Բոլորովին ուրիշ բանաստեղծը

Օրերս Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ, որին մասնակցում էին բանաստեղծի մտերիմները, գյումրեցի մտավորականներն ու նրա պոեզիայի սիրահարները:
Ներկաները նախապես դիտեցին Գյումրու Մտորումների թատրոնի (ռեժիսոր՝ վաստ. արտիստ Հովհաննես Հովհաննիսյան) տեսահոլովակը՝ բանաստեղծի ՀԱՅԱՍՏԱՆ գործի մոտիվներով: Ապա՝ գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանի ողջույնի խոսքից հետո, ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը խոսեց Հովհաննես Գրիգորյանի գրականության դերի մասին մերօրյա մարտահրավերների պայմաններում:
Ցերեկույթի հանդիսավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Սիրանուշ Ղուկասյանը բանաստեղծություն առ բանաստեղծություն ընդգծեց, որ հեղինակի դժվարին մանկությունն ու պատանեկությունը հետպատերազմյան Լենինականում իրապես ազդել են նրա անբռնազբոս ու սրտառուչ քնարերգության վրա:
Բան. գիտ. թեկնածու, գրականագետ Կարինե Մարտիրոսյանը խոհագրությամբ անդրադարձավ Գրիգորյանի բանարվեստին՝ նշելով, որ նրա հայրենիքի երգը բոլորովին այլ մեղեդի ունի, ինչպես ինքը՝ սերը հայրենի եզերքի նկատմամբ՝ անկախ նրանից՝ մեծ-սրտաչափ հայրենի՞քն է երգում, թե՞ փոքր-բռաչափ քաղաքը հայրենի: Այնուհետ սրտի խոսք ասացին գրողներ Լուսինե Աղաջանյանը, Արմենուհի Մխիթարյանը, Արցախյան գոյամարտի մասնակից, գրող Մնացական Մուրադյանը:
Բանաստեղծուհի, «Եղեգան փող» թերթի խմբագիր Ռոզա Հովհաննիսյանը նշեց. «Մուսաների հետ գրկախառն Գյումրին ու բանաստեղծությունը երկվորյակ են անշուշտ, և Հովհաննես Գրիգորյանը հոգու երակ մտնողի պես գիտի, որ բանավոր ասված խոսքն անգամ այստեղ դառնում է թևավոր միտք, ճախրում ու ճախրեցնում է երազող հոգիներին: «Երբեք չմեռնես» մահվան մահճում ասում է հայրը, և որդին արմատների տնքոցն է արձանագրում՝ ի՜նչ ծանր է մեռնել ցերեկվա լույսերի մեջ ողողված: …Պոլեմիստ բանաստեղծն ընդվզումն ու ինքնակռիվը վառվող մարխի նման նետում է աշխարհի դեմքին:
Հիշողությունների հին գորգի դեմ կանգնած, մատը նորից նախշի վրայով սահեցնելով՝ Հովհաննեսը պատմում է սովորական բաներ և պայմանական խոսքի արձակունակ շարադրանքում մեկ էլ հանկարծ… հայտնվում է գյուտը՝ ականի պես միանգամից ու զարմանահրաշ»:
Գրողի մասին ոչ հեռու անցյալից ուշագրավ հուշեր պատմեցին նկարչուհի, մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը, բանաստեղծ, «Շիրակ» թերթի խմբագիր Սամվել Մարգարյանը, արձակագիր, լրագրող Սամվել Հունանյանը: Յուրաքանչյուրի խոսքը կամ հուշապատումը մի վրձնահարված էր՝ ի լրումն Գրիգորյան մարդու և բանաստեղծի հոգևոր դիմանկարի:
Ցերեկույթի ավարտին, գնահատելով օրվա խորհուրդը, հուզիչ խոսք ասաց բանաստեղծի կինը՝ տիկին Երանուհին:
Ընդ այսու, Գյումրին՝ իրական ու անիրական պատումներով, իր թախծախառն հումորի վայրի փայլով, իր շքեղ կորուստներով ու պարադոքսներով, աշխարհ­ընկալման կերպով պատկեր առ պատկեր բարձրանում է գրիգորյանական բանարվեստում՝ որպես սիրո ու նվիրումի մեղրաբլիթ…Այս վկայեցին նաև ցերեկույթին մասնակցող երիտասարդ դերասանների գրիգորյանական ընթերցումները:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։