Ութսունամյա թոշակառու Սամսոն Երանոսյանը ութերորդ հարկ էր բարձրանում իրենց միկրոշրջանի բոլոր աստիճանների նման ահավոր կեղտոտ և չլուսավորված աստիճաններով: Նա վաղուց դադարել էր տրտնջալ և լուռ անիծել իշխանություններին՝ ինչպես տեղական, այնպես էլ բարձրագույն, որովհետև նախատեր թե չնախատեր՝ օգուտ չկար. բացի տեր Աստծուց, ոչ ոք չլսի: Չէր լսի և չէր ընդառաջի: Այնպես որ, ծերունին լուռ բարձրանում էր՝ ծանրորեն հենվելով յուրաքանչյուր աստիճանի վրա և ձգվելով, աջ ձեռքով բռնելով բազրիքից։
Տանը օրինակելի կարգուկանոն էր՝ համեստ սենյակը մաքուր հավաքված էր, բարձերը՝ փարթամացված հին կարպետով ծածկված թախտի վրա, փոքրիկ խոհանոցը փայլում էր, ըստ երևույթին՝ թոռնուհին էր եկել ու կարգի բերել բնակարանը: Խոհանոցում ճաշի հաճելի հոտ էր բուրում։ Նա բարձրացրեց կաթսայի կափարիչը՝ կարտոֆիլի, կաղամբի և պահածոյացված տավարի մսի թանձր սոուսը դեռ տաք էր: Սեղանին երեք խնձոր էր դրված և երեք մեծ ձմեռային տանձ՝ սրբիչով ծածկված։
Սամսոն Երանոսյանը պատմաբան էր, մոտ հիսուն տարի նա քաղաքի տարբեր դպրոցներում պատմություն էր դասավանդել, ճիշտ է՝ իր աչքի առաջ անընդհատ փոփոխվող։ Եթե աշակերտները որևէ սադրիչ հարց էին տալիս, նա գիտեր, թե ինչպես նրանց տեղը դնել. «Ո՞րն է մեր այսօրվա թեման: Իսկ ո՞ր դարն է։ Իսկ ժամանակաշրջա՞նը: Միջնադարյա՛ն: Լավ: Ուրեմն, դու սովորե՞լ ես այսօրվա միջնադարի դասը»:
Բայց այս ամենը ձևի համար էր՝ սաստելու նպատակով։ Իրականում ոչ մի հարց անպատասխան չէր մնում. դրա համար կային, այսպես կոչված, արտադասարանական պարապմունքներ նրա տանը՝ քաղաքի կենտրոնում կորած Շիլաչի հին թաղամասի հարմարավետ բակում: Բակ հասնում էին երկար, նեղ փողոցներով, որոնք անվերջ պտտվում էին քարե ցանկապատերի արանքում։ Այնտեղ սև ու սպիտակ թթի մեծ ծառեր կային, և եթե որևէ մեկը անզգուշությամբ հագուստը աղտոտեր սև թթով, ապա բիծը անմիջապես չեզոքացնում էին սպիտակ թթի հյութով:
Իսկական, իրական պատմությունը ընկեր Երանոսյանը իր աշակերտներին պատմում էր թթենիների տակ գտնվող այդ հին բակում։ Իհարկե, նրանք օգնում էին և՛ ծառերը ջրել, և՛ մարգերը խնամել։ Հետո նրանք նստում էին Սամսոն Աբգարովիչի պապի թե նախապապի սարքած փայտե մեծ սեղանի շուրջը, և հենց այստեղ սկսվում էր իրական ուսումնառությունը… Նա սովորեցնում էր նրանց տարբերել սևը սպիտակից և սևն ու սպիտակը՝ մոխրագույնից: Որովհետև ո՛չ սևը, ո՛չ սպիտակը ինքնին ո՛չ վատն են, ո՛չ էլ լավը։ Ասում են՝ սպիտակ լույս, ամպերը սպիտակ են, ձյունը սպիտակ է: Իսկ ածուխը սև է, և գիշերն է սև։ Աչքերը լինում են սև և շատ էլ գեղեցիկ։ Աշխարհի ամենասարսափելի բանը, ամենավատ բանը մոխրագույնն է, որն առավոտյան լուսաբացին սպիտակ է հագնում, իսկ երեկոյան մթնշաղին՝ ահա արդեն սևացել է: Մոխրագույնը իր դեմքը չունի, անորոշ է, աղոտ, ո՛չ մեկն է, ո՛չ մյուսը: Եվ ամենավատն այն է, որ ինչ-ինչ պատճառներով աշխարհում այս մոխրագույնը շատ է, շատ ավելին, քան պարզապես սևը կամ սպիտակը: Գուցե դրանից է, որ աշխարհում այդքան շատ վիշտ կա… Նման նախաբանով էր նա սկսում, օրինակ, Կիրովի սպանության, 1937-ի զանգվածային գնդակահարությունների, 1946-ի հայերի աքսորների մասին պատմությունները։
Նաև նրանց սովորեցնում էր արձագանքել մարդկանց դժբախտությանը և երբեք չմոռանալ իրենց հանդեպ արված բարի գործը։ Կարող ես՝ հարյուրապատիկ վերադարձրու, եթե ոչ՝ հիշիր ու փորձիր այդ բարությունը փոխանցել ուրիշներին: Ջուրը գցիր, ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը:
Նաև սովորեցնում էր նրանց գիրք կարդալ։ Իսկապես կարդալ, այսինքն՝ ըմբռնել դրանց խորքային իմաստը։ Սովորեցնում էր մտածել կարդացած գրքի շուրջ։ Դեռ էլի շատ բաներ էր սովորեցնում։
Նա հիշում էր իր բոլոր աշակերտներին՝ առաջինից մինչև վերջին շրջանավարտը։ Պահպանում էր խմբանկարները՝ և՛ զարդարուն շքեղները, և՛ զուսպ պարզերը՝ պատերազմի տարիներինը: Նախկինում նրան հաճախ էին այցելում աշակերտները¸ մանավանդ շրջանավարտները։ Հետո տղան ստացավ այս փոքրիկ բնակարանը նոր թաղամասում: Հիմա Ռուսաստանում ինչ-որ տեղ է թափառում ու ժամանակ առ ժամանակ մի քիչ փող ուղարկում։ Հարսը ապրում է թոռնուհու հետ, որը վերջերս է ամուսնացել։ Բոլորը միասին ինչ-որ ձևով ծայրը ծայրին են հասցնում: Բայց այն պահից, երբ «ժամանակների կապը փլուզվեց», ինչպես ինքն էր անվանում Միության փլուզումը, հազվադեպ էր հանդիպում նույնիսկ հին ծանոթների, անգամ աշակերտների հետ:
Ամանորի նախօրյակն էր։ Իրականում նա չէր սիրում Նոր տարին և տանել չէր կարողանում Ամանորի եռուզեռը¸ նախատոնական երեկոներին էլ շուտ էր պառկում քնելու: Այդ օրն էլ՝ դեկտեմբերի 30-ին, արդեն պատրաստվում էր անջատել հեռուստացույցը՝ մի քանի անգամ փոխելով ալիքները և չհետաքրքրվելով ո՛չ համերգներով, ո՛չ մուլտֆիլմերով, ո՛չ էլ տոնածառի փայլերով զարդարված հաղորդավարների վարած խաղերով: Մոսկովյան ալիքներից մեկով ցուցադրվում էր դիվանագիտական ընդունելություն ինչ-որ հսկա, շքեղ տոնական դահլիճում և խոշոր պլանով ցուցադրում էին մե՛րթ ստալակտիտաձև հսկա ջահերը, մե՛րթ բնական սամույրե թիկնոցով և լանջաբացվածքով տիկնոջ ադամանդակուռ վարսակալը: Մեկնաբանը խոսում էր անգլերեն, իսկ Սամսոն Աբգարովիչը մի կերպ հասկացավ, որ ընդունելությունը տեղի է ունենում եվրոպական ինչ-որ խոշոր պետության մայրաքաղաքում։ Մի խումբ մարդիկ շրջապատել էին մի շատ տպավորիչ պարոնի՝ սպիտակ թիթեռնափողկապով, սմոքինգով և հոյակապ ալեհեր մազափնջով։ Մեծ քիթը և լայն ալեհեր հոնքերը ծանոթ թվացին: Պարոնը վստահորեն արագ-արագ խոսում էր անգլերեն և դատելով ունկնդիրների դեմքերի արտահայտությունից՝ շատ հետաքրքիր բան էր պատմում։ Երանոսյանը հանկարծ հիշեց նրան. դե սա Գարիկն է, չարաճճի Գարիկը, Գարուշիկը՝ ինչպես ընկերներն էին կոչում նրան, 1958-ի կամ 1959-ի շրջանավարտը: Տե՛ս, է, դեսպան եվրոպական տերությունում: Եվ որքան ինքնավստահ է իրեն պահում, որքան սիրալիր է ժպտում և ինչպես է անբռնազբոս համբուրում կանանց ձեռքերը, ինչպես է պարզ ձևով հրաժեշտ տալիս, կարծես մանկուց նրան մարզել էին այս դերի համար՝ փայլել դահլիճներում: Իսկ Երանոսյանը հիշում էր, թե ինչպես էր նա հմտորեն բարձրանում թթենու ամենավերին ճյուղերը, որտեղ մյուսները չէին համարձակվում բարձրանալ…
Ելքի մոտ նրան մոտեցավ մի լրագրող, խոսեց ռուսերեն, և Երանոսյանը շունչ քաշեց՝ գոնե հիմա իսկապես կհասկանա, թե ինչի մասին են խոսում։ Լրագրողը շնորհավորեց «պարոն Հարրիին» նոր գրքի՝ Մետաքսի ճանապարհի մեջ մտնող երկրորդական, բայց կարևոր ճանապարհների մասին աղմկահարույց պատմական ուսումնասիրության կապակցությամբ և մի կարճ հարց տալու թույլտվություն խնդրեց: Երանոսյանը երեխայի պես ուրախացավ, որ հեռուստացույցը չէր անջատել:
-Պարո՛ն Հարրի,-հարցրեց լրագրողը,-պետական գործիչներից ո՞ւմ եք համարում ամենանշանավորը:
Պարոն Հարրին շատ բարեկամաբար, շատ բարեհամբույր ժպտաց լրագրողին՝ ժպիտով իսկ կապ ստեղծելով, և այդ ընթացքում արդեն մտածեց պատասխանի մասին։
-Տեսեք, երբեմն միայն հայտնի մարդկանց են համարում նշանավոր։ Այդ հասկացությունները միշտ չէ, որ համընկնում են, ինչպես, օրինակ, պետական գործիչ կամ պատմական անձնավորություն հասկացությունները։ Վերցնենք, օրինակ, Ալեքսանդր Մակեդոնացուն կամ Նապոլեոնին: Այս անձնավորությունները առաջին հերթին նշանավոր են, բայց նաև հայտնի և ականավոր, կարելի է ասել՝ վիթխարի անհատականություններ են: Բայց այդպիսիները քիչ են։
«Եվ քանի լեզու գիտի,-մտածեց Երանոսյանը:-Իսկ ի՜նչ չարաճճին էր»:
Պարոն Հարրիի շուրջ նորից հավաքվեցին. ըստ երևույթին, դահլիճում ռուսերենին տիրապետողները քիչ չէին:
-Ականավոր պետական գործիչը,-շարունակեց պարոն Հարրին,-կարծում եմ, նա է, ով ծառայել է իր երկրին և իր ժողովրդին ամենադժվարին ժամանակներում: Այնպիսիք, ինչպիսին Ջորջ Վաշինգտոնն էր…
Շուրջբոլորը գլխով արեցին՝ համաձայնելով։
-Ջուզեպպե Գարիբալդին…
Մի չորուկ, բարձրահասակ պարոն՝ անժպիտ դեմքով հանդիսավոր խոնարհվեց պարոն Հարրիի առաջ այդ անունը հնչելիս. ըստ երևույթին, նա իտալացի էր:
-Ականավոր գործիչ ես համարում եմ խորապես հարգված Ուինսթոն Չերչիլին՝ քսաներորդ դարի մեծագույն ուղեղներից մեկին…
Չերչիլի անունը արժանացավ ծափահարությունների, ինչպես և Շառլ դը Գոլի անունը:
Բոլորն անհամբերությամբ սպասում էին, թե էլ ում անունը կտար այդքան պատկառելի ու խորապես կրթվածի համբավ ունեցող հայ դիվանագետը։
-Եվ Գարեգին Նժդեհին,-սովորականից մի փոքր բարձր արտաբերեց պարոն Հարրին:
Անծանոթ անունը ստիպեց բոլորին մի պահ լռել, հետո մի փոքր անհարմար զգացող ձայներ լսվեցին, կարծես այդ մարդկանց բռնեցրել էին անգիտության մեջ:
-Իսկ ո՞վ է նա։ Նժդե՞հը…
Պարոն Հարրին կարծես հենց այդ հարցին էր սպասում: Նկատելի հաճույքով կարճ դասախոսություն կարդաց հայ զորավարի և հրապարակախոսի մասին, ով դեռ իր կենդանության օրոք դարձել էր լեգենդ և նույնքան հանճարեղորեն տիրապետում էր թե՛ սրին, թե՛ գրչին։
-Նա ստացել է փայլուն կրթություն, իմացել եվրոպական լեզուներ, հրաշալի տիրապետել է ֆրանսիական գրականությանը, պատանեկության տարիներին տարվել Լառոշֆուկոյի նրբաճաշակ, հղկված ոճով, այնուհետև, իր հասուն տարիներին, գրել է աֆորիզմների գիրք՝ այն անվանելով «Մաքսիմներ»…
Պարոն Հարրին մեծ դիվանագետ էր։ Նա գիտեր, որ յուրաքանչյուրի հետ պետք է խոսել իր լեզվով։ Իսկ այդ պահին ֆրանսիացի գրողի անունը արտասանելով՝ նա անմիջապես նրանց հարազատ, սրտամոտ դարձրեց մինչ այդ նրանց անհայտ հայ հրամանատարին։ Գարեգին Նժդեհը եվրոպացիների հետ դարձավ «արյունակից»:
-Խորհրդային կարգերի օրոք արգելված էր նրա անունը արտասանել, բայց դպրոցի իմ ուսուցիչը մեզ ասում էր, իհարկե, ոչ դասերին,-ասաց դիվանագետը ներողամտությամբ տարածելով ձեռքերը,-որ երբևէ նրա արձանները կկանգնեցվեն և նրա մասին գրքեր կգրվեն: Բարեբախտաբար, այդ ժամանակն արդեն եկել է։
«Ճիշտ է,-հիշեց Սամսոն Աբգարովիչը,-ամեն ինչ ճիշտ է, հենց այդպես էլ ասում էի: Ավելի քան քառասուն տարի առաջ… Իսկ տղան հիշեց…»:
Ուրեմն, իզուր չէր իր ութսուն տարիներն ապրել աշխարհում։ Ո՞վ կարող է մտածել՝ որտեղ¸ ինչ դահլիճում, ով է կրկնում իր խոսքերը… Եվ ի՛նչ համատեքստում:
Էկրանի վրա ֆրակներով ու թիթեռնափողկապներով պարոնները միմյանցից վերահարցնում էին հրամանատարի անունը՝ փորձելով հիշել անծանոթ անունը։ Շողշողում էին ստալակտիտանման ջահերը, զրնգում բյուրեղապակյա բաժակները, ժպտում էին նրբագեղ տիկնայք… Սովորական աշխարհիկ ընդունելություն էր։
Իսկ ինչ-որ տեղ՝ հեռավոր Հայաստանում, հեռուստացույցի առջև նստած էր մի ծեր ուսուցիչ՝ ողողված աշխարհի բոլոր աստղերով, բոլոր ալմաստներով ու ադամանդներով։
Ռուսերենից թարգմանեց
Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ