ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Հարգելի՛ Բակուր…
Ուշադրությամբ ու հաճույքով կարդացի քո նոր` «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպը ու որոշեցի այս անգամ իմ կարծիքը քեզ հետ կիսել նամակով£ «Այս անգամ» բառերն ընդգծում եմ, որովհետև դեռևս 2017-ի ապրիլին դրվատանքի խոսքով հանդես էի եկել «Գրական թերթում»` «Շուշեցու հիշատակարանը» քո պատմավեպի վերաբերյալ` այն գնահատելով որպես արցախյան մեկդարյա ցավի և հույսի մասին գրված արժեքավոր երկ£
Նոր վեպդ ընթերցելուց հետո վերհիշեցի մեր զրույցը Ստեփանակերտում£ Վրդովված էինք Ադրբեջանի նոր սուլթան Իլհամ Ալիևի համիդաթուրքական-երիտթուրքական-աթաթուրքական-հեյդարաթուրքական հակահայկական բարբաջանքների պատճառով£ Մենք եկանք այն եզրակացության, որ չի կարելի անտարբերությամբ վերաբերվել Ադրբեջանի կառավարիչների ու վայ գիտնականների ստահոդ ելույթներին£ Նրանք ամենօրյա քաղաքական վայրահաչոցներով ջանում են ապացուցել, թե, իբր, հայերը եկվորներ են, որ ադրբեջանական են ոչ միայն Նախիջևանը, Արցախը, այլև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը` Երևան մայրաքաղաքով` մոռանալով, որ վաչկատուն ցեղերի ամբոխները չեն կարող մահակներով կերտել ոչ միայն քաղաքներ, այլև հողակտուր խրճիթներ£
Խոսքդ ի կատար ես ածել, ախպե՛ր£
Սեղանիս քո նոր պատմավեպն է, որ կարդացի մեկ շնչով£ Գիրքդ վերնագրել ես` «Վաչական Բարեպաշտ թագավոր»£ Ասել է թե` քո վեպի գլխավոր հերոսը Վաչագան Բարեպաշտն է, որ հայտնի է որպես հայոց դժվարին պատմության խիզախ ու հմուտ քաղաքագետ, հայրենի հավատի, ազգապահպան հայոց լեզվի նվիրյալ, քրիստոնեական անբիծ բարոյահոգեբանական գործոնների իմաստուն գործիչ£ Ասել է թե` ձեռնամուխ ես եղել շնորհակալ մի գործի, որը մերօրյա հրամայականներից է£
Շտապեմ ասել, սակայն, որ քո վեպի գլխավոր հերոս է դարձել ոչ թե Վաչագան Բարեպաշտը, այլ մեր պատմության հզոր դեմքերից մեկը` Վաչե թագավորը£ Հայաստանում 301 թ. քրիստոնեությունը պետական կրոն հաստատվելուց հետո հայ ժողովուրդը պարսկական ու բյուզանդական պետությունների խարդավանքով կանգնեց նոր դժվարությունների առջև£ Ամենից ծանր հարվածը նախ 387 թվականն էր, երբ Հայոց աշխարհը բաժանվեց այդ երկու բռնապետությունների միջև, և ապա, Մ. Խորենացու բնորոշմամբ, ողբերգական դարձավ 428 թվականը, երբ մեր իսկ նախարարների ոչ խոհեմ վարքագծի պատճառով վերացվեց հայոց թեկուզև կիսանկախ պետականությունը£ Այս համապատկերին պարսկական բռնապետությունը կատարեց նաև իր նոր անհեռանկար քայլը Հայաստանի հանդեպ` Արցախ, Ուտիք և Փայտակարան նահանգները բաժանեց Մեծ Հայքից ու կցեց Քուռ գետի ձախափնյա 26 ցեղերից կազմված բուն Աղվանք կոչված կազմավորմանը£ Սակայն մեր պատմությունն՝ իր դժվարին դրվագներով հանդերձ, ընթացավ ի նպաստ տիգրանված Հայաստանի£
Քրիստոնեությունը տարածվեց նաև Հայոց Արևելից Կողմանքում, Մեսրոպ Մաշտոցը այբուբենի իր գյուտով այցելեց Արցախ, Ամարասում բացեց դպրոց£ Ու մեր ժողովրդի հարատևման ընթացքը սրբագործվեց հայրենի հավատի ու մայրենի լեզվի անմեռ սերուցքով£ Եվ ահա, 5-րդ` ոչ խաղաղ դարաշրջանում դժվար է գերագնահատել Վաչե և Վաչագան թագավորների ազգապահպան-հերոսական խիզախումները£
Հայ-պարսկական, հայ-բյուզանդական փոխհարաբերությունների բարդ ու հակասական իրադարձությունների համապատկերին դու կարողացել ես ստեղծել Վաչե թագավորի մնայուն կերպարը, որի պահանջը զգացվել է երկար ժամանակ£
Դա քեզ հաջողվել է քո ընտրած թեմայի խոր իմացությամբ, նյութի մատուցման ձևերի թարմությամբ, պատմական-քաղաքական, ազգային-սոցիալական ամենատարբեր ենթաշերտերի ներկայացմամբ և այլ կարևոր երևույթների լուսաբանման շնորհիվ£ Խորապես ուսումնասիրելով ողջ դարաշրջանի առանցքային իրադարձությունները` դու ներկայացնում ես 5-րդ դարի կոլորիտային պատկերը Հայոց Արևելից Կողմանքում` առնչված մայր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` լինեն աշխարհիկ թե հոգևոր£
Բակո՛ւր ախպեր, դու` որպես գրող, ունես պատկերավոր մտածողություն, պատմելու ինքնատիպ կարողություն, լեզվաոճական բնութագրական առանձնահատկություններ, կերպարաստեղծման պահանջվող ունակություն, որոնց շնորհիվ հաջողվել է ստեղծել Հայ-Աղվանքի գեղարվեստական պատկերը, ներկայացնել Մեծ Հայքից բռնի ուժով բաժանված երեք նահանգների տեր հայ բնակչության քաղաքական մաքառումները, Հայ Առաքելական եկեղեցու օրհնանքով հայրենի հավատն ամուր պահելու վճռականությունը` ապագա Հայոց աշխարհի միաբանության ու վերածնման հույսով£
Սակայն, Բակո՛ւր ախպեր, քո պատմավեպի սյուժեի հիմնական գծի առանցքում պետք է լիներ Վաչագան Բարեպաշտ Գ թագավորը, որի մասին հպարտությամբ ու երախտագիտությամբ են արտահայտվել հայ պատմիչներն իրենց մատյաններում£ Մինչդեռ 302 էջանոց քո վեպում գլխավոր կերպարիդ հատկացրել ես ընդամենը 55 էջ, որտեղ, առաջնությունը տալով քո հեղինակային խոսքին, պատմում ես Վաչագան Բարեպաշտի թագադրման, Արցախում կատարած շրջայցի, հեթանոսության դեմ տարած պայքարի, մասունքների հայտնաբերման, Աղվենի Սահմանադիր ժողովի, նեստորական Բարմուծանի հետ հանդիպումի, Վաչագանի առևանգման և Սուրբ Եղիշայի հուշակոթողի մասին£
Ուստի արձանագրենք, որ քո սույն վեպը պետք է համարվի «Վաչագան Բարեպաշտ թագավոր» վեպի առաջին մաս£
Քանի որ մեր զրույցն արդեն քո տպագրված վեպին է վերաբերում, ուստի կցանկանայի խոսել նրանում տեղ գտած որոշ պատկերների մասին, որոնց օգտագործման նկատմամբ պետք է լինեիր նրբանկատ£
Այսպես, առաջին հերթին ինձ հետաքրքրել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի կերպարը քո վեպում£ Հայ ամբողջական մատենագրության մեջ Սահակ Պարթևը գնահատված է որպես իմաստուն, հայրենասեր, ժողովրդանվեր եկեղեցական, քաղաքական և մշակութային գործիչ£ Նա եղել է քաջահմուտ հայկաբան և հունաբան, տիրապետել է նաև ասորական և պարսկական լեզուներին£ Աջակցել է Հայոց Խոսրով Գ թագավորին, որը ջանում էր վերամիավորել հայկական հողերը և վերականգնել Մեծ Հայքի միասնականությունը£ Ս. Պարթևն էր, որ արձագանքեց Մ. Մաշտոցին` հայոց գրեր ունենալու ցանկությամբ£ Հնարավոր չէ մեր այս հոդվածում բերել այն ժողովրդանպաստ գործերը, որ կատարել է Սահակ Պարթևը£ Նրա ջանքերով 422 թվականին հայոց թագավոր է ճանաչվել Վռամշապուհի 18-ամյա որդի Արտաշես Գ-ն, որն ութ տարի գտնվում էր նրա խնակամալության ներքո£
Անդրադառնալով հայ որոշ նախարարների անխոհեմ ու կործանարար վարքին` դրանց թվում խոսում ես նաև Մեծն Ս. Պարթևի մասին, Վաչե թագավորի անունից` ընդգծելով. «Մի՞թե ներելի է պարսից արքայից արքային Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի գրած նամակը, որով հայտնում է, թե, իբր, Հայաստանին ու նրա իշխանավորներին թագավոր պետք չի, թող պարսիկի ուղարկի, որը կառավարի իրենց» (էջ 98)£
Այս հարցը պարզ պատկերացնելու համար դիմենք նախ Մ. Խորենացուն և ապա` Ղ. Փարպեցուն£
Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» երրորդ գրքում տարբեր առիթներով անդրադառնում է Սահակ Պարթևի գործունեությանը, նրան գնահատում որպես հայրենասեր, ժողովրդանվեր, եկեղեցական-քաղաքական իմաստուն գործիչ, որն օգնեց Մեսրոպ Մաշտոցին հայոց գրերի ստեղծման, հայաշունչ դպրոցների բացման, թարգմանական գրականության ձևավորման, հայրենի մշակույթի հիմնադրման ու զարգացման գործում£
Ղազար Փարպեցին իր «Հայոց պատմության» մեջ չի շրջանցել հայ նախարարների ամբաստանությունը երիտասարդ Արտաշես թագավորի դեմ£ Խարազանելով այդ երևույթը` պատմիչը մեծարում է Սահակ Պարթևի խոհեմությունն այդ բարդ երևույթի հանդեպ£ Նա նշում է, որ երբ հայ նախարարները եկան Մեծ Սահակի մոտ, բողոք բարձրացրին և նրան էլ հրավիրեցին իրենց օգնելու, որպեսզի Արտաշեսի վրա չարախոսեն պարսից թագավորի առաջ, իրենց թագավորին դեն գցեն և պարսիկ բերեն աշխարհին կառավարող, Մեծ Սահակը ասաց. «Պետք է մի կարճ ժամանակ տանել այդ մարդու թերությունը, մինչև մտածենք մի ելք գտնենք հունաց Թեոդոս կայսեր միջոցով, բայց ոչ թե անօրեններին մատնել, ծաղր ու խայտառակ լինելու»£
Սակայն հայ անխոհեմ նախարարները ջանք էին գործադրում Սահակ Պարթևին իրենց համամիտ դարձնելու£ Բայց նա վճռականորեն ասաց. «Քավ լիցի, որ ես մատնիչ լինեմ մեր ճշմարիտ հավատին և իմ հոտի մոլորյալ ոչխարը հանձնեմ անհավատներին` ծանակելու… Ամենաախտալից ատյանին մատնել իմ հիվանդացած հոգևոր որդուն` երբեք հանձն չեմ առնի… Լավ է` ես մեռնեմ, քան թե անարժան գործի համար հավատացյալներին մատնեմ անօրենների ձեռքը»£
Եվ փոխանակ լսելու կաթողիկոսին, չարամիտ նախարարները պատասխանեցին. «Իմացած եղիր, ինչպես մեր մտքներում դրել ենք, որ սա այլևս թագավոր չլինի մեզ վրա, խոստանում ենք, որ դու էլ այդպես երկար քահանայապետ չես մնա մեր աշխարհի վրա»£
Եվ այնուհետև հայ նախարարները գնացին Պարսից արքունիք, ներկայացան Վռամ արքային£ Նրանց հետ էր նաև Սուրմակ անունով մի երեց Բզնունյաց գավառի Արծկե կոչվող գյուղից, գավառի քահանաների տոհմից£ Այս Սուրմակն էլ Պարսից ավագանու առաջ խոսում էր առավել անխելք ու աղտեղի բաներ, քան հայոց բոլոր նախարարները£ Եվ նա նախարարներին այդ ծառայությունը մատուցում էր, որովհետև ավագներից ոմանք նրան Հայոց աշխարհի կաթողիկոսության աթոռն էին խոստացել£
Պարսից Վռամշապուհ արքան իր մոտ է հրավիրում Արտաշես թագավորին ու Սահակ Պարթևին£ Արքան դիմում է Արտաշես թագավորին, թե ինչու են հայ նախարարները ամբաստանում իրեն, նա պատասխանում է. «Ամենևին չգիտեմ, թե դրանք ինչ են ասում ու չարախոսում իմ դեմ, բայց ինչպես հնուց սովոր են թշնամաբար վարվել իրենց տերերի դեմ, այդպես էլ այժմ կամենում են կատարել իրենց չարամիտ նպատակը£ Նրանք միշտ փոխել են իրենց իշխաններին և եղել են տիրատյացներ» (Ղ. Փարպեցի, Հայոց պատմություն, 1982, էջ 53-55)£
Ինչ վերաբերում է Ս. Պարթևի գործունեությանը նաև նրան իր պաշտոնում վերականգնելուց հետո, հայտնի է ամբողջ քրիստոնեական աշխարհին£ Սուրբ Սահակն ունեցավ մեծ հեղինակություն նույնիսկ հարևան խոշոր բռնապետությունների իշխողների մոտ, իր դիմում-նամակներով միայն ու միայն կատարել է ժողովրդափրկիչ գործ£
Ես կարծում եմ, որ պատմական անցյալի մեր արժանի մեծերի հանդեպ պետք է ցուցաբերել զգոն վերաբերմունք նրանց գեղարվեստական կերպարն ստեղծելիս£
Բակո՛ւր ախպեր£
Քո սույն վեպում ստեղծել ես Հայ-Աղվանքի պատմական խոսուն կոլորիտը` 5-րդ դարի ընդգրկմամբ£ Հայոց Արևելից Կողմանց շնչառությունը, էջմիածինված հավատը, մաշտոցված երազանքը և այլ գործոններ ընթերցողը տեսնում է իր հոգու էջերում£
Կցանկանայի, սակայն, բացել ևս մի էջ ու սրտանց զրուցել քեզ հետ£ Վաչագան Բարեպաշտի սիրո պատմությունը ներկայացնելու համար գրեթե նույնությամբ հենվել ես Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթի կառուցվածքին ու բովանդակությանը` միայն մեկ տարբերությամբ. քո վեպում Անահիտ անվան փոխարեն հնչում է Շուշան անունը£ Եվ Աղայանի հեքիաթի ազդեցությունը այնքան մեծ է, որ վեպում մի քանի տեղ Շուշան-ի փոխարեն տպագրված է Անահիտ անունը£ Երևի սրբագրիչի մեղքն է£ Ինչ էլ լինի, միևնույն է, Վաչագանի սիրո պատումը քո վեպում չպետք է լիներ Աղայանի հեքիաթի կրկնությունը, իսկ Ղազարոս Աղայանի հեքիաթը պատմական վավերագրություն չէ, այլ գրական ստեղծագործություն, որի կրկնությունից պետք է խուսափեիր£
Բակո՛ւր ախպեր£
Կցանկանայի քեզ հետ քննարկել նաև հետևյալ հարցերը£ Դու գլխավոր հերոսիդ անունը կոչել ես Վաչական£ Հայոց ամբողջական պատմագրության մեջ հոլովված է միայն Վաչագան, որին պետք է հետևեիր£
Բացի այդ, դու Վաչական տոհմանունը բացատրում ես քո հերոսի անվամբ` չհիշեցնելով տոհմի` Առանշահիկներ լինելու փաստը£ Կարևոր չէ այն իրողությունը, որ այդ տոհմի ներկայացուցիչ թագավորներն ամուսնացել են պարսից արքաների հարազատ քույրերի կամ դուստրերի հետ£ Նրանք եղել են Հայկ Նահապետի ժառանգորդներից Առան նահապետի սերունդները, երբեք չեն մոռացել հարազատ ժողովրդի քրիստոնեական դավանանքը, ու երբ պետք է եղել, ոտքի են ելել պարսից արքունիքի հայահալած քաղաքականության դեմ և՛ խոսքով, և՛ զենքով£
Ինչպես ընդունված է ասել, Բակուր ախպեր, իմ կողմից արված դիտողություններն այնպիսին չեն, որ, որպես ընթերցող, գիրքդ վերցնեմ ու հոգնած դնեմ մի կողմ£ Ո՛չ, դու հիրավի ստեղծել ես մի երկ, որ պատասխանում է պատմավեպին ներկայացվող պահանջներին£ Դու` որպես գրող, քեզ դրսևորել ես որպես պատմաբան, ազգագրագետ, հոգեբան£ Քո պատմավեպը միաժամանակ լուրջ պատասխան է ազերի-թուրք սուլթանների և նրանց վայ-գիտնականների հերյուրանքներին£ Կարողացել ես ափամեջ դնել Հայոց Արևելից Կողմանց տարածքային ամբողջականությունը, հայկական տեղանունները, պատմական հայածին ականավոր գործիչների անունները, Առանշահիկների իմաստուն գործունեությունը` երկիրը հայ պահելու, Մեծ Հայքին վերամիավորվելու նրանց անզիջում ջանքերը, որի շարունակությունը մերօրյա պայքարն է` Արցախյան ազգային-ազատագրական գոյամարտ անունով£
Բակո՛ւր ախպեր, վստահ եմ, որ սույն երկդ պետք է դառնա քո պատմավեպի առաջին հատորը£ Ես հավատում եմ քո ստեղծագործական անսպառ ուժին և հավատացած եմ, որ շուտվ ընթերցողիդ սեղանին կդնես «Վաչագան Բարեպաշտ թագավոր» երկհատոր պատմավեպդ` մեկ գրքով£