ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ / ԱՆՊԱՅՄԱՆ ՏԵՍՆԵԼ ՍՈՒՐԲ ՍՈՖԻԱՅԻ ՏԱՃԱՐԸ

Սուրբ Սոֆիայի տաճարը (537թ․) կառուցել է տվել Բյուզանդիայի կայսրության նշանավոր միապետներից մեկը՝ Հուստինիանոսը VI դարում։ Երկար դարեր Բյուզանդիան եղել է Եվրոպայի, նաև աշխարհի առաջատարը թե քաղաքական և թե մշակութային առումով։ Այդ կայսրությունն իր փառքի գագաթնակետին հասավ երկու դար տևած մակեդոնյան հայկական (ծագումով Մամիկոնյան նախարարական տնից) գերդաստանի իշխանության ժամանակ։ Վերջինս հիմնել է Բյուզանդիայի հայազգի կայսր Վասիլ Առաջինը՝ 867-ին։ Սերտ է եղել հայազգի պետական գործիչների, հոգևորականների, ազնվականների կապը ներկայումս Ստամբուլ անվանումն ունեցող քաղաքի հետ։

Աշխարհի տարեգրություններում բազմիցս և դարեդար հիշատակվող Բյուզանդիոն ու Կոստանդնուպոլիս քաղաքներում հայերը նշանակալի դիրք են գրավել։ Աշխարհի տարբեր լեզուներով հսկայածավալ գիտական ու գրական ժառանգություն է ստեղծված այս քաղաքի մասին։

Ի վերջո, Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է քրիստոնեական ճարտարապետության գլուխգործոցներից, ու նրա ճարտարապետությունը, պատերը զարդարող խճանկարները մեծ ազդեցություն են թողել եվրոպական մշակույթի, ինչպես Վենետիկի Սուրբ Մարկոս տաճարի ու ավստրիացի մեծ նկարիչ Գուստավ Կլիմտի նկարների վրա։

Ընդամենը 3 օր եղա Ստամբուլում՝ աղջկաս ու քրոջս հետ։ «Պեգասուս» թուրքական օդանավն ուղիղ թռիչքով 2 և կես ժամում մեզ հասցրեց Ստամբուլի հին օդանավակայան, որը քաղաքից հեռու է 42 կիլոմետր։ Հատուկ պատվիրված մեքենայով հասանք քաղաքի կենտրոնում գտնվող Հիլտոն հյուրանոցը։

Պետք է խոստովանեմ, որ օդանավակայանից մինչև քաղաք տանող ճանապարհը ճաշակով խնամված էր՝ ոճավորված պարտեզներ, խնամված ծառեր, մաքուր ճանապարհ։

Քանի որ Ստամբուլը տեսնելու 3 օր ունեինք, հյուրանոցից դուրս էինք գալիս առավոտյան 8-ին ու վերադառնում կեսգիշերից հետո։ Ստամբուլում գիշերային ժամերին բաց են հասարակական որոշ վայրեր՝ հատկապես խանութներն ու ռեստորանները։ Իհարկե հենց առաջին օրը և առաջին վայրը, ուր գնացինք, Սուրբ Սոֆիայի տաճարն էր։ Այն մտնելու համար հսկայական հերթ կար, որը սակայն արագ էր ընթանում։

 Ներկայիս Բելգրադում կա Սուրբ Սոֆիայի տաճարի չքնաղ կրկնակը, որը կրում է Սուրբ Սավայի անունը։ Հենց այդտեղ էլ իմ մեջ ցանկություն առաջացավ տեսնել տաճարի բնօրինակը։

 Սուրբ Սոֆիայի՝ մզկիթի վերածված տաճարն արտաքինից անշուք է՝ չնայած կառույցը վիթխարի է։ Ներսում դաժանորեն ջնջված են քրիստոնեական որմնանկարները ու արաբական տառերով թուրքերենով մեջբերումներ են Ղուրանից։ Չնայած դրան՝ ներսի ճարտարապետությունը վեհաշուք է ու տպավորիչ, իսկ դեպի դուրս տանող մի դռան վերևում հրաշալի պահպանված է բյուզանդական խճանկարը։ Իսկ տաճարի ներսի ինչ-որ չափով պահպանված խճանկարների մեջ պատկերված դեմքերի մեծ մասը ջնջված է, իսկ Քրիստոսի նկարը փակված է վարագույրով։

Ներգործուն մեծ ուժ ունի տաճարի գմբեթը, որն իր ներկա տեսքով պարտական է X դարի մեր Անի մայրաքաղաքի նշանավոր ճարտարապետ Տրդատին։ Այդ մասին գրում են ամենատարբեր ազգերի նշանավոր բյուզանդագետները։

Սուրբ Սոֆիայի տաճարի ներսում կա մի սյուն, որը թաց է, ու այդ թացությունը երևում է հենց սյան վերևի մասի գույնից։ Սյունը կոչվում է՝ լացող։ Սյան վերաբերյալ կա հայտնի ավանդություն․ եթե որևէ մեկը ձեռքը դնի սյան վրա ու պահի մեկ ցանկություն, ապա այն անպայման կկատարվի։ Մենք տաճարի մզկիթ դարձած կանանց հատվածում գտնում ենք ու, բնականաբար, մեր ձեռքը  դնում սյան վրա։ Այս արարքը խիստ զարմացնում է տաճարի հատակի գորգի վրա նստած թուրք կանանց։

Ստամբուլի փողոցներում լիքն են շները, կատուները, աղավնիները։ Նրանց նկատմամբ կա հատուկ խնամք։ Մեծ դույլերով հատիկեղեն են լցնում փողոցներում, ու աղավնիները, որոնք էլեկտրական լարերի վրա շարված են ուլունքների խտությամբ, մեկ վայրկյանում ցած են թռչում ու սկսում են կերակրվել։

Եթե որևէ մեկը երբևէ գնա Ստամբուլ, ապա պետք է տեսնի հնագիտական թանգարանը, ուր ցուցադրվում են ներկա Թուրքիայի կազմում հայտնված հունահռոմեական քանդակագործության հնագույն նմուշներ՝ դրանց թվում նաև Ալեքսանդր Մակեդոնացու արձանը, որը ներկայացնում է հանճարեղ զորավարի ու պետական գործչի բնածին գեղեցկությունը։

Ընդհանրապես, սկսած Չինգիզ խանից՝ թուրք-թաթարական բոլոր նշանավոր նվաճողներն երազել են ու երազում են Ալեքսանդրի աշխարհակալական փառքը։ Այդ են վկայում նաև Լենկ Թեմուրի մասին պատմող աղբյուրները։ Պատահական չէ, որ Ստամբուլի նոր օդանավակայանում, որը ժամանակակից և ներկայանալի տեսք ունի, դրված է Ալեքսանդրի անտիկ արձանի կրկնօրինակը։

Ստամբուլում շատ են Թուրքիայի դրոշները, Քեմալ Աթաթուրքի ու Էրդողանի նկարները։

Հայտնի է, որ հայազգի Բալյան ճարտարապետների 5 սերունդներ կառուցել են Ստամբուլի պալատներն ու կարևոր շենքերը։ Դրանք իսկապես գեղեցիկ են՝ հաճախ եվրոպական ոճի։

Հնագիտական թանգարանի բակի բացօթյա սրճարանում ամերիկացիներին ուղեկցող թուրք տղամարդը, որը հիանալի անգլերեն էր խոսում, որովհետև կրթվել էր ԱՄՆ-ում, իմանալով, որ հայ ենք, ասում է, թե եղել է Հայաստանում, գիտի, որ իրոք ցեղասպանություն է եղել ու հավելում է․

-Good Morning, Genocide, Good Afternoon, Genocide, Good Evening, Genocide («Բարի լույս, ցեղասպանություն», «Բարի օր, ցեղասպանություն», «Բարի երեկո, ցեղասպանություն»)։ Նա ընդունում է, որ եղել է ցեղասպանություն ու հույս հայտնում, թե մի օր Թուրքիան դա կընդունի։

Հայտնի է, որ Թուրքիայում հրատարակված քարտեզների վրա Հայաստանը որպես պետություն նշված չէ։ Թոփ Քափ Բախլ պալատի բազմաթիվ շինությունների մեջ կա մեկը, որը կոչվում է «Երևան տաղավար»։ Այդ լիովին մահմեդական ոճով կառույցը փաստում է, թե 1631-ին թուրքերը շատ կարճ ժամանակով պարսիկներից խլել են Երևանը, շատ շուտ էլ վերադարձրել պարսիկներին, ուրեմն Երևանն իրենցն է։ Ահա, թե որտեղից է գալիս Երևանն Ադրբեջան է Ալիևի հռետորական ոգևորությունը։ Այդ տրամաբանությամբ պատմական Մեծ Հայքի Ուտիք և Արցախ նահանգները, որոնք 30 տարի վերադարձան հայերին և Արցախի հանրապետության մեջ էին, այլևս Ադրբեջան չեն կարող լինել։ 

Թուրքական որոշ ռեստորաններում կան մասեր, որոնցում հաճախորդները առանց կոշիկների նստում են գորգերի վրա և այդպես ուտում։ Կանանց գերիշխող մասը ամռան շոգին գլխաշորով է, սակայն ծխում են՝ անգամ փողոցներում։

Եթե որևէ մեկը գնա Ստամբուլ, ապա անպայման թող տեսնի VI դարում՝ Հուստինիանոսի ժամանակ, կառուցված Բազիլիկա ցիստեռնը։ Այդ խմելու ջրամբար է, որն արվեստի իսկական գլուխգործոց է ու դարձել է թանգարան։

Ստորգետնյա հսկայական կառույցի մեջ կանգնած են բազմաքանակ հունահռոմեական զարդաքանդակներով սյուներ՝ հին առասպելների մոտիվներով։ Այն ստորգետնյա հրաշք տաճար է։

Քաղաքում տեղ-տեղ պահպանված են Հին Կոստանդնուպոլսի պարիսպները, որոնք շատ են զիջում մեր Անիի փառահեղ ու եզակի պարիսպներին։

Տեսանք նաև Միմար Սինան ճարտարապետի կառուցած մզկիթը և նրա գերեզման-դամբարանը։

 Սինանը (1490-1588) ապրել է 98 տարի ու եղել է մահմեդական դարձած հայ։

Եղանք նաև Մարմարա ծովի ափին գտնվող հայկական թաղամասում (ավելի լավ էր, չլինեինք) ու այցելեցինք Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի, որը փակված էր բարձր պարիսպների ներսում։ Մեզ համար իսկական ցնցում էր, որ հայկական եկեղեցում քարոզը թուրքերեն էր։ Իմ այն հարցին, թե ինչու է քրիստոնյա հայի համար քարոզը թուրքերեն, եկեղեցու աշխատողը բացատրեց, որ իրենք օտար հողում են, և այդ երկրի լեզվով պետք է քարոզ կարդացվի։ Քույրս հարցրեց, թե արդյոք եկեղեցուն կից կա հայկական կիրակնօրյա դպրոց, աշխատողն արագորեն անցավ թուրքերենի, և մենք բնականաբար հեռացանք։

Բոսֆորի վրա կա մեկ և կես ժամ տևողությամբ շրջագայություն։ Այն իրականացրինք ուշ երեկոյան՝ հեռվից դիտելու Ստամբուլի ասիական ու եվրոպական մասերը։ Նավի վրա վաճառում էին պաղպաղակ, հյութեր, ուտելիքներ։ Թուրքիայի սուլթանի տարազով մեկը համոզում էր վճարելով նկարվել իր հետ։ Նրա կպչուն համոզելը չափազանց տհաճ էր։ Նույն կերպ գունեղ ու մեծ թութակով մեկը համոզում էր նկարվել իր հետ։ 

Ստամբուլում կա մեծ շուկա կոչվող մի վայր, ուր վաճառում են ամեն ինչ։ Մենք ոչինչ չենք գնում, սակայն հետաքրքրությամբ դիտում ենք շուկան՝ իսկական Արևելք։ Նամազի ժամին բոլորը փռում են իրենց փոքրիկ գորգերն ու կարպետները և ծնկաչոք ու գլխահակ աղոթում։

 Այդ մեծ շուկայում կա փոքրիկ հրապարակ՝ խոսող մեծ թութակով։ Աղջիկս թութակին հրահանգ է տալիս․ «Ասա՛ հայ եմ, ասա՛ հայ եմ»։ Թութակը մեծ սիրով կրկնում է հրահանգը, իսկ թուրքերը կանգնած նայում են։ Երբ մենք հեռացանք, թութակը դեռ բարձր ձայնով կրկնում էր՝ ասա՛, ասա՛։

Ստամբուլում կան 4 վագոններից կազմված տրամվայներ, որոնք աշխատում են նույնիսկ կեսգիշերից հետո ու լիքն են ուղևորներով։ Այդ տրամվայներում տղամարդիկ իջնելիս ու բարձրանալիս կարող են քեզ հրել ու անցնել առաջ։ Մի անգամ գիշերը 24․30-ին տրամվայով 5 կանգառ գնացինք հյուրանոց հասնելու համար։ Լեփ-լեցուն տրամվայում մի աղջիկ ողջ ուղևորության ընթացքում գավակով խփում էր ինձ ու հռհռում։ Ես ոչինչ չասացի, սակայն ներքուստ ապշահար էի նման վայրենության համար։

Մի քանի օր անց՝ Երևանում, նստեցի ավտոբուս, ու հենց ներս մտա, մի քանի հոգի՝ աղջիկ և տղա տեղերից վեր թռան ու առաջարկեցին նստել, ես մեկ կանգառ էի գնալու և չնստեցի, սակայն ներքին մի ջերմություն լցվեց հոգուս մեջ․ մենք դեռ չենք հեռացել քաղաքակրթությունից։

Եվրոպան ու Ասիան խառնված են Ստամբուլում, սակայն իշխողը Ասիան է, ինչ-որ իմաստով քոչվորի հոգեբանությամբ։

Կիրակի երեկոյան, հայկական fly-one օդանավով վերադառնում ենք Երևան ու զարմանքով տեսնում, որ օդանավը գրեթե դատարկ է, ամենաշատը 30 ուղևոր։

Ի՞նչ եղան այնքան շատ մարդիկ, որոնք մեզ հետ թռան Ստամբուլ, չգիտեմ․․․

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։