1985… Երկու գրքի հեղինակ էի։ Առաջինը՝ «Դեղձանիկները», խմբագրել էր Լյուդվիգ Դուրյանը՝ արեգական լույսը ճակատին այդ կենսազգաց, լավատես ու ազնվազուն այրը։ Նա ծնվել էր ՌՍՖՍՀ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայաբնակ գյուղում, բայց իր նախա-նախա-նախապապերը գաղթել էին մեր երբեմնի շեն, հզոր, հոյաշուք, հայաշունչ Անի մայրաքաղաքից և իր դեմքին կրում էր իր մեծատուն ազնվազարմ նախնիների ոգու դրոշմը։ Եվ բնավ պատահական չէ, որ 1985-ին լույս տեսած «Այծեմնիկ» պոեմը նվիրված է 1125-ին Անիի ինքնապաշտպանական մարտերի ժողովրդական հերոսուհի Այծյամն Անեցուն… Եվ անկեղծորեն հպարտ եմ, որ իմ առաջին գիրքը խմբագրել է հենց ինքը՝ երևելի պոետը, անվրեպ գեղագետը, Հայը, որի երաշխավորությամբ և հորդորով էլ դիմեցի գրողների միություն… Եվ օրերից մի օր, գլուխս առած, պատանեկան խենթ քամիներին տրված՝ որոշել էի այցելել գրողների միություն։ Հեռվից նկատեցի, որ շենքից դուրս եկավ Մկրտիչ Սարգսյանը՝ համբավավոր գրողը (այն ժամանակ ՀԳՄ քարտուղարը)՝ արքայազուն, վեհաշուք, արծվադեմ…Ակնածանքով բարևեցի։ Աջը պարզեց, ամուր սեղմեց ձեռքս, ջերմ ու տաք հայացքը հառեց ինձ ու ասաց. «Քիչ առաջ նիստն ավարտվեց… Շնորհավորում եմ գրողների միություն ընդունվելու առիթով…»։ «Անչա՛փ շնորհակալ եմ»,- անակնկալի եկած արտաբերեցի և հուզմունքս կոծկելով՝ առաջ անցա… Քայլելիս զգում էի, որ ափս դեռ պահում է վաստակաշատ գրողի ափի անանց ջերմությունը… …Օրերից մի օր Մուշեղ Գալշոյանի հետ ինչ-որ տեղ էինք գնում։ Ճանապարհին հանդիպեցինք Մկրտիչ Սարգսյանին։ Գրչակից ընկերները ջերմ ողջագուրվեցին, առանձնացան և երկար զրուցում էին։ Հետո Մուշեղ Գալշոյանը վերադարձավ… Համարձակությունս բավեց, և կատակեցի. «Ձորի Միրոն և Սերժանտ Կարոն ինչի՞ մասին էին էդպես տաք-տաք զրուցում»։
Եվ Գալշոյանը քա՛հ-քա՛հ, լիաթոք ծիծաղեց…