Դուք սպասում եք Հիսուսի երկրորդ հայտնությա՞նը: Վստա՞հ եք: Եգիպտացիները կհաստատեն, որ Հիսուսն առաջին անգամ եկել է իրենց երկիր և եղել է Ատոն աստված, Էխնատոն փարավոնը եգիպտական միակ փարավոնն էր, որ Եգիպտոսում հաստատեց միաստվածություն՝ Ատոնի պաշտամունք: Նրա մահից հետո եգիպտացիները վերադարձան իրենց հին աստվածներին, բայց Ատոնը եղավ ու մնաց Եգիպտոսի պատմության մեջ իր միաստվածության հարյուրամյակով:
Միայն երրորդն էր Հիսուսը, ում գալստյամբ սկսեց հաշվվել մեր թվարկությունը:
Ո՞վ էր երկրորդը: Լևոն Խեչոյանն ասում է՝ Մհերը: Նա, ով փակվել է Ագռավաքարում: Նա, ով ավարտեց մեր էպոսը՝ լինելով անժառանգ, բայց Դավթի անեծքի հետ ժառանգեց անմահություն: Նա, ով հիմա էլ ապրում է Ագռավաքարում: Եվ Համբարձման գիշերը, երբ բացվում են քարանձավի դռները, նաև դուրս է գալիս Ագռավաքարից:
«Մհերի դռան գիրքը», հեղինակի բնորոշմամբ՝ ազգային վեպը, եռասկիզբ վեպ է: Առաջին շերտը բուն էպոսի հարյուր հիսուն պատումների համադրումով ու օտարագիր աղբյուրների ներմուծումով, հիմնական շերտն է, որ ենթադրում է սյուժե ու սյուժեի զարգացում: Այս շերտը գերակշռում է մյուս շերտերի վրա, տեղ-տեղ նույնիսկ ծածկում մյուս շերտերը ու հեղինակային եսը: Մհերի կերպարին մրցակցում են էպոսի մյուս հերոսները՝ իրենց յուրօրինակ ճակատագրի ավելի յուրօրինակ հեղինակային ընկալմամբ ու մեկնությամբ: Նրանք իսպառ մաշկազերծված են հերոսականությունից: Մարդիկ են, որ բոլոր արարքների համար ունեն պատճառներ ու հետևանքներ: Մարդիկ են, որ հակառակ իրենց առասպելական ծագմանը, վարքուբարքին, ապրում են մեր կողքին: Լևոն Խեչոյանը վեպի այս շերտը սկսել ու ավարտել է:
Երկրորդ շերտում մեր ժամանակն է՝ հեղինակն ու իր կյանքը: Մայրը, կինը, դուստրը, սիրուհին, գործընկերները, շրջապատը: Այս շերտի մայրական գիծը յուրովի կրկնում է էպոսի կանանց կենսագրությունը: Մայրը վախճանվում է, կինն ու սիրուհին, դուստրը հեռանում են: Սյուժեն մնում է անավարտ՝ վեպը վերջացել է, իսկ դու չգիտես ի՞նչ եղան նրանք: Ներկայի այս անավարտությունը վեպի անավարտություն չի դառնում: Նրանց ճակատագրի պատասխանատվությունը հեղինակինը չէ, ժամանակինն է: Այս շերտը սկսվում ու չի ավարտվում:
Երրորդ շերտը, որ Լևոն Խեչոյանի այս վեպը դուրս է դնում թե՛ նրա նախորդ գործերից, թե՛ ընդհանրապես ներկա գրականությունից, ամենաանբացատրելին է: Այս շերտը գեղարվեստական գրականություն չէ: Պատմագրություն է: Վավերագրություն: Դասախոսություն: Առաջին հայացքից: Իրականում սա գեղարվեստական գրականության աննախադեպ որակ է, որտեղ գեղարվեստականություն չկա, սպանված է, բայց արդյունքը այնպիսի գրականություն է, որ հաստատում է գեղարվեստի նոր չափանիշ: Այս շերտը ամենամիստիկ շերտն է: Պիտի ապավինես զգացողությանդ: Չկա բանականություն: Չկա գիտակցություն: Կա իրականություն, որի առաջ դու մերկ կանգնած ես, և քո մերկությունն արտաքին չէ: Քո ներքին մերկությունը և քո նախաստեղծ էությունը: Այս շերտով Լևոն Խեչոյանն ավարտել է վեպը: Բայց սա հենց այն շերտն է, ի տարբերություն մյուս երկուսի, իրականում ավարտ չունի: Սա գոյություն է, որ կապված չէ կյանքի ու մահվան հետ, սա հավերժական գոյն է, նախաստեղծ ու անվախճան, և ապշեցուցիչ է, որ այդ գոյությունը տեղավորված է բառերի մեջ: Պարզ բառերի, գործողությունների, մտքերի, որոնցից, սակայն, պոկվում է ու վեպի վերջին էջերում դառնում բաց էներգիա՝ ու դու տեսնում ես էներգիայի ընթացքը, դու այլևս չես մտածում, դու այլևս չես զգում, դու սպասում ես՝ Մհերին: Դու սպասում ես քեզ: Որովհետև Մհերը դու ես, ու դա է Մհերի հավերժության հենարանը: Դու սպասում ու հանդիպում ես քեզ, իսկ նա, ով կամուրջ էր դարձել քեզ՝ քեզ հանդիպման տանելու համար, այլևս ուժասպառ է: Նա այլևս ավարտել է Մհերի դռան գիրքը, որ բնավ գիրք չէ: Տիեզերքի կենսակենտրոնության կրողը Մհերն է, ու նա անմահ է, որովհետև վախճան չունի ո՛չ տիեզերական, ո՛չ մարդկային սկիզբը: Մհերը կա, քանի զգում ենք նրան, մտածում նրա մասին, հիշում, որովհետև մարդու մահկանացու մարմինը ոչինչ է հոգու անժամանակության մեջ: Չկա ընդհանրապես ժամանակ ու ընդհանրապես տարածություն, կա ժամանակի ու տարածության կոնկրետ ընկալում, որտեղ բնակվող Մհերը մեր եսի հաստատումն է:
«Սասունը Վանի թագավորության կազմում անկախ մի երկիր էր եղել: Ո՛չ այդ երկիրը, ո՛չ նրա Աստվածը, չեն ենթարկվել որևէ մեկին, նրանք դուրս էին եղել թագավորների, արքայից արքաների, կայսրերի ու քրիստոնյաների Աստծու, նրա որդի Քրիստոսի և սրբերի շառավղից: Իսկ Հիսուսի մեռնելու և համբարձվելու դիպվածը, դեռ նրանից ինը-տաս դար առաջ արդեն Սասնո անկախ պետության մեջ Մհեր Աստծու կերպարանքով մարդու էր պատահել…»: Այսպես: Ու երբ այսքանից հետո դու սառնասիրտ ու անտարբեր անողոք ապացուցում ես, որ այնտեղ, որտեղով հեթիթական, շումերական, ասորական հավատամքային պատումներով, Վանա լճի հարավ-արևելյան կողմով, հողագնդի միջօրեականն է անցնում, որը, հնագույն երկրների քրմական հավատամքի կանոններով, գերագույն արարչության հետ հարաբերվելու դռնամուտն է դիտվում, երբ դու հասել ես ու հատել ես այդ միջօրեականը, դու սկսում ես ծիծաղել: Անզուսպ: «Այդ պահին հավատալ՝ իբրև թե Մհերը երկու հազար տարեկան է, գտնվում է քարայրում ու դեռ տարին մեկ անգամ էլ դուրս է գալիս աշխարհով շրջելու՝ այնքան զավեշտ, այնքան անլուրջ, ցնորամտության պես բան թվաց, որ սկսեցի ինքս ինձ կասկածել՝ գուցե այդ ամենն իրականում ժողովրդական հորինվածք, զվարճանքների ժամանակ լսարանին զբաղեցնելու համար մատուցված գեղեցիկ ավանդապատում էր»: Ու երբ մարդը կանգ է առնում, նրան առաջ է տանում Աստված: «Գիտեի՝ հողի արգանդի հիշողության մեջ մենք կանք: Մեր ամենաառաջին նախնու և մեր հիմիկվա մարդու միջև հարյուրավոր դարերի բաժանարար խորխորատներ կան, սակայն մեր անգիտակցական՝ հոգևոր հավաքական բովանդակության մեջ գտնվող նախաստեղծ հյուլեն Հայասայի, Նաիրիի, Ուրարտուի ժամանակներից մինչև հիմա էլ հազարավոր տարիներ ուղեկցում է մեզ, մեր ներկա բանականության մեջ է: Մհերի միջոցով մի դարաշրջանից մյուս դարաշրջանի քաղաքակրթությանն է ուղեկցել, հենց դա, այդ անտեսանելի, չկոտրվող ամբողջականն էլ մհերյան անսահմանն է»: Այսպես: Երբ գիտնականի անիմաստ համառությամբ ուզում ես համադրել «Սասունցի Դավիթ» էպոսը ու էպոսի հիման վրա գրված գեղարվեստական գործերը այս գրքի հետ (ի սկզբանե համոզված, որ անհեթեթություն է), հասկանում ես, որ «Մհերի դռան գիրքը» այդ ամենի փիլիսոփայական իմաստավորումն է՝ 21-րդ դարից նետված հետահայաց անցած բոլոր դարերին: Դարերի պատմական, փիլիսոփայական, անհատական իմաստավորում: Ընդհանրական, երբ դու՝ իբրև ազգ ու իբրև անհատ, մանրադիտակի տակ ես եղել աշխարհը բնակեցրած բոլոր ազգերի ու անհատների հետ: Քեզ ասում են՝ ո՞վ ես դու, որտեղի՞ց ես եկել ու ո՞ւր ես գնում: «Եթե փորձենք մհերյան ոգուն անգամ մեր ժամանակների հեռավորությունից նայել, կհամոզվենք՝ երբեք այն մեզ չի լքել… Ինքն անգամ, երբ մենք չենք եղել, մեզանից հետո էլ է մնացել մեր պատմական հայրենիքի մարդաթափ հողի վրա, ապրել է ամայի տարածությունների ներսում: Նյութական աշխարհից փոխադրվելով հոգևոր ոլորտ՝ դարեր շարունակ փակվել է ոչ մի բանից առաջացած, ոչ մի բան չնշանակող, միայն բանականությամբ ըմբռնելի Ագռավաքարում՝ իր հետ ի պահ տանելով ազգային մտածելակերպի արժեքավոր հունդը, մեր տեսակի կորովավոր քրոմոսոմը»: Ու եթե սկզբում թվում է, որ գիրքը երեք սկիզբ ունի, ինչ-որ պահից հասկանում ես, այս գիրքը միայն սկիզբ է, այս գիրքը չի ավարտվում ո՛չ գրելով, ո՛չ կարդալով: Այս գրքի բառերին տրված տեղեկատվական հոսքը շարունակական է: Դու ես շարունակելու: Քո կյանքով: Որովհետև Ագռավաքարի դուռը բացողն էլ, փակողն էլ դու ես: Եթե քո ներսի առյուծը դեռ չի մեռել:
Հ.Գ. Գրքի վերջին բառերը կարդալիս միայն հասկացա՝ ինչու Լևոն Խեչոյանն այսքան արագ հեռացավ: Այսպիսի գրքերը բառ առ բառ քամում են գրողի կենսական էներգիան, այսպիսի էներգետիկ դաշտում տասնամյա կյանքը վերածվում է էներգիայի փոխակերպման՝ դու տալիս ես քո կյանքը և ստանում ես բառի կյանքը: Հիվանդությունն այս դեպքում ոչ թե պատճառ է, այլ՝ հետևանք: Նա եկել էր բացելու ու բացեց Ագռավաքարի դուռը, որ գրի Մհերի դռան գիրքը, և հիմա նա արդեն Մհերի հետ է:
One thought on “ՄՀԵՐՅԱՆ ԱՆՍԱՀՄԱՆԸ / Անահիտ ԱԴԱՄՅԱՆ”