Երիտասարդ գրողների 16-րդ համաժողով. Ծաղկաձոր – 2018

Մայիսի 31-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց Երիտասարդ գրողների 16-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով և ներկայացնելով մասնակիցներին, նշեց, որ համաժողովի ընթացքում՝ մայիսի 31-ից հունիսի 2-ը, կլինեն քննարկումներ մի շարք թեմաների շուրջ, գրական ընթերցումներ, նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ, գրական մամուլի խմբագիրների հետ հանդիպումներ: ՀԳՄ նախագահը, վստահեցնելով, որ թեև կլինեն հետաքրքիր ու հագեցած օրեր, այնուամենայնիվ կոչ արեց երիտասարդներին չսահմանափակվել ու չպարփակվել ծրագրի շրջանակներում, այլ հանդես գալ նոր առաջարկություններով: «Նպատակը՝ ծանոթանալ ժամանակակից երիտասարդական գրականությանը, երիտասարդները ծանոթանան միմյանց հետ, տեղի ունենա փորձի փոխանակում, քանի որ հրավիրվել են նաև ավագ գրողներ»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը՝ համաժողովը համարելով բացված:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը «Դիտարկումներ ժամանակակից երիտասարդական գրականության վերաբերյալ» զեկույցում նշելով, որ երիտասարդ գրողների գործերում առկա է բազմազան մտածողական և ստեղծագործական դաշտ՝ սկսած դասական մտայնություններից մինչև նույնիսկ երբեմն արտառոց երևույթներ, իր կարծիքը հայտնեց երեք միտումների՝ ուղղությունների շուրջ՝ 1. ժամանակ և աշխարհընկալում, 2. ստեղծագործական մեթոդ, 3. արտահայտչամիջոցներ: Անդրադառնալով ժամանակին և աշխարհընկալմանը՝ Պ. Դեմիրճյանը նշեց, որ ժամանակ ասելով հասկացվում է տեխնոլոգիաների շատ արագ զարգացում, ինչը բերում է նաև մտածողության զարգացում: «Իսկ մտածողության արագացումը բերում է ստեղծագործական նոր տեսանկյուններ, նոր ընկալումներ, և այդ առումով հետաքրքիր է, թե այսօրվա գրականությունն ինչպես է արձագանքում այդ զարգացումներին»,- ասաց բանախոսը՝ նկատելով, որ երիտասարդների ստեղծագործություններում հաճախակի են հանդիպում «փողոց», «փնտրտուք» բառերը: «Սյուժետային, գաղափարական հենքը չկա, բայց կա պահի իր զգացողությունների արձանա­գրումը: Երիտասարդն ուզում է կյանքի արագ փոփոխությունների մեջ ճանաչել ինքն իրեն, այսինքն՝ ծնունդ-մահ-անմահություն շղթայի մեջ կա ինքնաճանաչման պրոբլեմ: Ե՛վ որպես անհատ, և՛ որպես ազգի ներկայացուցիչ, և՛ ընդհանրապես որպես մարդ ինքն իրեն ճանաչելու, այս կյանքում իր դերը, իր առաքելությունը հասկանալու խնդիր է արծարծում»,- ընդգծեց Պ. Դեմիրճյանը:
Անդրադառնալով ստեղծագործական մեթոդին՝ գրականագետը մեթոդի որոշ անորոշություն նկատեց երիտասարդների մոտ և վստահեցրեց, որ դա գալիս է այդ նույն փնտրտուքից: Խոսելով երիտասարդական գրականության մեջ օգտագործվող արտահայտչամիջոցների մասին՝ Պ. Դեմիրճյանն անդրադարձավ փոքրատառով գրելու խնդրին՝ համարելով, որ փոքրատառով գրելը տանում է ավանդույթի խախտման, իսկ դա լինում է այն ժամանակ, երբ, օրինակ, Մովսես Խորենացու անունը գրվում է փոքրատառով: «Եթե սխալ բառակազմությունները նպաստեն կերպարի տիպականացմանը, գուցե հասկանալի լինի, բայց, ո՛չ, դա հեղինակի խնդիրն է: Սխալ բառեր է օգտագործում կիրթ մարդը, որը գրականություն է ստեղծում»,- ամփոփեց նա:
Պ. Դեմիրճյանի զեկույցի շուրջ կարծիքներ հայտնեցին Արմեն Ավանեսյանը, Երվանդ Վարդանյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Արթուր Մեսրոպյանը, Տիգրան Գրիգորյանը, Աշոտ Գաբրիելյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Սուսաննա Հարությունյանը:
Մասնավորապես՝ Արմեն Ավանեսյանի կարծիքով, այսօր թիվ մեկ խնդիրներից մեկը ոչ թե գրական մեթոդը կամ ուղղությունն է, այլ այն, որ երիտասարդները պետք է պատրաստված լինեն և կարդան միմյանց գրքերը: «Հաճախ տեսնում ես գրեթե նույն բառերով, նույն տրամադրությամբ, նույն պատկերներով գրված գործեր և հասկանում ես, որ հեղինակներն իրար չեն կարդացել, հետո հենց կարդան, սկսելու են իրար գրագողության մեջ մեղա­դրել»,- նկատեց նա: Երվանդ Վարդանյանը վստահեցրեց, որ գրողին առանձնացնելու համար ամենակարևորը սեփական ոճի փնտրտուքն է: «Թե՛ մեթոդը, թե՛ ձեր նշած լեզվի խնդիրները ուղղակի հավելումներ են ոճը ստեղծելու կամ ոճի գործընթացի ժամանակ: Գրողի խնդիրը պետք է լինի իր ոճի կատարելագործումը և ուրույն ոճի ձեռքբերումը»,- իր խոսքը Պ. Դեմիրճյանին ուղղեց նա՝ ռեալիզմի ընդհանրացումը, ունիվերսալացումը ցանկացած ուղղությամբ համարելով նախորդ դարերի երևույթ: «Եթե հաշվի առնենք, որ վերջին քսան տարիների մեր գրականությունը շատ բազմաբղետ է, ապա կոնկրետ մեթոդի մասին խոսելը կամ գրականությանը այս կամ այն մեթոդ վերագրելը համարում եմ վրիպում»,- նկատեց Արքմենիկ Նիկողոսյանը և հավելեց. «Այսօրվա գրականության զարգացման տիպաբանությունն այնպիսին է, որ կարող ենք այսպիսի արտահայտություն օգտագործել՝ ինչքան գրող, այնքան մեթոդ: Ինչքան բանաստեղծություն, պատմվածք, վեպ, այնքան մեթոդ: Գնահատման չափորոշիչներում գրողին դնել սանդղակի մեջ, թե որքանով է մոտենում իրականությանը կամ հեռանում, ճիշտ չէ»:
Մանվել Միկոյանը «Երիտասարդ գրողների մասնակցությունը մարզային գրական բաժանմունքների ծրագրերին» զեկույցում նշեց, որ վերջին տարիներին երիտասարդների գրականությունը բավականին զարգացում է ապրել Լոռու մարզում, որին նպաստել են մի շարք գործոններ: Նրա հավաստմամբ՝ առաջին հերթին նպաստել է բաժանմունքի «Երկունք» պարբերականը, քանի որ մարզի երիտասարդ ստեղծագործողները սկսել են նախ տպագրվել այդ թերթում, ապա՝ հանրապետական մամուլում և առանձին գրքերով: Խոսելով մարզի բաժանմունքի գրական միջոցառումների և գրական դաշտի մասին՝ Մ. Միկոյանն անդրադարձավ Էլֆիք Զոհրաբյանի, Նաիրա Ջուլհակյանի, Հրայր Հակոբյանի, Արթուր Միկոյանի, Մանուշակ Քոչարյանի, Մարինե Թաթոյանի, Գևորգ Արշակյանի, Անահիտ Մարգարյան-Անտոնյանի, Անահիտ Ղազախեցյանի և այլոց գրքերին: Հատկապես ընդգծելով «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխության դերը մարզի երիտասարդ գրողներին խրախուսելու գործում՝ նա շեշտեց, որ մարզային բաժանմունքը մշտապես խրախուսում է երիտասարդ գրողներին, հետևողական աշխատանք է տարվում նոր անուններ հայտնաբերելու, նրանց խրախուսելու համար: ««Երկունքը» հրատարակելիս մշտապես առաջնությունը տվել եմ երիտասարդ ստեղծագործողներին»,- վստահեցրեց նա:
Լրացնելով Մ. Միկոյանի խոսքը՝ Էդ. Միլիտոնյանը նկատեց, որ նույնը կարելի է ասել նաև Շիրակի մարզի երիտասարդական գրականության վերաբերյալ: Նա ընդհանրապես նպաստավոր համարեց մարզերում գրական պարբերականների՝ «Երկունքի» (Լոռու մարզ), «Եղեգան փողի» (Շիրակի մարզ), «Ոգու կանչի» (Կոտայքի մարզ) առկայությունը, որոնց շուրջ համախմբվում են գրողները:
Արքմենիկ Նիկողոսյանը նկատեց, որ «Իրականություն և գրականություն» թեմայի շուրջ խոսելուն նպաստել են վերջին օրերին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, որոնք այլևս անշրջելի իրողություններ են, և այն հանգամանքը, որ այդ իրողությունները մեր երկրում պայմանավորել են որոշակի վերարժևորումներ, երևույթների վերաընկալումներ, որոնք անխուսափելիորեն տարածվում են հասարակության տարբեր ոլորտների, այդ թվում նաև գրականության դաշտի վրա: Նրա հավաստմամբ՝ որոշ ստեղծագործություններ՝ բանաստեղծություններ, պատմվածքներ և անգամ վեպ, որոնք գրվել են տարիներ առաջ և ընթերցողներ գրեթե չեն ունեցել, հայտնի իրադարձություններից հետո մղվել են առաջին պլան՝ իրականությունը հզոր արտացոլել կարողանալու համար: Որպես օրինակ՝ նշեց Արփի Ոսկանյանի «Սապատավոր լյառը», Առաքել Սեմիրջյանի «Մարիոթի աղբարը» պատմվածքները, Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» վեպը և հատկապես Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը, որը գրվել է տասը տարի առաջ, տպագրվել է «Հայկական ժամանակ» թերթում և ընկալվել է որպես հոդվածաշար՝ գրեթե ոչ մի արձագանք չունենալով: Այնինչ այսօր իրականության թելա­դրանքով վերարժևորում է կատարվել, սկսել են գրական որակումներ տալ այդ ստեղծագործությանը: Ա. Նիկողոսյանի հավաստմամբ՝ դա պայմանավորված է իրականության ներգործությամբ: «Իրականությունը գրականությունը արժևորելու վերջնական կետն է, իրականությունից թելադրված է, այնուամենայնիվ, միշտ գնահատվում գրականությունը»,- ընդ­գծեց նա:
Իր զեկույցում Ա. Նիկողոսյանն առանձնացրեց ժամանակակից գրականության մեջ գերիշխող երեք մոդել, որոնք առնչվում են իրականություն-գրականություն հարաբերություններին: 1. Իրականությունը գրականության մեջ ընկալվում և մեկնաբանվում է որպես տեքստի մատուցում ուղիղ կյանքային իմաստով: Նրա դիտարկմամբ, քանի որ գրականությունը մեր ժամանակներում հարմարվողականության բնույթ ունի, շատ հաճախ գնացել է այդ ուղղությամբ՝ այդպիսով վերածվելով լրագրության: «Գրականության առավելությունը լրագրությունից իր ոչ ստույգ լինելու մեջ է»,- շեշտեց բանախոսը:
Երկրորդ մոդելը, ըստ գրականագետի, գրողի տեսած, ընկալած, մոդելավորած իրականությունն է, որը գրականության համար ամենաընկալելի և ամենակարևոր իրականությունն է: Եվ երրորդը ընթերցողի, գրականագետի հասկացած, պատկերացրած, ակնկալած և այս ամեն ինչը համադրած իրականությունն է: «Սա հիմնականում այն դեպքերում է կատարվում, երբ գրողը դառնում է ոչ միայն կյանքի, այլև ընթերցողի, գրականագետի և այլնի սպասարկու: Այս դեպքում է, որ բախվում ենք այնպիսի երևույթների, ինչպիսք են լճացումը, ճահճացումը, անհատական ձեռագրի կորուստը»,- ասաց նա և հավելեց, որ զարգանալու համար գրականությունը պետք է ազատագրվի իրականությանն այդ տեսակ սպասարկու լինելու գործից:
Այնուհետև տեղի ունեցան ելույթներ և մտքերի փոխանակում, որոնց մասնակցեցին Արմեն Ավանեսյանը, Լիլիթ Անտոնյանը, Շանթ Մկրտչյանը, Էդվարդ Միլիտոնյանը:
Համաժողովի երկրորդ օրը Շանթ Մկրտչյանը «ՀԳՄ հրատարակչությունը և երիտասարդական գրականությունը» խորագրով զեկույցում անդրադարձավ ՀԳՄ-ի գրական ծրագրերի շրջանակում «Մուտք» մատենաշարը վերականգնելու նոր նախաձեռնությանը՝ նշելով, որ շուտով լույս կտեսնեն մի քանի գրքեր: Մասնավորապես՝ պետական աջակցությամբ լույս կտեսնեն Արփի Վարդանյանի, Տիգրան Գաբոյանի, Հրայր Հակոբյանի, Մարիամ Սարգսյանի գրքերը: Ապա անդրադառնալով անցյալ տարվանից ՀԳՄ-ի գրական ծրագրերով ստեղծված «21-րդ դար. Հայ արձակ» և «21-րդ դար. Հայ պոեզիա» մատենաշարին՝ Շ. Մկրտչյանը ներկայացրեց Վահագն Գրիգորյանի «Կշեռք», Հարություն Հովակիմյանի «Մտրակ սեփական մաշկից», Բագրատ Ալեքյանի «Անտունի», Սամվել Կոսյանի «Բառը հենարան չէ այլևս», Թովմա քահանայի (Վահան Անդրեասյան) «Մայկոպյան օրագիր», Սոնա Անտոնյանի «Դառն ու զվարթ» ժողովածուները՝ տեղեկացնելով, որ գրքերի համար հատուկ է ընտրվել փոքր ֆորմատը՝ թե՛ գնի, թե՛ գրպանում տեղավորելու, թե՛ ընթերցելու առումով: «Հետաքրքիր բազմազանություն կա, այդ բազմազանության մեջ պիտի կարողանանք ընտրել գեղագիտական սկզբունքներով գրող հեղինակների լավ գործերը»,- ամփոփեց նա:
Ի հավելումն ասվածի՝ Էդ. Միլիտոնյանը հիշեց 60-ականների սերնդի գրական մտածողության վրա մեծ ազդեցություն թողած փոքր գրքերի մասին: «Մենք որոշեցինք շարունակել այդ ավանդույթը: Գրողները մեկ-երկու տարին մեկ կարող են ներկայացնել իրենց գործերը այսպիսի փոքր գրքերով»,- ասաց նա:
Ներկայացված գրքերի պոլիգրաֆիական որակը քննարկման առիթ դարձավ Հասմիկ Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի համար, ովքեր առաջարկեցին ուշադրություն դարձնել գրքի արտաքին տեսքին, ինչը կնպաստի դրանց վաճառքին, քանի որ նախքան գրքի բովանդակությանը ծանոթանալը գնորդը տեսնում է գրքի արտաքին ձևավորումը: Ի պատասխան՝ Ա. Նիկողոսյանը նշեց, թե չպետք է մոռանալ, որ այդ գրքերը հիմնականում նախատեսված են ընկերներին նվիրելու համար, իսկ Էդ. Միլիտոնյանը խորհուրդ տվեց ուշա­դրություն դարձնել բովանդակությանը, քանի որ եղել է ժամանակ, երբ գրքեր են տպվել շատ անորակ թղթերի վրա, միայն թե պոեզիան տարածվի, և նկատեց, որ փոքր հնարավորությունների առկայությամբ հնարավոր չէ պոլիգրաֆիական բարձրորակ գրքեր տպագրել:
Կարծիքներ հայտնեցին նաև Սուսաննա Հարությունյանը, Արմեն Ավանեսյանը, Լիլիթ Անտոնյանը, Շանթ Մկրտչյանը, Երվանդ Վարդանյանը և ուրիշներ:
Արմեն Ավանեսյանը «Երիտասարդական գրականությունը պետական հրատարակչական ծրագրերում» զեկույցում խոսեց 2012 թ. գրահրատարակչական դաշտում պետական բյուջեում բացված հատուկ տողի մասին, որտեղ նշված էր «Երիտասարդ գրողներ» շարքի և «Առաջին գրքի» մասին, այսինքն՝ երիտասարդներն ունեցան երկու տող, և տարիներ շարունակ գրքեր հրատարակվեցին: «Անցյալ տարի, երբ ծրագրային փոփոխություններ տեղի ունեցան, և աջակցության ծրագիրը գրեթե ամբողջովին դուրս մղվեց, թիրախային կետերից մեկը, որ պահպանվեց, «Առաջին գիրք» տողն էր»,- ասաց Ա. Ավանեսյանը և տեղեկացրեց, որ 2017 թ. Առաջին գրքեր ունեցան մի շարք հեղինակներ՝ Անի Ամսեյանը, Արթուր Մեսրոպյանը, Անրի Գրիգորյանը, Հովիկ Աֆյանը, Սաթե Հովակիմյանը, Նարեկ Թոփուզյանը և Ապրիլյան պատերազմում զոհված Բագրատ Ալեքսանյանը (վերջինս չի կարելի դիտարկել որպես գրական համայնքի ներկայություն կամ գրական լուրջ ներդրում. սա ավելի շատ հիշատակի գիրք էր): Լույս տեսավ «Գրեգիրք» ժողովածուն, որտեղ ընդգրկվեցին «Գրեթերթում» տարբեր ժամանակներում տպագրված հեղինակների լավագույն գործերը: Անդրադառնալով 2018 թ. ծրա­գրերին՝ Ա. Ավանեսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կհրատարակվեն Նորայր Սարգսյանի «Չինական պատ», Արփի Վարդանյանի «Քեզ որոնելիս», Երվանդ Վարդանյանի «Գրառումներ անհետացած վեպից», Անահիտ Ղազախեցյանի «Դիլեմա», Ռուզան Ազիզյանի «Չսիրելուց երկու օր անց», Լուսինե Հովհաննիսյանի «Տարին ունի շատ եղանակ» և Արև Թալոյանի «Հեքիաթներ» գրքերը: Սակայն պետք է նշել, որ գրական դաշտն այդպիսով չի սահմանափակվում: Ա. Ավանեսյանը կարևորեց գրական մրցանակաբաշխությունների դերը երիտասարդ գրողներին խրախուսելու գործում, մասնավորապես անդրադարձավ Արարատ Մկրտումյանի անվան մրցանակաբաշխությանը, որը երկու գրքի ծնունդ է հանդիսանում: Անցյալ տարի Շիրակի մարզում անցկացված այս մրցանակաբաշխությունից հետո տպագրվել է Լորետա Մուրադյանի «Թաքնագրեր» գիրքը և Շիրակի երիտասարդ բանաստեղծների ժողովածուն: Այս տարվա մրցույթի արդյունքում, որն անցկացվեց Լոռու մարզում, ևս երկու գիրք լույս տեսավ՝ Մարինե Թաթոյանի «Առավոտի թևեր» գիրքը և Լոռու երիտասարդ բանաստեղծների ժողովածուն: Ամփոփելով խոսքը՝ Ա. Ավանեսյանը երիտասարդ գրողների համար կարևոր համարեց ձևավորման փուլը կայացնել ոչ թե ֆեյսբուքում, այլ գրական մամուլի էջերում և գրական կայքերում՝ «Գրական թերթում», «Գարունում», «Նորքում», «Գրանիշում», «Կանքում» և այլն:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը ևս ընդգծեց, որ գրական մամուլն ամբողջովին բաց է երիտասարդների համար և նշված պարբերականներում, այդ թվում նաև «Գրեթերթում», «Ցոլքերում», «Լիտերատուրնայա Արմենիա» և «Արտասահմանյան գրականություն» հանդեսներում առավելությունը տրվում է երիտասարդ գրողներին: Վերջիններիս խրախուսմանն են նպաստում նաև մի շարք մրցանակաբաշխություններ, ինչպիսիք են Իրինա Գյուլնազարյանի, Լևոն Անանյանի, Արարատ Մկրտումյանի անվան մրցանակները, ՀՀ Նախագահի մրցանակը երիտասարդ գրող անվանակարգում, Արա Աբրահամյանի մրցանակը երիտասարդների համար:
Ըստ Արտեմ Հարությունյանի՝ կարևոր է, որ յուրաքանչյուր երիտասարդ գրողի առաջին գրքում տպագրված լինի որևէ հեղինակավոր գրողի երաշխավորագիր-ուղերձ: «Երբեմն հայտնվում է մի գիրք, որ ավելի լավ կլիներ՝ հասունացած լիներ, մոտենար գրական սահմանա­գծին, որից այն կողմ արդեն գրականության մեթոդ ենք զգում, գրականության տեսիլք ենք տեսնում, որովհետև ինչքան գրող, այնքան տեսիլք, զգացողություն»,- ասաց Ա. Հարությունյանը և հավելեց, որ գրողը պետք է և իրավունք ունի փորձարկել տարբեր ոճեր, ինչպես նաև թույլատրելի համարեց սկզբնական շրջանում ազդեցությունների տակ գտնվելը:
Վահե Արսենը հորդորեց ուշադրություն դարձնել այն հարցին, թե Հայաստանում այսօր կա՞ որևէ գրական ուղղություն, որին հետևեն երիտասարդները: Նրա կարծիքով՝ գրականագետը ինչ-որ իմաստով պետք է ուղղորդի գրողին: Ապա անդրադառնալով գիրք-ընթերցող կապին՝ նա ցավով փաստեց, որ այսօր չկա ընթերցող: «Գրողը ընթերցող չի, դա նրա գործն է, ընթերցողն այն հասարակությունն է, որը չի գրում, գրականագետ չի, մասնագետ չի, բայց կարդում է, իսկ այդպիսիք քիչ են»,- նկատեց Վահե Արսենը:
Մտքերի փոխանակությունից հետո Մելինե Գրիգորյանը, Տալիթան, Անուշ Հեքիմյանը, Հարություն Հովակիմյանը, Մարիամ Սարգսյանը, Սաթե Հովակիմյանը, Նորայր Սարգսյանը կարդացին իրենց ստեղծագործություններից, որոնց շուրջ ծավալված քննարկումներին մասնակցեցին Արթուր Մեսրոպյանը, Շանթ Մկրտչյանը, Անի Հովհաննիսյանը, Վահե Արսենը, Լիլիթ Անտոնյանը, Լուսինե Եղյանը, Երվանդ Վարդանյանը, Անի Տեր-Գուլանյանը:
Երրորդը օրը Արմեն Ավանեսյանը, մեկ անգամ ևս կարևորելով գրական մամուլի դերը երիտասարդ գրողի կայացման գործում, փաստեց, որ այն հեղինակները, ովքեր անցել են գրական մամուլով, շատ ավելի փորձառու են, կազմակերպված ու պատրաստված: Հավաստիացնելով, որ ֆեյսբուքյան տարածքն ավելի շատ ամենաթողության տարածք է՝ Ա. Ավանեսյանը կոչ արեց երիտասարդներին կապ հաստատել գրական մամուլի խմբագիրների հետ: «Երիտասարդների մեջ բանավեճեր շատ կարող են ծագել, որովհետև ամեն մեկն ունի իր տեսլականը, և յուրաքանչյուր ոք գրական մամուլի միջոցով պետք է կարողանա իր ստեղծած գիրը հաստատել ու տեր կանգնել այդ գրին»,- ասաց նա:
Հասմիկ Հակոբյանը, կարծիք հայտնելով գրական կայքի՝ հստակ ընդգծված տեսլական ունենալու մասին, նշեց, որ շատ հաճախ գրական պարբերականը հստակ տեսլական չի կարողանում ձևակերպել, այլ դառնում է տարբեր խնդիրներ լուծող: «Գրական դաշտը հնարավորություն չի տալիս մեր գրական տեսլականին համապատասխան գրական ամսագիր հրատարակել, որտեղ գրականության մեջ եղած տարբեր հարցեր բարձրաձայնվեն ու տրվեն մի շարք հարցերի պատասխաններ՝ կապված լեզվի խնդրի, աշխարհաքաղաքական հարաբերություններում գրողի դերի հետ»,- նշեց նա և հավելեց, որ նպատակը եղել է հասանելի դարձնել, ցանկացած մեթոդով ստիպել ընթերցել, ճանաչելի դարձնել ժամանակակից գրականությունը, իրացնել ու տարածել այն:
Աշոտ Գաբրիելյանը ևս փաստեց, որ այսօր երիտասարդները տպագրվելու խնդիր չունեն, էլեկտրոնային տարածքներում կարողանում են անմիջապես հայտնվել՝ մի քանի կայքերի շնորհիվ: Ապա անդրադառնալով «Գարուն» ամսագրին՝ նա ընդգծեց, որ այն մեծ ավանդույթներ ունեցող ամսագիր է, և առաջին խնդիրը այդ ավանդույթները որոշ չափով պահպանելն է: «Ոչ մի ժամանակաշրջանում «Գարունը» ավանդույթները պահպանելով չի եղել ավանդականի գերին, այն միշտ նոր է եղել»,- ասաց նա և հավելեց, որ եթե նախկինում «Գարունում» շեշտը դրված է եղել հրապարակախոսության վրա, ապա այսօր այդպիսի հոդվածներով ամսագիրը չի կարող առավելություն ունենալ:
Անի Տեր-Գուլանյանը, ներկայացնելով «Անդին» հանդեսը, նշեց, որ այն արդեն վեցերորդ տարին է լույս տեսնում, և գրական դաշտի գրեթե 80 տոկոսը տպագրվել է այստեղ, այդ թվում նաև երիտասարդ գրողները:
Կարինե Խոդիկյանը նշեց, որ թեև «Գրական թերթը», լինելով ՀԳՄ պաշտոնաթերթ, ունի որոշակի պարտավորություններ ու սահմանափակումներ, այնուամենայնիվ, միշտ էլ տեղ է տվել երիտասարդ ստեղծագործողներին: Շեշտելով, որ ընթերցողի համար կարևոր է զգալ ժամանակի տագնապը, Կ. Խոդիկյանը վստահեցրեց. «Այն բանաստեղծությունը, որը ես կկարդամ ու կզգամ, որ այս օրերի բանաստեղծություն է, անպայման տեղ կգտնի թերթի էջերում»:
Վահե Արսենը հանգամանորեն խոսեց «Արտասահմանյան գրականություն» հանդեսի մասին՝ նշելով, որ եթե նախկինում տարվա մեջ տպագրվում էր երկու համար, ապա հիմա տարեկան տպա­գրվում է չորս համար: Եթե առաջ հիմնականում տպագրվում էին գործեր՝ թարգմանված գերմաներենից, անգլերենից, ֆրանսերենից, ապա այսօր ընդ­գրկվել են նաև թուրքերենը, չինարենը, ճապոներենը: Նա տեղեկացրեց, որ բուհերի ծրագրային գրականության մեջ եղած այն գործերը, որոնք թարգմանված չեն եղել, պատվիրվում, թարգմանվում և տպագրվում են, որպեսզի ուսանողը նաև պրակտիկ շահագրգռվածություն ունենա և գնի ամսագիրը՝ քննությանն ավելի լավ նախապատրաստվելու համար: «Սա այն դաշտն է, որ ատամներով պիտի պահենք ու պայքարենք: Տպագիր մամուլը երբեք չի կարող տեղը զիջել համացանցին»,- վստահեցրեց Վահե Արսենը:
Կարեն Մանուչարյանը ներկայացրեց նորաստեղծ «Կանք» կայքը, որի նպատակը երիտասարդ ստեղծագործողների ակտիվությանը նպաստելը և ստեղծագործող ու հետազոտող ուսանողների աշխատանքները այդ հարթակում նե­ր­գրավելն է:
Գրականության մեջ բարոյական արժեքների, գրական մամուլի զարգացման տեսլականի, գրողին գնահատելու, հոնորարներ հատկացնելու մասին կարծիքներ հայտնեցին Ա. Գաբրիելյանը, Ա. Ավանեսյանը, Ե. Վարդանյանը, Կ. Խոդիկյանը, Հ. Սիմոնյանը, Ա. Տեր-Գուլանյանը, Պ. Դեմիրճյանը, Հ. Հակոբյանը, Մ. Միկոյանը: Մտքերի փոխանակման առանցքում գրողին արժևորելու, վճարելու համար մեխանիզմ մշակելու, տպագրված գործի համար հոնորար հատկացնելու հարցն էր:
Էդ. Միլիտոնյանը ևս նկատեց, որ գրողի խնդիրը հիմնականում չի քննարկվում: Քննարկվում է գրահրատարակչական հարց, որը հիմնականում ներառում է գրողի տպագրության խնդիր՝ անտեսելով մնացած պրոբլեմները: «Չի գիտակցվում, որ գրողը ունի ոչ միայն տպագրվելու, այլև տարածվելու, հանրահռչակվելու, թարգմանվելու և այլ խնդիրներ, որոնք կապված են գրողի անձի, ստեղծագործության հետ»,- փաստեց նա:
Կարծիքների փոխանակումից հետո իրենց ստեղծագործություններից կարդացին Լուսինե Եղյանը, Գևորգ Կաշը, Լորետա Մուրադյանը, Գևորգ Համբարձումյանը, Սոնա Համբարձումյանը, Արթուր Մեսրոպյանը, Վարդուհի Բադալյանը, Մարինե Հակոբյանը, Բենիկ Ստեփանյանը, Արամ Թարվերդյանը, Աստղիկ Սարգսյանը, Մարիամ Հարությունյանը:
Այդ ընթերցումների վրա հիմնված՝ արծարծված գրական խնդիրների, տաղաչափության, գրել-չգրելու վերաբերյալ տեղի ունեցած մտքերի փոխանակությանը մասնակցեցին Արտեմ Հարությունյանը, Էդ. Միլիտոնյանը, Արթուր Մեսրոպյանը, Արմեն Ավանեսյանը, Տիգրան Գրիգորյանը, Հասմիկ Հակոբյանը, Անի Տեր-Գուլանյանը, Լուսինե Եղյանը, Երվանդ Վարդանյանը, Գևորգ Համբարձումյանը, Վահե Արսենը, Հասմիկ Սիմոնյանը և ուրիշներ:
Ամփոփելով համաժողովը` Էդ. Միլիտոնյանը նշեց, որ Ծաղկաձորի ստեղծագործական տանը կազմակերպված Երիտասարդ գրողների համաժողովը այս տարի ևս փորձեց ապահովել գրական կյանքի աշխուժացման ընթացքը: Հավաստիացնելով, որ նոր փորձառությունները օգնում են նաև ավագներին՝ ժամանակն ավելի ճիշտ, հետաքրքիր ընկալելու համար, Էդ. Միլիտոնյանը հույս հայտնեց, որ այս հավաքը ազդակ կդառնա նոր գրքերի, նոր որոնումների համար, կընդարձակվի գրական դաշտը, և ճանաչելի կդառնան մեր գրողները:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։