«Իսկական գրողների» հետ շփումներ շատ վաղուց էի ունեցել, այն էլ` ոչ ավել, ոչ պակաս` կենցաղային մակարդակում, բնության մեջ: Դպրոցական տարիներից «Ավանգարդին» թղթակցում էի, իմ պատմվածքանման գրվածքներից մեկն անգամ խմբագիր Լևոն Մանուկյանը տեղ-տեղ հավանել էր: Իրական շփումներն սկսվեցին նախ` «Պիոներ կանչ», ապա` «Դպրություն» թերթում աշխատելու տարիներին: Այս ժամանակաշրջանում միության անդամության մասին մտածելը մտքից-խելքից դուրս մի բան էր թվում, թեև կային Վիկտոր Բալայանի, Գևորգ Դևրիկյանի հետ բարեկամությունը, Հրանտ Մաթևոսյանից թանկ ընծայագրով նվեր ստացած իր երկհատորյակը և, իհարկե, գրական որոշ փորձերը: Արդեն 2000-ին, երբ մի քանի գիրք հրատարակել էի, նաև մամուլում ավագ գրողների դրվատանքի տողեր կարդացել, առաջ գնացի և… «Մնաց մյուս տարի, ընկեր»,- ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը: «Չեն ուզում, թող չուզեն»` մտքումս նեղացա անծանոթ հանձնաժողովի անծանոթ անդամներից, ինքս ինձ սիրտ տվեցի ու անցա առաջ՝ «Հայաստան» թերթի հետ կապված շատ ավելի անելիքներ ունեի: Շփումները շարունակվում էին, ջերմ հարաբերություններ էին հաստատվել թերթի պատկառելի խմբագրական խորհրդի անդամ Հրանտ Մաթևոսյանի, Սիլվա Կապուտիկյանի, Ռազմիկ Դավոյանի, Սերգեյ Սարինյանի, սփյուռքից՝ Հակոբ Կարապենցի, Վահրամ Հաճյանի հետ… «Ինչ որ պըտի էղնի, չի կըրնա չեղնի»` ասում է «Հեղնար աղբյուրի» կամուրջներ կառուցող վարպետ Ավետիքը: Զորի Բալայան, Էդուարդ Ավագյան, Լյուդվիգ Կարապետյան եռյակի երաշխավորագրերն ու մի տրցակ գրախոսություններով լի թղթապանակը հանձնեցի ու… չմոռացա: Որոշ ժամանակ անց Անանյանը զանգահարեց. «Միաձայն անցել ես, մի քանի օրից արի անդամատոմսդ ստանալու»: Քսաներկու տարի առաջ էր… Պատասխանատվությունը, որ դու Հայաստանի գրողների միության անդամ ես, ուղեկցում է մինչ օրս` գրով, խոսքով, մարդու հանդեպ պահվածքով:
Կարդալ նաեւ․․․
ԿԻՐԱՆՑ ՎԱՆՔԻ, ԱՆԱՐԴԱՐ ՎԱՐՊԵՏԻ ԵՎ ՆՐԱ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԱՇԱԿԵՐՏԻ ՄԱՍԻՆ / Մարգո ՂՈՒԿԱՍՅԱՆ
Մարգո ՂՈՒԿԱՍՅԱՆ (17.04.1927 – 27.04.2013) Հրապարակախոս, արձակագիր ՀԳՄ անդամ 1978…
Ինչպես դարձա ՀԳՄ անդամ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ
(Եվ ինչպես գերհզոր պետությունը հայրենիք չդարձավ) Աշխատում էի «Գարուն» ամսագրի…
Ինչպես դարձա ՀԳՄ անդամ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
Եթե որևէ մեկը դպրոցում գերազանց է ստացել բոլոր առարկաններից, սակայն…
