Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ / ԷՐԳՐԻ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆ

100tariԲանաստեղծությունը նրա ներաշխարհում հասունացավ Վանի հուշերի թանձրացական ներկայությամբ: Անուշ Վարդանյանի երակներում Վանն այնպես կա, ինչպես Արշիլ Գորկու կտավների գույներում ու գծերում:
«Հարյուր տարի առանց քեզ» վերնագիրն ընդգծում է միայն տառապանք պատճառող ժամանակի սահմանը, իսկ բանաստեղծությունների ժողովածուն հոգեկան տուրևառությամբ «էրգրին» տալիս է անբացակա դեմք ու դիմագիծ:
Բանաստեղծուհին քայլում է Կարսի փողոցներով /«Վաղուց, շատ վաղուց է //կնքվել պայմանագիրը Կարսի»/ և զգում չարենցյան իր Կարսը: Նրա հիշողությունները զերծ են պատմության մեկդարյա փոշու նստվածքից: «Էրգիր» բանաստեղծության մեջ ասվում է` «անցյալը կորուսյալ, անցյալը վերագտած», սակայն այդ բաժանումը մենք չենք տեսնում բանաստեղծուհու հոգևոր քարտեզի վրա:
Ա. Վարդանյանի պոեզիան ներթափանցված է որոշ կենսագրական նյութով, որով նա անձնականացնում է բանաստեղծությունը, հնարավորինս ամրացնում կյանքի դրոշմը իր տողերի վրա:
Բանաստեղծության մեջ Ա. Վարդանյանը մի բան վերցնում է կյանքից ու մի բան էլ վերադարձնում կյանքին: Առանց ճիգ ու ջանքի, զգացմունքի բնականությամբ, մի կողմ թողած որևէ նշանավոր բանաստեղծի ստեղծագործական ավանդույթը: Բանաստեղծությունը նրա համար կյանքին կապող շնչառությունն է:
Ժողովածուն սկսվում է «Թիվ 2015» բանաստեղծությամբ: Հեղինակին այցելում են երազներ` «սարսափ ֆիլմերից», 100-ամյա երազներ` «եղեռնված ազգիս հայոց»:
Ա. Վարդանյանը ցեղասպանության հիշողությունը անհատականացրել է. պատմության արհավիրքը նրա ճակատագիրը` իր տոհմի ճակատագրի հետ, դարձրել է եղեռնյան: Բանաստեղծուհին ցեղասպանության «իր բաժնով» է երկխոսում աշխարհի հետ: Որպես վերապրածների շառավղի, նրա համար հիշողության կծիկը բացվում է` «ծածկելու մոլորակը երկիր` //Սարդոստայնով հսկա…» /«Ոչ ոք չի մոռացվել»/: Իրոք, խնդիրների թնջուկը, որի մեջ ցեղասպանությունից հարյուր տարի անց հայտնվել է բանաստեղծուհին, մնում է անլուծելի:
Ցեղասպանված ժողովրդի զավակը չի կարող բարդույթներ չունենալ:
Մեզ հետապնդում է ազգային «էկզիստենցիալիզմը». օտարացում մեր ճակատագրին:
Ա. Վարդանյանին հաջողվում է խուսափել բարդույթներից, իր մեջ պահպանելով հայի հարուստ կենսազգացողությունը:
Այս ամենի հետ մեկտեղ նա չի կարող թաքցնել Վանի ու վանեցու հարյուր տարվա մենությունը, ինչը նրա ներաշխարհ է մխրճում ցեղային «էկզիստենցիալիզմը» /սարսափի հիշողություն/, հոգեբանական վակուում և այլն/: Շատ բան նաև հաղթահարվել է: Թուրքական ուրացության հիմնախնդիրը մնում է, որը ցեղասպանության գաղափարական պաշտպանությունն է և շարունակությունը:
Դրան հակառակ, Անուշ Վարդանյանը հայի կենսասիրության արմատներով շաղկապում է պատմության էջերը: Այս տեսանկյունից լավագույնը «Մնաք բարով, սիրելիներս» բանաստեղծությունն է` իր տոհմածառի մասին, որտեղ, մոր կողմի ազգակցությամբ ներկա է նաև Արշիլ Գորկին:
Անուղղակի ներկայացվում է նկարչի դիմանկարը: «Մնաք բարով, սիրելիներս» տողը նկարչի վերջին գրառումն է ինքնասպանությունից առաջ: Ա. Վարդանյանը սիմվոլացնում է ՏՈՀՄԱԾԱՌԸ, որպես պատմության առանցք: Եթե ցեղասպանություն է, վկայված է մեկ, ապա նրա օրինակով բյուր տոհմածառերի պատմությամբ:
Անուշ Վարդանյանի տոհմածառը գաղթից հետո ճյուղ է արձակում Էջմիածնում: Ստեղծվում է Խաչատուր պապի և Օղիկ տատի նոր օջախը: Արշիլ Գորկու անվամբ հիշողությունն ամբողջանում է: Եղեռնի ամենակուլ երախից հետ է բերվում ՏՈՀՄԱԾԱՌԸ: Ցեղի պատմությունը կենդանի է և ամբողջական: Բանաստեղծությունը ուսուցանում է՝ ցեղասպանված անունները պետք է վերականգնվեն մեկ առ մեկ, ՏՈՀՄԱԾԱՌ առ ՏՈՀՄԱԾԱՌ: Բանաստեղծուհու համար ՏՈՀՄԱԾԱՌԸ Ցեղի առանձին հավաքականությունն է, ցեղասպանության պարագայում` դրամատիկ պատմությամբ: Դժվար է շտկել արհավիրքների ենթարկված տոհմածառերի բունը, սակայն բանաստեղծուհին ընթերցողին տալիս է շտկելու արվեստը վերծանելու ուղղորդում:

Դրամատիկ ապրումների հանգույցով են զսպվում հեղինակն ու ընթերցողը:
Բանաստեղծությունը մի դեպքում եղեռնի «տարեգրություն» է, մեկ այլ դեպքում` կյանքից «քաղվածք»:
Արդյունքում ժամանակակիցն է, որքան էլ Ա. Վարդանյանը դիմի իր` Վանի Խարականց գյուղի «արքայադստեր» Եղեռնով խաչված կենսագրությանը, որն իրեն կանգնեցնում է համլետյան երկվության առջև` «Լինել, թե չլինել»:
Անցել է հարյուր տարի, սակայն «Հոգիները ավերակներում թափառում են անտեր», ցեղասպանությանը զոհ գնացածների ժառանգները «աղոթքներ» են («Վարագավանք»):
Թուրքիո պատմությունն է վերընթերցում բանաստեղծուհին.

-Մայրաքաղաքդ
Անկարան է փոքրիկ,
Իսկ հավերժ քաղաքը`
Կոստանդնուպոլիսը…

Բանաստեղծուհին ընդգծում է հավերժի արժեքները: Պոլսում խիստ տեսանելի է հայկական կոլորիտը իր սրբանախշերով. Սուրբ Հակոբ եկեղեցու այցելուները տատեր ու պապեր են: Զլճյան արհեստանոցները, ծնծղաների գյուտը հետագիծ ունի Մադոննա-Ստինգի նվագախմբում:
Ստամբուլի հետ բանաստեղծուհին արդի երկխոսության մեջ է` պահպանելով ուղիղ, շիտակ, արժանապատիվ երկխոսողի կեցվածք:
«Ճշմարտությունը» բանաստեղծությունը Գեղարդի սրբազան քարերի` մարդկանց մաքուր կենսառիթմեր հաղորդող զորության մասին է:
Ցեղի նշխարների հավատացյալն է բանաստեղծուհին: Ազգային կոլորիտը նրա համար այդ նշխարներում առկա ոգու գույներն են: Ժողովածուում զետեղված բանաստեղծությունները իրար են լրացնում նշխար առ նշխար:
Նա ստեղծում է ցեղի պահպանած ու չպահպանած նշխարների դաշտ:
Այս ամենով հանդերձ` բանաստեղծուհին ապրում է ժամանակակից կյանքով, հախուռն, թվացիկ անփութությամբ, որքան էլ ձգտում է «նախագո» խոսքին: Այդ «նախագոյի» մեջ են ներկայանում Սևանա լիճն ու Գեղարքունիքը:
Ա. Վարդանյանը կոլորիտային տեղանունները վկայելիս Սուրբ Գրքի ժամանակներին է հղում անում, մտովի հասնում է հայոց կազմավորման փուլերին:
Նրա համար հայոց ճակատագիրը չի փոխել երկրի նախնական, բնագիր, բանահյուսական ինքնագիրը: Երկիրը, ահա, ըստ բանաստեղծուհու, իր ամեն տեղանունով բնագիր-բանահյուսական-ինքնագրի մեջ է:
Առասպելի մեջ «անփույթ» թափանցումները Ա. Վարդանյանի նախասիրությունն է: Նա իր մեջ պատմության տարբեր շերտեր է միավորում. Սևանա լիճ, Գեղարքունիք, Ցեղասպանություն, Արշիլ Գորկի, Ծննդոց գրքի այլ «հավելումներ»:
Բանաստեղծուհին կյանքը ներկայացնում է առանց «պատճենահանման». Ամեն ինչ սկսվում է սկսվելու կենդանի պահից: Նա բանաստեղծությանը հատուկ, ընդգծված ավարտ չի տալիս, տողերը միևնույն ռիթմով իրար մեջ են հոսում և կանգ առնում վերջում, բանաստեղծությունը մի տեսակ «անավարտ» է մնում, ինչը սահման չի դնում խոհի առջև:
«Գիտակցությունից անդին» բանաստեղծությունը աչքի է ընկնում, առանձնանում է փիլիսոփայական խոհով, որի վերջին տողերը հեգնական են, որով և ընդլայնվում է «անդին»-ի գիտակցության սահմանը:
«Լինել, թե չլինել» հարցն, ըստ բանաստեղծուհու, այլևս արդիական չէ:
Հարցը ապրելն է, որ ծառանում է մեր ժամանակներում մարդու առջև (տեխնոծնունդ աղետների հսկա ցանցում): Ապրել` մահվան պահին անգամ հայացքն ուղղելով ապագային:
Ա. Վարդանյանը ժամանակակցի տեսանկյունով քննում է եվրոպացիների օտարացումը բուն եվրոպական արժեքներից: Նա ցավով է նկատում, որ Եվրոպայի հանճարեղ արվեստը անջրպետվում է ներկայից.
-Սիքստինյան Մադոննայի
Աչքերից հոսում են
Արցունքներ
Քեզ համար, Եվրոպա,
Քեզ համար…
Մաո ցեղի «դատարկ ակնախոռոչները» դատապարտում են 21-րդ դարի քաղաքակրթությունը:
Մի «հրովարտակով» բանաստեղծուհին բոլորին կոչում է դեպի ամենասովորական կյանքը` հոգին օտարացումից հետ բերելու:
«Հարյուր տարի առանց քեզ» ժողովածուն ջնջում է «էրգրի» և հայ մարդու մենության դարը: Միաժամանակ ժողովածուն համոզում է, որ պոեզիան կեցության ուղեցույցն է. Բառերը ապրելու անհրաժեշտությունն են:
-Պատուհանին բոցկլտում է շուշան-
Պոեզիան…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։