ԳՐԵԼՈՒ ՏԱՆՋԱՆՔԸ ԵՎ ԳՐԵԼՈՒ ՀՐՃՎԱՆՔԸ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հայ գրականության բազմադարյա անդաստանի մեջ, ինչպես կասեր սփյուռքահայ բանաստեղծության նահապետը` Թեքեյանը, մի «նոր-նոր ծիլ էլ հառնեց»` «Էդվարդ Միլիտոնյանի «Քարկապ» ժողովածու» անունով: Գրողի երկմտանքն ու տագնապը` փո՞ւշ է այն, թե՞ցորեն, փարատվում է ժողովածուի դեռ ամենաառաջին պատմվածքից: Այո՛, թերևս փուշ է կուշտ ու հղփացած ստամոքսների համար, մինչդեռ հոգու քաղցից ուժասպառ «նոթիին» համար հաստատ ցորեն է…
Մինչ պատմվածքների վերլուծությանն անցնելը, ասենք, որ ստեղծագործություններն աչքի են ընկնում ոչ միայն բովանդակությամբ, ծավալով ու թեմաներով, այլև վերնագրերով: Էդվարդ Միլիտոնյանի գրքի վերնագիրը` «Քարկապ», փոքր-ինչ արտասովոր լինելու պատճառով իր մասին խորհել է տալիս հենց ամենասկզբից, գամում, կանգնեցնում է տեղում ու քարկապի պես չի թողնում առաջ անցնել: Գրքեր կան, որ ստիպված ես մարսել նախ վերնագիրը, ապա նոր միայն թերթել ու մտնել գրողի աշխարհը: Լինում է, որ այդպես էլ չի ստացվում մարսել վերնագիրը: Խոստովանեմ, որ ես Էդվարդ Միլիտոնյանի ժողովածուի ստեղծագործական աշխարհ մտա` առանց մարսելու վերնագրի իմաստը, էլ չեմ ասում նրբիմաստը: Իհարկե, այդ պայծառացումը երկար սպասել չտվեց. առաջին իսկ էջերից հեղինակը բացեց այդ քարկապը` բառի թե՛ բուն իմաստով, թե՛ նրբիմաստով և թե՛ խորիմաստով… Այժմ ընդունված է գեղանկարչության, լուսանկարչության մեջ օգտագործել մոդայիկ մի բառ` եռաչափ պատկեր: Մեծ գրողների գրականության ծիրում եռաչափը` խորությամբ, լայնությամբ ու տարածականությամբ եղել է միշտ: Այդ եռաչափը կծկվել, փոքրացել և գունդուկծիկ էր դարձել Էդ. Միլիտոնյանի ժողովածուի վերնագրի մեջ, որը հետո պիտի քանդվեր, բացվեր ու տարածվեր մինչև վերջին էջը` մեր առջև երևակելով գրողի մտքի, խոհի ու զգացմունքի եռաչափական վիթխարի պատկերը:
Իր արձակ գործերը Միլիտոնյանը կոչել է պատմվածքներ, թեև դրանք ժանրի առումով զտարյուն պատմվածքներ չեն: Դրանցում կան թե՛ նովելի, թե՛ էսսեի, թե՛ ակնարկի տարրեր: Գերմանացի բանաստեղծ Գյոթեն նովելը բնութագրում է այսպես. «Նորավեպը այլ բան չէ, քան չլսված մի իրադարձություն, որը տեղի է ունեցել»: Մեծ գերմանացու այս բնորոշումը ամբողջովին համապատասխանում է Էդ. Միլիտոնյանի խորածավալ արձակին, որոնցից շատերը հենց նովելներ են` սյուժեի սեղմությամբ, ասելիքի խտությամբ, քիչ կերպարներով և անսպասելի ավարտով: Սակայն միայն տեղի ունեցածի նկարագրությունը չէ նրա արձակի բովանդակությունը: Նրա տողերի վճիտ հատակում պարզ տեսանելի են կյանքի յուրաքանչյուր քար ու խութ: Գրողի դիտող, խորհող, վերլուծող միտքը, որը նրա արձակին հաղորդում է խոհագրության խորություն և գեղագիտություն, վեր է հանում կյանքի անհարթությունները, խոցերը, փնտրում դրանք անցավ դարձնելու դեղատոմսեր: Որոնելու և գտնելու միջև ընկած անդունդը գրողը լցնում է գիտակցության անընդհատ հոսքով:
Քաղաքում ծնված ու մեծացած գրողը, այնուամենայնիվ, երբեք չսահմանափակվեց քաղաքային կյանքի ունայնության մեջ, չդարձավ զտարյուն ուրբանիստ գրող: Եվ հենց այստեղ է Էդվարդ Միլիտոնյանի արձակի հմայքը: Քաղաքի ունայնության հեռվից գյուղի, գյուղական կյանքի ու գյուղացի մարդու պարզության, մաքրության, անաղարտության զգացողությունը նրա ստեղծագործությանը հաղորդեց արմատների հետ ամուր կապի հոգևոր լիցքեր, առանց որի թույլ ու անառողջ է ամեն մի արվեստի գործ:
Երբ մենք փորձում ենք հայ գրողների մասին խոսել որպես ուրբանիստի կամ ոչ ուրբանիստի, պետք է նկատի ունենանք մի կարևոր հանգամանք. Հայաստան աշխարհում, որը մեր հայրենիքն է, նախահայրենիքը, մեր բնօրրանն ու Պորտաքարը, 21-րդ դարի սկզբին անգամ դեռ խիստ տարբերակված չեն քաղաքն ու գյուղը: «Մարմնանկարչության հմայքը» պատմվածքը Էդ. Միլիտոնյանը սկսում է այդ երկընտրանքով` Սիսանը գյո՞ւղ է, թե՞ քաղաք: Գետի մի կողմում քաղաք է, իսկ մյուս կողմում` «հնավանդ տներ»: Եվ Որոտան գետն էլ, որին գրողը ավելի բանաստեղծական անուն է տալիս` Որոտմունք, «գլխի չէ, քաղաքո՞վ է անցնում, թե՞ գյուղով»: Այստեղ նախապատմական ժամանակների քարանձավներ, ժայռապատկերներ էլ կան, բնական գունավոր շթաքարեր, նույնիսկ Զորաց քարեր, որոնք վկայում են հնագույն աստղադիտարանի մասին: Բայց այս ամենը դարձյալ քիչ է. ոգեղենություն, գերբնական ու միստիկ խորհուրդ է պետք նկարչի ծննդի համար: Զանգեզուրյան աշխարհում կա նաև ոգեղենը` Պորտաքար անունով, մեր, իսկ, ո՞վ գիտի, գուցե նաև աշխարհի Պորտաքարը կամ մեզ աշխարհին կապող պորտալարը… իսկ ինչո՞ւ ոչ… Հասարակ քար է այն կամ հեթանոսական տապանաքար… ի՞նչ նշանակություն ունի: Այն քարի ոգեղենության մասին մեր պատկերացումների քարե արձան է, քարի պաշտամունքի քար-մեհյան: Բայց ոչ միայն այսքանը, իսկ հավա՞տը… ամոթխած հայ կինը «հարազատի պես գրկեց քարը այնպես, որ գրկվի ագռմեջով»,- գրում է Էդ. Միլիտոնյանը, ու հենց այստեղ նրա արձակի գրիչը երկնում է զուտ բանաստեղծությանը վայել անկրկնելի տողեր. «Այդ պահին նա էլ այն ամաչկոտ կին Արուսը չէր, բանջար հավաքող սիսականցին չէր, նա անորոշ շշնջացող կակաչ էր` շրջազգեստը կարմիր, ներսը` երկար չհղիացողի թավշյա սև»: Քարին փարվելուց ինն ամիս անց այդպես դժվար ու բանաստեղծորեն ծնվեց նկարիչը…
Էդ. Միլիտոնյանի պատմվածքում իրար են խառնվում ժամանակները, հազարամյա առասպելներն ու իրականությունը, և կարծես մենք ականատեսն ենք լինում հայրենի բնաշխարհից ուժ ու զորութուն առած մեր էպիկական հերոսների ծննդին` Վահագնի` ծնված օդից, հողից, ջրից ու կրակից, Սանասարի ու Բաղդասարի` Վանա լճի Կաթնաղբյուրից, նկարչի` Զանգեզուրի Պորտաքարի զորությունից: Նկարիչ Աշոտի արտասովոր տաղանդը տալիս է դրա պատասխանը. իսկական նկարչի հոգին նկարչական դպրոցի պատերից դուրս է` Իշխանասարի լեռներում, քարանձավներում, դաշտերում, որտեղ անգամ 21-րդ դարում չբեր կանայք մերկանում են, «տրվում Պորտաքարի արևից տաքացած ջղոտ էությանը: Ամոթը նահանջում էր երեխա ունենալու հզոր ցանկության առաջ», և Աշոտը թև էր տալիս այդ նախասկզբնական մաքրամաքուր հավատին, որ ծնվել է նախամարդու հետ ու անխաթար ապրում է մերօրյա մարդու հոգու խորին շերտերում: Այդ դժբախտ կանանց մերկ մարմինների վրա բնապատկերներ նկարելով` ասես Աշոտը նրանց վերադարձնում էր դեպի բնություն, ձուլում բնության հետ, մոռանալ տալիս ժամանակը: Ու նրանք` այդ կանայք, երեխաներ էին ծնում…
Այս պատմվածքում Էդ. Միլիտոնյանը հնչեցնում է կյանքի, ծննդյան, հավերժի արարման պաշտամունքը, այդ արարման փառաբանությունը, իսկ ճանապարհնե՞րը… ճանապարհները բոլորն էլ, այդ թվում նաև ամենաանմեղը` մարմնանկարչությունը, որը «բացառում է ամոթի ու նախնադարյան աբուռի կարմրելու հակում ունեցող գունաշերտը», օրհնյալ են այդ տիեզերական անսկիզբ ու անվախճան նպատակի առաջ: Այդ նպատակի առաջ այնքան անզոր են գյուղական պատերի տակ բամբասող պառավները, ու այնքան զորավոր` որդու տաղանդը հոգու բոլոր բջիջներով որսացող հայրական բնազդն ու մայրական սերը` վեր ամեն տեսակի պայմանականություններից:
Սակայն ամենազարմանալին պատմվածքի ավարտն է: Պորտաքարի հրաշքի համբավը հասել է Ամերիկա, հեռուստացույցով տեսել են ռեպորտաժը, «սաղ Ամերիկան Աշոտի մասին է խոսում»: Այնտեղից Աշոտի մորաքույրը «նոր չբերներ է ուղարկելու», դրանից նաև փողի հոտ է գալիս… Ի՞նչ կա որ, թող իրենց կյանքն էլ մի քիչ հեշտանա: Չէ՞ որ այդ ամենը շառլատանություն չէ, ընդհակառակը, այնքան իրական է ու այնքան ճշմարիտ: Աշոտի մայրն էլ ուշ է ունեցել Աշոտին. «Քեզ նման նկարիչ հե՞շտ է ծնել, հլա ասա` մարմ-նա-նկա-րի՜չ»:
Գիտակցության անընդհատ հոսք կա Էդ. Միլիտոնյանի «Երկու քարհանգույց մի կոշկաթելին» պատմվածքի էջերում: Սյուժե որպես այդպիսին կա՛մ գոյություն չունի, կա՛մ այն կազմված է խճանկարի սկզբունքով: Իրար են ամրացված գրողի խոհերի տարբեր պատառիկներ, որոնք ամբողջության մեջ ունեն ընդհանուր ֆոն` անտարբեր հասարակություն մեջ մտավորական մարդու երբեք չվերջացող, անավարտ դրաման:
Փոխվել են ժամանակները, բարքերը, առօրյա փողոցային բառապաշարը չի շրջանցել անգամ խմբագրին, ով գրողից պահանջում է «փախած մի բան գրել»: Բառն իր ալեպտույտի մեջ է առնում նաև գրողին, ով փորձում է «զգայել» «փախած» բառը, հասկանում է խմբագրի պահանջածի իմաստը, բայց, այնուամենայնիվ, «բառը եղունգի տակ մտած մառի նման սկսում է տանջել»: Հետո խոհերը գնդակի նման զարկվում են այս ու այն կողմ, ամեն մի հարված բերում է նոր միտք, և լուսադիտակի պես մեկը մյուսի հետևից, իսկ ավելի ճիշտ` մեկը մյուսի միջից ծնվում են մտքեր, թափվում թղթին` մեկ կտրելով մտքի կապը, մերթ բերելով դեպի սկիզբ: Խճանկար-լուսադիտակ-լաբիրինթոս. ահա այսպիսի պատկեր ունի «փախած» գրական գործը, որը հենց գիտակցության հոսքի պրոյեկցիան է թղթի վրա: Ի՞նչ գրի գրողը, որ «փախած» լինի. դա այսօրվա գրականության, այսօրվա ընթերցողի պահանջն է, և կկարդացվես, եթե այդպես գրես: Ու մինչ գրողը մտածում է, թե ինչ գրի, հենց այդ մտածելու ընթացքում ծնված մտքերը արդեն դառնում են գրականություն, և պետք է ասել` հզոր գրականություն: Հնարավոր չէ հիշել դրա սյուժեն և պատմել ինչ-որ մեկին, բայց փոխարենը կարելի է անվերջ կարդալ, նորից ու նորից, մտածել, զգալ, էլեկտրաշոկի պես անցկացնել գիտակցության միջով` «փախածը» որպես ապրում բռնելու անզոր ճիգով:
Սյուժետային տեսակետից երկրորդական, աննշան թվացող դիպվածը` երկու տեղից քարհանգույց ընկած կոշկաթելերը, դառնում են կպչուն միտք, ստիպում խորհել, գտնել պատճառը, կանխատեսել հետևանքը: Խոհերի ընթացի մեջ անցնում են դեպքեր, դեմքեր, հիշողություններ` դառնալով հեղինակ-հերոսի հոգեբանության ու ներաշխարհի հայելիներ: Կոշկաթելին մի տեղից քարհանգույց եղել էր, երկու տեղից` երբեք: Այս աննշան թվացող հանգամանքը նոր խոհեր ծնող, նոր միկրոսյուժեներ առաջ բերող սկզբնապատճառ է: «Սրտովս նախապաշարման մի մութ ստվեր անցավ, արագ ջնջեցի ու շարունակեցի կոշկաքուղերս անջատելու արդեն զայրացնող գործը»: Բարձր զգայնությամբ օժտված գրողը պատահական, «փախած» մտքեր ու հույզեր չի ունենում, և նրա համար նշանները նախապաշարմունք չեն, այլ կանխազգացողություն…
Գիտակցության անվերջ հոսք պարունակող գործերը տարածության ու ժամանակի կոնկրետ սահմաններ չունեն, ամեն մի վիճակ գալիս ու փոխարինում է նախորդ վիճակին հանկարծ, ինչը վերջնական չէ, ինչպես լուսադիտակում: Ընտանեկան սյուժեի մի գիծ կտրում է գիտակցության հոսքի թելը, ու այդտեղից շարունակվում է մեկ այլ հոսք… Ու այսպես անվերջ…
Թոռնիկը վատ է զգացել, տարել են հիվանդանոց, ոչ մի լուրջ բան չկա, «երեխան չուտող է, բոյ է քաշում, և փորն է ցավել», բայց դա ի՞նչ «փախած» պատմություն կարող է դառնալ: Ո՛չ, սա չէր կանխազգացումը: Այս սյուժեի միջից գալիս է մյուս սյուժեն` գրող ընկերը, որին հեղինակը չայցելեց, բայց զանգեց: Նա ասաց, որ բրոնխները մրսել են, և ծխելը թողել է. «Ասաց այնքան թեթև ու ջինջ, որ մտածեցի` ծխելը թողնելու հետևանք է»: Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ անխուսափելին, որի նշանը` կոշկաթելի երկու քարհանգույցները, արդեն նախապատրաստել էին հեղինակին. նա օդի մեջ նախազգացել, որսացել էր ընկերոջ ինքնասպանության բոթը լսելու դառնահամը: Եռաչափ զգայություններով օժտված այդ մեծ անհատը չգիտի, որ ինքը քաղցկեղով հիվանդ է, բայց ի՞նչ կարևոր է իմանալը, նա ներքնատեսորեն հասկացել էր ամեն ինչ ու օդում դառնահամ էր զգացել: «Նրա կայծակե մտքերի շրխկոցը մի պահ խանձել էր հարազատների կողմից իրենից թաքցրած, սակայն իրեն ներքնատեսորեն հայտնի քաղցկեղի ճյուղավորումը»: Եվ նա արել էր իր սասունցիությունը…
Կարծես թե ստացվեց «փախածը», ընդամենը 4 էջի մեջ տեղի ունեցավ այնքան մեծ ալեկոծություն, որ կսազեր մի հաստափոր գրքի: Ինքնասպան եղած ընկերոջը արդարացնելու հավատարմության վերջին ճիգը լույսի շողի պես ջերմացնում է արագ հոսքով ընթացող պատումի մի քիչ ցուրտ եղանակը. «Նա գիտեր` մեծագույն խեղճությունն ինքդ քո դեմ խեղճանալն է, քո աչքերով նայող ճակատագրի առջև ընկրկելը: Չդառնալ բեռ ամենասիրելի մարդկանց ու հողի վրա»:
«Մալևիչի «Սև քառակուսին»», որ ավելի նման է էսսեի, ասես շարունակում է գիտակցության հոսքը, որում գրողի ուշադրությունը կենտրոնանում է արվեստի այս հանրահայտ գործի գաղտնի կողմերի վրա: Կտավը ոչ միայն արտահայտում է դարաշրջանի ոգին` ունայնության գիտակցումն ու վերապրումը, այլ նաև ցույց տալիս, որ այդտեղից ելք չկա: Ամենամոդեռնիստ նկարիչը, ճանապարհ տալով նորին, ճանապարհ է տալիս փակուղուն: «…Թատրոնին` վերջ, նկարչության նախորդ շրջանին` վերջ, նորին` ճամփա դեպի փակուղի, միշտ փակուղի, դեպի մութ թունել, որի վերջում լույս չի վառվում»: Մալևիչի` փակուղու փիլիսոփայության հաղթահարումը և այդտեղից դուրս գալու խիզախությունը բաժին պիտի ընկնի արվեստի հետագա ուղղություններին, որոնք առաջացան 20-րդ դարի երկրորդ կեսերին, երբ ամբողջովին փլուզվել էին պատկերացումները եկեղեցու, կրոնների, բարոյական ուսմունքների մասին, և մարդկությունը փնտրում էր դրանց փոխարինող, դրանց տեղը լրացնող ոգեղեն նոր արժեքներ: Իսկ արվեստը հենց այդ հոգևոր ներքնատեսությունն է, որին գրողը վերագրում է գիտությունից ավելի առաջ ընկած, գիտության ճանապարհը կանխորոշող մեծ ուժ: Օրինակը Մալևիչի կտավն է, որ գիտությունից առաջ զգացել է սև նյութի գոյությունը տիեզերքում: Սակայն սև քառակուսու մոգականությունը ոչ թե սևի, այլ սևի տակ թաքնված ծիածանային գույների մեջ է, որ ասես ուզում են ճեղքել ու դուրս գալ մակերես: «Մեզ հարություն է տալու սև շերտի տակ խմորվող, համառող, վեր ձգտող երկու շերտերի ծիածանը»,- հուսադրում է գրողը:

***
Հետխորհրդային շրջանի Հայաստանի, նրա մարդկանց կյանքի ու ճակատագրի ելևէջները Էդ. Միլիտոնյանի գրականության անբաժան մասն են: Առհասարակ եղավ մի ժամանակահատված, երբ դժվար դարձավ գրականության իսկական գործ ստեղծելու ճանապարհը: Խորհրդային ժամանակների մասին անարգել քննադատությունը մի տեսակ ջրիկություն և անբովանդակություն հաղորդեց գրականությանը: Այդ հոսանքին կուլ չգնալը և մնայուն արժեք ստեղծելը դժվար էր անգամ ամենափորձվածների համար: Գրական ամենաթողությունը իր բացասական հետևանքները, այնուամենայնիվ, ունեցավ մեր հազարամյա քերթության վրա: Գաղափարական-բովանդակային փոփոխություններն իրենց հետ բերեցին նաև ոճական, լեզվարտահայտչական փոփոխություններ` ի վնաս ոճի և լեզվի: Նախկինում արգելված թեմաները լեռնային վարար գետի պես ներխուժեցին գրականություն` իրենց հետ բերելով ամեն ինչ: Գաղափարական հերոսները դադարեցին օրինակ լինելուց, նոր հերոսներ դեռ չէին ծնվել: Այս գրական ամլության մեջ, ամեն դեպքում, կար գրական ստեղծագործության մի ազնիվ երակ, մի անխաթար ուղղություն` հայ ժողովրդի համար պատմական այս դժվարին ժամանակահատվածի իրական կյանքը պատկերելու ուղղություն, որը գալիք սերունդներին պիտի պահ տար մի վիթխարի ժամանակի համայնապատկեր: Եկավ գրողի դիրքորոշման, նրա պարտքի ու պատասխանատվության փորձության ժամանակը, որին էլ հենց տուրք տվեցին երիտասարդ գրողներից շատերը, դրանց թվում նաև Էդվարդ Միլիտոնյանը: Նա իր գրականություն բերեց հասարակ ու պարզ մարդկանց, իր հայրենակիցներին, ովքեր վերապրելով անցումային ժամանակների բոլոր ցնցումները, փորձում էին գտնել իրենց տեղը կյանքում` հաճախ չգտնելով այն, իսկ ավելի հաճախ` զբաղեցնելով ուրիշի տեղը:
Ժամանակակից պատմվածքին ավելի բնորոշ սյուժետային տարրեր են պարունակում «Մարինկան» և «Ասք ութերորդ հարկի կնոջ մասին» պատմվածքները: Միևնույն ժամանակի մեջ ապրող երկու հայ կանանց ճակատագրեր` իրարից միանգամայն տարբեր, իրար չկրկնող: Ահա Մարինկան` այդ գեղեցիկ, փարթամ կազմվածքով, հմայիչ, կրթված, ազդեցիկ աղջիկը, որ գրավում էր շատ տղամարդկանց սրտեր, խելքահան անում նրանց, բայց այդպես էլ մնում է մենակ` առանց ճաշակելու երջանկության բերկրանքը, որովհետև ոչ մի տղամարդ չի համարձակվում մոտենալ նրան, «թռչել անդունդի վրայով»: Նա այն կանանցից է, որոնց «գաղտնի սիրահարվում ու գաղտնի մերժվում են»: Ու նույնիսկ շատ պատվարժան տղամարդկանց համար նա այդպես էլ մնում է անմատչելի:
Մյուս կանացի կերպարը` «Ասք ութերորդ հարկի կնոջ մասին» պատմվածքից, Անահիտն է: Նա այնքան ընդհանրական է ու այնքան արդիական, որ կարծես ծանոթ ու հարազատ է բոլորիս: Նրա մասին պատմող ասքը և՛ արձակ է, և՛ չափածո, կամ ո՛չ արձակ է, ո՛չ չափածո, ինչպես ինքը… Թվում է, թե նա ապրում է այստեղ` Երևանում, բայց նա մտովի, հոգու տեսողությամբ մե՛կ Ֆրանսիայում է, մե՛կ Բելգիայում, մե՛կ Ամերիկայում, մե՛կ Ռուսաստանում, մե՛կ Լեհաստանում: Հայերն ուր էլ որ գնացել են, լիակատար հանգստություն ձեռք չեն բերել, այստեղ մնացած հարազատները` նույնպես: Սա է այն գլխավոր եզրահանգումը, որ անում է հեղինակը Անահիտի կերպարի միջոցով: Իսկ հեռահաղորդակցության այս վերջին ճիչը` սկայպը, որ թվում է, թե հեշտությամբ կապում է բոլոր հարազատներին, կարճացնում տարածությունը, տարրալուծում կարոտի խտությունը, իրականում խլել է կնոջ հանգիստը, նրան դրել մի տեսակ ֆիզիկական կախվածության վիճակի մեջ: Անահիտը այստեղ է, բայց սկայպի միջոցով ամենուր է. ամեն վայրկյան ապրում է սկայպով, տառապում, հուզվում, վախենում, անգամ սկայպով խնամում իր թոռնիկին… և այս ամենի հետ ապրում հայ մարդու ամենախորունկ դրաման. Անահիտն ու իր ամուսինը` այդ ծերացող մարդիկ, նույնպես սպասում են մեկնելու թույլտվության: Դա ոչ թե կյանք է, այլ սկայպի առաջ անցնող ժամանակ` մեկնելու թույլտվության սպասումով…
Էդվարդ Միլիտոնյանի արձակը բավականին բազմաշերտ է. նրա պատումին բնորոշ է ինչպես էպիկականությունը, այնպես էլ նուրբ բանաստեղծականությունը: Երբեմն միևնույն պատմվածքում համադրվում են այդ երկուսն էլ: Սակայն նա ունի պատմվածքներ և էսսեներ, որոնք համեմված են երբեմն մեղմ, իսկ երբեմն էլ ընդգծված երգիծանքով: «Ի՞նչ դնել Հանրապետության հրապարակում Լենինի արձանի տեղը», «Արմենակի ծոցատետրը», «Համարակալում և հաշվառում» պատմվածքները ողողված են միլիտոնյանական նուրբ հումորով, որը կյանքի վրայից հանում է գորշության վարագույրը և ընթերցողին պարուրում պայծառ լավատեսությամբ: Նա սիրում է երգիծել, կատակել, բայց գիտի նաև, թե ինչի մասին և երբ: «Վիտորիո» պատմվածքում նա զարմանում է իր բանաստեղծ ընկերոջ վրա, ով «սիրում էր ամեն լուրջ բանի խառնել հումոր ու անհեթեթություն, բառախաղեր և սև պղպեղի չափ կծու հեգնանք»:
Գիտակցության գետի հոսքը կա նաև «Վիտորիո» պատմվածքում: Այստեղ նույնպես գրողի մտքերը, զգացողությունները, զուգորդումները հաջորդում են իրար, ընդհատում ու ներհյուսվում մեկը մյուսի մեջ: Ավելի շատ ճանապարհորդական ակնարկ հիշեցնող այս ստեղծագործությունը չի մնացել այդպիսին` շնորհիվ մարդու ներսում, նրա մտքում կատարվող հարափոփոխության բացահայտման, շնորհիվ մտածողության անընդհատ հոսքի, որն էլ իր հետ բերում է հոգեբանական նորանոր իրավիճակներ:
«Հիշողության տոհմածառ» պատմվածքը նույնպես ամբողջությամբ հիշողությունների ու դրանց բերած զգացողութունների ու գիտակցության անվերջանալի հոսք է` իր անմեկնելիության դիլեմայով. «Ժամանակը անցնում է, մնում է պատմությունը: Պատմությունը անցնում է, մնում է ժամանակը: Մարդն իր հիշողության շղթայով այդ երկուսին կապում է հոգու դռանը ու բացվում-փակվում է անեզերքի առջև, ինքն էլ` մի տիեզերք»: Նրա հերոսը վերհուշի միջոցով հայտնվում է տարածաժամանակային տարբեր հարթություններում`սկսած Տիգրան Մեծից մինչև մեր օրերը: Այդ հիշողություններն էլ հաճախ դառնում են սյուժեի անբաժան մաս, օգնում ասելիքը դարձնել ավելի խոր ու համաժամանակյա: Հերոսը հիշողության օգնությամբ կարող է մի միջավայրից տեղափոխվել մեկ այլ միջավայր, խախտել ժամանակի ու տեղի հաջորդականությունն ու կապը, սակայն դրանից սյուժեի հոսքը չի տուժում: Այդ հիշողությունները լինում են նաև ազգային` ժողովրդի հեռավոր պատմությունից, բայց դրանք էլ բջիջ առ բջիջ միահյուսվում են անհատական հիշողության շղթային: Լինելով տեխնիկայից հեռու մարդ` Միլիտոնյանը գրում է, որ հավանաբար այդպես են ստեղծվել համակարգիչը, բջջային հեռախոսը. «Ես հասկանում եմ, որ ամեն բջիջը առանձնահատուկ, մյուսների հետ չշփվող էություն է, ուղեղի հիշողության հատվածը բազմաբնակարան երկնաքեր է»: Այդ բազմաբնակարան երկնաքերում ապրում է մոր պատմածը, որին ինքը ականատես չի եղել, բայց դա դարձել է իր հիշողությունը:
Մանկության վերհուշի անջնջելի պատառիկ է նաև «Հավաբնի պատուհանը» նովելը. նովել, որովհետև այն ունի անսպասելի վերջաբան: Միլիտոնյանը վեր է հանում հիսունական թվականների երևանյան կոլորիտի մի խիստ բնորոշ պատկեր` Սարի թաղի արհեստավոր մարդկանց կյանքից: Ինչ-որ աղերսներ էլ մեզ տանում են դեպի Նար-Դոսի «Մեր թաղը», Հավլաբար: Հայկական միջավայր, փոքր սյուժե` մեծ ասելիքով: Միլիտոնյանի հերոսները նույնպես շոշափելի ու իրական են: Հայրենադարձված հայերի մասին, ովքեր վախենում էին տնային արհեստագործությամբ զբաղվել` Սիբիր չաքսորվելու համար, Միլիտոնյանը գրում է. «1915 թվականի թուրքական Եղեռնից փրկվածներն ու նրանց սերունդները Հունաստանից, Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Եգիպտոսից իրենց հոգիներում պահածոյացված վախ էին բերել ու շվարած կանգնել ֆինբաժնի գործակալին դեմ հանդիման»:
Պարոնյանական երգիծանքի թունդ թանաքով է գրված Էդ. Միլիտոնյանի «Մի բան կա, որը չի վաճառվում» պատմվածքը: Այստեղ մենք ենք` ժամանակակից հայերս, ու բաբախում է ժամանակի զարկերակը: Բայց դա նոր չէ, և ոչ այլ ինչ է, քան պատմության հեռվից եկող ձայնի խուլ արձագանք:
Հետաքրքիր ու բազմաշերտ է Էդ. Միլիտոնյանի արձակի լեզուն. տեղ-տեղ այն բարդ է, տեղ-տեղ` խիտ, հաճախ` պարզ ու առօրեական: Միլիտոնյանը նաև բառաշինության վարպետ է: Նրա գրքի էջերում հանդիպում ենք բառեր, որոնք հենց ինքն է ստեղծել. ահեղմունք, ինքնասույթ, իջվարում, կիսածիծղուն և այլն:
Էդ. Միլիտոնյանի «Քարկապ» ժողովածուում տեղ են գտել նաև նրա երեք պիեսները` մերօրյա ժամանակների բարքերի մասին: Պիեսներում նույնպես, ինչպես արձակում, միլիտոնյանական երգիծանքը միախառնվում է ցավի ու անզորության թախիծի հետ` ընթերցողին թողնելով խորհելու և կյանքը վերափոխելու ճանապարհներ գտնելու առաքելությունը:
Էդվարդ Միլիտոնյանի ժողովածուն արդիական է, նոր ու թարմ: Թեև նրա առաջ քաշած մարդասիրական, բարոյական մոտիվները նոր չեն գրականության համար, բայց այդ մոտիվները նա ընթերցողին մատուցում է միանգամայն նոր լույսի ներքո, նոր կերպարների, լեզվաոճական նոր լուծումների, պատումի հետաքրքիր ձևերի միջոցով: Քնարականությամբ ու հումորով, բնականությամբ ու անկեղծությամբ աչքի ընկնող նրա կերպարները մեր միջավայրից ու մեր միջից են` ծանոթ իրենց գունագեղությամբ ու հակասականությամբ: Դա մեր օրերի հայկական միջավայրն է` իր մեջ ամփոփած թե՛ դարավոր ավանդականը, թե՛ ժամանակակից բարքերի բերած օտարն ու անբնականը:
Ինչպես միշտ, հայ գրողի մատը անցյալի ու ներկայի կապը պահպանող զարկերակի բաբախին է. չէ՞ որ այդտեղ են պահ տրված ապագայի սերմերը, որոնց առողջության պահպանումը, որպես սրբազան պարտք, իր ուսերին ու սրտի մեջ է կրում հայ գրողը: Գրականությունը ժողովրդի հոգևոր առողջության պահպանման թթվածինն է. այս գիտակցությունը եղել ու մնում է Էդվարդ Միլիտոնյանի գրչի կարմիր ու թանձր մելանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։