ՍՊԱՐՏԱԿ ԱԶԱՏՅԱՆԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ / Նարինե ԿՌՈՅԱՆ

Սպարտակ Ազատյանը արդեն երեսուն տարի աշխատում էր արհեստագործական ուսումնարանում և դպրոցի ութերորդ-իններորդ դասարանը մի կերպ ավարտած երեխաներին, որոնք հիմնականում տղաներ էին, կահույք պատրաստել-հավաքել էր սովորեցնում: Երեսուն տարի առաջ, երբ տակավին երեսուն տարեկան էր, ուրախ էր այս աշխատանքը գտնելու համար. «Ինչքան չլինի՝ պետական հիմնարկ է»: Բացի այդ, աշխատանքը հնարավորություն էր տալիս օրվա երկրորդ կեսն ազատ լինել և ձեռքի հետ ուրիշ, մասնավոր գործ էլ անել. կահույք էր նորոգում, պատրաստում, ձևափոխում: Կոպեկ էր, գալիս էր, և երեսուն տարի առաջվա կյանքն էլ էր ուրիշ. երանգները պայծառ էին, ձևերը՝ պարզ: Պատվիրատուներն էլ այնքան պահանջկոտ չէին, որ Սպարտակ Ազատյանի համար գործ չլիներ: Սակայն տարիներն իրենց սև գործն, ինչպես միշտ, անում էին, և մի անուրախ օր Ազատյանն արթնանալով հասկացավ, որ իր բաժին կյանքում այլևս երանգ ու ձև չի մնացել, չի մնացել վաղվա օրը փոքր-ինչ պայծառ տեսնելու որևէ հույս:
Այդքան տարիների ընթացքում ուսումնարանը երկու տնօրեն էր փոխել: Առաջինը ծերությունից էր մեռել, և ուրեմն՝ պիտի լիներ նաև երկրորդը, որի բաղձալի մահը, ըստ Ազատյանի, իրեն վիճակված չէր տեսնել:
Առաջին հրովարտակը, որ արձակեց միա- և նորանշանակ տնօրենը, դասամատյանները միագույն և անպայման մուգ կապույտ թանաքով գրիչներով լրացնելու պարտադիր պայմանն էր: Սկզբում պահանջը երբեմն մոռացվում և խախտվում էր, սակայն անվերապահ արձագանքը չէր ուշանում. պարտաճանաչ աշխատակիցները հնարավորություն էին ունենում ստորագրելու 30 հազար դրամ պարգևատրության գումարի տակ և գոնե 5 հազար դրամ ստանալ, իսկ օրինախախտը զրկվում էր նաև այդքան բաղձալի 5 հազարից: Ազատյանի մոտ, հակառակի պես, օրինախախտումների դեպքեր հաճախ էին արձանագրվում:
Ապրուստի խեղճությունն ու կենցաղի թշվառությունը, պայմանավորելով նրա անմխիթար առօրյան, վաղուց էին կորացրել մեջքն ու բացառել շուրջը որևէ նոր բան, փոփոխություն ակնկալելու, տեսնելու ամեն հնարավորություն: Դրան էր գումարվում նաև երկրորդ տնօրեն Կառլոս Մարկոսյանի բացահայտ արհամարհանքը իր նկատմամբ, որովհետև այս անգամ չէր մեռնում ինքը, որպեսզի տեղ բացեր նոր և բոլոր առումներով ցանկալի կադրերի համար: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար, նշենք, որ Մարկոսյանի արհամարհանքը միայն Սպարտակ Ազատյանին չէր վերաբերում. այդ ցանկում շատերն էին, որ տնօրենին հնարավորություն չէին տալիս քաղաքում ամրա­պնդելու իր պաշտոնական-հասարակական դիրքը, թույլ չէին տալիս լավություն անել մարդկանց՝ այդ լավության դիմաց առանձնապես չակնկալելով նյութական և ոչ նյութական բարիքներ, չնայած՝ ոչ մի լավությունն անպատիժ չթողնելու նրա համոզմունքն այս անգամ ևս ինչ-որ բան ակնկալում էր, իհարկե, հակառակ տրամաբանությամբ, և բնական է, որ Մարկոսյանն արդարացիորեն պիտի ատեր և՛ Ազատյանին, և՛ նրա նմաններին: Իհարկե, այնպես չէ, որ նոր աշխատողներ չկային ուսումնարանում, սակայն դրանք հիմնականում տնօրենի ընտանիքի անդամներն էին, իսկ նրանցից, ծախսերից բացի, Մարկոսյանն այլ բան ակնկալել չէր կարող: Ստացվում էր, որ ուսումնարանն իր պատերի ներսում ամփոփում էր դժբախտների մի ամբողջ բազմություն, որոնք դժբախտ էին յուրովի:
Անհաջողությունների երկարուձիգ տարիները չէին կարող չչարացնել Մարկոսյանի տխուր սիրտը, և մի փառահեղ օր, երբ նա բազմաթիվ պետական այրերի բարեխնամ ներկայությամբ իրեն վստահված ուսումնարանն անվանակոչեց իր հոր՝ Ասպետ Մարկոսյանի անունով, այն վերջնականապես դարձավ նրա տոհմական կալվածքը՝ իր ճորտերով կամ ստրուկներով հանդերձ: (Այս որակման համար, իհարկե, իրավաբանական ճշտումներ են պետք):
Քանի որ ուսումնարանի աշխատակիցների մեծ մասը կանայք էին, հայասիրական հովերով տարված, մի օր էլ Մարկոսյանը նրանց արգելեց աշխատավայրում տաբատներ կրել, քանի որ տաբատը վայել չէր հայ կնոջ, մոր, աղջկա մաքուր և առինքնող կերպարին, ինչը խանդավառորեն ընդունվեց ուսումնարանի արհմիության նախագահ Սրբուհի Կնյազյանի կողմից, որովհետև իր առավել քան գնդաձև բարեմասնությունները նրան սուբյեկտիվորեն զրկել էին տաբատ հագնելու դեռևս մանկական երազանքի իրականացումից:
Արհմիութենական հոտը չառարկեց, բայց թաքուն տրտնջաց, բողոքեց օբյեկտիվ և անողոք ճակատագրից՝ մանավանդ ձմռան ցրտերին, երբ ստիպված էին լինում +7c-ի տակ ձմեռային կոշիկներից մինչև վերարկուն ընկած հատվածի գերսառեցման պատճառով և մանավանդ տնօրենի տեսախցիկների աչալուրջ հայացքի ներքո շուտ-շուտ զուգարան վազել՝ երիկամները վերջնականապես չխեղելու համար: Ոմանց համար երջանկություն էր պարապել այնպիսի դասասենյակներում կամ արհեստանոցներում, որոնք մյուսների համեմատ զուգարաններին ավելի մոտ էին, և այս պարագայում դրանցից բուրող բազմազանազան քիմիան երկրորդական էր դառնում: Այս դեպքում, իհարկե, խաթարվում էր հայ կնոջ համեստ և առինքնող կերպարը, սակայն միզապարկի անկառավարելի լցոնումները նրանց երկընտրանքի հնարավորություն չէին թողնում: Ջեռուցման համար փող չկար, և Մարկոսյանն, իհարկե, տխրում էր ցրտի պատճառով կանանց մոտ նաև վերարտադրողական առաքելության կորստի նախանշաններ տեսնելով, որոնք վտանգում էին հայու գենի եզակիությունն աշխարհում: Սակայն նա անգութ չէր, և արդարությանը դեմ չգնալու համար պիտի նշենք, որ տնօրենը նույնիսկ աշխատանքային ժամերին էր մեծահոգաբար թույլ տալիս +7c-ի տակ դեռ մաքառող իր հիվանդներին բժշկի այցելել՝ նրանց աշխատավարձից կոպեկ անգամ չպահելով: Ոչինչ, որ նրա ընտանիքի անդամները +7c-ի հետ գործ չունեին, սակայն մարդը մարդկություն, այնուամենայնիվ, անում էր: Հիվանդությունները, սակայն, հաշվի չէին առնում տնօրենի գթասրտությունը, երբ մի օր էլ հերթական թույլտվությունից այլևս չվերադարձավ ուսումնարանի գրադարանավարուհին՝ իր մահկանացուն կնքելով վիրահատական անսովոր տաք սեղանի վրա: Կոլեկտիվը տխրեց: Արհմիությունն, իհարկե, ծաղկեպսակ գնեց՝ այն պարուրող սև ժապավանի վրա արծաթե տառերով գրելով Մարկոսյանի երկնած տողերը. «Դու միշտ կմնաս մեր տաք սրտերում», և կոլեկտիվը լաց եղավ: Սակայն գրադարանավարուհու տեղը երկար թափուր չմնաց. մարզպետարանի անհայտ բաժնի հայտնի վարիչի եղբոր հարսն այն արագ զբաղեցրեց՝ իր հետ բերելով ոտքերի տակ հարմար տեղավորվող էլեկտրական մի փոքրիկ վառարան: Կոլեկտիվը սիրեց նրան, ավելի սիրեց գրադարանը՝ մանավանդ մեծ դասամիջոցներին, որովհետև տնօրենի և ոմանց համար նախատեսված հանգստի սենյակից բացի, տաք էր նաև այնտեղ:
Ուսումնարանի համար առաջին ան­հրաժեշտություն էին նաև տեսախցիկները, հետևաբար դրանք գնելու համար հաստատության բյուջեում միշտ էլ փող կգտնվեր, որովհետև դասապրոցեսը պիտի հավուր պատշաճի ընթանար, որպեսզի երկրի ապագայի համար դաստիարակվեր հայրենասեր և նվիրված մատաղ սերունդ: Տեսախցիկները պիտի զսպեին նաև ոմանց ախորժակը, որոնց նպատակը Հայաստանի Հանրապետության պետական գույքը հափշտակելը և երկրին վնաս հասցնելն էր, քանի որ հենց մուտքի մոտ պատին փակցված կարգախոսն ասում էր՝ «Ուսումնարանը քո երկիրն է: Սիրիր այն, ինչպես մորդ կսիրես»: Իսկ դրա համար տոտալ վերահսկողություն էր հարկավոր, իհարկե, զուգարաններից բացի. այնտեղ դիտարժան որևէ բան չկար՝ չհաշված ներքնաշորերի կույտը հանելու և ավելի երկար հագնելու ձանձրացնող գործընթացը: Հայաստանի Հանրապետությունը ուսումնարանը վստահել էր նրան՝ Կառլոս Մարկոսյանին, և նա այն պահում էր աչքի լույսի պես: Միայն երբեմն, տարեկան գույքագրման փաստաթղթերում անպատեհ անհետացած գույքի տվյալներին նայելիս, երբ լույսը փոքր-ինչ աղոտանում էր, նա ստիպված էր լինում կրկին տխրել, սակայն փաստաթղթերի մեջ տխրության պատճառ հանդիսացող թվերի չնչին փոփոխությունից հետո նա նորից վերագտնում էր իր աներկբա հավատը վաղվա օրվա նկատմամբ:
Կանանց հետ տուժում էին նաև տղամարդ դասատու-վարպետները. նրանք էլ միզապարկ ունեին, իսկ ոմանք նույնիսկ վաստակած պրոստատիտ, սակայն վերահաս գարունը իր հետ նաև ջերմություն էր բերում, իսկ ջերմությունը՝ հույսեր:
Նվազագույն աշխատավարձի սպասումը գարնան այդ օրը անհասկանալի ու մոռացված խանդավառությամբ էր լցրել Ազատյանի սիրտը, ինչպես աշխատավարձ ստանալու բոլոր օրերին էր լինում, երբ նրա՝ սպիտակ ծաղրածուի գրիմի նմանվող դեմքին թախծի հետ որոշակի ու բացատրելի ժպիտ էր հայտնվում: Սակայն այսօր որոշակին և բացատրելին չկային. ներսում հայտնված անորոշն ու անբացատրելին, որ անծանոթ էին իրեն, ստիպում էին սրտին ուժեղ և հաճախ բաբախել:
Կաշկանդող և զարմացնող մտքերի բեռի տակ ուսումնարանին մոտենալով՝ նա անսովոր աղմուկ ու բազմամարդ ամբոխ տեսավ.
– Չլինի՞ Մարկոսյանն է մեռել…
Սակայն ավելի մոտ գնալով՝ նկատեց, որ հավաքվածները հիմնականում երիտասարդներ էին:
– Չի՛ մեռել…
Հավաքվածները գոռում էին.
– Դասադուլ, գործադուլ… Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին….
Չնայած ջերմացնող արևին, Սպարտակ Ազատյանը սառեց ու քարացավ տեղում:
Չէ՛, ճիշտ էր լսել ու դեռ լսում էր նաև ի՛ր սաների վանկարկումը:
Ահավոր էր. նրանք չէին վախենում:
Ազատյանը, հայացքը փախցնելով, անցավ հավաքվածների միջով ու մոտենալով ուսումնարանի դռանը՝ թակեց կողպված դուռը:
Երբ դուռը բացեցին, և ներկաների ուսերի միջով նրան հաջողվեց ներս խցկվել, կանգ առավ ու կարողացավ շունչ քաշել:
– Ուշանում ես, Ազատյան: Տնօրենը քեզ է կանչում:
Դաստիարակության գծով փոխտնօրենն էր՝ Մարկոսյանի աներձագը:
Ազատյանը շփոթվեց.
– Բարև, ընկեր Հոռոմյան: Էսա… Ես մեղավոր չեմ, չգիտեմ՝ ինչի, ճամփեքը փակ էին: Մինչև եկա…
Հոռոմյանի ետևից բարձրացավ երկրորդ հարկ և դողացող աջով բախեց տնօրենի արևոտ առանձնասենյակի դուռը:
– Արի՛,- լսվեց ներսից:
Մեղավորը ներս մտավ.
– Բարև, ընկեր, թու… պարոն Մարկոսյան ջան, կարելի՞ է…
– Ազատյան, էս ինչի ես ուշանո՞ւմ, չլինի դու էլ ես գործադուլ անո՞ւմ, խելքդ տվել ես էդ անտրուսիկ հեղափոխականներին, հը՞…
Սպարտակ Ազատյանը կուչ եկավ.
– Չէ՛, ի՞նչ ես ասում, Մարկոսյան ջան, ես հո խելքս հացի հետ չեմ կերել…
– Եսիմ, եսիմ….
– Ասում եմ՝ ճամփեքը փակել էին, բան-ման էին գոռում, չհասկացա:
– Քո հասկանալու բանը չի: Դու գնա փետերդ տաշի:
Խոսակցությունն ավարտվեց:
Ազատյանը թեթևացած շունչ քաշեց, քանի որ սպասված թուքումուրը իրականություն չդարձավ. իրեն նույնիսկ կարգին չվիրավորեցին:
Նա գնաց ուսուցչանոց և ազատ աթոռ չգտնելով՝ պատի տակ սուսուփուս կանգնեց:
Ուսուցչանոցում փսփսոցների արտասովոր, գերհագեցած մթնոլորտը հավանաբար բարձրացրել էր նաև մթնո- լորտային ճնշման մակարդակը, և բոլորի մոտ կարծես նույն զգացողությունն էր. երկիրը քանդվում էր: Ազատյանը նայում էր շուրջը, նայում էր պատուհանից դուրս հավաքված երիտասարդներին և չէր հավատում, որ հեղափոխություն անողները պիտի պարտադիր անտրուսիկ լինեին: Մեկ էլ իրեն բռնացնում էր, որ երբեմն-երբեմն անպատեհ մտքեր էին սողոսկում գլուխը՝ հուշելով, որ էս քանդված աշխարհում ավելի լավ է անտրուսիկ լինես, քան անհոգի: Իսկ ինքը հոգի ունե՞ր… Մտքերը սարսափեցնում էին. «Ժամանակավոր է, էս էլ կանցնի, հենց էս տեսա՞կ բաներ է տեսել…»:
Սակայն իրադարձությունների սցենարը ոչ միայն կրկնվելու միտում էր արձանագրում, այլև ընդլայնում էր թափն ու աշխարհագրությունը: Այս անգամ հեղափոխություն անողները նաև ուրիշ բան էին գոռում. «Նիկոլ, վարչապետ…»: Ազատյանին սկսում էր թվալ, թե ուսումնարանի կողպված դռների ետևում օրը սպանողները հենց իրենց էին սպանում: Սակայն, միևնույն է, գրպանի դատարկությունն ուրիշ զգացմունք էր օրակարգ բերում. դասադուլն ու դրա արդյունքում պարտադրված, արհեստածին գործադուլը իրեն և մյուսներին միայն մի բանով էր անհանգստացնում.
– Չպարապած ժամերի համար ի՞նչ են անելու: Ախր, փող չեն ստանա:
Ապրիլի քսանյոթի առավոտյան կարծես սառույցը շարժվեց. ասացին՝ եկեք մանկխորհի:
Մարկոսյանին կարծես փոխել էին.
– Ժողովուրդ ջան, բոլորդ էլ գիտեք, թե ինչ օրեր ենք ապրում: Հեղափոխությունը՝ հեղափոխություն, մեր երեխեքն են, բայց երկրի մասին էլ պիտի մտածենք: Թուրքը նայում, ուրախանում է:
Ազատյանը նկատեց, որ այլևս «անտրուսիկներ» չկային:
– Դուք ինձ լավ գիտեք: Բոլորիդ լավություն եմ արել՝ ինչքան ուժս պատել է: Որ բան եք խնդրել, ասենք՝ բժշկի է պետք եղել գնաք կամ թաղում-բան, մերժե՞լ եմ…. Հիմա էս է: Ոչ ոք չգիտի, թե վաղը գլուխներս ինչ կգա, բայց լավությունն էլ մոռանալ չի կարելի: Հա՛, մի բան էլ: Ես որոշել եմ, որ ձեր ժամերը պիտի գրանցեք. հո ձեր մեղքով չեք դասերը բաց թողել, կլրացնեք: Ես էն մարդը չեմ, որ ձեզ մի կտոր հացից զրկեմ:
Սենյակը ուրախության հոգոցներ արձակեց:
– Ախր, իմ հետ գցածն ի՞նչ է, այ ժողովուրդ ջան: Մի դուռ-պատուհանի ցեխ է ու մի համապատասխան խանութ, լավ գիտեք: Բոլորս էլ մարդ ենք, տունուտեղ ունենք, հոգսեր ունենք, ես էլ ձեզ պես,- Մարկոսյանը դեմքին նկարած լայնաբերան ժպիտով անցավ նստածների և կանգնածների միջով ու հեռացավ:
Ազատյանին թվաց, թե Մարկոսյանն էլ է այդ օրը մոռացել տրուսիկ հագնել, ու անկեղծորեն զարմացավ, նույնիսկ խղճաց նրան:
Երբ նիստն ավարտվեց, և բոլորն աշխուժացած սկսեցին դասամատյաններում գրանցել չպարապած ժամերը, Ազատյանի գլխով տարօրինակ բան անցավ: Նա դարակներից մեկում սև թանաքով մի գրիչ գտավ և…
– Էս ի՞նչ ես արել, Սպարտակ, ո՞վ է քեզ թույլ տվել մատյանները սև գրիչով լրացնես, արա…- ուսմասվարը ամսվա ժամերն էր հաշվել և բացահայտել Սպարտակի զանցանքը: Նրա ձգված մաշկի վրա դուրս պրծած աչքերի ռելիեֆը նույնիսկ հաճելիորեն քորեց Սպարտակի անթաքույց հետույքը:
Ազատյանը միայն ժպտաց ու ներկաների զարմացական հայացքների տակ քայլեց դեպի ելքը: Նա միայն մի պահ կանգ առավ.
– Գրել եմ, լա՛վ եմ արել: Իմաց կացեք, որ ես էլ եմ անտրուսիկ: Բա՛:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։