ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրաքննադատ ՍԵՐԳԵՅ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ

Սերգեյ ՄուրադյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրաքննադատ
ՍԵՐԳԵՅ
ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Սերգեյ Մուրադյանը ծննդյան 70-ամյակի առթիվ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով, Հայաստանի գրողների միության
«Գրական վաստակի համար» մեդալով, Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարմություն մասնագիտությանը» ոսկե մեդալով:

Մեր օրերում գրականությունը չի զբաղվում բարոյախոսությամբ, հրաժարվել է առաջնորդ ու դաստիարակ լինելու պատմական ձգտումից, նրա զարգացման պրոցեսն այլևս չի գրավում լայն հասարակայնության ուշադրությունը: Պատճառներից մեկը տնտեսական է, երբ հանապազօրյա հացի հայթայթումն է դարձել գերակա խնդիր: Մյուսը մտաարտահայտման հարաբերական ազատությունն է: Միայն առաջին հայացքից է նման պնդումը տարակուսանք հարուցում: Իրականում, երբ եզովպոսյան լեզվի անհրաժեշտությունը վերացել է, քարոզչի, ցավոտ խնդիրները բարձրաձայնողի գործառույթը «սեփականաշնորհել» է հրապարակագրությունը: Այդուհանդերձ, գեղեցիկ, նրբագեղ խոսքը դեռ կենսունակ է: Չնչին շահ իսկ չբերելով՝ այն նվիրյալների համար վերածվել է անձնազոհ աշխատանքի:
Այդպիսի նվիրյալներից է և մեր հոբելյարը: Բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո նա գրել ու գրում է սցենարներ, լրագրողական ու գրաքննադատական հոդվածներ, որոնք տպագրվում են մեր և մոսկովյան մամուլում: Բայց նա իր կյանքի իրական կոչումը համարում է մշակութային-լուսավորչական գործունեությունը՝ ռուսագիր վիթխարի լսարանին ներկայացնելով հայ գրականության լավագույն նվաճումները:
Ավելի քան 40 տարի Սերգեյ Մուրադյանը «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագրի տեղակալն է, և վստահ կարող ենք ասել, որ մեր հանրապետությունում դժվար գտնենք գրականության երախտավորի, ում հետ նա չի համագործակցել, նրա բնագրի թարգմանությունը բծախնդիր ու քննախույզ չի խմբագրել:
Ս. Մուրադյանը ղեկավարում է ՀԳՄ-ի ռուսագիր գրողների բաժանմունքի աշխատանքները: Նա է կազմակերպել ու դարձել ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների միության հիմնադիր նախագահը, հսկայական աշխատանք ծավալել, որոնք խոսուն վկաներն են Երևանում անցկացված միության 8 ֆորումները և հայ գորղների թարգմանված գրքերն ու Ռումինիայում, Սլովակիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Տաջիկստանում լույս տեսած գրական ամսագերի հատուկ համարները՝ նվիրված հայ գրականությանը: Եվ այս պահին անպայման պիտի նշենք՝ լինելով չափից ավելի զուսպ ու համեստ անձնավորություն, վերոնշյալ հասարակական պարտականությունները հանձն է առել միայն այն դեպքում, երբ այլ թեկնածու… չի գտնվել (որտեղի՞ց այդքան անմնացորդ ու անշահախնդիր նվիրում, այն էլ՝ մեր նյութապաշտ ժամանակներում…):
Այսօր, ցավոք, շատերն են լքում երկիրը, հեռանում են նաև մտավորականներ: Իսկ օտար եկվորը միայն սկզբում է հետաքրքրվում տեսարժան վայրերով, մեր մասին առավել ամբողջական պատկերացումը կազմում է մարդկային շփումների արդյունքում: Ուստի, առավել քան կարևոր է, երբ գործնական կամ զուտ բարեկամական հանդիպումներում օտարները մեզ ճանաչեն արժանավորներով, ովքեր Գործին ու Կոչումին նվիրված խոնարհությամբ ու համեստությամբ շարունակում են իրենց գործունեությունը հայրենի հողի վրա:
Մեր հայրենիքը զարդարող նման անհատներից է նաև Սերգեյ Մուրադյանը՝ բազմավաստակ մեր հոբելյարը:

Գևորգ ԱՏՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։