Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արձակագիր, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր
Չե՞նք վախենում
մենաշնորհ ստեղծելուց
Երբ հետադարձ կարդում եմ իմ գրած հոդվածները, սիրտս ճմլվում է. մենք երբեք չենք քննարկում գրական-ստեղծագործական որևէ հարց, այլ ողջ ընթացքում հասարակության առաջ արդարանում ենք, մեղա ենք գալիս, որ կանք, անընդհատ համոզում ենք՝ մենք լավն ենք, պիտանի ենք, օգտակար ենք, մեզ հանդուրժեք: Ամեն անգամ, երբ որևէ ղեկավար է փոխվում, նայում ենք՝ մտավորակա՞ն է:
Ասում են, պետաջակցությունը ժամանակակից գրողներին դադարեցնելու մասին որոշումը կայացվել է, երբ մշակույթի նախարարը այցելել է գրքի բազա ու տեսել կուտակումները: Բայց բազան գրողների սեփականությունը չէ, և այնտեղ կուտակված գրքերն էլ պետաջակցությամբ հրատարակված գրքերի այն քանակությունն է, որն, ըստ պայմանագրի, նախարարության բաժինն է, ոչ գրողինն է, ոչ էլ հրատարակչինը: Անկախ ամեն ինչից, այսօր ունենք ոչ թե գրքի արտադրության, այլ այդ արտադրանքը իրացնելու խնդիր: Անգամ եթե մինչ այս ոմանք վատորակ գիրք են հրատարակել, դա հիմք չէ գործող համակարգը վերացնելու համար, պարզապես նման հրատարակչին պիտի զրկել հրատարակչական գործունեությամբ զբաղվելու արտոնությունից: Գրահրատարակչական գործունեությամբ զբաղվելու իրավունքն, ի դեպ, ևս գրողները չեն տալիս:
Ինչ-որ բան իրացնելու համար վաճառակետ է պետք: Հնարավոր չէ գրախանութներ փակելով գրահրատարակչություն աշխուժացնել կամ հասարակության հայացքը բևեռել գրքին: Գրախանութները ևս գրողները չեն փակել ու չեն փակում:
Ուրեմն, իմ կարծիքով, վիճակը շտկելու համար անհրաժեշտ է ստեղծել գրավաճառ ցանց՝ բացել գրախանութներ, գրքի փոքրիկ կրպակներ՝ ուսումնական հաստատություններում և մարդաշատ վայրերում:
Երկրորդ՝ քանի որ տվյալ դեպքում մենք ունենք գրականությունը և գրողին պրոպագանդելու խնդիր, ակտիվացնել պրոպագանդան. ստիպել, որ աշխատեն մշակույթի նախարարության համապատասխան բաժինները կամ վարչությունները, մի քանի հեռուստաալիքով ունենալ հայ գրականությանը նվիրված հաղորդաշարեր, որոնց ընթացքում հինգ-տասը րոպե կներկայացվեն նոր գրքերը և այլն: Դա պիտի անի նախարարությունը՝ հիմնավորված ընտրությամբ, ոչ թե հիմիկվա պես՝ ո՛ր հրատարակիչը գումար տա հեռուստաընկերությանը, իր տպած կիսատ-պռատ հեղինակին դասականի տեղ ջարդի ժողովրդի գլխին: Եվ բացի այդ, թե՛ գրողներից, թե՛ հրատարակիչներից հեռուստաընկերությունները այնպիսի գումարներ են պահանջում, որ նույնիսկ ամենահարուստ հրատարակչությունը չի կարող իրեն թույլ տալ սեփական արտադրանքը գովազդել գոնե ամիսը մեկ անգամ: Լավագույն դեպքում դա արվում է տարին մեկ-երկու անգամ:
Երրորդ՝ պետական աջակցությամբ աշխատելու հայտ ներկայացրած հրատարակչությանը պետք է պայմաններ թելադրվի, ասենք, պիտի իր հաշվեհամարին ունենա որոշակի գումար կամ բիզնեսվարկ, փաստացի գրանցված աշխատակիցներ, գոնե խմբագիր և սրբագրիչ, և դրանք չլինեն իրենց հորքուր-մորքուրը, այլ համապատասխան կրթությամբ մարդիկ:
Չորրորդ՝ նախարարությունը գիրքը հրատարակչությունից պիտի ընդունի ոչ միայն որպես ապրանք, այլ նաև իրականացնի հատուկ հսկողություն լեզվի մաքրության հարցերում: Որովհետև այսօր միայն երկու-երեք հրատարակչություն ունեն սրբագրիչ, մնացածը ինչ-որ անուններ են գրում տիտղոսաթերթերին, բայց հենց առաջին պարբերությունից էլ երևում է, թե ինչ խայտառակ սխալներ կան:
Սրանք են, իմ կարծիքով, քայլերը, որ պիտի արվեն գրահրատարակչությանը աջակցելու համար, և ոչ թե գրողներին զրկեն անհրաժեշտ աջակցությունից: Գրողներին զրկելով պետական աջակցությունից՝ մենք ընդամենը կունենանք մեռած գրական միջավայր: Եվ ընդամենը:
Բացի այդ, ես ունեմ հետևյալ վախը. եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես խոսվում է, ժամանակակից գրականություն հրատարակող փոքր հրատարակչությունները արանքից դուրս են գալիս: Մնում են խոշորները՝ Զանգակը, Էդիթ պրինտը, Անտարեսը:
Չե՞նք վախենում համակարգում մենաշնորհ ստեղծելուց կամ կոռուպցիան ոչ թե վերացնելուց, այլ մեկի ձեռքում կենտրոնացնելուց:
One thought on “Պետական աջակցություն. լինի՞, թե՞ չլինի / Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ”