանքի ու վերլուծությունների շաղախ է, երբեք չասված ինքնազսպման հանկարծակի պայթյուն, որ զսպել անկարող է այլևս: Այս ամենը, սակայն, հաստատվել է նաև գրական փորձառության և հասունության կնիքով: Բանաստեղծը կարևորել է կյանքն իր մանրուքներով, տարվա եղանակներով, նյութը, կորուստը, մյուս մարդուն, հոգու ամենատարբեր վիճակները, նաև` անկրելիությունը: «Նավամատույց»-ը քնարական հերոսի նոր հանգրվան է գեղարվեստական այն նոր տարածքում, որը միայն իրենն է` սեփական ձեռագրով և ոգեղեն կուտակումներով: Հինգ խորագրերը` որպես բանաստեղծական թևեր, պահում են ժողովածուի հենքը, գլխավոր ասելիքը: Առաջինն, անշուշտ, սիրո՛ ձայնն է, հատկապես «Անսկիզբ նավարկություն»-ում, այսօրը` որպես ժամանակի վկա, «Մակընթաց լեռան նավակողից» խորագրում` մշակութային շնչառությունը` մյուսին հասկանալու և գնահատելու առումով` «Աննավարկություն»-ը և «Ծանր թիեր»-ը: Հատկապես Լևոն Խեչոյանին և Ռոմիկ Սարդարյանին ներբողված տաղերը ոչ միայն արտահայտում են մեծ արվեստագետների խոսքի և մտքի խորությունը, այլև մեղմում մեր` երկրայինների տառապանքը նրանց կորստյան համար: Ժողովածուի բոլոր բաժիններում նկատելի է բնության հետ մշտնջենական կապը: Թեկուզ կռիվը, ասենք, ձյան հետ կամ հաշտությունը տերևների ընկնելու, բայց նորեն բարձրանալու, խաշամի գեղագիտությունը: Ֆրանց Կաֆկան, օրինակ, սիրելով ձմեռը, «Դղյակ» վեպում այն հարստացրեց այնքան, որ դարձրեց վեպի գեղարվեստական ժամանակը: Գոհար Գալստյանը ստեղծում է գեղարվեստական իր նո՛ր հյուսվածքը և որոնածը փայփայում գտնելուց հետո.
Ինձ համտեսելու առաջին պահից//ձուկը զորացավ,//Հետո բարբառեց քեզ հասկանալի//հարազատ բառեր.//Ոսկե ձկնիկ չէր, ջրի ոգին էր`//քեզ ընտելացավ,//Հիմա ինձ նման իրագործում է`//ինչ որ մտածես…
Եթե մեկ բառով բնորոշեմ Գալստյանի պոեզիան, այն կանվանեմ` խոստովանություն: Դժվար է խոստովանելը, այսինքն` նախ, տեսնելը, ճանաչելը, հետո` դիտելը, հանձն առնելը: Բանաստեղծելու այս կերպն ամենասկզբից է եղել, այն պահից դեռ, երբ մուտք է գործել պոետական տարածք.
Ես չընկա-//ձեռքիս վարդը սայթաքեց`//արյունակարմիր իր թերթիկները//շաղ տվեց բեմին…//վարդը սիրտ ուներ` սրտիս պես ցավեց.//ծաղկեփնջի մեջ մերկը ես էի…
Եթե ճշմարիտ է բանաստեղծությունը, պիտի մեղեդի ունենա: Գոհար Գալստյանի բանատողի մեղեդին հաճախ բազմաձայն է: Հնչում է երգեհոնը` երբեմն միաձայնվելով ցածր հնչյունների հետ, իսկ երբեմն հուսահատ հնչեցնելով սոպրանո` զերծ քաղաքի ժխորից ու իրարանցումից: Այս դեպում մեղեդու խոստովանանքը երևում է գրեթե բոլոր գործերում: Լռության և խոսքի տոներն ու կիսատոները երբեմն պայթում են չսպասված տեղում: Եվ ստեղծվում է խոսք-մեղեդի-պատկեր եռամիասնությունը.
Բազեն էլ զոհին իր վեհացնում է`//երկինք է հանում-հոշելուց առաջ…
«Նավամատույց» ժողովածուի գեղարվեստական տարածությունը անեզր է, ընդգրկում է մեր մոլորակը և դեռ ավելին, նաև այնպիսի եզերքներ, որոնց մասին կարելի է կռահել: Եվ գեղարվեստական ժամանակն էլ անսահման հիշողություն ունի` անցյալի` ցեղի, տոհմի, ազգի: Պատկերված ներկան` իր բոլոր խճողումներով, քաղաքական դրսևորումներով, երկրի կյանքն արտացոլող խորթ դրսևորումներով, խոր տագնապներով վաղվա ամեն բացվող օրվա համար: Բայց այս ամենի աներևույթ դրսևորման մեջ հոգու վիճակն է` խորխորատներում կատարվողը: Սա է, փաստորեն, ամենակարևոր գեղարվեստական տարածքը` նավամատույցը, որի եզրերին մոտենալն արդեն հանգրվան է: Ռիթմը հարաճուն է` տագնապներով և անդուլ խոստովանություններով: Այստեղ էլ շարժման անընդհատականությունն է, որ լավ է երևում «Ընթացք» բանաստեղծության մեջ.
Հառա՛ջ, միշտ առա՛ջ, դեպ հպարտ լեռնե՛ր,-//հաճույքից, ասես, ցնծում է հոգիդ,//ու քամին` անսանձ խելագարի պես//մե՛րթ համբուրում է, մե՛րթ թքում դեմքիդ…
Առատ են համեմատությունները, խորհրդանշանները, որ օգնում են ասելիքն ամբողջությամբ ներկայացնելու և հաստատելու, որ «Նավամատույց»-ը ծնվել է հոգին պահպանելու կարևոր առաքելությամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։