Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ / ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Գեներալ Շանթի կյանքը մոտեցել էր այն սահմանագծին, երբ մարդն այլևս պետք է մեռնի, որպեսզի կանգնեցնեն նրա հուշարձանը: Անկեղծ ասած, Գեներալը չէր ուզում վախճանվել, բայց պետական որոշում էր ընդունված, քանդակագործներն սկսել էին աշխատել, քաղաքապետարանը մեծ գումարներ էր հայթայթել, իսկ պատվանդանի շինարարությունը սկսված էր:
Գեներալի առաջին նամակը ուղղված էր Պաշտպանության նախարարին.
– Հարգելի՛ նախարար: Առայժմ չեմ կարողանում մեռնել: Խնդրում եմ արձանացման գործընթացը սառեցնել:
Պատասխան նամակը ստացվեց երկու ամիս անց.
– Աշխատեք ծանր վիրավորվել:
Բազմաթիվ անկեղծ և համամարդկային ջանքերից հետո Գեներալը դիմեց Երկրի նախագահին.
– Հույս եմ հայտնում, մեծարգո՛ Նախագահ, թե կհրահրեք իմիջիայլոց մի պատերազմ, որտեղ կկարողանամ ծանր վիրավորվել և տունդարձի ճանապարհին արյունաքամ կլինեմ:
Նախագահի մամլո խոսնակը անձամբ բերեց պատասխան նամակը, որտեղ ասվում էր.
– Հարևան պետությունների հետ թշնամության պայմանագրերը նոր են կնքվել, բայց դեռ ուժի մեջ չեն: Եթե կամենաք՝ որևէ համեստ ավտովթար կսարքենք, բայց պարտավոր եք վճարել ջարդուփշուր մեքենաների համար մինչ զոհվելը:
Սույնն ընդունելի տարբերակ չէր կարող լինել, որովհետև հայրենասիրական պարտքի գործոնը տվյալ պարագայում կզրկվեր համապատասխան փայլից, ինչը խորագույնս կնսեմացներ Գեներալի հետմահու բնութագիրը: Երկար խորհրդածություններից հետո Գեներալը հանդես եկավ բաց նամակով, որ տպագրվեց Հանրապետության թերթերում: Նամակը հակիրճ ու կոնկրետ էր.
– Սիրելի՛ ազգ: Ելնելով այն փաստից, որ կառավարությունը նպաստավոր պայմաններ չի ստեղծում, որ զոհվեմ, և չեմ կարողանում զոհվել ինքնաբերաբար, խնդրում եմ ինձ ընդունել իբրև առաջիկա իմ արձանի կենդանի օրինակ և հանդուրժել երկու տարբերակով իմ գոյությունը՝ իբրև բացառություն:
Լուծման անհրաժեշտությամբ տառապող նմանօրինակ հարցը հղի էր Պետության հեղինակությունը որակազրկելու վտանգով: Շտապ որոշմամբ՝ գեներալ Շանթի բնակարանը տուն-թանգարանի կարգավիճակով հանձնվեց մատաղ սերնդի դաստիարակությանը:
– Երեխանե՛ր, դուք շնչում եք մասունքացող առարկաների բույրն ու ականատեսն եք այն բանի, թե ապագա հերոսներն ինչպես են մեռնում, միաժամանակ՝ անմահանալով:
Օրեր անց, գեներալ Շանթի արձանն ի վերջո տեղադրեցին Հանրապետության հրապարակի երևելի մասում, և տուն-թանգարանի համար նախատեսված այլևայլ այցելությունները սառեցվեցին: Աննախադեպ թեթևության մեջ սավառնելով՝ գեներալ Շանթը խորը շունչ քաշեց՝ հանկարծ մտաբերելով, որ վաղուց արդեն չի կերել ու չի խմել: Անկողնուց բարձրանալու փորձ արեց, բայց կրծքավանդակի վերքը ցավում էր, արյունահոսում: Դուռը բացվեց, և քաղաքացիական հագուստով երկու քաղաքացի ներս խուժեցին:
– Շանթ գեներա՞լն եք:
– Այո՛:
– Ձեզ հերոսի կոչում է շնորհվել: Հետմահո՛ւ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։